Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «խաղաղության պայմանագրի պայմանը Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջների դադարեցումն է, որը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ»
17:05 - 19 հունիսի, 2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «խաղաղության պայմանագրի պայմանը Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջների դադարեցումն է, որը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ»

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարությանը՝ նշելով, թե «վրդովեցուցիչ են համարում, որ Հայաստանը, չնայած սահմանազատման բացակայությանը, որպես իրեն պատկանող գյուղերի տարածքներ է ներկայացնում այն մարտական ​​դիրքերը, որտեղ 30 տարի անց տեղակայվել են ադրբեջանցի զինվորները»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է նաև, թե «Ֆրանսիան, որը մրցում է Հայաստանը մահաբեր հարձակողական զենքերով զինելու հարցում, ծառայում է Հայաստանը նոր լարվածության և սպառնալիքների աղբյուրի վերածելուն»:  «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիայի՝ Հայաստանին զենք մատակարարելու քաղաքականությունը նպաստում է հայկական կողմի հնարավոր ագրեսիային, կարևոր է ձեռնպահ մնալ այդ քայլերից, քանի դեռ ուշ չէ»։

Երկրի ԱԳՆ-ն պնդում է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տեւական խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը «Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջների դադարեցումն է, որը ամրագրված է բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, գլխավորապես Հայաստանի Սահմանադրությամբ, որն ուղղակիորեն հղում է անում Հայաստանի անկախության հռչակագրին, որն էլ կոչ է անում միավորել Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը»։

«Մենք կրկնում ենք, որ Հայաստանի քաղաքականությունը՝ ուղղված տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, արդյունքի չի բերի», - նշվում է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել