ԲԴԽ-ն որոշել է գրավոր քննել Դավիթ Հարությունյանի՝ գործի վերանայման միջնորդությունը
13:28 - 04 սեպտեմբերի, 2024

ԲԴԽ-ն որոշել է գրավոր քննել Դավիթ Հարությունյանի՝ գործի վերանայման միջնորդությունը

Դավիթ Հարությունյանի միջնորդությամբ ներկայացված հարցը նիստում քննարկելու անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված՝ Խորհուրդը որոշել է այն քննության առնել գրավոր ընթացակարգով: Այս մասին հայտնել է ԲԴԽ խոսնակը։  

«Հարգելի գործընկեր, ի պատասխան Դավիթ Հարությունյանի կողմից` իր լիազորությունների դադարեցման հարցի վերանայման խնդրանքով ԲԴԽ ներկայացված միջնորդության քննության վերաբերյալ մի քանի լրագրողների հարցադրումների` տեղեկացնում եմ, որ Բարձրագույն դատական խորհրդից հայտնել են, որ նշված հարցը ընդգրկվել էր 2024 թվականի սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում:

Նիստի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը պնդել է 2024 թվականի օգոստոսի 27-ին ներկայացված ինքնաբացարկի իր միջնորդությունը, որը Խորհրդի անդամների կողմից քննարկման արդյունքում բավարարվել է:

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կողմից հայտնված տեղեկության համաձայն` նա իր ինքնաբացարկը հիմնավորել է այն հանգամանքով, որ Դավիթ Հարությունյանի դատավորի լիազորությունները դադարեցնելուց հետո նա այս գործի մասին որպես Խորհրդի նախագահ ներկայացրել էր մեկնաբանություններ և պարզաբանումներ, այդ թվում` Ազգային ժողովի ամբիոնից, երբ ՔՊ խմբակցության երկու պատգամավորներ մտահոգվել էին Դավիթ Հարությունյանի համար: Խորհրդի անդամների կողմից քննարկման արդյունքում բավարարվել է իր ինքնաբացարկի միջնորդությունը և նա չի մասնակցի այս գործի վերանայման գործընթացին:

Նիստը նախագահողի պարտականությունները ստանձնել է Խորհրդի տարիքով անդամ՝ Արմեն Դանիելյանը, իսկ վերանայման գործընթացը կիրականացվի Խորհրդի անդամներ Արթուր Աթաբեկյանի, Հայկ Գրիգորյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Էդգար Հովհաննիսյանի և Քրիստինե Մկոյանի մասնակցությամբ:

Միջնորդությամբ ներկայացված հարցը նիստում քննարկելու անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված՝ Խորհուրդը որոշել է այն քննության առնել գրավոր ընթացակարգով՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը՝ 16:30-ին:

Նշված օրը տեղի կունենա ԲԴԽ նիստը, որտեղ գրավոր ընթացակարգով, այսինքն, առանց կողմերի մասնակցությամբ, ԲԴԽ զեկուցող անդամը կներկայացնի գործի մանրամասները և զեկույցի ներկայացման արդյունքում ի հայտ եկած հարցադրումները գրավոր կուղղվեն Դավիթ Հարությունյանին»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել