Կիսատ եւ ձգձգվող միասնական տոմսային համակարգը․ ինչ սպասել եւ երբ
17:39 - 24 հուլիսի, 2024

Կիսատ եւ ձգձգվող միասնական տոմսային համակարգը․ ինչ սպասել եւ երբ

«Ի՞նչ ա դա, ես չեմ էլ հասկանում»,- այսպես արձագանքեց Երեւանի մետրոպոլիտենի տարեց ուղեւորներից մեկը, երբ հարցրինք՝ օգտվո՞ւմ է արդյոք հանրային տրանսպորտում ուղեվարձի վճարման նոր՝ թվային սարքերից։ 

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ մետրոպոլիտենում ժետոններ ընդունող սարքերի մեծ մասը փոխարինվել է թվային վալիդատորներով՝  հերթեր եւ դժգոհություններ առաջացնելով քաղաքացիների շրջանում։ Տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդնումը բազմաթիվ տեխնիկական եւ կազմակերպչական խնդիրների է բախվել, ինչի հետեւանքով քաղաքապետարանը հետաձգել է սահմանված վերջնաժամկետները՝  երկարաձգելով նաեւ գործընթացի մի մասն իրականացնող «Թել-Սելլ» ընկերության հետ կնքած  պայմանագիրը։  

Նյութում կարդացեք՝

  • ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնում քաղաքացիները,
  • ի՞նչ է միասնական տոմսային համակարգը, եւ ինչ ժամկետում պետք է այն ներդնվեր,
  • ինչո՞ւ են հիմա Մետրոպոլիտենից հեռացվում ժետոններ ընդունող սարքերը,
  • ժամանակավոր ի՞նչ լուծում է ընտրել սպասարկող «Թել–Սելլ» ընկերությունը,
  • ի՞նչ է սպասվում. վճարման ի՞նչ եղանակներ եւ սակագներ են նախատեսված եւ ի՞նչ ժամկետներում

ժետոնների սարքերի՝ վալիդատորներով փոխարինումը հավելյալ հերթերի է հանգեցրել

Մետրոպոլիտենում ժետոններ ընդունող սարքավորումների մեծ մասը ապագործարկվել է, 10 կայարաններից յուրաքանչյուրում թողնվել է այդպիսի 1-ական սարք։ Փոխարենը տեղադրվել են «Թել-Սելլ» ընկերության վալիդատորներ՝ բջջային հավելվածով վճարման եւ տերմինալներ՝ QR կոդերով վճարման նպատակով։ Սա հանգեցրել է կուտակումների եւ հերթերի, քանի որ ուղեւորների մեծ մասը կամ «Թել-Սելլ» հավելված չունի, կամ լիարժեք տեղեկացված չէ ընթացող փոփոխությունների մասին, կամ էլ սովորույթի ուժով նախընտրում է վճարել ժետոնով։

Հունիսի 12-ին՝ ժամը 17։00-19։00 ընկած ժամանակահատվածում, «Ինֆոքոմը» դիտարկում է իրականացրել Մետրոպոլիտենի «Երիտասարդական» եւ «Բարեկամություն» կայարաններում։ Երկու դեպքում էլ ժետոններից օգտվող ուղեւորները ավելին էին, քան վալիդատորներից օգտվողները, ինչի արդյունքում ժամանակ առ ժամանակ հերթեր էին գոյանում։ Ամիսներ առաջ նման դիտարկում իրականացրել էինք նաեւ երթուղային 2 ավտոբուսներում։ Պատկերը նույնն էր․ ուղեւորների գերակշիռ մասը վճարում էր մետաղադրամով։

«Գրեթե ամեն օր օգտվում եմ Մետրոպոլիտենի ծառայություններից, իրականում շատ անհարմար է․ եթե նկարել եք, կտեսնեք, թե ինչ հերթեր են գոյանում ժետոնով վճարման ընդամենը մեկ հնարավորության պատճառով։ Դեռ ոչ բոլորն են սրան պատրաստ»,- ասաց ուղեւորներից մեկը։

Որոշ ուղեւորներ էլ, որ կողմ էին վճարման էլեկտրոնային եղանակին, մտահոգված էին, որ համակարգն ամբողջությամբ չի գործում. բանկային քարտով հնարավոր չէ տրանսպորտի տոմս գնել, հետեւաբար այս պահին էլեկտրոնային եղանակով վճարելու համար պարտադիր է «Թել-Սելլ» հավելվածի բաժանորդ դառնալ։  

Որոշ քաղաքացիներ էլ վաղուց օգտվում էին «Թել-Սելլ» ընկերության բջջային հավելվածից կամ տերմինալներից եւ նշում, որ վճարումն այդպես ավելի արագ է կատարվում։

Ինչ է միասնական տոմսային համակարգը

Փորձենք հասկանալ՝ ինչ է իրենից ներկայացնում միասնական տոմսային համակարգը, երբ եւ ինչպես էր այն նախատեսված ներդնել։ 

2020 թ․-ից քննարկվող եւ 2023 թ․-ից մեկնարկած այս բարեփոխումը ներառում է երկու հիմնական բաղադրիչ՝ ուղեվարձի նոր սակագներ, որը սահմանում է Երեւանի ավագանին, եւ ուղեվարձի վճարման նոր՝ թվային եղանակներ, որն ապահովում է մասնավոր «Թել-Սելլ» ընկերությունը։

Ուղեվարձի տարիֆային պլանները՝ ըստ Ավագանու՝ 2024 թ․ մարտի 12-ի որոշման (այս պահին ընդունված տարբերակով՝ բանկային քարտով հնարավոր է վճարել միայն «Զվարթնոց» օդանավակայանի տոմսի համար, սակայն «Թել-Սելլ»-ի հավաստմամբ՝ մինչ համակարգի ամբողջական գործարկումը քաղաքապետարանը մյուս երկուսը եւս սահմանելու է)։ 

Մոտ մեկ ամիս առաջ Երեւանի ավագանին որոշեց, որ մինչ ավտոբուսների նոր խմբաքանակը չներկրվի (մինչ օրս հայտնի էր պատվիրված եւ ուշացող 171 ավտոբուսների մասին, իսկ այսօրվա ասուլիսում քաղաքապետ Տիգրան Ավինյանը, չմանրամասնելով կոնկրետ ժամկետներ, ասաց, որ դրանցից բացի դեռ պետք է ձեռք բերեն եւս 250 ավտոբուս), հնարավոր չէ ապահովել համակարգի ամբողջական ներդնումը, ուստի տրանսպորտի ուղեվարձի սակագների փոփոխությունը հետաձգվեց մինչ 2025 թ․ հունվարի 1-ը: Ընդ որում, սա առաջին հետաձգումը չէ, նախկին եւ ներկա քաղաքապետերը մինչ այս էլ համակարգի ներդնման հստակ ժամանակ չեն նշել, բազմիցս հնչել են «մի քանի ամսից», «առաջիկայում», «շուտով» եւ նմանատիպ այլ արտահայտություններ։

Համաձայն քաղաքապետարանի եւ «Թել-Սելլ»-ի միջեւ 2022թ-ին կնքված պայմանագրի՝ ընկերությունը պարտավորվել է իր միջոցների հաշվին մայրաքաղաքում ներդնել տոմսային միասնական համակարգ։ Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով, որի ընթացքում ընկերությունը ապահովելու է համակարգի ներդնումն ու սպասարկումը։ Իսկ պայմանագրի ավարտից հետո շահագործվող տեխնիկան եւ բոլոր լիազորություններն անցնելու են քաղաքապետարանի ենթակայությանը։

Ըստ պայմանագրի՝ համակարգում գործելու են վճարման հետեւյալ եղանակները՝ 

  • մեկանգամյա օգտագործման տոմսեր (թղթային եւ էլեկտրոնային տարբերակով QR կոդեր)
  • Mifire քարտեր (տրանսպորտային հատուկ՝ աբոնոմենտային քարտ, նաեւ այլ կրիչներ՝ մատանի, ժամացույց եւ այլն)
  • էլեկտրոնային տոմսեր (վճարում բջջային հավելվածներով կամ բանկային քարտերով)։

Ըստ նախնական պայմանագրի՝ տրանսպորտային բոլոր միջոցներում այս բոլոր սարքավորումներով կահավորումը եւ տոմսային համակարգի ամբողջական գործարկումը պետք է իրականացված լինեին դեռ երկու ամիս առաջ՝ 2024 թ․ մայիսին։ 

Այսօր, սակայն, թվարկված եղանակներից հասանելի է միայն թղթային կամ էլեկտրոնային QR կոդով վճարումը։

«Թել-Սելլ» ընկերությունն ու Քաղաքապետարանը երկու անգամ երկարաձգել են պայմանագրի վերջնաժամկետը

«Թել-Սելլ» ընկերության տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանի խոսքով՝ ծրագրային աշխատանքները իրենց ընկերության կողմից հանձնելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչ այս տարվա օգոստոսի 1-ը, բայց թե դրանք երբ կգործարկվեն, կախված է արդեն քաղաքապետարանից։

Լիանա Հունանյանը

Հարցին, թե ինչու ի սկզբանե պայմանագրով սահմանված ժամկետում համակարգի ամբողջական գործարկումը չի իրականացվել, ընկերության փոխտնօրենը պատասխանեց․ «Պայմանագիրը կնքել ենք, պիլոտային ծրագիրն իրականացրել ենք, ժամկետի ավարտին աշխատանքների 90 %-ը կատարված է եղել, սակայն թե՛ մենք, թե՛ քաղաքապետարանը հասկացել են, որ 9 ամիսը իրատեսական չէր, որովհետեւ աշխատանքները շատ էին, պահանջները՝ բավականին խիստ։ Վերջին ժամանակներում քաղաքապետարանի հետ միասին այցելեցինք եվրոպական մի շարք երկրներ, նախկին խորհրդային երկրներ եւ հասկացանք մի բան՝ մարդիկ այս համակարգը ներդնում են տարիներով»,- ասաց Հունանյանը։

Հարցին՝ միջազգային փորձի ուսումնասիրությունը չպե՞տք է արդյոք նախորդեր պայմանագրի կնքմանը, նա պատասխանեց․ «Համաձայն եմ, պետք էր ավելի խորը ուսումնասիրել եւ ավելի իրատեսական ժամկետներ նշել, մեր պայմանագրում նախատեսված են այնպիսի կետեր, որոնք 10 տարի օգտագործող երկրները անգամ չունեն։ Օրինակ՝ երբ Սոֆիայում հարցնում ենք՝ արտոնյալ խմբերին ինչպե՞ս եք նույնականացնում, որպեսզի զեղչեր տաք, ասում են, որ դա ավտոմատացված չէ, դա ապագայի հարց է, այսինքն՝ թոշակառու մարդը ինքն է պարտավոր գալ, ներկայանալ, իսկ մեզ մոտ ԷԿԵՆԳ համակարգով էլեկտրոնային հարցում է գնալու, հաստատվելու է, որ անձը թոշակառու է, ըստ այդմ, արտոնյալ խմբից է, այսինքն՝ մենք ուշացած ենք միանում տրանսպորտային համակարգի թվայնացմանը, բայց գնում ենք լավագույն տարբերակին»,- կարծում է Լիանա Հունանյանը։

Ժետոնների սարքերը հանելով՝ ընկերությունը փորձում է հանրությանը նոր համակարգին սովորեցնելու խնդիր լուծել

Քաղաքացիները տարակուսած են՝ քանի դեռ վճարման բոլոր եղանակները չեն գործում, ինչո՞ւ են ժետոն ընդունող սարքերը աստիճանաբար փոխարինվում վալիդատորներով։

Ըստ «Թել-Սելլ» ընկերության տնօրենի տեղակալի՝ այս փուլում մարդկանց նոր սարքերին սովորեցնելու խնդիր ունեն, քանի որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու տարիֆային պլանները, եւ մարդիկ հիմնականում օգտվելու են «Թել-Սելլ» հավելվածից կամ տերմինալներից կամ տրանսպորտային քարտերից։ Բանկային քարտերի մասսայական օգտագործում, ըստ Հունանյանի, չի լինելու, քանի որ տարիֆային պլաններից միայն 3-ն են հնարավորություն տալու տոմս գնել բանկային քարտով, որոնք էլ ամենաթանկն են լինելու հանրային տրանսպորտից մշտապես օգտվելու դեպքում։ Դրանք են 90-րոպեանոց, 1-օրանոց եւ  դեպի «Զվարթնոց» օդանավակայան տոմսերը։

Մնացած բոլոր տեսակի տոմսերի համար նախատեսված են Mifire տրանսպորտային հատուկ, այսպես կոչված, աբոնոմենտային քարտեր, որոնք պետք է նախապես ձեռք բերել եւ լիցքավորել, ինչպես նաեւ QR կոդեր, որոնք հնարավոր է ձեռք բերել «Թել-Սելլ»-ի բջջային հավելվածով (որտեղ հնարավոր է կցել բանկային ցանկացած քարտ) կամ տերմինալներով։ Նշենք, որ չնայած «Թել-Սելլ» տերմինալներով արդեն հնարավոր է QR կոդեր ձեռք բերել նաեւ առանց բաժանորդ դառնալու (առանց անձնական բջջային հեռախոսահամարը մուտքագրելու), սակայն այդ մասին ոչ ընկերության, ոչ էլ քաղաքապետարանի կողմից պատշաճ իրազեկում չի իրականացվում, փոխարենը խրախուսվում է հավելվածի կիրառությունը։

Ինչես նշեցինք, քաղաքային բյուջեից նոր համակարգի ներդնմանը գումար չի հատկացվել, ամբողջը իրականացվել է «Թել-Սելլ»-ի կողմից, հետեւաբար ընկերությունը շահագրգռված է իր բաժանորդների թվի ավելացումով․ «Քաղաքացին էլ պիտի հասկանա՝ մեր կողմից կատարված աշխատանքները ահռելի են ոչ միայն ներդրումների, այլ նաեւ մարդկային ռեսուրսի տեսանկյունից։ Մենք մրցույթը չենք շահել քաղաքապետարանի հատկացրած գումարներից, մենք մեր միջոցների հաշվին ենք դա անում, ֆինանսական որեւիցե շահ չենք հետապնդում, ձեզանից լրացուցիչ գումար չի գանձվում, այն 100 դրամը, որ դուք մեզ վճարում են, նույնությամբ փոխանցում ենք քաղաքապետարանին։ 3 միլիոն ներդրումից բացի մեր ընթացիկ սպասարկումը տարեկան կես միլիոն դոլար է, եւ այո, մենք էլ մեր հետաքրքրությունն ունենք․ դա այն է, որ քաղաքացուն ուզում ենք ծանոթացնել մեր հավելվածին զուտ տոմս գնելու տեսանկյունից․ այսօր տոմս կգնեք, վաղը կասեք՝ տեսնեմ՝ էլ ի՞նչ հետաքրքիր հնարավորություն կա, կուզեք՝ կօգտվեք, չեք ուզի՝ մի օգտվեք, ոչ մեկը ոչինչ չի պարտադրում»,- նշեց Հունանյանը։

Մեր զրույցում նա ընդգծեց՝ վալիդատորներով փոխարինումը սկսել են իրականացնել փուլերով․ մայիս ամսին փոխարինել են Մետրոպոլիտենի չաշխատող սարքերը՝ միաժամանակ թողնելով ժետոնով վճարման հնարավորությունը, սակայն մեկ ամսից ավելի քաղաքացիները դրան ուշադրություն չեն դարձրել, հավելվածից օգտվողների քանակը առանձնապես աճ չի գրանցել։ Ժետոնի մեկական սարքեր թողնելուց հետո օգտատերերի օրական ցուցանիշները սկզբնական 1500-1700 միջակայքից մոտեցել են 7000-ին։ Դա Մետրոպոլիտենի ողջ ուղեւորահոսքի՝ 80․000-ի 10 %-ն էլ չէ։

Մեր այն հարցին, թե ինչու բանկային քարտով վճարումը բոլոր տեսակի տոմսերի համար չի նախատեսվել, Լիանա Հունանյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է տեխնիկական առանձնահատկություններով․ «Ալգորիթմը քեզանից գումարը չի գանձում, հետո հետ է գնում, հաշվարկում քո վճարած բոլոր տոմսերը եւ որոշում՝ մեկ շաբաթվա գումար գանձել թե մեկ օրվա, իսկ բանկային քարտերով այդպես հնարավոր չէ երկարաժամկետ վճարել, այդ տեխնոլոգիան ընդունված չէ, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բանկային քարտերով առավելագույնը մեկ շաբաթվա հաշվարկ է գնում»,- ասաց նա՝ հավելելով, որ երկարաժամկետ հնարավորությունը նաեւ խարդախության ռիսկեր է պարունակում։ 

Այսօրվա ասուլիսի ժամանակ քաղաքապետը եւս ընդգծեց բանկային քարտերով վճարման հնարավորության մասին՝ չհստակեցնելով, սակայն, որ դա վերաբերելու է միայն մեկ կամ մի քանի փաթեթների։

Ըստ Հունանյանի՝ նախկինում քաղաքացին ուներ վճարման միայն մեկ տարբերակ՝ դրամարկղից ժետոն գնելը, իսկ այժմ դրան գումարվել է եւս երկուսը՝ հավելվածով եւ տերմինալով։ Մեր դիտարկմանը, որ այս փոփոխությունը կայարաններում հավելյալ հերթերի է հանգեցնում, Հունանյանն արձագանքեց՝ ասելով․  «Հանգեցնում է, քանի դեռ մենք չենք ուզում սովորել, իսկ երբ ուզենք սովորել, չի հանգեցնի, մենք թվայնացման աշխարհ ենք մտնում, բոլոր տեսակի թվայնացումները սովորելու բարդույթը ունի, պետք է ավելի ժամանակակից մոտեցում ցուցաբերենք»։

Ի պատասխան հարցին, թե սարքերը տեղադրելուց եւ գործնականում կիրառելուց բացի սովորելու համար ուրիշ ինչ է առաջարկվում քաղաքացիներին, Հունանյանն ասաց, որ իրազեկման անիմացիոն հոլովակներ են պատրաստել եւ հրապարակել, նաեւ՝ թռուցիկներ բաժանել։ Դրանից բացի, ունեն խորհրդատուներ, որոնք, տարբեր ժամերի տարբեր կայարաններում գտնվելով, մարդկանց առաջարկում են սովորեցնել հավելվածից կամ տերմինալից օգտվել կամ աջակցել, եթե ընթացքում դժվարություններ լինեն։

Անդրադառնալով այն քննադատություններին, որ մարդկանց կարծես ստիպեն մասնավոր ընկերության բաժանորդ դառնալ՝ Հունանյանը հիշեցրեց՝ «Թել-Սելլ»-ը միակ ընկերությունն է, որ դիմել է մրցույթին եւ հաղթել։ Այս առնչությամբ քաղաքապետարանն էլ նույնն էր ասել՝ մրցույթի պայմաններին բավարարող եւ հաղթած ցանկացած ընկերություն կարող էր ստանձնել նույն դերը։

Առաջիկայում ժետոններն ընդհանրապես դուրս կգան գործածությունից

Լիանա Հունանյանի խոսքով՝ առաջիկայում Մետրոպոլիտենի դրամարկղերում սկսելու են վաճառել QR կոդով կտրոններ, եւ աստիճանաբար, երբ քաղաքացիների մոտ եղած ժետոնները սպառվեն, դրանք ընդհանրապես դուրս են գալու գործածությունից։ Հաջորդիվ կհեռացվեն նաեւ ժետոններ ընդունող սարքերը՝ փոխարինվելով վալիդատորներով։ Հունանյանն ընդգծեց՝ յուրաքանչյուր կայարանում մնացած ժետոն ընդունող 1-ական սարքի փոխարեն հնարավորություն է լինելու 2-ական վալիդատոր ավելացնելու։ 

Արձագանքելով էկոակտիվիստների մտահոգություններին, որ այդպիսով թղթի չարդարացված օգտագործում է լինելու՝ Հունանյանը հիշեցրեց վճարման էլեկտրոնային հնարավորության մասին՝ հավելելով, որ սա ժամանակավոր լուծում է․ հետագայում, երբ համակարգն ամբողջապես գործի, կտրոնները դրամարկղում վաճառքից ի վերջո դուրս են գալու։

Դրամարկղի աշխատակիցները զբաղվելու են տրանսպորտային քարտերի վաճառքով, դրանց լիցքավորմամբ կամ արտոնյալ խմբերի (տարեցներ, ուսանողներ եւ այլք) քաղաքացիների նույնականացմամբ (որն էլեկտրոնային եղանակով է լինելու)։

Հանրային տրանսպորտի տոմս գնելու հնարավորություն լինելու է հետեւյալ կետերից՝

  • տոմսերի վաճառակետեր (օրինակ՝ Մետրոպոլիտենի գանձապահ-օպերատորներ),
  • վեբ-պորտալ (E-ticket.Yerevan.am կայքը, որը դեռ չի գործում),
  • բջջային հավելված (Tel-cell),
  • անհպում վճարում բանկային քարտերով եւ էլեկտրոնային վճարման եղանակներով։

Այսպիսով, տոմսային միասնական համակարգի ներդնման աշխատանքների ավարտը դեռեւս հստակ տեսանելի չէ։ Հաշվի առնելով, որ ժամկետների երկարաձգման համաձայնագրերով նախատեսված են ծրագրային այնպիսի լուծումներ, որոնք կապված են ուղեվարձի նոր սակագների հետ՝ կարելի է ենթադրել, որ մինչեւ նոր սակագները ուժի մեջ չմտնեն (այսօրվա դրությամբ՝ մինչեւ 2025 թ․ հունվարի 1-ը), վճարման բոլոր եղանակները այդպես էլ հասանելի չեն լինի, եւ օգոստոսի 1-ից քաղաքացին իր կյանքում առանձնապես փոփոխություն չի զգա։

Ըստ այդմ, մի տարուց ավելի ձգձգվող այս նորամուծության ներկայիս պայմանները  խրախուսում են քաղաքացիներին դառնալ «Թել-Սելլ» բաժանորդ՝ առանց նրանց համար ապահովելու խոստացված փաթեթները, զեղչերը եւ վճարման եղանակների բազմազանությունը։ 

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել