«Անհրաժեշտ է, որ փոփոխվեն ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներ պարունակող դրույթները»․ Ալիևը ՝ Շոլցին
 |factor.am|
12:07 - 19 հուլիսի, 2024

«Անհրաժեշտ է, որ փոփոխվեն ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներ պարունակող դրույթները»․ Ալիևը ՝ Շոլցին |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին Մեծ Բրիտանիայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Շոլցը նշել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին։

Ընդգծվել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ տեղի ունեցած՝ կանցլեր Օլաֆ Շոլցի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ադրբեջանի նախագահի համատեղ հանդիպման կարևորությունը։

Դրանից հետո էլ Գերմանիայի աջակցությամբ կայացել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Ալիևը նշել է սահմանների սահմանազատման և սահմանագծման  ոլորտում ձեռք բերված հաջողությունները՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի անբաժանելի մաս,  տեղեկացրել սահմանազատման գործընթացին վերաբերող փաստաթղթերի հաստատման մասին և ասել, որ գործընթացը շարունակվելու է  այդ գծով:

«Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն աջակցում է խաղաղության օրակարգին, խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և խաղաղության գործընթացին։ Սակայն դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներ պարունակող և Հայաստանին Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի միացումը նախատեսող դրույթները, Հայաստանի տարածքային պահանջներին Ադրբեջանի նկատմամբ պետք է վերջ դրվի սահմանադրական հիմունքներով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվել է, որ այդ հարցերը քննարկվել են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի աջակցությամբ տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը։ Շոլցի հետ հանդիպմանը քննարկվել է նաև  COP29-ի նախապատրաստման գործընթացը։

Ադրբեջանի և Գերմանիայի միջև համագործակցությունն այս ոլորտում, ինչպես նաև Ադրբեջանի ներդրումը Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում կողմերը բարձր են գնահատել։ Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Գերմանիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտների շուրջ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել