ՍԴ-ն որոշել է վարույթ սկսել հավաքների մասնակցությանը նյութապես շահագրգռելու հոդվածի սահմանադրականության հարցով
10:18 - 09 հուլիսի, 2024

ՍԴ-ն որոշել է վարույթ սկսել հավաքների մասնակցությանը նյութապես շահագրգռելու հոդվածի սահմանադրականության հարցով

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել վարույթ սկսել ՀՀ Քրեական օրենսգրքի 236.2 հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա հիշեցրել է, որ 2022 թ․ այս անհեթեթ և գաղտագողի «թխված» հոդվածի հիման վրա է իր դեմ շինծու քրեական գործ հարուցվել (և մինչև հիմա էլ ընթանում է), և իրենք ի սկզբանե դատարանում վիճարկել են ոչ միայն իր մեղքի առկայությունն այս գործով, այլև քրեական գործ հարուցելու բուն օրինականությունը և մեղադրանքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։

«Հիմա, երբ այս նույն հոդվածի հիման վրա մի շարք նոր գործեր են հարուցվել տարբեր ընդդիմադիր գործիչների դեմ, հարցը հավելյալ հնչեղություն է ստացել, և ԱԺ ընդդիմությունը պաշտոնապես դիմել է Սահմանադրական դատարան։

Նրանից հետո, երբ նույնիսկ Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը իր զեկույցում անդրադարձավ այս հարցին, և մանտնանշեց 236.2 հոդվածի ոչ իրավաչափությունը և հակասությունը Խաղաղ հավաքների անցկացման Եվրոպական ուղեցույցին, ՀՀ Սահմանադրական դատարանն այս հարցն ընդունեց քննության։ Շնորհակալ եմ բոլոր այն գործընկերներին, որոնց հետևողական աշխատանքն ու պայքարը հանգեցրեց այս կարևոր հանգրվանին, սակայն դեռ մեծ աշխատանք է սպասվում առջևում՝ այս հարցին իրավական և արդարացի լուծում տալու համար»,- գրել է Ավետիք Չալաբյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածը վերաբերում է հավաքներին մասնակցելուն խոչընդոտելուն կամ հարկադրելուն, այդ թվում՝ նյութապես շահագրգռելուն։

Խորհրդարանական ընդդիմությունն դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «նյութապես շահագրգռման» մասով` Սահմանադրությանը համապատասխանության հարցով։

ՍԴ-ն որոշել է գործն ընդունել քննության և դատաքննությունը սկսել 2024թ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել