«Զինվորները սթրեսային վիճակում էին»․ հոգեբան սպայի ցուցմունքը Խուռհատ սարի գործով
23:00 - 15 օգոստոսի, 2024

«Զինվորները սթրեսային վիճակում էին»․ հոգեբան սպայի ցուցմունքը Խուռհատ սարի գործով

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի՝ Խուռհատ սարի օպերացիային մասնակցած նորակոչիկ զինծառայողները գտնվում էին հոգեբանական ծանր վիճակում։ Այս մասին այսօր դատարանում հայտարարեց հոգեբան սպա Կարեն Հայրյանը։ 

Հայրյանը վկա է գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով։ Վերջինս, հիշեցնենք, մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում ստացած թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով իշխանության անգործություն դրսեւորելու եւ կապի միակ միջոցը վերցնելով՝ մարտադաշտը ինքնակամ լքելու մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Երկամսյա դադարից հետո Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր վերադարձավ վկաների հարցաքննության փուլին․ նրանց մի մասին հնարավոր չէր եղել նախկինում դատակոչել Արցախի շրջափակման, ապա նաեւ բռնի տեղահանման պատճառով։

Վկա Կարեն Հայրյանը պատմեց, որ իրենց զորամասի հոգեբանական կետը գտնվել է նախ Առաքել, ապա Տող գյուղերում, որից հետո էլ՝ Կարմիր Շուկայում։ Զինվորներին իրենց մոտ բերել են ըստ անհրաժեշտության՝ բժիշկների կամ սպաների ցուցումով։ Թե Խուռհատ սարից քանի զինվորի հետ են աշխատել, վկան դժվարացավ հիշել, ասաց միայն ընդհանուր թիվը՝ 882։

Զինծառայողների պատմածներից Հայրյանը մտաբերեց միայն, որ երբ հակառակորդը հարձակվել է, խուճապ է սկսվել, եւ նրանք տարբեր խմբերով տարբեր ուղղություններով են գնացել․ «Զինվորները սթրեսային վիճակում էին․ նախ վախն էր, տագնապայնությունը, ընկերների կորուստը, սկզբում չէին ուզում խոսել, ընթացքում արդեն խոսում էին»,– ասաց նա։

– Խուռհատ սարի շրջափակման միջից դուրս եկած զինվորների հետ զրուցե՞լ եք,– հարցրեց զոհված զինծառայողների ծնողների փաստաբան Գուրգեն Գրիգորյանը

– Երբ իրենք դուրս են եկել, մենք արդեն Կարմիր Շուկայում ենք եղել, մեզ մոտ չեն բերել։

– Հնարավո՞ր է, որ 1-2 ամսվա նորակոչիկները շրջափակումից դուրս գան, զորքի մեծ մասը կոտորվի, եւ նրանց սպաները կամ հոգեբանները չփորձեն գոնե խոսել, ճշտել նրանց վիճակը․․․ Իմ պատկերացմամբ՝ այդ հարցադրումը ձեր կողմից բարձրացնելը հենց Ձեր սուրբ պարտականությունն էր։

– Ես իմ պարտականությունները սահմանված կարգով իրականացրել եմ, բոլոր աշխատանքների վերաբերյալ գրավոր զեկուցել եմ ըստ վերադասության․․․– պնդեց վկան։

– Կոնկրետ այդ հարցը բարձրացրե՞լ եք։

– Նման քայլ արվել է հոսպիտալի ղեկավարության կողմից․ սենյակներ կային, որտեղ զինվորները հանգստանում էին, իրենց հետ աշխատանք էր տարվում, հոսպիտալի պետն էլ եկել, մեզ օգնել է, զինվորների հետ աշխատել։

– Այդ սովետական արձանագրումները․․․ Հասկանում եմ՝ Ձեր գործի իմաստը ինչ է եղել տարիներով․ բռնել, գրել, որ ամեն ինչ իդեալական է,– վրդովվեց փաստաբանը։

– Ես խնդրում եմ՝ ինձ չվիրավորեք,– արձագանքեց վկան։

Դատավոր Ջոն Հայրապետյանը, վկա Կարեն Հայրյանը

Դատավոր Ջոն Հայրապետյանը, դիմելով վկային, ասաց՝ ընդհանուր տպավորությունն այն է, կարծես վկան խուսանավում է կոնկրետ պատասխաններ տալ, ուզում է արագ երկու բառ ասել, հեռանալ։ Հայրյանը, սակայն, հերքեց, պնդեց՝ պատրաստ է բոլոր հարցերին պատասխանել, բայց քանի որ կոնտուզիա է ստացել, հետագայում եւս մի պատերազմի մասնակցել, որոշ բաներ չի հիշում։

– Դե հիմա պատասխանեք՝ Ձեզ ի՞նչ հիմնական պատճառ են հայտնել զինվորները, ինչո՞ւ են գտնվել բարոյահոգեբանական ծանր վիճակում։

– Զինվորները ներկայացնում էին, որ մենակ են մնացել։

– Մենակ մնալը ո՞րն է։

– Ասա՝ առանց սպա,– բղավեց դահլիճում գտնվող որդեկորույս ծնող Բենիկ Գաբրիելյանը։

Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց։ Դատավորը նկատողություն հայտարարեց ծնողին։ 

Գուրգեն Գրիգորյանը հարցրեց՝ երբ հոգեբանները զինվորների կողքին չեն, ո՞վ է բարոյահոգեբանական աշխատանքներ տանում նրանց հետ։ Ի պատասխան՝ վկան պարզաբանեց՝ յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար ունի բարոյահոգեբանական գծով տեղակալ, եթե նա զոհվում է, սպաներն են, եթե սպաներն էլ տեղում չեն՝ սերժանտները։ 

– Որպես հոգեբան՝ զինվորներից հարցրե՞լ եք՝ տեղակալի զոհվելուց հետո մյուս սպաները ինչ աշխատանքներ են տարել։

– Տվյալ պարագայում զինվորները խառնաշփոթ, ընկճված վիճակում էին, ես հարցեր չէի տալիս, նրանց հետաքրքիր չէին այդ հարցերը, ի վիճակի չէին նման հարցերի պատասխանել։

Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը միջամտեց՝ պատերազմական իրավիճակում ոչ բոլոր զինվորները կդիմեին հոգեբանի, հետեւաբար եթե դիմել են, ենթադրվում է, որ այնքան ծանր վիճակում են եղել, որ պատրաստ են եղել մանրամասն խոսելու․

– Որ եկան Ձեզ մոտ, չասացի՞ն՝ այ սենց դեպքեր են տեղի ունեցել։ Մեզ այդ դեպքերն են հետաքրքիր։

– Նշել են, որ հակառակորդը տարբեր կողմերից հարձակվում էր, եւ մի մեծ խառնաշփոթ է առաջացել։

Արսեն Ղուկասյանը, որի զոհված զինծառայողի հորեղբայր է (նրա ցուցմունքը կարող եք կարդալ այստեղ), հայտնեց, որ իրենց տեղեկություններով՝ Հայրյանը զինծառայողների մարտական ուղիների փաստաթղթավորմամբ է զբաղվել, ուստի չէր կարող չիմանալ, թե նրանց հետ ինչ է եղել։ Ի պատասխան՝ վկան պարզաբանեց՝ մարտական ուղիների փաստաթղթերում նշվել են զինծառայողների կատարած սխրանքները՝ ինչ են խոցել, ոնց են դիմագրավել․ «Այդ ամենը տպվել, բաժանվել է․․․ Ես կոնկրետ չեմ կարող հիշել, բոլորը ուղարկվել են պահպանման, եթե փորձեք, կարող եք գտնել․»,– ասաց նա։

Արսեն Ղուկասյանը

– Ինչ–որ մեկին մեղադրո՞ւմ էին, որ իրենց ընկերները զոհվել են, որ ստիպված են եղել նահանջել,– հարցրեց դատավորը։

– Նման դեպք չեմ հիշում։

– Պարտության պատճառ նշո՞ւմ էին։

– Նախքան Խուռհատ սարը ասում էին՝ մենք չէինք տիրապետում զենքերին, իսկ հակառակորդը պատրաստված է, անընդհատ մեզ վրա է գալիս․․․ 

Խոսելով մեղադրյալ Իշխան Վահանյանի մասին՝ Կարեն Հայրյանն ասաց, որ նա վիրավորման մասին լսել է բուժկետի բժշկից (հետագայում զոհվել է), իսկ զինվորներից լսել է, որ նա, չնայած թեթեւ վիրավորմանը, թողել, գնացել է։

Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը

– Ասե՞լ են, որ դա ազդել է զորքի բարոյահոգեբանական վիճակի վրա։

– Ասել են, որ խառնաշփոթի մեջ են եղել։

– Իսկ սպանե՞րը։

– Ինձ բան չեն ասել,– պատասխանեց վկան։

– Սուտ, – բղավեց Արսեն Ղուկասյանը՝ հայտարարելով, որ նախկինում վկան իր ներկայությամբ ընդհուպ մինչեւ հայհոյել է դավաճան սպաներին։

– Երբ նոյեմբերի 9-ից հետո հանդիպել եմ սպա Ղարիբ Ջավադյանին (նրա ցուցմունքը՝ այստեղ), ինքն էլ է ասել, որ Վահանյանը զինվորներին թողել, գնացել է։

– Փախե՞լ է։

– Չի փախել, վնասվել է, թողել, գնացել է,– նշեց վկան։

– Քանի՞ անգամ է եղել, որ քո ներկայությամբ զինվորները ասել են՝ կռիվը չսկսած՝ Վահանյանն ասաց՝ վիրավոր եմ, ու փախավ,– վրդովվեց Արսեն Ղուկասյանը։

– Դե, ես նշեցի, ես զինվորների կողմից եմ լսել, որ քերծվածք է, թե ինչ, ասել է՝  վիրավորվել է, գնում է։ Ուրիշ ի՞նչ ձեւ պատասխանեմ,– ասաց Կարեն Հայրյանը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 26-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել