Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ԱԱԾ հատուկ գործողության առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն։
«Դեպքի առնչությամբ երեխաների իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ցանկացած տեսակի բռնությունից զերծ մնալու, անձնական տվյալների պաշտպանության, անհրաժեշտ աջակցությունների տրամադրման և լավագույն շահի երաշխավորման հետ կապված այլ հարցերը Պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ Այդ համատեքստում առկա խնդիրները բացահայտելու նպատակով Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավասու պետական մարմինների ցանկացած գործողության առանցքում պետք է լինի երեխայի իրավունքների պաշտպանությունն ու լավագույն շահի երաշխավորումը: Անհրաժեշտության դեպքում հանդես կգանք լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, աշխատակցներից մեկին տեղափոխել են Քննչական կոմիտե։ Աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ անառակաբարո արարք կատարելու հոդվածով։
Դպրոցի աշակերտների ծնողներն ահազանգել են, որ ԱԱԾ գործողությունները ահաբեկել են երեխաներին:
comment.count (0)