Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն արտաքին գործերի նախարարությունում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վարչության պատվիրակության հետ միջգերատեսչական քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները:
Հանդիպմանը բարձր է գնահատվել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը և դրա կարևոր բաղադրիչ հանդիսացող ՄԻԵԴ-ի առանձնահատուկ դերը՝ Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության շարունակական ամրապնդման գործում:
Ընդգծվել է ՄԻԵԴ-ի վճռիների կատարման կարևորությունը ինչպես անհատական իրավունքների պաշտպանության, այնպես էլ պետական մակարդակով ձեռնարկվող համակարգային բարեփոխումների ու հմտությունների զարգացման առումով, որոնք ՀՀ իրավասու կառույցները Եվրոպայի խորհրդի փորձագիտական օժանդակությամբ իրականացնում են ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի շրջանակում:
Կողմերն արձանագրել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ-ի վճիռների կատարման բարձր ցուցանիշները՝ վերահաստատելով ՄԻԵԴ-ի վճիռների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորված սերտ համագործակցությունը շարունակելու փոխադարձ հանձնառությունը:
comment.count (0)