tert.am: ՍԴ-ն արձանագրել է, որ Սահմանադրական դատարանի կողմից քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված որևէ նորմը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու պարագայում, որևէ կերպ չի կարող համարվել քրեական վարույթը բացառող հանգամանք:
Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին հայտարարեց դատախազը:
Նրա խոսքով՝ ինչպես նախկին այդպես էլ գործող քրեական դատավարության օրենսգրքով նման վարույթը բացառող հանգամանք նախատեսված չէ:
«Քիչ առաջ հնչեցված պնդումը, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո նախկին ամբաստանյալները, ներկայիս մեղադրյալները չունեն մեղադրյալի կարգավիճակ, չի բխում այդ որոշումներից, բացի այդ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումն այս պահին դադարեցված չէ: Այդ հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը բեկանվել է Վճռաբեկ դատարանի կողմից և այս պահի դրությամբ և մինչև քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կառճելու հարցի լուծումը, մեղադրյալները շարունակելու են ունենալ մեղադրյալի կարգավիճակ»,- ասաց դատախազը:
Բացի այդ, վերջինս նշեց, որ եթե Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները չունեն ամբաստանյալի կարգավիճակ այն պահից երբ ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել քրեական օրենսգրքի 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը և այդ որոշման ուժով իսկ մեղադրյալի կարգավիճակը դադարեցվել է, ապա իրավաչափ հարց է առաջանում, թե ինչու էին պարոն Քոչարյանի և մյուսների պաշտպաներն այդ որոշումից հետո դատարանին ներկայացնում քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կառճելու միջնորդություն, որը բավարարվել էր դատարանի կողմից և հետագայում բեկանվել Վճռաբեկ դատարանի կողմից:
«Գտնում ենք, որ այս պահին պետք է քննարկվի բացարկի և ինքնաբացարկի հարցը, որից հետո մեղադրանքի կողմը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ասաց դատախազը
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում արդարացումից երեք տարի անց վերաբացվել ու քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գրիգորյանի և նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործը։ Վճռաբեկ դատարանը բեկանել էր Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը։
comment.count (0)