«Ես ոչ մի խախտում թույլ չեմ տվել․ կարգապահական կլինի թե մարտական գործողությունների կլինի, ոչ մի խախտում թույլ չեմ տվել, էդ հաստատ եմ ասում»․ դատարանում այսօր այսպես եզրափակեց իր ցուցմունքը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը։
Վահանյանի հրամանատարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Ջրականի 5-րդ գումարտակի նորակոչիկ անձնակազմը բարձրացրել է Հադրութին հարակից Խուռհատ սար, որտեղ էլ հաջորդ օրը հարձակման է ենթարկվել։ Չկանոնակարգված պաշտպանությանը անկանոն նահանջն է հաջորդել, որի ընթացքում գումարտակը կիսվել է․ մի մասը 4 սպաների հետ միասին կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, չտեղեկացվելով, որ հակառակորդը արդեն Հադրութում է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։
Ըստ քրեական գործի՝ նահանջի սկզբում Վահանյանը վիրավորման պատրվակով թողել է զորքին ու վիրավորների հետ հեռացել` իր հետ տանելով վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը։ Նա այժմ մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։
Իշխան Վահանյանի խոսքով՝ իրենց ուղարկել են սար՝ բնագիծ զբաղեցնելու եւ ինժեներական աշխատանքների
Նախորդ դատական նիստին Իշխան Վահանյանը հայտարարել էր, որ իր համար մինչ օրս անհասկանալի է, թե ինչու նորակոչիկներին չցրեցին այլ ստորաբաժանումներում՝ փոխարենն ուղարկելով առանձին խնդրի, երբ բոլորին էր հայտնի, որ նրանք ի վիճակի չէին խնդիր կատարելու։ Այսօր պնդեց նույնը, ասաց՝ այդ մասին բազմիցս զեկուցել է վերադաս հրամանատարությանը։
Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը
Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ այնուամենայնիվ, գումարտակի հրամանատարի պաշտոնը ստանձնելով՝ գիտակցե՞լ է՝ ինչ պատասխանատվության տակ է մտնում, ինչին ի պատասխան՝ Վահանյանը բացատրեց՝ գիտակցել է ե՛ւ այն, որ նորակոչիկներ են, ե՛ւ որ նոր վերակազմավորված գումարտակ է, սակայն ստանձնել է այդ պատասխանատվությունը, որովհետեւ իրենց ասվել է, որ գնում են բնագիծ զբաղեցնելու եւ ինժեներական աշխատանքներ կատարելու․ «Իմ ցուցմունքի մեջ էլ կա նշված, որ դիվիզիայի հրամանատարի տեղակալը եկավ Քարամյան Արթուրի հետ (զորամասի հրամանատարն է,–հեղ․), բա՝ տեխնիկա պիտի բերենք, այստեղ խրամատներ, ամրաշինական աշխատանքներ [պիտի անեք], մեր դիրքը այստեղից է լինելու․․․ Այ սենց է եղել, ոչ թե իմացել ենք՝ գնալու ենք, մտնենք [մարտական առաջադրանքի]»։
– Իսկ եթե այդ հանգամանքը չնշեի՞ն,– հարցրեց մեղադրողը։
– Չէինք անի դա, այսինքն՝ չէինք գնա, մեզ էլ չէին հանի․․․ ՊԲ հրամանատարի տեղակալը էդտեղ էր, ասեց՝ Վահանյան ջան, դուք գործ չունեք, հրադադարը տալիս են, ստորագրում են․․․ Ու իմ մտքով չի էլ անցնում, որ իրենք իմանային՝ տենց բան է լինելու, մեզ կհանեին․․․ Որովհետեւ սաղ ստորաբաժանումներն են էդտեղ եղել, միայն 5-րդ գումարտակը չի եղել․․․ Ես չեմ ուզում տենց մտածել, որ սաղին կհանեին գծով ու վերջ։ Ես մինչեւ հիմա էլ մտածում եմ, որ իրենք էլ չգիտեին, իրենք էլ էին մոլորության մեջ, - պատասխանեց ամբաստանյալը՝ հավելելով, որ իրեն խնդիրը առաջադրել է զորամասի հրամանատար Արթուր Քարամյանը, ուստի նա էլ պիտի լիներ վերահսկողը։ Քարամյանը, հիշեցնենք, դատարանում հայտարարել էր, թե ինքը 5-րդ գումարտակի հետ կապ չի ունեցել, զբաղվել է 1-ին եւ 4-րդ գումարտակներով, իսկ 5-րդով, ըստ նրա, պետք է զբաղվեր դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանը։
Մեղադրողի դիտարկմանը, որ ե՛ւ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանը, ե՛ւ դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանը իրենց ցուցմունքներում խոսել են ոչ թե պարզապես բնագիծ զբաղեցնելու, այլ պահպանության անցնելու մասին, Վահանյանն արձագանքեց՝ ասելով, որ ցանկացած զորաշարժ պահպանություն ենթադրում է, թեկուզ՝ միայն անվտանգությունից ելնելով, բայց պահպանությունն ու պաշտպանությունը տարբեր բաներ են։
Ըստ ամբաստանյալի՝ ինժեներական գործիքները այդպես էլ իրենց չեն հասել
Իշխան Վահանյանի խոսքով՝ թեեւ իրենց ուղարկել են՝ ինժեներական աշխատանքներ իրականացնելու եւ խոստացել անհրաժեշտ ինժեներական տեխնիկան բերել, ոչինչ այդպես էլ տեղ չի հասել։
– Դուք, գումարտակի հրամանատար եք, պատասխանատվություն եք ստանձնել 100-ից ավելի զինծառայողների համար, անձամբ պարտավոր չէի՞ք միջոցներ ձեռնարկել այդ մինիմալ պայմանները ապահովելու համար,–հարցրեց դատախազը։
–Էդ մինիմալ պայմանները որտեղի՞ց հայթհայթեի, եթե զորամասը մեզնից հետ է, էդ գնդի հրամանատարի եւ սպառազինության գծով տեղակալի խնդիրն է․․․ Ինժեներական գործիքներ պիտի բերեր Ղազարյան Աշոտը, տենց էլ չհասան տեղ․․․
–Անգամ բահ չունեի՞ք։
–Չէ․․․ Տենց լինում է․ անձնակազմին տանում, տեղավորում են, հետո բերում են․․․
–Համալրվածության մեջ փոքր բահեր չկայի՞ն։
–Հա, էդ կային, բայց 1-2-10 հատ, չեմ հիշում․․․ Էդ մինիմալ պայմանները ապահովված եղել են, կիսատ խրամատներ, փոքր բացած եղել են, էդ տեղանքը օգտագործվել է, քանի որ դա եղել է Բալուջայի զառվետկայի վարժանքների տեղը։
–Այսինքն՝ տվյալ պահին բավարար եք համարել։
–էն առումով, որ ասել եմ՝ հեսա մնացածը կբերեն,– ասաց ամբաստանյալը։
Ըստ Վահանյանի՝ ինքը պատսպարվելու հրաման է տվել
Պատասխանելով հանրային մեղադրողի մյուս հարցերին՝ Իշխան Վահանյանը պատմեց, որ հարձակման պահին ինքը զորքի մոտ է եղել, հրամանատարական կետ այդտեղ չի ունեցել։
Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը
Նրա խոսքով՝ իրենք անձամբ հակառակորդին չեն տեսել, վերջինս ներքեւից դեպի իրենց հրետակոծություն է սկսել․ «Ես միանգամից զեկուցել եմ զորամասի հրամանատարին, որ մենք ի վիճակի չենք պահելու, հրետակոծությունն էլ, բարձր տրամաչափի զենքերի կրակոցն էլ․․․ Արդեն առաջխաղացում ունեին մեր ուղղությամբ»,–նշեց նա։
Մեղադրողը հիշեցրեց ժամկետային զինծառայողների ցուցմունքները, ըստ որոնց՝ այդտեղ հրետակոծություն չի եղել, ուստի հնարավոր չէր բեկորային վիրավորումն այդտեղ ստանալ։
–Չե՞ն կարող տենց ասել,–հարցրեց Վահանյանը՝ ակնարկելով, որ գուցե նրանց էլ են ճնշել, որ իր դեմ խոսեն։
–Ժամկետային զինծառայողի շահագրգռվածությունը ո՞րն է նման ցուցմունք տալու կամ ասելու, որ տեսել են՝ անձամբ էիք քայլելով գնում դեպի մեքենան։
–Լավ, որ քայլելով գնում էի, հոսպիտալը ինչի՞ էր ինձ պահում,–հարցին հարցով պատասխանեց ամբաստանյալը։
Գեւորգ Ավետիսյանը առաջարկեց պատմել նաեւ, թե ինքը, որպես գումարտակի հրամանատար, այդ հրետակոծության ժամանակ մարտական ի՞նչ առաջադրանք է տվել անձնակազմին։
–Եթե հրետակոծություն է լինում, ըստ մարտակարգի՝ անձնակազմը պիտի գնա խրամախորշեր, եթե մենք չունենք մտնելու տեղ, բնականաբար, հետ ենք քաշվում։
–Այսինքն՝ խնդիր եք առաջադրել հետ քաշվելո՞ւ։
–Ինչ պետք է, ասել եմ․ երկու հատ շել է եղել, ես միանգամից ասել եմ՝ բաց տեղից գալիս ենք, հաստ ծառ է, գերան է, հենվում ենք․․․
–Դա նահանջի՞ հրաման է թե՞ վերադիրքավորման։
–Չէ, ավելի շատ պատսպարվելու, նույնիսկ ճամփան ես չգիտեի, որ ասեի նահանջ, էլ չէինք իմանում՝ մեր եկած ճամփով գնայինք, ոնց կգնայինք,– ասաց նա՝ հավելելով, որ զորքը ենթարկվում էր, բայց ինչ–որ պահից հրետակոծության պատճառով խառնաշփոթ սկսվեց, եւ բոլորը խառնվեցին իրար։
Վահանյանը պնդում է՝ մինչ հեռանալը պարտականությունները պատշաճ փոխանցել է
Իշխան Վահանյանի խոսքով՝ երբ զորամասի հրամանատարի հետ խոսել է, արդեն վիրավորում ստացած է եղել։ Վերջինս, ըստ նրա, ասել է՝ վիրավորներին հանիր, զորքին հավաք պահիր, մինչեւ ուղղություն ցույց կտանք։ Ի վերջո, ինքն էլ վիրավորներին տեղափոխող վերջին կամազով հեռացել է, իր խոսքով՝ Քարամյանի թույլտվությամբ։ Քարամյանը, սակայն, դատարանում հերքել էր դա։
Վահանյանն իր հերթին հերքեց Հայկազ Գրիգորյանի խոսքերը՝ պնդելով, որ մինչ հեռանալը իր պարտականությունները պատշաճ փոխանցել է նրան, տվել նաեւ «Այքոմ» տեսակի ռադիոկապը։ Ենթադրեց՝ հետագայում թիկունքային հատվածից հայտնաբերվել է իր մյուս՝ «Հայդարա» տեսակի ռադիոկապը։
Նա հակադարձեց նաեւ գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանին․ վերջինս դատարանում ասել էր, որ երբ Վահանյանին նշանակելիս են եղել այդ պաշտոնին, իր առաջին հարցը եղել է՝ դու պատրա՞ստ ես զորքի ղեկավարումը ստանձնել, ինչին նա դրական պատասխան է տվել։ Ըստ Վահանյանի, սակայն, իրենց մեջ նման առանձնազրույց չի եղել։
Զոհված զինծառայողների ծնողները
Տեւական հարցուպատասխանից հետո հանրային մեղադրողը թվարկեց Վահանյանի ցուցմունքից այն հանգամանքները, որոնք հերքվում են հարցաքննված շուրջ 4 տասնյակ վկաների ցուցմունքներով․
–Դուք ասում եք, որ աջ ազդրի վնասվածքը ստացել եք հոկտեմբերի 10-ին սարում տեղի ունեցած հրետակոծության ժամանակ, սակայն քրեական գործով հարցաքննված վկաները, որ տեսել են ձեր վնասվածքը, միաբերան պնդում են, որ դա ստացել եք սեպտեմբերի 29–ին հրամանատարական կետում։ Դուք նշում եք, որ աջ ազդրի վնասվածքը ավելի խորն է եղել, քան գոտկատեղի, սակայն ըստ փորձագետի եզրակացության՝ Դուք ստացել եք նույնանման վնասվածքներ, եւ մեկի դեպքում շարունակել եք Ձեր ծառայությունը, մյուսի դեպքում, ըստ Ձեզ, այդ հնարավորությունը չի եղել։ Դուք պնդում եք, որ Նյուզգարում տեղի ունեղածից հետո օգնություն եք ցուցաբերել բոլոր վիրավորներին, իսկ ում չեք ցուցաբերել, չեք տեսել, եւ հետո չեք վերադարձել այդ վայր, քանի որ ճանապարհը, ըստ Ձեզ, երթեւեկելի չի եղել, սակայն վկաները պնդում են, որ քաջատեղյակ եք եղել, որ մարտադաշտում մնացած վիրավորներ կան, եւ հնարավորություն եղել է վերադառնալու։ Դուք նշում եք, որ սարում պատշաճ ղեկավարում եք իրականացրել, մինչդեռ վկաների մեծ մասը ստեղծված իրավիճակը ներկայացնում է անկազմակերպ եւ առանց ղեկավարման թողնված, նշում, որ անգամ Վահանյանը չգիտեր՝ ինչ հրաման տալ։ Դուք նշում եք, որ կապի միջոցը եւ ղեկավարումը փոխանցել եք Հայկազ Գրիգորյանին, սակայն վերջինս, նաեւ մյուսները հերքում են դա՝ պնդելով, որ «Հայդարա» տեսակի միակ ռադիոկապը Դուք ձեզ հետ տարել եք։ Զորամասի հրամանատարը նույնպես նկարագրում է իրավիճակ, որ շարունակել է կապ պահել Ձեզ հետ եւ տեղյակ չի եղել, որ զորքը Ձեզ հետ չէ։ Նա նաեւ նշել է, որ չպետք է մեկնել Հադրութի ուղղությամբ, ինչի մասին Մուրադյանի հետ խոսելիս Դուք չեք զգուշացրել։ Սա եւս Դուք հերքում եք։ Պարտավոր լինելով նահանջը պատշաճ իրականացրել՝ առհասարակ չեք իրականացրել, եւ կածում եմ, որ ցուցմունքներով հիմնավորվեց սարում նահանջի ժամանակ անկազմակերպ վիճակը։ Վկաների մեծ մասը նշում է, որ ձեր վրա վնասվածք չի նկատել, իսկ ով նկատել է, ասում է, որ դրա պայմաններում նորմալ քայլում էիք, գործում անկաշկանդ, ուստի դրանով հնարավոր է եղել մնալ մաշտի դաշտում։ Դա նշեցին նաեւ դատաբժիշկները,– եզրափակեց Գեւորգ Ավետիսյանը։
Ամփոփելով՝ նա հարցրեց ամբաստանյալին՝ ինչպե՞ս կարող է պարզաբանել, որ ինքը ճիշտ է ասում, իսկ մյուսները ստում են․
–Ինչ կա, ես ճիշտ ասել եմ․ կա գործ, կա մեղադրյալ, նորմալ է, սենց կփակվի, կգնա, ես ամենասկզբից էլ չեմ խոսել, ոչ մի ծնողի հետ հանդիպում չի եղել, հիմա ով ում հետ է հանդիպել, ինչ է արել․․․ Վերջ, նորմալ է, սա չխոսկան է, իմ տեղը փափուկ է, դրա համար եկել, հասել ենք այստեղ․․․ Ինչ վերաբերում է վիրավորմանը, էդ բեկորը մինչեւ հիմա էլ մեջն է, ուղղակի մսի մեջ է, էլ չես կարող․․․ Իմ գնալը թողնել չի, հրամանով է, ի վիճակի չլինելով, սաղ էլ տեղյակ են եղել, ոչ մի խախտում ես թույլ չեմ տվել թե օրենքով, թե անօրեն,– պնդեց Իշխան Վահանյանը։
Հաջորդ դատական նիստին նրան հարցեր կհղեն տուժող կողմի ներկայացուցիչները։
Լուսանկարները՝ Ինֆոքոմի
Միլենա Խաչիկյան
comment.count (0)