Հայաստանում հոկտեմբերի 4-7-ը կանցկացվի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը
21:56 - 22 օգոստոսի, 2024

Հայաստանում հոկտեմբերի 4-7-ը կանցկացվի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) միջգերատեսչական  աշխատանքային հերթական հանդիպումը։

Հանդիպման ընթացքում WCIT 2024-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ներկայացրել է միջոցառման շրջանակում իրականացվող աշխատանքները։ 

Աշխատանքային խմբում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչները խոսել են իրենց վերապահված գործառույթների կատարման ընթացքի մասին, վերահաստատել պատրաստակամությունն՝ աջակցելու միջոցառման պատշաճ իրականացմանը:

Աշխատանքային խմբի անդամներն անդրադարձել են նաև առաջ եկած մարտահրավերներին, խնդիրներին, դրանց լուծման հնարավոր տարբերակներին։ Քննարկման արդյունքում հնարավոր է դարձել ներկայացված խնդիրների համար ընտրել լուծման արդյունավետ ձևաչափեր: Կարևորվել է միջոցառման պատշաճ նախապատրաստումը և աշխատանքների օպերատիվ կազմակերպումը։

2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի  4-7-ը՝ «Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո։

WCIT 2024-ը տեղի կունենա DIGITEC Հայաստան միջոցառման հետ սերտ փոխգործակցության շրջանակներում։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ ԲՏԱ նախարարության անմիջական համակարգմամբ: 

WCIT 2024/ DIGITEC-ը կմեկտեղի անվանի խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ, այլ միջոցառումներ։ 

Կոնգրեսի շնորհիվ Հայաստանում կհյուրընկալվեն Արհեստական բանականության  առաջատար մասնագետներ և խոսնակներ, որոնք կմասնակցեն նաև DIGITEC էքսպոյին, կծանոթանան կազմակերպություններին ու տեխնոլոգիական ներուժին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել