Ակնկալում ենք ձեր շարունակական ներգրավվածությունը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում․ Լիլի Մինասյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նիստին
11:03 - 01 հուլիսի, 2024

Ակնկալում ենք ձեր շարունակական ներգրավվածությունը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում․ Լիլի Մինասյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նիստին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլի Մինասյանը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի նիստին ելույթ ունենալով, ասել է․

«Հարգելի գործընկերներ,

Թույլ տվեք պատմել Ձեզ հայ ադրբեջանական հարաբերությունների վերջին զարգացումները։

Այս տարի ապրիլին Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես սկսեցին սահամնների դելիմիտացիայի գործընթացը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, որը ողջունվել է տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից ներառյալ Եվրոպայի միությունը։

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը։ Հայաստանն ու Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով պայմանավորվել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա։

Հայաստանը հավատարիմ է այս սկզբունքին և իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետրից այն կողմ որևէ հավակնություն չունի։ Այս մոտեցումը Հայաստանի Հանրապետությունը գործնականում ապացուցել է Ադրբեջանի Ղազախի և Հայաստանի Տավուշի մարզի չորս գյուղերում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ։

Առաջին անգամ անկախ պետականության շրջանում Հայաստան Ադրբեջան սահմանի 12կմ տարածքը սահմանազատված է։ Զուգահեռաբար, կողմերը պայմանավորվել են ավարտել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կանոնակարգի նախագծի համապատասխանեցումը մոտ օրերս:

Հույս ենք հայտնում, որ սահմանի ամբողջ երկայնքով սահմանազատման գործընթացը շարունակական կլինի, և բոլոր խնդրահարույց հարցերը կլուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։

Քանի որ Հայաստանի կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում, մենք պաշտոնապես առաջարկել ենք Ադրբեջանին ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: Հուսով ենք այս նախաձեռնությունը դրական արձագանք կստանա Ադրբեջանի գործընկերներից։

Հարգելի գործընկերներ,

Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղությանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն պետական ​​սահմանի սահմանազատման, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակման վրա երկու պետությունների ինքնիշխանության և իրավասության ներքո՝ հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։

Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ-ն կարևոր դեր ունի Եվրոպայի ժողովրդավարական անվտանգությանը նպաստելու գործում: Մենք գնահատում ենք ձեր ներդրումը տարածաշրջանի խաղաղության և կայունության գործում և ակնկալում ենք ձեր շարունակական ներգրավվածությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում։

Շնորհակալություն»։։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել