Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ գործի քննությունը։ Դատարանն այժմ հարցաքննում է զոհերի հարազատներին։
Ինչում են մեղադրվում սպաները
Այս գործով երկու մեղադրյալ կա՝ ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նրանք պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։
73 զինծառայողները՝ ՊԲ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի ողջ անձնակազմը, զոհվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, երբ նրանց վրա հարձակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերը։ Նրանք Այգեստան չպիտի գնային, այլ համապատասխան երթուղով մեկնեին Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցնեին ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության ներքո։
Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա ՊԲ N զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։
Այժմ գործով երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրված չբացակայելու արգելքը, իսկ դատական նիստերն ընթանում են առանց նրանց մասնակցության։
Հոկտեմբերի 10-ին վաշտի հրամանատարն ասել է՝ Հադրութ էլ չունենք
Ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտութունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ, բացի ճշմարտությունից․ այս խոսքերով սկսեց զոհված զինծառայող Տիգրան Շահբարյանի հայրը՝ տուժող Տոնական Շահբարյանն իր ցուցմունքը։
Նրա որդին՝ Տիգրանը, բանակ է զորակոչվել 2019թ․ հուլիսի 3-ին, վիճակահանությամբ ծառայության է մեկնել Արցախի Հանրապետություն՝ Մարտունի 3 պաշտպանական շրջան։ «Պատկերացրեք, իմ ամենաերջանիկ օրն էր, որ ինքն ընկավ Արցախի Հանրապետություն, քանի որ ինքս Արցախից եմ, ասացի՝ երեխեն հուսալի ձեռքերում ա»,- ասաց Տոնական Շահբարյանը։ Նա ծառայության սկզբից կապի մեջ է եղել որդու հրամանատարի՝ Գեւորգ Գեւորգյանի հետ, որը նաեւ իր կրտսեր ընկերն է։ Որդու ծառայության սկզբից միշտ կապի մեջ են եղել՝ որդու որպիսության մասին է հարցրել։ Պատերազմի ժամանակ էլ են հեռախոսով զրույցներ ունեցել, իսկ որդին այդ ընթացքում մոբից ինչ-որ մեկի հեռախոսով է կապ պահպանել ընտանիքի հետ։
Պատերազմի օրերին իրենց հեռախոսազանգերից Տոնական Շահբարյանը պատմեց հոկտեմբերի 8-ի զրույցի մասին։ Ասաց՝ Գեւորգյանը հարցնում էր՝ այդտեղ ի՞նչ են ասում, ո՞նց է վիճակը, ասում էր՝ այնտեղ՝ ռազմաճակատում, նորմալ է իրավիճակը, կրակոցներն էլ են հազվադեպ։ Այդ օրը Տոնականը Գեւորգին հայտնում է, որ հոկտեմբերի 9-ին զինադադար է սպասվում, նույնիսկ գրազ են գալիս։ Հոկտեմբերի 9-ին նա խոսում է նաեւ որդու հետ․ դա նրանց վերջին զրույցն է լինում։
Հոկտեմբերի 10-ին, երբ հակառակորդը խախտում է զինադադարը, Տոնականն առավոտյան զանգում է Գեւորգյանին, որն ասում է՝ «խաբա՞ր ես, որ էլ Հադրութ չունենք»․
«Ասում եմ՝ ո՞նց Հադրութ չունես, ախպեր, ասում ա հա՝ ես հո լակոտ չե՞մ, որ քեզ խաբեմ։ Ես էլ եմ անակնկալի գալիս, մեր ընտանիքում էլ խուճապ ա առաջանում։ Մի հատ էլ եմ զանգում ուշ ժամի, արդեն չի վերցնում հեռախոսը։ Զանգն ակուրատնի գնաց, պատասխանող չեղավ, ատբոյ տվեցին, երկրորդ անգամ զանգեցի, արդեն անհասանելի էր։ Հիմա թե զարյադկան ա նստել, թե թուրքն ա անջատել, չեմ կարող ասել»,- պատմեց տուժողը։
Գեւորգյանի հետ վերջին զրույցից շատ անհանգիստ տպավորություն է ստացել Շահբարյանը․ «Էն Գեւորգը չէր, որին ես ճանաչում էի, հուսահատ․․․»։
Բացի Գեւորգյանից՝ Տոնականը կապի մեջ է եղել նաեւ գնդի հրամանատարի տեղակալի հետ, հոկտեմբերի 10-ից հետո նրանից է փորձել տեղեկություններ իմանալ, եւ որքան էլ նա ասել է՝ հանգիստ եղեք, ուղղակի տղաների տեղը հարմար չէ, Տոնականը նրա խոսքերում էլ է հուսահատություն նկատլ․ «Ոնց որ չուզենար ասել՝ ինչ ա կատարվում։ Երեւի նոյեմբերի 5-ի կողմերը կլիներ, ոնց որ ինձ ասի՝ հաշտվեք էդ մտքի հետ, որ չկան երեխեքը»։
Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը Տոնական Շահբարյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունի մեղադրյալ Գոռ Իշխանյանի մասին, իր որդուց երբեւէ լսե՞լ է նրա մասին։ Շահբարյանն ասաց, որ թեպետ Գոռ Իշխանյանի հրամանատարության ներքո է ծառայել իր որդին, բայց քանի որ բժշկի բարձրագույն կրթություն է ունեցել, բանակում եղել է բուժակ ու զորամասում շատ չի առնչվել Իշխանյանի հետ։
- Ձեր տեղեկություններվ՝ ո՞ւմ հրամանով եւ երբ է Ձեր որդին վաշտի կազմով երթ կատարել Մարտունուց դեպի Հադրութ,- հարցրեց հանրային մեղադրողը։
- Միանշանակ իմ համոզմունքն ա, որ հրամանը բանավոր տվել ա Ջալալ Հարությունյանը, ինչի համար ա տվել, որովհետեւ ամսի տասին զորքը, գումարտակը մազապուրծ փախցնում են՝ չենթարկվելով հրամանատարությանը (խոսքը «9կմ» կոչվող տարածքում գտնված մեկ այլ զորքի մասին է)։ Հրամանատարն էլ հետները փախնում ա, Ջալալ Հարությունյանը տեղեկանում ա, որ էնտեղ արդեն զորք չկա, զանգում ա Գոռին, ասում ա՝ ինձ չի վերաբերում, էդ հարցերը լուծում ես։ [Գոռը] էրեխեքին 114 պոստից հանում ա, էդ անփույթ հրամանատարը, վխտացող բեսպիլոտնիկների տակ տանում ա կարկուտի բերան։
Ըստ տուժողի՝ Իշխանյանն ասել է՝ մենակ էդ 73 հոգին չէր, 150 հատ զոհ եմ տվել ես ըտեղ
Տոնական Շահբարյանը հատուկ շեշտեց, որ սա ոչ թե իր հնարածն է, այլ իր ու մյուս ծնողների ներկայությամբ այդ մասին ասել է հենց ինքը՝ Գոռ Իշխանյանը․ «Նույնիսկ ավելացրեց՝ մենակ էդ 73 հոգին չէր, 150 հատ զոհ եմ տվել ես ըտեղ, հերթական հրամանը արդեն չէի կատարելու»,- պատմեց տուժողը՝ ասելով՝ «ինչի մենակ մեր էրեխեքն է՞ին խանգարում, հերթական հրամանը մեր էրեխեքի պահին պիտի ի կատար ածեիր»։
Այս հայտարարությունն, ըստ տուժողի, Գոռ Իշխանյանն արել է նոյեմբերին Արցախում։ Դահլիճից այլ ծնողներ էլ հաստատեցին՝ «մեր դեմն ա ասել, հարգելի դատարան»։ Այդ օրը, ըստ Շահբարյանի, Գոռ Իշխանյանն իրեն մի թուղթ է տվել, որն, իբրեւ, եղել է Ջալալ Հարությունյանի մարտական կարգադրությունը։ Հետո էլ Ջալալ Հարությունյանն է Շահբարյանին իր հեռախոսով ցույց տվել իր իսկ հրամանը, որը, ըստ տուժողի, չի համապատասխանել այն փաստաթղթին, որն իրեն տվել է Իշխանյանը․ «Ջալալի մոտ եմ մտնում, Հարությունյան Արայիկն (պատերազմի ժամանակ Արցախի նախագահը) ա դասավորում, ինքն էլ հանում ա ինձ ուրիշ հրաման ա ցույց տալիս հեռախոսի մեջ, ասում ա՝ ես ստեղ եմ հրաման տվել, ինքը ստեղ ա արել։ Հիմա ես չեմ իմանում՝ էդ դեպքից հետո ա՞ ինքը հեռախոսի մեջ զապիսներ արել, թե մինչեւ էդ ա արել։ Էդի արդեն Ջալալի հետ»,- ասաց Շահբարյանը։
Մեղադրողը խնդրեց ավելի մանրամասնել՝ այդ ինչ յուրային ուժերի մասին է խոսքը, որոնք, ըստ վկայի, դուրս են եկել այն տեղանքից, որտեղ զոհվել են 73 զինվորները։ Տուժողն ասաց, որ խոսքը Մարտունու բրիգադի հրամանատարի տեղակալ Սեւակ Սարգսյանի եւ նրա զորքի մասին է (Սեւակ Սարգսյանը անհետ կորած է համարվում 2023թ․ Ստեփանակերտի վառելիքի պայթյունի հրդեհից հետո)։
- Գոռ Իշխանյանը տեղյակ եղե՞լ է, որ Սեւակ Սարգսյանի զորքն այդ հատվածից դուրս է եկել,- հարցրեց հանրային մեղադրողը։
- Համարյա նույն հատվածն ա եղել, 1,5 կմ-ի տարբերություն ա եղել, ոչ ավելի։ Գոռ Իշխանյանը տեղյակ ա եղել, այո, էն ժամանակ, երբ զորք չի եղել ըտեղ արդեն, բաց ա եղել լրիվ։ [Գոռ Իշխանյանը Սեւակին] ասել ա՝ գնա Սեւակն էլ ասել ա՝ ոչ զորքն ա գնում, ոչ ես եմ գնում, դուք չեք պատկերացնում՝ ինչ մղձավանջ ա ընդեղ։ Դա եղել ա հոկտեմբերի 10-ի երեկոյան։ 24 ժամ չի անցել, որ մեր բալեքին տարել են ընդեղ, կտորել։
- Այսինքն՝ Գոռ Իշխանյանը տեղյակ ա եղել, որ երթը կատարվելու ա թշնամուն հանդիպելու պայմաններո՞ւմ։
- Տրամաբանորեն՝ հա։ Գոռ Իշխանյանը Հարավային Կովկասի համար 1 բունկերում ա եղել, տենց բունկեր չի եղել Հարավային Կովկասում, ոնց որ Մարտի 3-ում ա եղել, լրիվ ապահովված, իրա հրամկազմով։ Գոռ Իշխանյանի վեջին ա՞ եղել։ Ես էդ բունկերում եղել եմ։ Ես զինվորական եմ, 90-ականներին պատերազմի մասնակից մարդ եմ։
- Դուք Գոռ Իշխանյանին հարց ուղղե՞լ եք՝ ի՞նչ կանխարգելիչ միջոցներ եք ձեռք առել, որ մեր որդիները գնան, հավանական հանդիպման ժամանակ թշնամուն պատշաճ դիմադրություն ցույց տան։
- Գոռ Իշխանյանի հետ մենք բավականին երկար ժամանակ ուզում էինք հանդիպել, խուսափում էր։ Չերեզ Արայիկ Հարությունյան կազմակերպեցինք հանդիպում։ Ներկա էին շտաբի պետը՝ Կամո Վարդանյանը, Կարեն Առստամյանը, նույնիսկ էն ժամանակվա խաղաղապահների զորքերի հրամանատար գեներալ Մուրադովը։ Անձամբ Արայիկ Հարությունյանը հարց տվեց, ասաց՝ լավ, սաղ մի կողմ դրած, բա ձեր մարդկային խի՞ղճը, եքա 40կմ գրունտավոյ ճանապարհ ա, դա 10 րոպեյվա ճանապարհ չի, քո երեխաներն են եղել, խի՞ չես մի հատ կապի դուրս եկել, որ տենաս՝ ինչ եղավ, ո՞նց են, ո՞ւր հասան։ Շատ կարճ պատասխանեց, ասաց՝ չէի պատկերացնում, որ տղերքն էդքան շուտ կհասնեին, մտքովս չանցավ։ Հլը Արայիկ Հարությունյանը մատը սենց տնկեց։
Ըստ տուժողի՝ Կարեն Առստամյանն ասել է, թե Գոռ Իշխանյանն է սխալ ուղղությամբ տարել զորքին
Հետո Շահբարյանն ասաց, որ Գոռ Իշխանյանն իրենց ասել է, որ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանը պետք է դիմավորեր «9կմ» գնացող վաշտին։ Բայց երբ հանդիպում են ունեցել Կարեն Առստամյանի հետ, նա ասել է, որ ինքը զորքին այդտեղ չպիտի հանդիպեր՝ «լրիվ սխալ ուղղությամբ ա բերել»։ ․
- Ես նոր եմ գալիս էն համոզմունքին, որ ընդեղ ոչ էլ Կարենն ա եղել, Կարենն էլ ա եղել փախած,- ասաց զոհվածի ծնողը։
- Իսկ Դուք տեղյակ ե՞ք՝ իրեն հայտնել ե՞ն, որ զորք ա գալիս,- հարցրեց մեղադրողը։
- Կարեն Առստամյանի ասելով՝ ինչ-որ 301 պազիվնոյ ա եղել։ Դա Գոռ Իշխանյանն ա եղել։
Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը ճշտեց՝ այսինքն՝ զորքի՝ կրակի տակ ընկելուց հետո են հայտնել Առստամյանին, Տոնական Շահբարյանը պատասխանեց՝ միանշանակ։
- Ասեմ ավելին՝ էսօրվա դրւթյամբ ոչ մի հրամանատար չի կարող ստույգ ասի՝ մեր էրեխեքը Ֆիզուլիի կողմից ե՞ն գնացել, մտել էդ կարկուտի տակ, թե Հադրութի կողմից։ Բաներ կա՝ իրար չի բռնում, իրանք էլ չգիտեն։ Այ էդ ձեւի անորոշ, փնթի վիճակ ա եղել։ Թող մեկը կանգնի, ռեալ ասի՝ մեր էրեխեքը որտեղով են գնացել։ Թող գա գնդի հրամանատարը, ասի, որովհետեւ ինքը ըտեղ չի եղել, չի տիրապետել։
Տոնական Շահբարյանը նշեց, որ զորքը նախանշված վայրից մոտ 4կմ էլ առաջ է գնացել, եւ, Գոռ Իշխանյանի ասածով, դրա պատճառն այն է եղել, որ դիմավորող չի եղել։ Տղաների մարմինները հայտնաբերվել են նշված վայրից հեռու։ Շահբարյանն ասաց, որ որոշ տեղեկություններ ունեն, համաձայն որոնց՝ վաշտը մարտի է բռնվել թուրքական «Յաշմայի» հատուկ ջոկատայինների հետ, 57 հոգու էլ սպանել, ինչը, ըստ նրա, հաստատել են թուրքերը։
Զոհվածի ծնողն ասաց, որ բանակի պաշտոնատար անձանց հետ հանդիպումից իրենց մոտ ձայնագրություններ կան, եւ եթե դատարանը պահանջի, դրանք անպայման կտրամադրեն։ Նա նաեւ ասաց, որ մինչեւ չեն պարտադրել, Գոռ Իշխանյանը չի դիմել Մուրադովին եւ ԿԽՄԿ-ին՝ իրենց որդիների մարմինները դուրս բերելու հարցով զբաղվելու համար․ «Ու մի հատ չեն զանգել, գոնե ասեին՝ ցավակցում ենք, էս ինչ օյին եկավ ձեր գլուխները»։
Տոնական Շահբարյանի որդին, ըստ ամենայնի, զոհվել է հրաձգային զենքից ստացած վիրավորումից։ Նրա հայրն ասաց, որ պարանոցի շրջանում՝ զարկերակի մոտ, հրազենային վնասվածք է եղել, կողքից՝ բեկորային․ «Կասկեն դրած, բրոնի ժիլետով ա եղել էրեխես, մի մազ պակաս չի եղել․․․ Էրեխուս գրպանում քարտ ա եղել, վայեննի բիլետը, ու օրացույց, որ խաչ դնի օրերի վրա, հաշվի»։
Եթե զորքը հասներ մինչեւ նախանշված վայր եւ առաջ չգնար, խնդիր կառաջանա՞ր
Մեղադրյալների պաշտպան Արման Բայադյանը տուժողից հետաքրքրվեց, թե Գոռ Իշխանյանից հետո հրամանի անմիջական կատարողներն ովքեր են եղել։ Շահբարյանն ասաց, որ մեկը եղել է Սլավիկ Ավագյանը, Գեւորգ Գեւորգյանը, Արտակ Ղազարյանը, որը եղել է մի քանի օրվա լեյտենանտ։
- Ընդհանուր առմամբ Ձեր վրդովմունքը նրանից ա՝ ինչո՞ւ են նորակոչիկ երեխաներին տարել, եւ, ասյպես ասած, չկատարեն հրամանները, հա՞,- ճշտեց պաշտպան Բայադյանը։
- Հարգարժան դատապաշտպաններ, ոչ թե ինչու են տարել, այլ ուղղակի անուշադրության, փնթի ղեկավարման արդյունք ա եղել, հարցը նորակոչիկը չի, կարող ա մի հատ նորմալ մարդ լիներ հետները, նորմալ կազմակերպեր, ամեն ինչ ստացվեր։ Փնթի կազմակերպման արդյունքը սա է, որ էսքան ծնողների լույսերը մարեցին։
Տոնական Շահբարյանը հիշեց մի զրույց, որ ունեցել է Գոռ Իշխանյանի հետ մոտ մեկ տարի առաջ այստեղ՝ Երեւանում։ Նրանք պատահական են հանդիպել։ Ըստ Շահբարյանի՝ Իշխանյանը սկզբում իրեն չտեսնելու է տվել, իսկ հետո, երբ խոսակցությունն անխուսափելի է եղել, Իշխանյանն ասել է․ թե իր տեղը չի գտնում․ «Ասում ա՝ չմտածես, որ ես տեղս գտնում եմ։ Կգա ստեղ, խիղճ կունենա՝ կասի։ Ասում ա՝ Առստամյան Կարենը սաղ ջարդեց վրես, բայց հիմնական մեղավորն ինքն ա։ Իրա բառերն եմ ասում։ Ժամանակ տվեք, տեսեք՝ ոնց ա ամեն ինչ ընգնելու իրա տեղը»։
Պաշտպաններից Դավիթ Կարապետյանը հետաքրքրվեց՝ եթե զորքը հասներ մինչեւ նախանշված վայր եւ առաջ չգնար, խնդիր կառաջանա՞ր, թե՞ ոչ։ «Իրանց ասելով՝ եթե չանցեին, խնդիր չէր լինի»,- նշեց տուժողը։
- Ջալալ Հարությունյանը հրաման ա տալիս, որ մինչեւ «9կմ» գնացեք, անցեք Կարեն Առստամյանի հրամանատարության տակ։ Երեք հոգու ա տրված եղել էդ հրամանաը՝ դիվիզիայի հրամանատարին, Գոռ Իշխանյանին եւ Կարեն Առստամյանին։ Գոռ Իշխանյանը ասում ա՝ գնացեք էնտեղ։ Վերջին ինստրուկտաժը, ըստ գործի տվյալների, տալիս ա գումարտակի հրամանատարը։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ լավ, էլ ի՞նչ աներ ինքը, որ հրաման ա տալիս, ասում ա գնացեք մինչեւ «9կմ»։ Ի՞նչ աներ, էդ որ ասում եք՝ ինքն ա մեղավոր, ի՞նչ աներ, որ մեղավոր չլիներ։
- Հրամանատար դներ հետները, ոչ թե անփորձ մարդիկ։ Լրից բունկերից ա ղեկավարել, եթե ղեկավարել ա, ինքը մի հատ չի զանգել էդ երկու ժամվա մեջ։
Հաջորդիվ դատարանում ցուցմունք տվեցին նաեւ զոհված զինծառայողներ Արտյոմ Կիրակոսյանի եւ Անանիա Արամյանի ծնողներ Արթուր Կիրակոսյանն ու Սամվել Արամյանը։ Նրանց ցուցմունքները մեծ մասամբ համապատասխանում էին Տոնական Շահբարյանի ցուցմունքին։ Տարբերությունները կապված էին միայն որոշ դրվագներ հիշել-չհիշելու, որոշ բաներ լսած լինել-չլինելու հետ։
Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 26-ին, ժամը 11։00-ին։
Գլխավոր նկարում՝ Տոնական Շահբարյանը
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)