Ոստիկանները 3-րդ անգամ է՝ չեն ապահովում մայոր Հայկազ Գրիգորյանի մասնակցությունը իր գործով նիստին
20:52 - 13 նոյեմբերի, 2024

Ոստիկանները 3-րդ անգամ է՝ չեն ապահովում մայոր Հայկազ Գրիգորյանի մասնակցությունը իր գործով նիստին

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանի գործով նիստը հետաձգվում է արդեն 4-րդ անգամ, որից 3-ն այն պատճառով, որ ոստիկանության ուղեկցող գումարտակը դատարան չի ներկայացնում հունիսից կալանքի տակ գտնվող Գրիգորյանին։ Ոստիկանության պատճառաբանությունները տարբեր են, սակայն, ըստ էության, նույն խնդրի շրջանակում՝ ուղեկցող գումարտակը ծանրաբեռնված է, մեղադրյալին տեղափոխող մեքենան սարքին չէ, թափուր հաստիքներ են առկա եւ այլն։ Նախորդ դատական նիստին, որին Գրիգորյանը երկու նիստ հետաձգվելուց հետո վերջապես բերվել էր դատարան, դատավոր Վարդգես Սարգսյանը հայտնել էր, որ կալանավորներին դատարան ուղեկցելու համար ոստիկանությունում նոր ստորաբաժանում է ստեղծվել, եւ այսուհետ նման խնդիրներ, ըստ ամենայնի, չեն ծագի։ Այդ նիստը եւս չկայացավ, բայց այն պատճառով, որ վկան մարտական հերթապահության էր եւ չէր կարողացել ներկայանալ դատարան։ 

Նույն օրը դատարանը նոր նիստ նշանակեց եւ նշված օրը, նշված ժամին Գրիգորյանին դատարան ներկայացնելու պահանջի մասին ոստիկանության համապատասխան պաշտոնյային ուղղված գրությունն առձեռն հանձնեց Գրիգորյանին դատարան ուղեկցած ծառայողներին։ Այսինքն՝ ոստիկանությունն առնվազն մեկ շաբաթ շուտ տեղեկացվել է հաջորդ դատական նիստի մասին եւ պարտավորված է եղել ապահովել մեղադրյալի ներկայությունը, ինչը, սակայն չի կատարվել։ Դատավորն այսօր նիստերի դահլիճում հայտարարեց, որ դատարանի համար պատճառներն անհասկանալի են․ «Այս դատական նիստին դատարանի աշխատակազմին տեղեկացրել են, որ գրության հասցեատիրոջը հասանելիության հետ կապված խնդիրներ կան, ինչով պայմանավորված ոստիկանության աշխատակիցները Հայկազ Գրիգորյանի ներկայությունն այսօրվա դատական նիստին չեն կարող ապահովել»,- նշեց Վարդգես Ստեփանյանը։ 

Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, նշելով, որ խնդիրը ոստիկանության աշխատակիցների գործունեության հետ է կապված, առաջարկեց այդ մասին տեղեկացնել վերադասության կարգով, որպեսզի գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացվի։ Իսկ Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը դատարանում հայտարարեց, որ այսպիսով խախտվում է իր պաշտպանյալի արդար դատաքննության իրավունքը, որը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ․ Սահմանադրության 63-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Նորիկյանն այն համոզմանն է, որ իր պաշտպանյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու պարագայում նման խնդիր չէր առաջանա, քանի որ Հայկազ Գրիգորյանը, լինելով կալանավորված, իր կամքից անկախ չի կարողանում մասնակցել իր գործով նիստերին․

«Ես գտնում եմ, որ վտանգված է նաեւ հաջորդ դատական նիստերում Հայկազ Գրիգորյանին դատարան ներկայացնելու հնարավորությունը։ Խնդրում եմ անմիջական մասնակցություն ունենալ հաջորդ դատական նիստին Հայկազ Գրիգորյանի ներկայությունը ապահովելու հարցում՝ ձեռնարկելով գործուն քայլեր, ինչպես նաեւ այս իրավիճակը քննության առնել խափանման միջոցի փոփոխման հարցի քննարման ժամանակ»,- դիմելով դատարանին՝ ասաց պաշտպան Նորիկյանը։

Դատավոր Վարդգես Ստեփանյանն արձագանքեց, որ խափանման միջոցները կիրառվում են որոշակի հանգամանքներով պայմանավորված, եւ դատարանն իր որոշումը պատճառաբանել է, իսկ եթե դրա առնչությամբ առկա է անհամաձայնություն, ապա կողմերը կարող են իրենց դատավարական իրավունքներն ազատորեն իրացնել։ 

Ինչ վերաբերում է ոստիկանության աշխատակիցներին լրացուցիչ հորդորելուն՝ դատարանն արձանագրեց՝ ինչպես Քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ այլ իրավաական ակտով նման իրավունք, պարտականություն դրսեւորլու իրավական հնարավորություն դատարանը չունի․ «Այսինքն՝ եթե ոստիկանությանը գրություն հասցեագրվում է, դա դատարանի արձանագրային որոշում է, որը ենթակա է պարտադիր կատարման եւ չկատարումն անխուսափելիորեն կարող է համապատասխան իրավական հետեւանքների»,- նշեց դատավոր Վարդգես Ստեփանյանը։

«Ինֆոքոմի» հետ զրույցում Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը նկատում է, որ երբ ազատության մեջ գտնվող մեղադրյալը դատական նիստին չի ներկայանում, դատարանը միանգամից խափանման միջոց է կիրառում, իսկ ահա հակառակ պարագայում, երբ մեղադրյալն իր կամքից անկախ չի կարողանում իրացնել իր իրավունքը, շարունակում է մնալ կալանավորված։ Ի վերջո, ըստ Նորիկյանի, եթե Գրիգորյանի նկատմամբ այլ խափանման միջոց կիրառված լիներ, գործի քննությունն ավելի արագ կընթանար։

Նորիկյանը մեր զրույցում նշում է, որ սահմանադրական նորմի խախտման այս պայմաններում ինչպիսի վերջանական դատական ակտ էլ կայացվի, միանշանակ է լինելու, որ իր պաշտպանյալի իրավունքները խախտվել են։ 

Պաշտպանի խոսքով՝ մեկ ամիս առաջ, երբ դատարանը երկարաձգել է Հայկազ Գրիգորյանի կալանքի ժամկետը, այդ դատական ակտը պատճառաբանել է այն հանգամանքով, որ դեռեւս չեն հարցաքննվել երեք վկաներ, եւ ազատության մեջ մնալու պայմաններում ապացուցման գործընթացի վրա առկա է անօրինական ազդեցության վտանգ։ Եւ, փաստացի, այս մեկ ամսվա ընթացքում երեք վկաներն էլ չեն հարցաքննվել։ Նոյեմբերի 24-ին ավարտվելու է Հայկազ Գրիգորյանի կալանքի ժամկետը։ Մոտակա նիստում պաշտպանական կողմը բարձրացնելու է նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հարցը։ 

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 18-ին։

Հիշեցնենք, Հայկազ Գրիգորյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում։ Հայկազ Գրիգորյանն այն սպաներից է, որի հետ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում անհաջող մարտական խնդրից հետո նորակոչիկների անձնակազմի մի մասը նահանջել է եւ կարողացել փրկվել։ Հայկազ Գրիգորյանը որպես վկա ցուցմունք է տվել Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի Իշխան Վահանյանի գործի շրջանակում։ Նրա ցուցմունքը որոշ դրվագներով հակասել է Իշխան Վահանյանի ցուցմունքին, ինչի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ եւ այստեղ։

Ի հավելումն նշենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության վարչությունում ստեղծվել են տարածքային ստորաբաժանումներ, որոնց տրվել է ազատությունից զրկված անձանց տեղափոխելու գործառույթ։ Հենց այդ ստորաբաժանման ծառայողներն էլ պետք է ապահովեին մեղադրյալի ներկայությունը դատական նիստին։ Օրեր առաջ ՆԳՆ ոստիկանությունը նույնիսկ հաղորդել էր, որ այդ ստորաբաժանման աշխատանքի համար ՆԳ նախարարությունը ձեռք է բերել նոր տրանսպորտային միջոցներ։

Նշենք, որ դատարանը չի թույլատրել նիստերի ժամանակ իրականացրել լուսանկարահանում եւ տեսանկարահանում՝ հիմք ընդունելով պաշտպանական կողմի առարկությունը։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել