Քիմիկների գործով վկան պնդում է՝ իրեն ոչ ոք չի ասել, թե զորքին մինչեւ ուր պիտի ուղեկցի
13:42 - 27 օգոստոսի, 2024

Քիմիկների գործով վկան պնդում է՝ իրեն ոչ ոք չի ասել, թե զորքին մինչեւ ուր պիտի ուղեկցի

44-օրյա պատերազմի ժամանակ կամավորական Արման Նուրիջանյանի կարծիքով՝ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորախմբի օպերացիայի ձախողման պատճառը եղել է վերադաս հրամանատարության անկազմակերպվածությունը։ Այդ մասին նա երեկ հայտարարեց Հակակոռուպցիոն դատարանում։

Քիմիկների գործով Նուրիջանյանը առանցքային անձ է․ հենց նրան է վստահված եղել զորախմբի ուղեկցումը դեպի օպերացիայի տեղանք։ Ստացվել է այնպես, սակայն, որ սահմանված վայրում՝ Կիրի հանքում իջնելու փոխարեն զորախումբը խորացել է մինչեւ Զանգելան քաղաք, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը դեռ օրեր առաջ էր տեղադրել  իր դրոշը եւ տեսանյութը հրապարակել համացանցում։ Արդյունքում, զինծառայողները ընկել են շրջափակման մեջ․ նրանցից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։

Կատարվածի համար մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։

Արման Նուրիջանյանն ունի վկայի կարգավիճակ։

Դատարանն արգելեց նիստի տեսանկարահանումը՝ չպատճառաբանելով իր որոշումը

Նախքան վկայի հարցաքննությանն անցնելը հերթական անգամ թույլտվություն խնդրեցինք նիստի տեսա եւ լուսանկարահանման համար։ Մեղադրող կողմը առարկություն չուներ, պաշտպանական կողմը՝ եւս։ Միայն մեղադրյալ Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանը հայտարարություն արեց՝ ասելով, թե նախորդ նիստին իր վերաբերյալ սխալ տեղեկություն է հրապարակվել, խնդրեց դա շտկել եւ այլեւս չկրկնել․ «Եթե այդ պայմանով, ապա համաձայն ենք», - ասաց նա։

Մեր հարցը, թե ո՞ւմ կողմից է սխալ տեղեկություն հրապարակվել, մնաց անպատասխան։ Նիստից հետո պաշտպանի հետ առանձնազրույցում պարզ դարձավ, որ խոսքը մեկ այլ լրատվամիջոցի հրապարակած տեսանյութի մասին էր։

Այդ հարցին, սակայն, դատարանը չանդրադարձավ եւ որոշեց արգելել տեսանկարահանումը։ Նշենք, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ դռնբաց նիստի տեսաձայնագրումը թույլատրում է դատարանը` մեղադրյալների համաձայնությամբ: Անգամ համաձայնության դեպքում դատարանը կարող է արգելել տեսաձայնագրումը, եթե դա է պահանջում արդարադատության շահը։ Դատավոր Սարգիս Դադոյանը, սակայն, որեւէ կերպ չպատճառաբանեց իր այդ որոշումը․ «Լսեցիք պաշտպանի հայտարարությունը, դատարանը Ձեզ թույլատրում է առհասարակ այս նիստը լուսաբանել նկարահանման եւ ձայնագրառման միջոցով, տեսանկարահանել չի թույլատրվում եւ հարցաքննության ամբողջ ընթացքը եւս չի թույլատրվում ձայնագրել, որոշ հատվածներ կձայնագրեք»,- ասաց նա։

Նշենք, սակայն, որ ըստ Քր․դատ․օր․-ի՝ դռնբաց նիստին ներկա անձինք իրավունք ունեն կատարել ձայնագրում, հետեւաբար եթե նիստը դռնբաց է, ձայնագրման իրավունքը չի կարող սահմանափակվել։ Մեր ճշգրտող հարցին ի պատասխան՝ դատավորն ասաց․ «Ամբողջ նիստը կարող եք ձայնագրել, չեք կարող տեսանկարահանել»։

Այս գործով նիստերը նախկինում բազմիցս տեսանկարահանվել, անգամ ուղիղ հեռարձակվել են։

Ըստ վկայի՝ դեպքից 3 օր առաջ իմացել են, որ Զանգելանը գրավված է

40-ամյա Արման Նուրիջանյանը պատմեց, որ պատերազմի ժամանակ զինկոմիսարիատում չի հաշվառվել, ինքնակամ ներկայացել է գյուղապետարան, քանի որ գյուղական տարածքներում ինքնապաշտպանական ջոկատներ էին ստեղծվում․

– Զինվորական որեւէ կառույցից Ձեր նկատմամբ վերահսկողություն կա՞ր, սպաներ կայի՞ն,– հարցրեց հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը։

– Գյուղապետը միայն՝ Արթուր Մանուչարյանը, նա էր իմ անմիջական հրամանատարը,– պատասխանեց վկան։

– Նա զինվորական ի՞նչ պաշտոն էր զբաղեցնում։

–Չգիտեմ։

– Ինչի՞ց եք կարծել, որ նա է Ձեր հրամանատարը։

– Նրանից եմ զենք ստացել, նրա մոտ եմ կցված եղել, այդ ջոկատի բոլոր հարցերը նա էր լուծում։

Ձախցի՝ հանրային մեղադրողներ Դավիթ Նավասարդյանը, Արսեն Մարտիրոսյանը

Նուրիջանյանը պատմեց, որ նախքան դեպքի օրը ինքը Կապան–Զանգելան ավտոճանապարհին տեղակայված մարտական հենակետում է ծառայություն իրականացրել, նրա խոսքով՝ «պոստ պահել»։ Մեղադրողի հարցին՝ ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել ճանապարհը վերահսկելու, ի՞նչ վտանգ կար, վկան պատասխանեց․ «Ինքնապաշտպանության համար, որ Զանգելանի կողմից չգար թշնամին»։

– Այսինքն՝ երբ Դուք հերթապահել եք, արդեն իսկ տեղեկություններ կային, որ հակառակորդը Զանգելանո՞ւմ է,– ճշգրտեց մեղադրող Արշակ Մարտիրոսյանը։

– Ես մինչեւ գնալս իմացել եմ, որ Զանգելանը գրավված է (նկատի ունի դեպքից 3 օր առաջ,–հեղ․),– պատասխանեց վկան։

– Ո՞վ է հայտնել։

– Յութուբով եմ տեսել։

– Իսկ հրամանատարության հետ քննարկե՞լ եք դա։

– Բոլորս էլ գիտեինք։

– Կիրի հանքը Զանգելանից տարբե՞ր է։

– Այո։ Կապանից Կիրի հանք մոտ կես ժամվա ճանապարհ է, հանքից Զանգելան՝ 20 րոպեի։

– Այսինքն՝ Կիրի հանքով անցնելիս ակնհայտ կլինե՞ր, որ դա է հանքի տեղանքը։

– Իհարկե, նույնիսկ փոքր երեխայի համար։ Մինչեւ հանք հասնելը՝ մի 700 մետրի վրա, շիբինը թափած էր գետնին,– պատասխանեց վկան։

Նուրիջանյանի խոսքով՝ իրեն չի ասվել, թե մինչեւ ուր պիտի զորքին տանի

Արման Նուրիջանյանի խոսքով՝ իրենց ջոկատում եղել է 20-ից ավելի անձ։ Դեպքին նախորդող երեկոյան գյուղապետը՝ Արման Մանուչարյանը, եկել, հարցրել է, թե ով գիտի դեպի Զանգելան տանող ճանապարհը, ինքն ասել է, որ գիտի (մինչ այդ բազմիցս երթեւեկել է, քանի որ առաքիչ է աշխատել), եւ այդպես որոշվել է, որ ինքը պիտի զորքին ուղեկցի։

–Կասե՞ք՝ բառացի ինչ է ասել գյուղապետը,– հարցրեց մեղադրողը։

– Ասել է՝ զորք է գալու, իրենք գիտեն՝ ուր պիտի գնան, որտեղ պիտի կանգնեն, ընդամենը պետք է ուղեկցող, ճանապարհը ցույց տվող։

– Ո՞ր ճանապարհը։

– Դեպի Զանգելան․․․ Ասել է՝ իրենց կթողնես, դու կգաս։

Ջոկատի մյուս անդամները գիտեին այդ ճանապարհը թե չէ՝ Նուրիջանյանը տեղյակ չէր, ենթադրում էր, որ ինքն է հարմար թեկնածու եղել, քանի որ անձնական մեքենա է ունեցել (գյուղապետի մեքենան սարքին չի եղել)։ Պատասխանելով ուղեկցումից հրաժարվողների վերաբերյալ հարցին՝ վկան ասաց, որ գյուղապետից լսել է, որ Վարդան Ալեքսանյանն է հրաժարվել։ Հիշեցնենք՝  վերջինս այն գնդապետն է, որին ԳՇ պետի՝ այդ ժամանակվա տեղակալ Անդրանիկ Մակարյանը հանձնարարել էր կազմակերպել Քիմիկների զորախմբի ուղեկցումը։ Նախորդ դատական նիստին նա էլ իր հերթին էր հայտարարել, թե ուղեկցողի խնդիր կար, մարդիկ հրաժարվում էին։ 

Նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը

– Վարդան Ալեքսանյանը եւ Համբարձում Փարամազյանը (մյուս ուղեկցողն է,–հեղ․) դատարանում ասել են, որ Դուք ներկա եք եղել, երբ երեկոյան տեղանքի շուրջ խոսակցություն է եղել։ Նրանք հիշում են Ձեզ,– ընդգծեց մեղադրող Նավասարդյանը։

– Ես իրենց չեմ տեսել,– պնդեց վկա Նուրիջանյանը։

– Ինչպե՞ս կբացատրեք, ինչո՞ւ են նման ցուցմունք տվել։

– Արդարանում են երեւի։

– Ինչի՞ց։

– Մեղադրանքից պրծնելու համար․․․ Չգիտեմ․․․ Ես չկամ տենց բաների մեջ․․․ Ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել, իրենց չեմ հիշում։ 

Ըստ Նուրիջանյանի՝ լուսադեմին արթնացել է, գյուղապետի մեքենայից լիցքավորել իր «Միցուբիշի» մակնիշի մեքենան եւ ճանապարհ ընկել։ Առջեւից գնացել է ինքը, ապա՝ զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը վիլիսով, որից հետո՝ զինծառայողների 3 ավտոբուսները։ Իր կողքին նստել է Փնջոյան ազգանունով մի սպա, որն էլ, ըստ վկայի, ասել է, թե Զանգելան են գնում, ոչ թե Կիրի հանք․ «Փնջոյանին հարցրի՝ ո՞ւր ենք գնում, ասաց՝ Զանգելան, ասացի՝ բա Զանգելանը գրավել են, ասաց՝ գիշերը մերոնք երկու կողմերից մտել են, մենք էլ մեջտեղով գնում ենք, սանրելով դուրս գանք․․․  Նույնիսկ հանքով անցնելիս ինձ հարց տվեց՝ սա հա՞նքն է, ասացի՝ այո, բայց էդտեղ էլ ոչ մի բան չխոսեց, ոչինչ չզեկուցեց»,– նշեց վկան՝ հավելելով, որ ինքն էլ այլ հարցեր չի տվել՝ ակնկալելով, որ երբ հասնեն սահմանված վայրը, իրեն կասեն մեքենան կանգնեցնել։ Դա, սակայն, այդպես էլ տեղի չի ունեցել։ 

– Փնջոյանը քեզ խաբե՞լ է,– հարցրեց տուժողի իրավահաջորդ Ռուդիկ Ալեքսանյանը (նրա հարցաքննությունը՝ այստեղ

– Դե, փաստորեն,– ասաց վկան՝ հետագայում հավելելով, որ վերջում իր մոտ տպավորություն է եղել, թե նա էլ չի իմացել։

– Վարդան Ալեքսանյանը ասում էր՝ քեզ ասել է, որ մինչեւ հանք պիտի գնաս։

– Սուտ է ասում, ինձ նման բան չի ասել,–պնդեց վկան։

Ըստ նրա՝ նույնիսկ ոստիկանական հենակետում են կանգել, ճանապարհից իրենց մեքենան նստած ոստիկանին այնտեղ իջեցրել, սակայն դարձյալ ոչ ոք չի հուշել, որ դա է հենց այն վայրը, որտեղ պիտի կայանեին։ Ուշագրավ է, որ նախորդ նիստին վկա Վարդան Ալեքսանյանը ասել էր, թե դեպքի նախորդ օրը այցելել է ոստիկանական այդ հենակետ՝ ոստիկաններին տեղյակ պահելու, որ հաջորդ օրը զորք է գալու այդտեղ՝ օպերացիայի։

Արման Նուրիջանյանի պնդմամբ՝ կրակելու հրաման այդպես էլ չի տրվել

Վկա Արման Նուրիջանյանը պատմեց, որ երբ Զանգելանին 200 մետր էր մնացել, եւ դպրոցի տանիքը (որտեղ էլ, ըստ յութուբում հրապարակված տեսանյութի, տեղադրվել էր ադրբեջանական դրոշը) արդեն տեսանելի էր, ինքնակամ կանգնեցրել է մեքենան․ «Հարցրել եմ՝ կոնկրետ որտե՞ղ ենք գնում, կոնկրետ տեղ ասեք, տանեմ, ուզում էի հասկանալ՝ կարճ ճանապարհով գնամ թե երկարով, Փնջոյանն ասել է՝ մի րոպե սպասիր»։

Տուժողի իրավահաջորդ Հայկ Եղիազարյանը հարցրեց՝ երբ վկան նկատել է տանիքը, Փնջոյանը չի՞ ասել՝ կանգնի–կանգնի։ Վկան բացասական պատասխան տվեց, ինչը վրդովեցրեց Եղիազարյանին․

Հայկ Եղիազարյանը

- Ասում եմ այն, ինչ դու ասել ես 2020 թ․ դեկտեմբերին։ Որ ձայնագրությունը տամ, լսես, ի՞նչ ես անելու,- բղավեց նա։ 

- Եթե նման բան եմ ասել, ներողություն կխնդրեմ։

Ավելի ուշ վկան պատմեց, որ Փնջոյանը իջել է, մոտեցել Աբգարյանի վիլիսին, հարցրել՝ ո՞ւր ենք գնում, արդեն տանիքն երեւում է, Աբգարյանն էլ ասել է՝ գի՞ժ եք, էս ո՞ւր եք եկել․ «Աբգարյանն ասաց՝ շատ եք եկել, պտտվեք, հետ ենք գնում, ես պտտվեցի, էլի կանգնեցի․․․ Այդ ընթացքում, երբ կանգնած էինք, զորքի մի մասը ավտոբուսներից իջավ, 2 զինվոր նկատեց, որ դիմացի թմբի վրա 2 հոգի երեւում են, տղերքից մեկն ասաց՝ կարողա՞ զասադ է, ու այդ ժամանակ սկսեցին գնդացիրի լուսային փամփուշտներվ մեզ վրա կրակել, Աբգարյանն ասաց՝ եկեք թմբի տակ․․․ Ես դեռ չէի հասկացել՝ ինչ է կատարվում, թիկունքը պետը իմ աչքի առաջ զոհվեց․․․ Հրաձիգով սկսեցի կրակել գնդացիրի վրա, նա լռեց, հետո սկսեցին սնարյադով կրակել․․․ Բոլորը խուճապահար փախչում էին, Աբգարյանը ասաց՝ բոլորդ եկեք թմբի տակ, ինքն էլ մտավ թմբի տակ, բայց արդեն սաղ ցրվել էին, որովհետեւ ավտոբուսների վրա ԷԼ էին կրակում»։

– Զինծառայողները պատասխանո՞ւմ էին այդ կրակոցներին։

– Ոչ ոք չի կրակել ինձնից բացի։

–  Ինչո՞ւ։

– Չգիտեմ, չեմ կարող ասել։

– Գուցե Դուք նշա՞ն եք տվել հակառակորդին, որ զորքին հասցրել եք այդտեղ, ու փախել եք,– վրդովվեց տուժողի իրավահաջորդներից Սեդա Հովհաննիսյանը։

– Իրենք ինձնից շուտ զորքին տեսել էին։

– Բա ինչի՞ չէին խփում։

– Չգիտեմ, բայց մենք այնքան բաց տարածքով ենք անցել, կարող էին նույնիսկ չթողնել, որ հասնենք այդտեղ, ուղղակի երեւի չեն պատկերացրել, որ ավտոբուսներից կիջեն։

– Բա ո՞վ հրաման տվեց, որ իջնեն։

– Ի՞նձ եք հարցնում, ես ընդամենը ուղեկցող եմ։

– Ե՞րբ սկսեցիք կրակել։

– Երբ դիմացս մարդ զոհվեց, այդ ժամանակ հասկացա, որ թուրքն է։

– Իսկ կրակոց տալու հրաման չեղա՞վ։

– Չգիտեմ, չեմ լսել տենց հրաման, ես ինքնակամ եմ կրակել․․․ Հետո վարորդներից մեկը ուսից բեկորային վիրավորում ստացավ, ինձ խնդրեց մեքենան հանեմ, որ դուրս գա, ասաց՝ չեմ կարողանում, չեմ դիմանում, ես էլ քշել եմ, դուրս եկել։

– Առաջինը Դո՞ւք եք դուրս եկել։

– Այո, ես ու երկու ավտոբուսի վարորդները։

– Բա ինչո՞ւ զինծառայող չվերցրիք Ձեզ հետ։

– Ես չէի պատկերացնում, որ պիտի քշեի, գնայի․․․ Մտածեցի՝ զորքը կլցվի ավտոբուսները։

– Որեւէ մեկը բարձրաձայնե՞ց՝ մոտեցեք ավտոբուսներին։

– Ոչ, ես չեմ լսել նման բան։

– Դրանից առաջ Աբգարյանը ասել էր՝ հետ ենք գնում, չէ՞։ Այսինքն՝ Դուք պետք է անձնակազմին հետ տեղափոխեինք։ Ինչո՞ւ եք նրանց թողել եւ դուրս եկել,- հարցրեց մեղադրող դատախազ Դավիթ Նավասարդյանը։

– Որտե՞ղ եմ թողել․․․Մարտ են վարում, կրակում են, փամփուշտներս վերջացել էին, պետք է մնայի այնտեղ, ի՞նչ անեի, զոհվեի՞,- պատասխանեց վկան։

Վկայի տեղեկություններով՝ օգնության մեկնած զորքը, տեղ չհասնելով, հետ է եկել

Արման Նուրիջանյանը պատմեց, որ վերադարձել է զորամաս, իր հրամանատար Մանուչարյանին պատմել կատարվածի մասին․ «Ասել եմ՝ էս ո՞ւր եք ինձ ուղարկել, ինքն էլ ասել է՝ ես էլ տեղյակ չեմ եղել։ Զարմացած էր, որ ընկել ենք շրջափակման մեջ, որ մեր գնացած տեղում թուրք է եղել»։

Վկայի տեղեկություններով՝ իր գալուց հետո ավտոբուսներ են մեկնել՝ շրջափակման մեջ մնացած զորքին օգնության, սակայն մինչեւ վերջ չգնալով՝ հետ են եկել։

Վկա Արման Նուրիջանյանը

– Երբ փրկվեցիք, որեւէ մեկին հարցեր ուղղեցի՞ք։ Ի վերջո, Դուք պետք է ուղեկցում իրականացնեիք, Ձեր կողքին նստել էր շարասյան զինվորական, Ձեր ցուցմունքում նշել եք, որ ճանապարհի ընթացքում շարժը ոչ մեկը չի համակարգել, եւ ամենասարսափելին՝ որեւէ մեկը չի իմացել ուր գնալ, որտեղ կանգնել,- ասաց մեղադրող Արշակ Մարտիրոսյանը։

– Իմ հրամանատարին եմ հարցրել։

– Լա՞վ եք հիշում, Կապանի զորամասում որեւէ մեկին հանդիպե՞լ եք։

– Հիշեցի՝ ինչ նկատի ունեք,- կարճատեւ լռությունից հետո ասաց վկան։

– Կհիշես–կհիշես, շատ բան կհիշես,– լսվեց Հայկ Եղիազարյանի ձայնը։

Նիստերի դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց։

Ավելի ուշ վկան պատմեց, որ դեպքից 2-3 օր անց կատարվածի համար զորամասում իրեն են մեղադրել, դավաճան անվանել․ «Մի տարեց մարդ էր, ասաց՝ դու էն դավաճանը չե՞ս, որ մեզ տարավ Զանգելան, բա ասում էին՝  ԱԱԾ–ն քեզ խփել է, գնացինք հրամանատարի մոտ, ասացի՝ ի՞նչ դավաճան, էդ ի՞նձ եք ասում, ասաց՝ մի քիչ կամաց խոսիր, պատուհանները փակեք․․․ Ես նույնիսկ տունս ցույց տվի, հասցեն ասացի, ասացի՝ թե հարց լինի, ես այ էն տանն են, տեղ չունեմ փախչելու․․․ Էդտեղ հասկացան, որ ես կապ չունեմ․․․  Բախտս բերել է, սաղ եմ մնացել, նույն հաջողությամբ կարող էի ես էլ զոհվել։ Էդ ժամանակ իրենց ձեռք կտար երեւի»,– նեղսրտած ասաց Արման Նուրիջանյանը։

Վկայի հարցաքննությունը կշարունակվի սեպտեմբերի 3-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել