ԱՄՆ-ն զինվորներ է ուղարկում Իսրայել, Թեհրանը զգուշացնում՝ կարմիր գծեր չկան |azatutyun.am|
10:02 - 14 հոկտեմբերի, 2024

ԱՄՆ-ն զինվորներ է ուղարկում Իսրայել, Թեհրանը զգուշացնում՝ կարմիր գծեր չկան |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելում անցած գիշեր չորս զինվոր է զոհվել, ևս յոթը` ծանր վիրավորվել, երբ «Հեզբոլահ»-ն անօդաչուներով հարվածել է Թել Ավիվից 60 կմ հարավ գտնվող Բինյամինա քաղաքի մերձակայքում գտնվող ռազմակայանին: Վիրավորվել են նաև քաղաքի տասնյակ բնակիչներ: Այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը։

Սա Իսրայելի դեմ ամենաարյունալի հարձակումներից մեկն էր արդեն ավելի քան մեկ տարի Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմից ի վեր։

Կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլահ» խմբավորումը, ըստ որի՝ «անօդաչուները հաղթահարել են իսրայելական ՀՕՊ համակարգերը և հասել թիրախներին»։

Իսրայելական բանակի խոսնակ Դանիել Հագարին փաստացի չի հերքել, որ իրենց Երկաթե գմբեթը կատարյալ չէ։

«Մենք կուսումնասիրենք տեղի ունեցածը և դասեր կքաղենք։ Անօդաչուներից բխող վտանգին բախվում ենք պատերազմի մեկնարկից ի վեր և պետք է բարելավենք մեր պաշտպանությունը»,- ասել է Հագարին։

«Հեզբոլահ»-ն սպառնում է շարունակել հարվածները, եթե Իսրայելը չդադարեցնի ներխուժումը Լիբանանի հարավ։

Տարածաշրջանում օր օրի սրվող իրավիճակի ֆոնին Միացյալ Նահանգները երեկ հայտարարեց, թե նախագահ Բայդենի հրահանգով արդիական ՀՕՊ համակարգ ու նաև դրանք գործարկող զինվորներ է ուղարկում Իսրայել։

«Այս քայլը ընդգծում է Նահանգների աներկբա հավատարմությունը Իսրայելի պաշտպանությանը»,- հայտարարել է Պենտագոնը՝ հավելելով․- «THAAD համակարգը կօգնի ամրապնդել Իսրայելի հակաօդային պաշտպանությունն Իրանի հնարավոր նոր սպառնալիքներից»։

Իրանի արտգործնախարարն ի պատասխան հրապարակել է, թե որքան զենք-զինամթերք է Միացյալ Նահանգները տվել Իսրայելին վերջին տասնամյակների ընթացքում, զգուշացնելով՝ դա Թեհրանին ետ չի պահի իր ժողովրդին ու շահերը պաշտպանելուց։

«Ամերիկան հիմա էլ իր զինվոների կյանքն է վտանգում՝ տեղակայելով նրանց Իսրայելում ամերիկյան համակարգերը գործարկելու համար։ Թեև մենք վերջին օրերին ահռելի ջանքեր ենք գործադրել մեր տարածաշրջանում լայնածավալ պատերազմը զսպելու համար, ես հստակ կարող եմ ասել, որ մեր ժողովրդին ու շահերը պաշտպանելու հարցում մենք կարմիր գծեր չունենք»,- հայտարարել է Աբբաս Արաղչին։

Առավել մանրամասն՝ azatutyun.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել