Կիրի հանքի փոխարեն՝ գրավված Զանգելան, ոտքով գնալու փոխարեն՝ ավտոբուսներով երթ․ Քիմիկների գործով դատաքննությունը շարունակվում է
22:27 - 30 հոկտեմբերի, 2024

Կիրի հանքի փոխարեն՝ գրավված Զանգելան, ոտքով գնալու փոխարեն՝ ավտոբուսներով երթ․ Քիմիկների գործով դատաքննությունը շարունակվում է

2020 թ․ հոկտեմբերի 21-ին Կապան–Կովսական ավտոճանապարհին ծառայություն իրականացնող բոլոր ոստիկանները տեղյա՞կ էին, որ Քիմիկների զորամասի՝ այդ ճանապարհով մարտական օպերացիայի մեկնող անձնակազմը պետք է իրենց անցակետում կայաներ եւ ոտքով շարունակեր դեպի Կիրի հանք, այլ ոչ թե ավտոբուսներով խորանար մինչեւ Կովսական։ Այս հարցը այսօր երկար քննարկվեց Քիմիկների զորամասի վերաբերյալ՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում։

Ըստ գործի նյութերի՝ Կովսական (Զանգելան) հասնելու հետեւանքով անձնակազմը ընկել է շրջափակման մեջ, 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ 

Այս հանգամանքների, դրանց նախորդած եւ հաջորդած իրադարձությունների մասին դատարանում ժամեր շարունակ հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Կապանի ռազմական ոստիկանության պետի՝ օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Արմեն Հովհաննիսյանը։ Վերջինս նշեց, որ դատավարության մասնակիցներից ճանաչում է միայն գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանն այժմ մեղադրվում է ռազմական դրության պայմաններում իշխանության անգործության, իսկ Քիմիկների զորամասի նախկին հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը՝ իշխանության անգործության եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Ըստ վկայի՝ Անդրանիկ Մակարյանը տեղյակ էր, որ հակառակորդն արդեն Կովսականում է

Արմեն Հովհաննիսյանը դատարանում պատմեց, որ հոկտեմբերի սկզբին արագ արձագանքման խումբ է ստեղծվել, որի կազմում ներգրավված է եղել նաեւ ինքը։ Գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի կողմից խնդիր է ստացել իր անձնակազմի եւ սակրավորների հետ միասին գնալ Կովսականի շրջանի Միջնավան քաղաք՝ կամուրջն ականապատելու։ Թե երբ է խնդիրը ստացել, վկան չէր հիշում, ասաց՝ դեպքից մոտ 4 օր, մինչեւ 1 շաբաթ առաջ։ Ճանապարհին, սակայն, դիտարկումից վերադարձող հրետանավորներից տեղակացել են, որ հակառակորդը արդեն Զանգելանում է, կուտակված է դպրոցի եւ քաղաքապետարանի արանքում, ուստի իրենք մնացել են Կերեն գյուղում՝ հանքից մոտ 3 կմ հեռավորության վրա։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին՝ վերադաս հրամանատարությանը հակառակորդի՝ Զանգելանում գտնվելու մասին տեղեկացրե՞լ են, վկան դրական պատասխան տվեց՝ նշելով, որ հրետանավոր Սերյոժա Գեւորգյանն է գնացել՝ զեկուցելու։

Ձախից՝ դատախազներ Դավիթ Նավասարդյանը, Արշակ Մարտիրոսյանը

– Անձամբ Անդրանիկ Մակարյանը տեղյակ եղե՞լ է, որ հակառակորդը Զանգելանում է,– ճշգրտեց մեղադրողը։

–Կարծում եմ՝ այո, որովհետեւ իրեն զեկուցվել է Սերյոժայի կողմից։

–Ձեր ներկայությա՞մբ։

–Այո, – պատասխանեց վկան։

Դրանից հետո Հովհաննիսյանի անձնակազմին խնդիր է տրվել տեղակայվել ճանապարհի ամենանեղ հատվածում, որպեսզի ապահովեն ականներ տեղադրող սակրավորների անվտանգությունը։ Դա, ըստ նրա, ենթադրում էր թույլ չտալ, որ առանց հրամանի որեւէ մեկը՝ մեքենայով կամ առանց, իրենց անցակետով առանց հրամանի անցնի։ Բացի այդ, դա ենթադրում էր կասեցնել հակառակորդի առաջխաղացումը եւ այդպիսի փորձի դեպքում փակել ճանապարհը պայթեցման միջոցով։

Անցակետում եղել է 3 հերթափոխ՝ մեկը՝ բաղկացած Կապանի ռազմական ոստիկանության ծառայողներից, մյուս երկուսը՝ ոստիկանության ծառայողներից, որոնք իրար փոխարինել են 2 ժամը մեկ։ ՌՈ խմբի ղեկավարը եղել է ինքը, ոստիկաններինը՝ Զախար Մինասյանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք տեղակայվել են աղբյուրի մոտ՝ ճանապարհի երկու կողմում՝ քողարկված վիճակում, իսկ հերթափոխն ավարտած խումբը հանգստացել է բաց տարածության մեջ կայանած իրենց մեքենաներում՝ ծառերի տակ։

Զորքի՝ ճանապարհը ոտքով շարունակելու հրահանգի մասին վկան մյուսներին չի հայտնել

Դեպքի նախորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, ոստիկանական հենակետ է եկել Կապանի ինքնապաշտպանական խորհրդի նախագահի 1-ին տեղակալ, պահեստազորի գնդապետ Վարդան Ալեքսանյանը (նրա հարցաքննությունը՝ այստեղ)․ «Մեքենայով է եկել, ում հետ՝ չեմ կարող ասել, ասաց՝ վաղը լուսադեմին զորքը գալու է՝ խնդիր կատարելու, տեղյակ եղեք, որ չխոչընդոտեք անցնել։ Թե կոնկրետ ինչ զորք է եղել, քանի հոգի է գալու, ուր է գնալու, ինչ խնդիր է կատարելու, ես տեղյակ չեմ, նույնիսկ եթե ասել է, չեմ հիշում, ասել է՝ գալու են, աղբյուրի մոտ իջնեն, ոտքով գնան»,– պատմեց վկան։ Հարցին, թե ինչպե՞ս պիտի հասկանային՝ կոնկրետ որ ավտոբուսներին, ում պիտի թողնեին անցնել, վկան հստակ պատասխան չտվեց, նշեց՝ գիտեին, որ ուրիշ անձնակազմ չէր գալու խնդիր կատարելու։

Ի պատասխան մեղադրողի մյուս հարցին, թե այդ խոսակցությանը ով է ներկա եղել, վկան հիշատակեց միայն Զախար Մինասյանին՝ նշելով, որ նա ընթացքում է միացել խոսակցությանը։ Արձագանքելով այն դիտարկմանը, որ Զախար Մինասյանը դատարանում ցուցմունք է տվել, որ տեղյակ չի եղել, որ ավտոբուսները պիտի կանգնեին՝ վկան ասաց, որ խոսակցության այդ հատվածում նա դեռ եկած չի եղել։ Սկզբում նշեց՝ չի հիշում՝ ինքն այդ մասին Մինասյանին հայտնել է թե ոչ, ապա ասաց՝ ոոչ։ Տեւական ժամանակ մեղադրողը փորձում էր հասկանալ, թե ինչու ոչ։ Վկայի պարզաբանումն այն էր, որ Վարդան Ալեքսանյանի հրամանը, ըստ էության, զորքի անցումը չխոչընդոտելն էր, բայց ավտոբուսների, տեխնիկայի անցումը արգելելու ուղիղ հրաման չի եղել։

Ձախից՝ ամբաստանյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը, ամբաստանյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Ամրամ Մակինյանը

– Խնդրի քննարկում չի՞ եղել՝ որտեղ են ավտոբուսները կանգնելու․․․

– Ոչ, խնդրի կատարման մանրամասները պարտադիր չէ՝ անցակետի ծառայողը իմանա։

– Էական չէ՞ ավտոբուսներով պիտի թողնեիք թե առանց։

– Էականն այն է, որ գալու է, անցնի, բայց մեքենայով թե ոտքով՝ էական չէ, որովհետեւ իմ իմանալով, Ալեքսանյանի ասելով՝ հանք պիտի գնային, [ոչ թե Զանգելան]։

– Ինչո՞վ պիտի գնային, խնդիրը դրանում է։

– Դե, ինձ ասաց՝ մենք թողնենք, գնան, բայց գուցե խնդիր է փոխվել, մենք տեղյակ չենք եղել։

Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ զրույցից հետո իր հետ հերթապահող 4 ոստիկաններին փոխանցել է հրամանի մասին, ասել՝ զորք է գալու, անցնի՝ դարձյալ չկոնկրետացնելով, որ գալու է, կանգնի, ոտքով անցնի։

Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը փորձեց հասկանալ՝ Վարդան Ալեքսանյանի այդ հրահանգը Անդրանիկ Մակարյանի կամ վերադաս այլ հրամանատարի հետ վկան քննարկե՞լ է։ Վերջինս բացասական պատասխանեց․

– Շատ է եղել, որ Ալեքսանյանի կամ այլ անձի միջոցով է հրահանգ տրվել։

– Վարդան Ալեքսանյանը Ձեզ վերադա՞ս էր։

– Իմ հասկանալով՝ այո, կոնկրետ չեմ հիշում՝ ինչ պաշտոն էր զբաղեցնում, բայց ինձնից կոչումով բարձր էր, բացի այդ, արագ արձագանքման շտաբի հրամանատարական կազմի մեջ էր մտնում։

Մեղադրողի հարցը, թե որտեղի՞ց իրեն այդ տեղեկությունը, մնաց անպատասխան։ Վկան չէր հիշում՝  խորհրդակցության ժամանակ Ալեքսանյանին կցվելու, ենթակա լինելու հրահանգավորում եղել է թե ոչ։

– Ալեքսանյանը ինքնապաշտպանական խորհրդի նախագահի տեղակալն էր, տեղյա՞կ եք՝ ինքնապաշտպանական ջոկատ ինչ է նշանակում։

– Զինված ուժերում նման ջոկատ չի լինում։

– Եթե գիտեք, որ չի լինում, որտեղի՞ց այն տվյալը, որ Ձեզ վերադաս է եղել։ Կարո՞ղ էր զինվորական չհանդիսացող անձը ղեկավարել զինվորական ստորաբաժանմանը, նման կոնցեպտով դեպք Ձեր առնվազն 20-ամյա պրակտիկայում հանդիպե՞լ եք։

– Երբ պատերազմի ժամանակ մոբը հավաքվում է, բոլորը դառնում են զինվորական,– կարծիք հայտնեց վկան։

Զորքը անցակետ է հասել վկայի հանգստի ժամին

Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Արմեն Հովհաննիսյանի խումբը հերթապահել է 2-4 ընկած ժամանակահատվածում։ Ժամը 4-ից հերթափոխը ընդունել է ոստիկանության անձնակազմը, իսկ իրենք գնացել են՝ հանգստանալու (ճանապարհից 5 մ հեռավորության վրա)։ Ժամեր անց, երբ Քիմիկների զորախումբը հասել է անցակետ, Հովհաննիսյանը քնած է եղել։

– Երբ զորախումբը եկել է, որտե՞ղ եք եղել։

– Մեքենայի մեջ քնած եմ եղել, հոգնածության պատճառով չեմ զգացել, արթնացել եմ կրակոցների ձայնից,– պատասխանեց վկան՝ հավելելով, որ հրաձգային զենքեր էին, պայթյունների ձայներ, որոնք ինտենսիվ տեւել են մոտ մեկ ժամ։ 

– Իսկ ինչո՞ւ Ձեզ չեն արթնացրել, հրահանգավորե՞լ էիք, որ արթնացնեին։

– Ոչ։

Վկա Արմեն Հովհաննիսյանը

Այդ ժամանակ վկան նկատել է, որ ավտոբուսներից մեկն է հետ եկել, արագ, խառնված անցել, չի էլ կանգնել։ Հարցին՝ իրենք ինչո՞ւ չեն կանգնեցրել, գուցե հակառակորդի անձնակազմն էր ներսում, վկան պատասխանեց՝ նախ մարդ չկար, միայն վարորդն էր, հետո էլ ինքը հասկացել է, որ նույն ավտոբուսն է, որով տղաներին տարել էին։

– Որ ավտոբուսը եկավ, անցավ, ի՞նչ արեցիք։

– էնքան խառն էր, որ ոչ մի բան, լարված մյուս կողմի վրա էինք․․․

– Դիտարկո՞ւմ էիք անում։

– Ճանապարհի վրա, որ թշնամին չգար։

Դրանից հետո, ըստ վկայի, ժամանել է ինքնապաշտպանական ջոկատից ոմն գնդապետ Արարատ Մանուչարյան եւ ասել՝ իր տղաներից որեւէ մեկին տա, որպեսզի միասին գնան քիմիկների մոտ։

– Նպատակը ո՞րն էր։

– Ասաց՝ մտնեմ էնտեղ, որ տեսնեմ զորքը ոնց է, սկսեմ օգնել, խնդիր կատարել, ես իմ տղաներին չուղարկեցի, անձամբ գնացի, մտանք, հասանք առաջին տների մոտ, մեր վրա սկսեցին կրակել նռնականետով, դիրքավորվեցինք, որ հասկանանք՝ ինչ է կատարվում, բայց թշնամին չէր երեւում։ Էդտեղ Մանուչարյանն ասեց՝ հետ ես գնում, չես թողնում՝ զորք գա, որ անտեղի չընկնի ծուղակի մեջ, ես օպերատիվ վիճակը հասկանամ։

Դրանից հետո վկան վարորդի հետ վերադարձել է, շարունակել ծառայությունը իր անցակետում։ Մոտ 3 ժամ անց եկել է նաեւ Վարդան Ալեքսանյանը, հետաքրքրվել, թե ուր է Մանուչարյանը։ Իմանալով, որ գնացել է զորքի ուղղությամբ, գնացել է նրա հետեւից։ Դրանից 2 ժամ հետո երկուսով միասին վերադարձել են։

– Զանգելանից ո՞վ է առաջինը դուրս եկել (նկատի ունի՝ վերադարձող քիմիկներին,–հեղ․)։

– Սկզբից խմբով եկան, հետո սկսեցին անհատական գալ, խառնված էին, թրջված, գետով էին եկել, պատմում էին, որ ընկել են ծուղակի մեջ, մի կերպ դուրս եկել։

– Սպա կա՞ր,– հարցրեց մեղադրողը՝ ըստ ամենայնի, ակնարկելով զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին։

– Չեմ հիշում, էնքան խառն էր, էդ օրն էլ, հաջորդ օրն էլ դեռ դուրս են եկել։

– Հարցրի՞ք՝ ինչ եղավ, ինչի եղավ այսպես։

– Իրենք էնքան խառնված էին, ոչ կարողանում էին խոսել․․․

– Հարցրի՞ք՝ վիրավոր կամ թաքնված զինծառայողներ դեռ կա՞ն։

– Եկողները ասում էին՝ մենք էլ չգիտենք։

Վկայի անորոշ պատասխանները զայրացրին տուժողների իրավահաջորդներին

Դատական նիստի ավարտին վկային հարցեր հղեցին նաեւ տուժողների իրավահաջորդները, պաշտպանական կողմի հարցերին հերթը այդպես էլ չհասավ։

