armenpress.am: Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի հուլիսի 30-ի նիստում որոշվել է 0.25 տոկոսային կետով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 7.75 տոկոս։
Կառույցի նախագահ Մարտին Գալստյանն այդ կապակցությամբ հրավիրած ասուլիսում նշել է՝ ԿԲ խորհուրդը գտնում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետ գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար:
Մարտին Գալստյանի ներկայացմամբ՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը պահպանվել է նպատակային ցուցանիշի ցածր մակարդակում՝ հունիսին կազմելով 0.8 տոկոս: 12-ամսյա բնականոն գնաճը մնացել է անփոփոխ՝ հունիսին կազմելով 0:
«Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր:
Միաժամանակ, գործընկեր երկրներում գերտաքացած աշխատաշուկայի պայմանները շարունակում են նպաստել բարձր պահանջարկի պահպանմանը: Ձևավորված աշխարհաքաղաքական անորոշությունները, ինչպես նաև միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությունը որոշակի ռիսկեր են առաջացրել միջազգային ապրանքահումքային շուկայում գների հետագա աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից:
Այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի Դաշնային պահուստային հիմնադրամը, ավելի երկար կպահպանեն դրամավարկային խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա դեռևս պահպանվում են»,- նշել է նա:
ԿԲ նախագահն ընդգծել է, որ 2024 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվությունը, որին մեծապես նպաստել են շինարարության, առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի և սպառման հետագա միտումների վերաբերյալ: Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թվականի համեմատությամբ դանդաղում է:
Շարունակելով իրավիճակի վերլուծությունը՝ Մարտին Գալստյանը նշել է. «Միևնույն ժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական: Աշխատաշուկայի պայմանները որոշակի մեղմվում են՝ արտահայտվելով աշխատավարձերի աճի տեմպի դանդաղմամբ: Զուգահեռաբար կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը և գնաճային սպասումները շարունակում են նվազել»:
Կենտրոնական բանկի ղեկավարը տեղեկացրել է, որ ԿԲ խորհուրդն առկա անորոշություններից բխող հնարավոր ռիսկերը կառավարելու նպատակով իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ:
«Մի կողմից՝ քննարկվել են սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումներն, այդ թվում՝ գործընկեր երկրներում ավելի երկար պահպանվող խիստ դրամավարկային պայմանները, ինչպես նաև աշխարհաքաղաքական և հարկաբյուջետային քաղաքականությունից բխող՝ երկրի ռիսկի հավելավճարի և չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները պահանջում են շուկայում սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք գների կայունության նպատակի ապահովման ռիսկերը կառավարելու համար:
Մյուս կողմից՝ ԿԲ խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունների և աշխատաշուկայի պայմաններում թուլացման համատեքստում ցածր պահանջարկի ձևավորման ռիսկերը կարող են հանգեցնել գնաճի՝ ցածր մակարդակում երկար պահպանմանը: Վերջինս ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի միջնաժամկետ հորիզոնում գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար»,- նշել է նա:
Արդյունքում, ըստ Մարտին Գալստյանի, նշված սցենարներից բխող հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու մոտեցման ներքո հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը՝ ԿԲ խորհուրդը որոշեց շարունակել դանդաղ տեմպերով իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը:
Նշվում է, որ ԿԲ խորհուրդը հայտնում է իր հանձնառությունը համարժեք գործողություններով նպաստել միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 տոկոս մակարդակի, գների կայունության նպատակի ապահովմանը:
comment.count (0)