«Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանից փորձում էինք հասկանալ, թե ինչ թուղթ է դրված սեղանին, որն ուզում է ստորագրել այն Փաշինյանը, ով երդվում էր, որ ժողովրդի թիկունքում որևէ բան չի անելու։ Ու ինքը դա հիմնավորում է կոռեկտությամբ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ «մարդ ուզում է կոռեկտ լինել Ալիևի նկատմամբ, բայց կոռեկտ չէ սեփական ժողովրդի նկատմամբ»։ «Միգուցե սեփական ժողովուրդը չի ուզում այդ փաստաթուղթը։ Ակնհայտ է, որ այս իշխանությունները շարունակում են իրենց՝ ինչ ուզում ենք, դա էլ բանակցում ենք քաղաքականությունը։ Թղթի կտոր, վրան գրված խաղաղություն, իսկ ինչ է մեջը, չեն ասում, գաղտնի են պահում սեփական ժողովրդից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Ա.Խաչատրյանը նշեց, որ «Հայաստանի իշխանությունները խոնարհ հարսի պես Ալիևի բոլոր նվաստացումներին դիմանում են», բանակցային գործընթաց չկա, կա Ադրբեջանի կողմից պահանջ, հրահանգ և այս իշխանությունները մաս-մաս ընդունում են, գալիս են ժողովրդին բացատրում, թե իրենց լավ շահերից է բխում։ Հարցին՝ արդյո՞ք անհանգստություն ունեն, որ Բաքուն ռևանշիզմի բացառում և ադրբեջանցիների վերաբնակեցում հարցերը, որոնց մասին պարբերաբար բարձրաձայնում է Ադրբեջանը, դարձրել է խաղաղության պայմանագրում ձևակերպված պահանջ, Ա.Խաչատրյանն ասաց. «Ադրբեջանը ծանր պահանջներ է դրել ու դրանք կարող են վերաբերել նաև ռևանշիզիմին։ Օրինակ, Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը Երևանի կենտրոնում ռևանշիզմ դրսևորում է։ Բացարձակապես չեմ բացառում։ Այդպես է, ինչքան զիջում ես, թշնամին այդքան առաջ է գալիս։ Ինչպես կսահմանեն ռևանշիզմը, արդեն Ադրբեջանի ղեկավարության անսահմանափակ սադիզմի տիրույթում է գտնվում»։
comment.count (0)