armenpress.am: Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացած ուխտավորների թիվը գերազանցել է հազարը։ Նման տվյալներ է հաղորդել AFP գործակալությունը։
Մահվան դեպքերի մեծ մասի պատճառն արտակարգ շոգն է։ Ավելի վաղ հաղորդվել էր 600 ուխտավորի մահվան մասին։
Հունիսի 20-ին արձանագրված մահվան դեպքերից 58-ը Եգիպտոսի քաղաքացիներ են։ Ըստ արաբ դիվանագետի՝ ընդհանուր առմամբ, Եգիպտոսից 658 մարդ է մահացել հաջի ընթացքում շոգի պատճառով։
Հաջի ժամանակ Մեքքայում օդի ջերմաստիճանն այս տարի հասել է ըստ Ցելսիուսի սանդղակի գրեթե 52 աստիճանի:
Ըստ Սաուդյան Արաբիայի իշխանությունների՝ Մեքքայում ավելի քան 1,8 միլիոն ուխտավոր է մասնակցում հաջին, որոնցից 1,6 միլիոնը՝ արտասահմանից։
Հաջը ուխտագնացություն է դեպի Սաուդյան Արաբիա՝ Մեքքայի սուրբ վայրեր, որոնք կապված են Մուհամեդ մարգարեի կյանքի հետ: Հաջ կատարել պարտավոր է յուրաքանչյուր մուսուլման, եթե թույլ են տալիս նրա հնարավորությունները: Այս տարի ուխտագնացությունը տեղի է ունեցել հունիսի 14-ից մինչև 19-ը:
comment.count (0)