ՀՀ կառավարությունը որոշել է ձեռնպահ մնալ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ներկայացրած նախագծի վերաբերյալ, որով պատգամավորն առաջարկում էր սեպտեմբերի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորի, զինվորականի հիշատակի օր՝ փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում։
Նախագծում, մասնավորապես նշվում էր. «Մենք ունենք Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, բռնադատվածների հիշատակի օր, 2014 թվականի՝ Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր, երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր, բայց հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորի, զինվորականի հիշատակի օր չունենք։ ...Հաշվի առնելով, որ վերջին մեծամասշտաբ պատերազմը սկսվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին, առաջարկում եմ հիշատակի օրը սահմանել հենց սեպտեմբերի 27-ին։ Նախագծի ընդունման արդյունքում սեպտեմբերի 27-ը ՀՀ-ում պաշտոնապես կնշվի որպես բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր»:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելուց, քանի որ հունվարի 28-ին նշվող Բանակի օրը հանդիսանում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման արժևորում, այլ նաև ներառում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ավանդ ունեցող, այդ թվում՝ կյանքը զոհած անձանց հիշատակի ոգեկոչումը»,- ասվում է նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությունում:
comment.count (0)