armenpress.am: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բադր Աբդել Աթիին՝ Եգիպտոսի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել մինչ այդ նշված ոլորտը ղեկավարած Սամեհ Շուքրիին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը համապատասխան գրառումներ է կատարել X-ի իր էջում։
Նորանշանակ նախարարին ուղղված ուղերձում Արարատ Միրզոյանը նշել է. «Ջերմորեն շնորհավորում եմ պարոն Բադր Աբդել Աթիին՝ Եգիպտոսի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ։ Եգիպտոսը բարեկամ և վստահելի գործընկեր է Հայաստանի համար, և անհամբերությամբ սպասում եմ սերտորեն համագործակցելուն՝ երկկողմ կապերի հետագա ամրապնդման և բազմակողմ ֆորումներում համագործակցության նպատակով»:
Արարատ Միրզոյանը նաև բարձր է գնահատել Եգիպտոսի ԱԳ նախկին նախարար Սամեհ Շուքրիի հետ համագործակցությունը: «Հաճելի և պատվաբեր էր աշխատել արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ՝ ամրապնդելու Հայաստանի հարաբերությունները բարեկամ Եգիպտոսի հետ։ Մենք համատեղ նպաստել ենք Հայաստանի և Եգիպտոսի բարձր մակարդակով քաղաքական երկխոսությանը և ավելի լայն համագործակցությանը։ Դա իսկապես գնահատվել է»,- գրել է Արարատ Միրզոյանը:
comment.count (0)