– Զորքը որ գնացել է, մեջը՝ բավականին էրեխեք, տղա էրեխեք, հրամանատարորեն–ոչ հրամանատարորեն չե՞ք հետաքրքրվել՝ ինչ է լինելու էնտեղ, եթե գիտեիք, որ Զանգելանը գրավված է։ Զուտ մարդկային առումով Ձեր քներակը իրար չի՞ եկել, թե ինչ կարող էր էդտեղ լինել։ Ինչ–որ գործողություն, մեկին հարցնել, Արսենին տեսնել․․․ Որ ասում եք՝ զորքը հետ է եկել, ես՝ անգրագետ, Դուք՝ խելացի զինվորական, զորք ասելով՝ ես հասկանում եմ 8-ից ավելի, ասացիք՝ երեկոյան են դուրս եկել, ո՞նց է երեկոյան դուրս եկել Արսենը, եթե իր հետի տղերքը ցերեկն են դուրս եկել, նրանք, ովքեր չեն մասնակցել մարտական գործողությանը, մի հատ էլ հասցրել են նկարվել են,– հարցրեց անհետ կորած զինծառայողներից մեկի կինը։

Դատավոր Սարգիս Դադոյանը

Դատավորը վերաձեւակերպեց հարցը՝ ասելով, որ տվյալներ կան, որոնց համաձայն՝ մեծամասնությունը ցերեկային ժամերին է դուրս եկել։

– Ես Արսենին չեմ տեսել, իսկ տղաները տարբեր ճանապարհներով են եկել, ես մեր մոտով եկածներին եմ տեսել, բայց չեմ կարող անուններով նշել։ Հիմնականը մթնշաղով են եկել։

–Լավ, հաջորդ հարցը։ Իմացաք, որ մարտական գործողություններ են, Դուք ներկա եք եղել, քար չեք, որ կորեիք, բանական մարդ եք, Ձեր աչքերն էլ տեսնում են։ Տեսե՞լ եք՝ Մակարյանի գլխավորությամբ, ինչ–որ ուրիշ զինվորականի գլխավորությամբ ինչ–որ գործողություններ եղե՞լ են, որ գնան էդ էրեքխի հետեւից, տեսնեն՝ ինչ եղավ, ինչ արեցին։ Հստակ, զինվորական, մարտական պատրաստված գործողություն եղե՞լ է, ոչ թե Ձեր [ասածի] նման՝ «գնամ, տեսնեմ՝ ինչ է եղել»։ Հստա՛կ պատասխան [տվեք], որեւէ զինվորականի անունով, ամեն ինչով` հաջորդ օրը, նույն օրը, մի ժամ հետո։ Ձեր մոտով ինչ–որ մեկը գնացե՞լ է։

Մինչ վկան կպատասխաներ, կինը ավելի զայրացավ․

–Ձեր չհիշելու հետ կապված հիմա որ ասեմ, կասեք՝ վիրավորանք․ բանական մարդը կենդանուց ինչո՞վ է տարբերվում, հստակ հարց եմ տալիս։ Հստակ մի հատ բառ, ասեմ՝ հիշողությունով, բանականությամբ։ Մի՛ ասեք՝ չեմ հիշում, դուք անասուն չեք, որ չեք հիշում, երկրորդն էլ, պարտավոր եք հիշելու։ Ձեր անփութության պատճառով ես էսօր լիքը–լիքը խնդիր ունեմ աշխարհի հետ, իմ էրեխու հետ, իմ ամուսնու հետ, ամեն ինչի հետ։

Դատավորը փորձեց հանդարտեցնել դահլիճում գտնվողներին, ապա դիմելով վկային՝ հարցրեց՝ պա՞րզ էր հարցը։

– Պարո՛ն դատավոր, գործողություններ եղել են, բայց ես էսօր անտեղի մարդկանց անուններ հո չե՞մ կարող տալ, եթե չեմ հիշում։

– Օգնության մասին ի՞նչ տեղեկություններ գիտեք։

– Էդ անցակետով մինչեւ Մանուչարյանի, Ալեքսանյանի հետ գալը այլ անձ, այլ խումբ չի գնացել օգնության, իրենցից հետո գնացել են, բայց ով էր, կոնկրետ չեմ կարող հիշել։ Նույն օրը չի եղել։ Կարողա ուրիշ տեղով եղել է։

Վկայի հարցաքննությունը կշարունակվի նոյեմբերի 26-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել