Օլիմպիական խաղերին համընթաց Փարիզում  բացվեց «Հայաստանի տունը» |armenpress.am|
21:09 - 25 հուլիսի, 2024

Օլիմպիական խաղերին համընթաց Փարիզում բացվեց «Հայաստանի տունը» |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում` Հայկական բարեգործական ընդհանուր միությանը պատկանող տանը  (118 Rue, Courcelles 75017, Paris հասցեում) բացվեց «Հայաստանի տունը»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցն օլիմպիական Փարիզից, «Հայաստանի տան» բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Հայաստանի օլիմպիական հավաքականի մի շարք անդամներ և պատվիրակության ղեկավար կազմը:

«Բոլորիս ակնկալիքն ու ցանկությունը մեկն է` տեսնել Հայաստանի դրոշը բարձրացած, ուրախ ժպիտներով, հաղթանակած տեսնել ձեզ: Մենք եկել ենք նաև այդ ակնկալիքով: ՀՀ գործող իշխանությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ֆիզիկական դաստիարակությանը: Սա միայն խոսքեր չեն: Վարչապետն իր օրինակով ցույց է տալիս, որ սպորտն ու առողջ ապրելակերպը բոլորիս անհրաժեշտ է »,-ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, հաջողություն մաղթելով Հայաստանի օլիմպիական հավաքականի ներկայացուցիչներին, ասաց. «Հույս ունեմ, որ մինչև ամսի 11-ը, մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունենալու այս տանը պատվելու մեր մարզիկներին: Ուզում եմ հույս հայտնել, որ ամսի 11-ից հետո մենք կխոստանանք 4 նոր դպրոց բացելու մեր օլիմպիականների պատվին: Վերջին տարիներին պետությունը շատ մեծ հանձնառություն է վերցրել առավելագույնս սատարելու մեր մարզիկներին»:

ՀՀ ԿԳՄՍ  նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը «Հայաստանի տունը» համարում է հայկականության կենտրոն Փարիզում այս օրերին, երբ ամբողջ սպորտային աշխարհը կենտրոնացած է Ֆրանսիայի մայրաքաղաքում:

«Հայաստանի տանը» կհանդիպեն մարդիկ, ովքեր կուզենան հայանալ, ավելի շատ հայ դառնալ, հայություն շնչել: Նրանք կգան այստեղ, որտեղ կհետևեն նաև մեր մարզիկների ելույթներին: Օլիմպիական խաղերի ժամանակ շատ երկրներ այսպիսի նախագծեր իրականացնում են: Մեր նպատակը երկրպագու-մարզիկ, մարզիկ-լրագրողներ կապն ամրացնելն է»,-ասաց Գիլոյանը:

«Հայաստանի տան» դեմքը ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն Յուրի Զորկաեֆն է: 

Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին կունենա 15 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ),  բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել