panarmenian.net: Նոյեմբերի 11–ին Ադրբեջանում մեկնարկում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը՝ COP29-ը, որը կոչված է քննարկելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի լավագույն լուծումները:
COP29 գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 100 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, փոխնախագահներ, այդ թվում՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը, սակայն առանց առանցքային երկրների ղեկավարների։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չեղարկել է իր մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին իր երկրում իշխող կոալիցիայի փլուզման պատճառով։ Շոլցը համալրել է այն երկրների ցանկը, որոնց ղեկավարները չեն մասնակցելու միջոցառմանը, որոնց թվում են՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու դա Սիլվան, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Միջոցառմանը հրավիրվել էր նաև հայկական կողմը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չէր բացառել ՀՀ մասնակցությունը, «բայց պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը»։ Մամուլում որոշ հրապարակումներ եղան, որ Միրզոյանը որոշակի պայմաններով պատրաստ է մեկնել Բաքու՝ հավանաբար, գերիներին ազատելու։
Խոսելով գերիների հարցը այդ գագաթնաժողովում բարձրացնելու մասին՝ ԱԳ նախարարն ասել էր, թե գերիների ու այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը Հայաստանի մշտական քննարկման ու թիվ մեկ առաջանհերթություններից մեկն է։
comment.count (0)