Հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակային իրավունքի ձեռքբերման, նշանակման ու վճարման գործընթացի վերաբերյալ
09:54 - 12 սեպտեմբերի, 2024

Հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակային իրավունքի ձեռքբերման, նշանակման ու վճարման գործընթացի վերաբերյալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակային իրավունքի ձեռքբերման, նշանակման ու վճարման գործընթացի վերաբերյալ։ Նախարարությունը մանրամասներ է ներկայացրել, թե ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք։
 
 Հարց 1: Եթե ԼՂ-ում ստացել եմ կենսաթոշակ, ապա ՀՀ-ում անհրաժեշտություն կա արդյոք կրկին դիմել կենսաթոշակի նշանակման համար:
 
Պատասխան: Եթե Լեռնային Ղարաբաղում ստացել եք կենսաթոշակ, ապա ՀՀ-ում Ձեզ կենսաթոշակ կնշանակվի և կվճարվի գործող օրենսդրությանը համապատասխան՝ ներկայացված դիմումի համաձայն։ Ըստ այդմ, տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, աշխատանքային ստաժի տևողությունը) նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։
 
Հարց 2: ԼՂ-ից բռնի տեղահանված անձ եմ, ՀՀ-ում կենսաթոշակի որ տեսակների համար կարող եմ դիմել:
 
Պատասխան: ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառում ունենալու դեպքում կարող են դիմել հետևյալ կենսաթոշակների նշանակման համար`
 
• աշխատանքային (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի),
 
• զինվորական (երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում):
 
Եթե վերջիններս ԼՂ-ում ստացել են ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ, ապա վերոնշյալ կենսաթոշակների փոխարեն՝ նրանց ՀՀ-ում նշանակվում է համապատասխանաբար՝ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ։
 
Եթե անձը ԼՂ-ում կենսաթոշակ է ստացել պետական պաշտոններ զբաղեցնելու հիմքով, ապա Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացված դիմումի հիման վրա նրան նշանակվում է աշխատանքային կենսաթոշակ կամ համապատասխան մարմնի (օրինակ՝ Պաշտպանության նախարարություն) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմելու դեպքում՝ զինվորական կենսաթոշակ։
 
Հարց 3: ՀՀ-ում կենսաթոշակ ստանալու համար արդյոք պարտադիր է ունենալ ՀՀ քաղաքացիություն:
 
Պատասխան: ՀՀ-ում կենսաթոշակ ստանալու իրավունք տվող հիմնական պայմաններից մեկը ՀՀ-ի բնակության վայրի հասցով հաշվառում ունենալն է, այդ թվում՝ ոչ քաղաքացիների համար։

Ամբողջականը՝ այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել