Տեղի է ունեցել «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն EU4SEVAN ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը
17:34 - 19 սեպտեմբերի, 2024

Տեղի է ունեցել «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն EU4SEVAN ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը

Սեպտեմբերի 18-ին կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը, որին քննարկվեց ծրագրի իրականացման առաջընթացն ու ռազմավարական խնդիրները: Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:

Համակարգող խորհրդի նիստին ներկա են եղելՇրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՀՀ-ում ԵՄ Միջազգային համագործակցության պատասխանատու Զուզանա Սորոցինովան, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության Տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը, GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Ալեքսանդր Առաքելյանն (GIZ) ու EU4Sevan ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը:

Նիստին համակարգող խորհրդի կողմից ներկայացվել են առաջարկներ իրականացվելիք հետագա աշխատանքների ուղղությամբ, ինչպես նաև քննարկվել նախորդ երեք տարիներին կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները:

Նիստը մեկնարկել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի` որպես ծրագրի համակարգող խորհրդի համանախագահի ողջույնի խոսքով։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և անդրադարձել ծրագրի ընթացքին և առկա մարտահրավերներին։

Նախարարի տեղակալն իր խոսքում ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական տվյալներ և նշել, որ Սևանա լճի մակարդակը սույն թվականի օգոստոսի 14-ին կազմել է է 1900․66մ, ինչը 21 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900․45մ-ից և որ հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Սևանա լճի մակարդակի իջեցման վերջին 15 տարիների ամենափոքր արժեքը դիտվել է 2024 թվականին։

Նախարարի տեղակալն այս արդյունքները բացի «բնության պարգև» լինելուց նաև լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված աշխատանքների արդյունք է որակել։

Ողջույնի խոսքով ներկաներին դիմել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության Տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը՝ ընդգծելով ծրագրի ուշագրավ հաջողությունները և համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ Սևանի խնդիրը չի սահմանափակվում ջրի պահպանությամբ, այլ տարածվում է նաև կենսաբազմազանության, հողօգտագործման և մի շարք այլ ոլորտների վրա։ Վերջում նա հույս է հայտնել, որ ծրագիրը հաջողությամբ կհաղթահարի բոլոր մարտահրավերները և կհասնի էլ ավելի մեծ հաջողությունների մոտենալով իր ավարտին:

GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը նշել է. «Հաշվի առնելով որ նախագիծը թևակոխում է իր վերջնական փուլը, ավելի քան երբևէ կարևոր է վեր հանել և լուծել ծրագրի ռազմավարական մարտահրավերները, ներառյալ այն, որոնք վերաբերվում են ծրագրի ձեռքբերումների կայունության ապահովմանը: Կարծում եմ՝ բոլորս պատրաստ ենք, և մեր համատեղ ջանքերով հաջողությամբ կհաղթահարենք այդ մարտահրավերները»:

«Մոտենալով EU4Sevan ծրագրի ավարտական փուլին, ես հպարտ եմ անդրադառնալու այն զգալի առաջընթացին, որը մենք ձեռք ենք բերել միասին: Այս հաջողությունը վկայում է մեր գործընկերների հետ ամուր համագործակցության և բոլոր ներգրավվածների նվիրվածության և ջանքերի մասին», - հավելել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին:

EU4Sevan ծրագրի ղեկավար Ալեքսանդր Առաքելյանն ու ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը հանդիպմանը ներկայացրել են ծրագրի ձեռքբերումներն ու առկա խոչընդոտները, որին հաջորդել է քննարկումը:

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի համակարգող խորհրդի նիստին ընդգծվել է նաև ծրագրի հետագա աշխատանքի կառավարման և կազմակերպման հայեցակարգը, իրականացվող գործողությունների իրականացման ապահովության մեխանիզմներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել