azatutyun.am: Տարիներ շարունակ արգելված «Զարյա 3» նռնակը Առողջապահության նախարարությունը դարձրել է թույլատրելի Ներքին գործերի նախարարության առաջարկով։ Ուժային կառույցն է դիմել նախարար Անահիտ Ավանեսյանին, խնդրել ստուգել ու եզրակացություն տալ մինչև այդ արգելված նռնակի վերաբերյալ, հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ պատասխանելով «Ազատության» հարցմանը, ընդ որում, գերատեսչությունը հարցմանը պատասխանել է ժամկետները խախտելով՝ 21 օր անց։
«Տրամաբանությունից դուրս է առաջին հերթին այն պատճառով, որ այդ հայտը եկել է հենց Ներքին գործերի նախարարությունից, այսինքն՝ Առողջապահության նախարարությունը կարծես թե րոպեների ընթացքում կարող է դակել ցանկացած հայտ, որը գալիս է նախարարության կողմից, որը ուժային կառույց է, և հանրային առողջության հետ կապված որպես այդպիսին խորագույն ուսումնասիրություն չի կատարվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Պարզվում է՝ Վահե Ղազարյանի գլխավորած կառույցն է դիմել Առողջապահության նախարարություն «ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկվող մի քանի նոր հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ»։ Այսինքն՝ այլ անհրաժեշտություն, բացի այն, որ պարզապես ոստիկանությունը նոր հատուկ միջոց ունի և պետք է այն կիրառել, չկա։
Այս թեմային հետևող Զարուհի Հովհաննիսյանը տարակուսած է. - «Այնուամենայնիվ, այս հրամանի խմբագրումը կապված է հենց անթույլատրելի միջոցի օգտագործման հետ, որը հետագայում հնարավորություն է ստեղծում նմանատիպ փոփոխությամբ խմբագրել, վերանայել, որ դա այդքան էլ վնասակար չէ»:
Ընդդիմադիրների հունիսի 12-ի հավաքից առա՞ջ, թե՞ դրանից հետո է Ներքին գործերի նախարարությունը նման առաջարկ արել, հայտնի չէ։ Իրավապաշտպանները շարունակում են պնդել, որ այդ օրը «Զարյա 3» է կիրառվել, երբ դրա կիրառությունը դեռ օրենքով թույլատրված չէր։
«Այսինքն՝ արդեն իսկ մենք ելնում ենք այն փաստից, որ առողջապահության նախարարի հրամանը՝ որքանով իրավաչափ է, որքանով ենթադրվում է, որ հանրային առողջության գերակա շահից է ելնում, միևնույն է, ստորագրվել է ավելի ուշ և հետադարձ ուժ ունենալ չի կարող: Արդեն իսկ մենք փաստում ենք և ամրագրում ենք այն փաստը, որ հունիսի 12-ին կիրառված հատուկ միջոցը արդեն իսկ անթույլատրելի էր», - ընդգծեց Հովհաննիսյանը:
Շաբաթներ առաջ առողջապահության նախարարը լրագրողների հետ զրույցում իր բացատրությունն էր տվել արգելված նռնակը թույլատրելի դարձնելու մասին, այդպես էլ չհստակեցնելով, թե ինչ կարիք է առաջացել հավաքները ցրել հենց այս տեսակի նռնակի միջոցով, երբ այն տարիներ շարունակ պարզապես արգելված միջոց է համարվել։
«Կյանքը փոփոխվում է, առաջանում են որոշակի իրավիճակներ և անհրաժեշտություններ մեր իրավական ակտերը փոխելու», - հայտարարել էր Անահիտ Ավանեսյանը:
Նա ընդգծել էր, որ «Զարյա 3»-ը թույլատրելի են դարձրել մասնագիտական կառույցների եզրակացություններից հետո։ Նկատի ուներ իր ղեկավարած նախարարության ենթակա երկու կառույցները՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը և Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը։ Այս երկու կառույցները, փաստորեն, ըստ էության եզրահանգել են, որ «Զարյա 3»-ը վտանգավոր չէ:
«Ես չեմ դրա գնահատողը, ինչպես ասեցի՝ կա մասնագիտական կառույց, որը ելնելով թե՛ միջազգային փորձից, թե՛ տվյալ միջոցների կիրառման արդյունքում հնարավոր որևէ մարդու առողջությանը հասցված վնասի ռիսկերից՝ կայացնում է որոշում ընդգրկելու տվյալ միջոցը մեր հրամանում, թե՝ չէ: Մասնագիտական խումբը որոշում է կայացրել, որ այն, ինչ որ ընդգրկված է, համապատասխանում է ստանդարտներին», - ասել էր Ավանեսյանը:
Այնինչ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էր «Ազատության» հետ զրույցում հակառակը պնդել. - «Զինված խմբավորումներ, զինված հանցագործին, խումբ-խմբավորումներին զինաթափելու համար: [Բայց] Ոչ [հավաքները], դրա վնասվածքը, հետևանքները կարող են անդառնալի լինեն: Որ ասեմ անմիջապես մահաբեր է՝ ոչ, բայց կարող է բեկոր լինի, և կարևոր արյունատար անոթ վնասվի, և բժիշկները չկարողանան անմիջապես տվյալ քաղաքացու կյանքը փրկել»:
comment.count (0)