hetq.am: Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, կինը, դուստրն ու որդին այսօր հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու իրենց գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին և ներկայացնելու դիրքորոշում:
Նշենք, որ այս փուլում դատախազությունը չի հրապարակում, թե նրանց, որ գույքն է ենթադրաբար համարվում ապօրինի ծագում ունեցող, ինչ է ցանկանում բռնագանձել կամ ինչ չափի: Պատճառաբանությունն այն է, որ այս դեպքում Վարդան Ղուկասյանը, կինը՝ Նոնա Ղուկասյանը, դուստրը՝ Մանյա Ղուկասյանը և, որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կարող են ներկայացնել ապացույցներ, դիրքորոշումներ, որոնք կարող են փոփոխություն առաջացնել բռնագանձման ենթակա գույքի ցանկում:
Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով հողամասերի օտարման մեջ։
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Վարդան Ղուկասյանը, 1999թ. նոյեմբերի 24-ից մինչև 2012թ., լինելով Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրի քաղաքում գտնվող տասնհինգ հողամասեր, ինչպես նաև վնասել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շինություն:
Ըստ մեղադրանքի՝ հանցավոր ճանապարհով նա օրինականացրել է Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող հինգ միավոր հողամաս՝ ընդհանուր 0.48743 հա մակերեսով:
comment.count (0)