armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենն, իրեն մեղավոր է ճանաչել դաշնային հարկերը չվճարելու համար։ Այս անակնկալ քայլի շնորհիվ նա կխուսափի դատավարությունից՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից շաբաթներ առաջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հանթեր Բայդենը պետք է կանգներ Լոս Անջելեսի դաշնային դատարանի առջև 1,4 միլիոն դոլարի հարկերը չվճարելու քրեական մեղադրանքով։ Փոխարենը, նա իրեն մեղավոր է ճանաչել բոլոր ինը մեղադրական հոդվածներով, որ իրեն ներկայացվել են:
Դատավորը Բայդենին ասել է, որ նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում և մինչև 450 000 դոլար տուգանքի վճարում։ Նրա դատավճիռը կհայտնեն դեկտեմբերի 16-ին։
Սովորաբար մեղադրյալները, որոնք իրենց մեղավոր են ճանաչում, նախապես համաձայնության են հասնում դատախազների հետ՝ դատավարությունից խուսափելու դիմաց ստանալով ավելի մեղմ դատավճիռ։ Սակայն Հանթեր Բայդենի դեպքում նման բան չի եղել։ Նա իրեն մեղավոր է ճանաչել՝ առանց դատախազների հետ նախապես համաձայնություն ձեռք բերելու։
Դատական լսումներից հետո արված հայտարարության մեջ Հանթեր Բայդենն ասել է, որ իրեն մեղավոր է ճանաչել, որպեսզի իր ընտանիքը ստիպված չլինի ներկա գտնվել մի քանի շաբաթ տևող դատական լսումներին, որոնց ընթացքում վատ մանրամասներ կհրապարակվեին իր կյանքի այն փուլի մասին, երբ նա տառապում էր թմրանյութերից կախվածությունից։ Նա նաև հայտնել է, որ վճարել է բոլոր չվճարված հարկերը։
Հանթեր Բայդենը, որը բացահայտորեն խոսում է թմրամոլության և ալկոհոլային կախվածության դեմ իր պայքարի մասին, մեղադրվում է այն բանում, որ 2016-ից 2019 թվականներին չի վճարել հարկերը, սակայն միևնույն ժամանակ հսկայական գումար է ծախսել «թմրանյութերի, մարմնավաճառուհիների և ընկերուհիների, շքեղ հյուրանոցների և անշարժ գույքի վարձակալության, էկզոտիկ մեքենաների, հագուստի և անձնական բնույթի այլ իրերի վրա»։
Մեկ այլ գործի շրջանակներում Հանթեր Բայդենը բողոքարկել է դատարանի որոշումը, որով իրեն մեղավոր են ճանաչել թմրանյութերի ազդեցության տակ գտնվելիս անօրինական կերպով զենք ձեռք բերելու մեջ։
Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը բացառել է իր որդուն համաներում շնորհելու հնարավորությունը։
comment.count (0)