civilnet.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում։
Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ Սահմանադրության մասին Ադրբեջանի դիրքորոշմանը՝ նշելով, որ հարցը պետք է դիտարկել երկու տեսանկյունից. «Արդյոք Ադրբեջանը ցանկանո՞ւմ է, որ ՀՀ Սահմանադրության մեջ լինի տարածքային պահանջ իր նկատմամբ, թե՞ անկեղծ մտահոգություններ ունի այդ հարցի շուրջ»։ Վարչապետը կենտրոնացավ երկրորդ հարցի վրա՝ առաջինը որակելով որպես «ուրիշ դեպք»։
«Պետք է հաշվի առնել, որ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։ Ենթադրենք՝ մենք ստորագրում ենք խաղաղության պայմանագիր, որտեղ նշված է, որ Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի։ Այդ հարցը ներկայացվում է Սահմանադրական դատարան։ Եթե ՍԴ-ն որոշում է, որ այս դրույթը մեր Սահմանադրությանը չի համապատասխանում, ապա արձանագրվում է, որ մենք ունենք տարածքային պահանջներ Ադրբեջանից, և մենք պետք է դիրքորոշվենք այս իրավիճակի նկատմամբ։ Հակառակ դեպքում, եթե ՍԴ-ն հաստատում է, որ խաղաղության պայմանագիրը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա այն փաստը, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, ստանում է իրավական ուժ»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից ու վավերացումից հետո Ադրբեջանի մտահոգություններն ամբողջությամբ վերանում են, միաժամանակ լուծվում են Հայաստանի մտահոգությունները։
Փաշինյանը նշեց, որ թեև Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ՝ կառավարությունն այդ հարցը չի բարձրաձայնում. «Մենք այդ մասին չենք խոսում, քանի որ այն գործընթացը, որը տեղի է ունենալու Հայաստանում (նկատի ունի խաղաղության պայմանագրի վավերացումը ՍԴ-ում – խմբ.), հայելային կերպով տեղի է ունենալու նաև իրենց մոտ, և այդ հարցը լուծվելու է»,- ասաց նա։
comment.count (0)