Հանրային (պետական) գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է դիտարկումներ իրականացնել՝ ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններից:
«Ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 142-Լ հրամանով հաստատված՝ Ծառայության գնումների գործընթացների ռիսկերի գնահատման չափորոշիչների, ինչպես նաև վերահսկողության ընթացքում կիրառվող առաջնահերթությունների որոշման կարգի կիրառմամբ՝ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ծառայությունը դիտարկել է 5678 գնման ընթացակարգեր, որոնցից 1703-ի (առաջնային ռիսկեր պարունակող ընթացակարգերի 30%-ը) նկատմամբ իրականացվել է երկրորդային ռիսկերի գնահատում։ Արդյունքում՝ լրացուցիչ (հավելյալ) վերահսկողության իրականացման նպատակով առավել ռիսկային են գնահատվել 171 ընթացակարգեր (երկրորդային ռիսկեր պարունակող ընթացակարգերի 10%-ը): Նշված ընթացակարգերի նկատմամբ լրացուցիչ (հավելյալ) հսկողություն իրականացնելու վերաբերյալ պաշտոնական գրություններ են հասցեագրվել պատվիրատու հանդիսացող պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների և որոշ ՏԻՄ-երի։
Իրականացվող դիտարկումների արդյունքում 104 դեպքով արձանագրվել է գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի խտրականություն և պատվիրատուներին առաջարկվել է իրականացնել համապատասխան փոփոխություններ:
70 գնման ընթացակարգերում հայտնաբերվել են հանրային գնումներին մասնակցության իրավունք չունեցող և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց մասնակցության դեպքեր, որոնց շրջանակում 117 կնքված պայմանագրերի վերաբերյալ 82 դեպքով պատվիրատուներին առաջարկվել է գնման գործընթացները համապատասխանեցնել գործող օրենսդրության պահանջներին:
Գնումների գործընթացներում ներկայացված ոչ հավաստի տեղեկատվության և դրա արդյունքում պայմանագրերի կնքմամբ այլ տնտեսվարողների օրինական իրավունքների խախտման, պայմանագրերի ոչ պատշաճ կատարման հիմքերով թվով 21 տնտեսվարողի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: Հաշվետու ժամանակամիջոցում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 2.1 մլրդ ՀՀ դրամ:
Դիտարկմամբ՝ 14 դեպքով արձանագրվել են պատվիրատուների կողմից գնման ընթացակարգերի փաստաթղթերի ոչ պատշաճ հրապարակման դեպքեր, որոնց ուղղությամբ 12 դեպքով առաջարկվել է պատասխանատու աշխատակիցների նկատմամբ կիրառել կարգապահական պատասխանատվության միջոց:
Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից իրականացված գնման պայմանագրերի կատարման օրինականության և արդյունավետության գնահատման նպատակով՝ հաշվետու կիսամյակի ընթացքում իրականացվել և ամփոփվել են ևս 13 մշտադիտարկումներ, որոնց արդյունքներով վերհանված առերևույթ խախտումների փաստերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում վերլուծության են ենթարկվել հանրային գնումների գործընթացներին վերաբերող՝ Ծառայությանը հասցեագրված երեք տասնյակից ավելի հանրագրեր: Բոլոր հանրագրերին տրվել են պատշաճ և սպառիչ պատասխաններ:
Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից ՀՀ վարչապետի հանձնարարությամբ գնումների ոլորտը կարգավորող լիազոր մարմին են ներկայացվել 8 օրենսդրական կարգավորումների փոփոխության առաջարկներ, որոնք բխել են ընթացիկ վերահսկողական գործընթացների արդյունքներից:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)