Բաքուն ու Երևանը բավականին լավ են խոսում ուղիղ՝ միմյանց հետ. Օ՛Բրայեն
 |azatutyun.am|
17:40 - 12 հունիսի, 2024

Բաքուն ու Երևանը բավականին լավ են խոսում ուղիղ՝ միմյանց հետ. Օ՛Բրայեն |azatutyun.am|

azatutyun.am: Նոր պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի, «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում ասաց ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը, ընդգծելով՝ ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ։

«Ինչո՞ւ է ժամանակը: Մեր կարծիքով՝ սերնդի կամ գուցե մի քանի սերնդի ընթացքում մեկ անգամ լինող հնարավորություն կա Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային երթուղի կառուցելու համար: Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ դա կբացի ոչ միայն հիմնական առևտուրը, այլև նոր արդյունաբերությունները այդ երթուղու ողջ երկայնքով», - ասաց նա։

Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը շարունակեց. - «Դա կարող է տեղի ունենալ հիմա: Մի քանի տարի անց կարող է այլևս այդքան կարևոր չլինել: Մի քանի տարի առաջ դա հնարավոր չէր: Ես նաև կարծում եմ, որ այժմ հիանալի պահ է, քանի որ այդ երթուղու երկայնքով ընկած երկրները ցանկանում են կրճատել ռուսական ազդեցությունը: Եվ ժողովրդավարական հանձնառությունը, որը մենք տեսնում ենք Հայաստանում, բարեփոխումները, որոնց հայ ժողովուրդը կրկին ու կրկին աջակցել է 2018 թվականից ի վեր, նշանակում են, որ Հայաստանը գտնվում է մի փուլում, երբ կարող է նման որոշում կայացնել»:

Եվրոպայի գծով ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան Երևան էր ժամանել՝ աջակցելու խաղաղության գործընթացին, այդ թվում՝ Ալմա-Աթայի հռչակագրի օգտագործմանը՝ որպես հիմք սահմանազատման համար: Երևանը բազմիցս է համաձայնել այս սկզբունքին։

Հարցին՝ եթե դեռ սատարման կարիք կա, կարելի՞ է եզրակացնել, որ Բաքուն մինչ այժմ տատանվում է համաձայնելու հարցում, փոխպետքարտուղարն արձագանքեց՝ իր կարծիքով՝ երկու կողմն էլ հավատարիմ են խաղաղությանը, և Նահանգներում ակնկալում են, որ առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում նրանք կարող են համաձայնության հասնել։ Այդ դեպքում ինչո՞ւ է Բաքուն նորանոր պահանջներ դնում, Ջեյմս Օ’Բրայենն ասաց. - «Կարծում եմ, որ մենք իրապես երկու կողմից էլ տեսնում ենք կոշտ սակարկություններ և նաև հետաքրքիր մարտավարական հնարքների մի շարք՝ համաձայնության հասնելու ուղիների շուրջ:

Սահմանազատման վերաբերյալ այս վերջին պայմանավորվածությունը որոշակի առևտուր էր. Հայաստանը գիտեր, որ պետք է հրաժարվի դրանցից, Ադրբեջանն էլ համաձայնեց սահմանազատման մի գծի, որը նրանք գիտեին, որ Հայաստանը կընդունի` Ալմա-Աթայի հռչակագիրը: Ուստի, յուրաքանչյուր կողմ գնաց փոխզիջման: Կարծում եմ, որ այս՝ նոր պահանջներ դնելու, ապա հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը ինչ-որ պահի պետք է դադարեցվի։ Ըստ իս՝ հաջող համաձայնագրի մոտավոր ուրվագիծն արդեն գիտենք: Եվ, հիմա, իսկապես, խնդիրն այն է, որ կողմերը ընդունեն՝ ժամանակն է համաձայնության գալ»։

Բանակցությունների ընթացքում, հատկապես սկզբնական փուլում, Հայաստանի վարչապետը հայտարարում էր, թե ձեռք բերված պայմանավորվածությունների համար պետք է միջազգային երաշխիքներ լինեն։ Հարցին՝ եթե կողմերը պայմանավորվեն, ԱՄՆ-ը կհամաձայնի՞ դառնալ այդ պայմանավորվածությունների երաշխավորը, փոխպետքարտուղարն արձագանքեց՝ կողմերից որևէ մեկն իրենց այդ հարցով չի դիմել։

«Թե կոնկրետ ինչ դեր մենք կարող ենք ունենալ կամ չունենալ, իրականում պետք է որոշեն երկու կողմերը: Մենք չենք հավակնում տարածաշրջանում լինել գերտերություն կամ միջամտող։ Մենք այստեղ ենք՝ աջակցելու տարածաշրջանի ժողովուրդների օրինական ցանկությանը՝ կնքել խաղաղության համաձայնագիր, որը տևական կլինի: Այս պահին կողմերը բավականին լավ են խոսում ուղիղ՝ միմյանց հետ», - ասաց նա:

Երևան ժամանելուց ամիսներ առաջ՝ անցած նոյեմբերին, փոխպետքարտուղարը Կոնգրեսում պնդել էր, թե Միացյալ Նահանգների հարաբերությունները Ադրբեջանի հետ նորմալ չեն լինի, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չստորագրվի։ Նաև՝ ընդգծել, թե Ադրբեջանը պետք է երաշխավորի Ղարաբաղի հայերի վերադարձն ու իրավունքները, չբացառելով, որ հակառակ դեպքում նախագահ Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կարող են կիրառվել։ Մինչ օրս Վաշինգտոնի առաջ քաշած այս պահանջներից որևէ մեկը չի իրագործվել։

Արդյոք Ալիևի դեմ պատժամիջոցները մնո՞ւմ են սեղանին, Ջեյմս Օ'Բրայենն ասաց. - «Մենք նշել ենք, որ անկախ քննություն ենք անցկացնելու սեպտեմբերին տեղի ունեցածի, նաև դրանից հետո շարունակվող հարաբերությունների շուրջ, և հիմա զբաղված ենք դրանով։ Պատասխանատու միջազգային կազմակերպությունները մուտք ունեն այդ վայրեր և կարող են մեզ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել