«Ասացինք ԱԹՍ–ի մասին, ասացին՝ հրաման է, պիտի կատարենք»․ 18 զինծառայողի զոհվելու գործով վկայի ցուցմունքը
21:03 - 04 հուլիսի, 2024

«Ասացինք ԱԹՍ–ի մասին, ասացին՝ հրաման է, պիտի կատարենք»․ 18 զինծառայողի զոհվելու գործով վկայի ցուցմունքը

44-օրյա պատերազմի ժամանակ Քաշաթաղի շրջանում պարեկապահակակետային ծառայող Սենիկ Հովհաննիսյանն այսօր ներկայացել էր Հակակոռուպցիոն դատարան՝ հարցաքննվելու Իշխանաձոր գյուղի տարածքում հակառակորդի անօդաչու թռչող սարքից 18 զինծառայողի զոհվելու գործով։

Հովհաննիսյանը այն վկան է, որ ի սկզբանե նկատել է երկնքում պտտվող անօդաչու թռչող սարքը եւ զինծառայողների անձնակազմին տեղեկացրել այդ մասին։ Նրա ծառայողական գործառույթը եղել է ԱԹՍ–ների հնարավոր առկայության դեպքում քաղաքացիներին տվյալ տարածքից տարհանելը, թաքստոցներ ուղարկելը, կարգ ու կանոն ապահովելը․ «Այդ օրը Իշխանաձորի խաչմերուկում երեք հոգով ենք ծառայության եղել՝ ես, Ավետիսյան Արմենը եւ Խաչատրյան Աղաբեկը։ Դեպքի ժամանակ Արմենը տեղում չէր, ես զանգեցի, տեղեկացրի, որ երկնքում ԱԹՍ է պտտվում, ասաց՝ նկատել եմ, ուշադիր եղեք, որ մարդ դուրս չգա բացահայտ տարածք։ Որոշ ժամանակ անց ինքը զանգեց, ասաց՝ «Ուրալ» է գալիս, մեջը՝ զինվորներ, կանգնեցրեք, տեղեկացրեք, որ ԱԹՍ կա», – պատմեց վկան։

Մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը, պաշտպան Նարեկ Գրիգորյանը

Խոսքը Մեղրու զորամասի ինժեներասակրավորական անձնակազմի (այսուհետ՝ ԻՍՎ), «Ուրալի» մասին է։ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին այդ անձնակազմը նույն զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ Անդրանիկ Վերանյանի հրամանատարությամբ Իշխանաձորից տեղափոխվում էր Ջրական, երբ Իշխանաձորի խաչմերուկում վկա Հովհաննիսյանը կանգնեցնում է նրանց մեքենան․ «Երբ «Ուրալը» հասնում է խաչմերուկ, կանգնեցնում եմ, տեղեկացնում եմ, մեքենայի ավագը, ինչքան հիշում եմ՝ լեյտենանտ, ամեն զինվորի մի ուղղությամբ ցրվելու հրաման է տալիս։ Րոպեներ անց մոտենում է պիկապ ավտոմեքենա (որի մեջ եղել է հրամանատարը,–հեղ․), ու ավագը մոտենում է դրան։ Չգիտեմ՝ ինչ են խոսում, հրաման են տալիս, որ զորքը հավաքվի, որ շարժվեն Իշխանաձորի ուղղությամբ։ Մենք ասացինք ԱԹՍ–ի մասին, ասացին՝ հրաման է, պիտի կատարենք։ Երբ զորքը նստեց, շարժվեց, մոտ 200 մ դիք բարձրանալուց հետո տեսանք, որ ԱԹՍ–ն խփեց»,– պատմեց Սենիկ Հովհաննիսյանը։

Հրաման տվողը, ըստ քրեական գործի, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանն է եղել։ Նա այժմ մեղադրվում է ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Վերանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը հետաքրքրվեց՝ որեւէ մեկը փորձե՞լ է հրամանը չկատարել, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ ինքը հեռվում էր եւ չգիտի՝ ինչ խոսակցություն է եղել։ Հարցին՝ անձնակազմի ցրվելը պաշտպանվելու արդյունավե՞տ միջոց էր, վկան դրական պատասխան տվեց․ «Միանշանակ՝ այո։ Եթե բոլորը միասին չլինեին, հնարավոր է՝ այդքան զոհ չունենայինք։ Եթե հարվածեր էլ, խանութներ կային, դրանց հետեւն էին, ծառի տակ էին․․․  Նման դեպքեր, որ եղել են, մենք թաքստոցներ ենք մտել, ծառերի տակ, ԱԹՍ–ն  պտտվել է, գնացել, ոչ մի խնդիր չի եղել»,– ասաց նախկին ոստիկանը՝ նշելով, որ հենց այդպես էլ հրահանգավորվել էին։ 

– Իսկ վտանգավոր չէ՞ր թաքստոցից դուրս գալը եւ «Ուրալը»  կանգնեցնելը,– հարցրեց Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը։

– Վտանգավոր էր, բայց դե, ահագին զինվորների կյանք էր։

Պաշտպան Գրիգորյանը հետաքրքրվեց՝ իսկ ինչո՞ւ չի փորձել կանխել «Ուրալ»–ի շարժը, ինչին ի պատասխան՝ վկան ասաց․ «Չէի կարող կանխել, ասացին՝ հրաման են ստացել։ Եթե ծառայություն էին կատարում, էլ իրավասու չէի իրենց ծառայությունը խոչընդոտել»։ Մյուս հարցին՝ իրենք փորձե՞լ են ԱԹՍ–ն վնասազերծել, վկան բացասական պատասխան տվեց։ Նրա կարծիքով՝ կանխատեսելի չի եղել, թե ԱԹՍ–ն որ պահին, որտեղ կհարվածի։

Վկայի խոսքով՝ ԱԹՍ–ի հայտնվելուց հետո մինչեւ «Ուրալի», ապա պիկապի գալը ԱԹՍ–ի ձայնը լսելի է եղել, պարբերաբար մոտեցել–հեռվացել, ձայնի մոտ լինելու պահին նաեւ տեսանելի եղել։ Վկան դժվարացավ միանշանակ պնդել՝ արդյոք ԱԹՍ–ի ձայնը ընթացքում կտրվել է թե ոչ։

Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը

– Եթե չի լսվել, էլ ինչո՞ւ էր անձնակազմը պատսպարվել,– հարցրեց մեղադրողը։

– Դե, լսելի էր, կանգնեցրել ենք, տեղեկացրել ենք, ավագն էլ է նկատել, թաքնվելու հրաման տվել, էլ չեմ հիշում՝ դրանից հետո կտրվել է թե ոչ, խառնաշփոթ իրավիճակ էր, ուշադրությունս քաղաքացիներին էր։

– Եթե քաղաքացիներին ուշադիր էիք, տրամաբանական չէ՞, որ լսելի է եղել։

– Դե, նկատել ենք, դրա համար․․․ Ես նշեցի, որ ուժեղանում–կամացանում էր, բայց չեմ հիշում, որ ընդհանրապես չլսվեր։

– «Ուրալի»  գնալուց հետո մնացե՞լ եք պատսպարված,– հարցրեց զոհված զինծառայողի հայր Հարություն Օհանյանը։

– Չէ, դուրս ենք եկել թաքստոցից։

– Այսինքն՝ «Ուրալը»  որ շարժվել է, ձայնը չկա՞ր։

– Պտտվում էր։

– Բա ո՞նց եք դուրս եկել։

– Որովհետեւ վտանգավորը «Ուրալն» էր․․․

Դատավոր Սուրեն Խաչատրյանը

Պաշտպան Նարեկ Գրիգորյանը վկայի դատաքննական եւ նախաքննական ցուցմունքներում էական հակասություններ տեսավ եւ միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը։ Դատավոր Սուրեն Խաչատրյանն առաջարկեց հարցերի միջոցով պարզաբանել հակասությունները․

– Դուք հայտնեցիք, որ Ջրմուղի տարածքում եղել են սնարյադների արկղեր, չեք տեսել՝ կարաուլ կար թե ոչ, մինչդեռ նախաքննության ընթացքում հայտնել եք, որ այդ խաչմերուկում գտնվող կանաչ գույնի սնարյադներ, այսինքն՝ հրթիռներ կային, որոնց մոտ մարդիկ կային, որոնք գրեթե ողջ ժամանակ այդտեղ էին գտնվում, զբաղվում էին բեռնաթափելով։

– Ես տեսել եմ արկղերը, ենթադրել եմ, որ հրթիռներ են․․․ Դատի ժամանակ իմ ասածը ուղղել եմ (նկատի ունի նախորդ դատավորի մոտ կայացած դատի ժամանակ,–հեղ․), այդ ժամանակ շփոթվել, տենց եմ ասել, տեսել եմ արկղերը, բայց մեջը զինամթերք է, ինչ է՝ չեմ տեսել։ 

– Նաեւ նախորդ դատավորի հարցին ի պատասխան ասել եք, որ ԱԹՍ–ն չեք տեսել։

– Ժամանակ առ ժամանակ տեսանելի եղել է։ 

– Նաեւ ասել եք, որ չեք հիշում՝ պիկապի՝ խաչմերուկում գտնվելու ժամանակ ԱԹՍ–ի ձայն կա՞ր թե՞ չէ, հիմա ասում եք, որ կար։

– Բաներ կան, որ այն ժամանակ չեմ հիշել, կան, որ հիմա չեմ հիշում,– պատասխանեց վկան՝ նշելով, որ պատերազմից հետո հիշողության հետ կապված խնդիրներ ունի։ 

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 16-ին։


Գլխավոր լուսանկարում՝ վկա Սենիկ Հովհաննիսյանը, դատավոր Սուրեն Խաչատրյանը

Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել