Դատարանը մերժել է պարեկների գործով մեղադրյալ Երիցյանին կալանավորելու երկրորդ միջնորդությունը
10:33 - 08 օգոստոսի, 2024

Դատարանը մերժել է պարեկների գործով մեղադրյալ Երիցյանին կալանավորելու երկրորդ միջնորդությունը

Դատարանը մերժեց Ռոման Երիցյանի եղբորը՝ Արամ Երիցյանին կալանավորելու երկրորդ միջնորդությունը, տեղեկացնում է Երիցյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Անցած շաբաթ պարեկների հետ միջադեպից հետո ձերբակալված և երեք օր անց դատարանի որոշմամբ ազատ արձակված Արամ Երիցյանն երեկ առավոտյան կրկին ձերբակալվել էր։

Ավելի վաղ՝ օգոստոսի 1-ին, Ռոման Երիցյանը հայտարարել էր, որ 10 պարեկային ծառայողներ դաժանաբար ծեծի են ենթարկել իր եղբորը՝ ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար։ Ոստիկանությունը հակադարձել է, որ փաստաբանի եղբայրը ծեծի չի ենթարկվել՝ ներկայացնելով ծառայողական քննության արդյունքները․ «Ձերբակալումն էլ կատարել են ոչ թե պարեկային 10 ծառայողներ, այլ մեկ կարգախումբ՝ երկու պարեկով»։

Օգոստոսի 4-ին Արամ Երիցյանի կալանավորման միջնորդությունը մերժվել էր, իսկ ձերբակալումն էլ ճանաչվել ոչ իրավաչափ։ Նա ազատ էր արձակվել։

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Արամ Երիցյանը օգոստոսի 7-ին ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու համար դատարան ներկայացնելու հիմքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել