Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրն այսօր մարդաշատ էր․ Խուռհատ սարի գործով գրեթե երկու տարվա դատական քննությունից հետո հարցաքննվելու էր Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը։
Վերջինս, հիշեցնենք, մեղադրվում է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Վահանյանի հարցաքննությունը սկսվեց նշանակված ժամից քիչ ուշ, մինչ այդ զոհված զինծառայողների ծնողներն ու լրագրողները ստիպված էին սպասել դրսում․ կարգադրիչները պահանջեցին լքել դատարանի շենքը՝ ուժեղացված ծառայություն իրականացնելու պատճառաբանությամբ։
Ավելի ուշ, երբ նիստը սկսվեց, նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը ներկաներին հորդորեց հարցաքննության ընթացքում պահպանել լռություն, չնայած նրան, որ ամբաստանյալի խոսքերը իրենց գուցե հաճելի չլինեն։ Բացատրեց՝ դա ամբաստանյալի իրավունքն է։
Այնուհանդերձ, երկու ժամ տեւած հարցաքննության ընթացքում իրավիճակը նիստերի դահլիճում պարբերաբար լարվեց, ծնողներից մի քանիսը դահլիճից հեռացվեցին։
Դատարանում ցուցմունք տալով՝ Իշխան Վահանյանը հայտարարեց, որ մարտակարգի խախտում է տեղի ունեցել․ նախ ուսումնական գումարտակը չի ցրվել այլ ստորաբաժանումներում, ապա նաեւ ստացել է խնդիր, որը կարող էր կատարել ոչ թե նորակոչիկներից բաղկացած ուսումնական, այլ մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումը։
Վահանյանի համար անհասկանալի է՝ ինչու ուսումնական գումարտակին չցրեցին
Իշխան Վահանյանը պատմեց, որ երբ պատերազմը սկսվել է, ինքը զորամասում է եղել, տեսել է՝ ինչպես են մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումները պահպանությունից անցել պաշտպանության։
«Բնականաբար, մենք էլ պիտի անցնեինք, ցուցակները՝ ձեռքներիս, որ էս 10 հոգին գնում է էստեղ, էս 10 հոգին՝ էնտեղ․․․ [Մեկ էլ] զորամասի հրամանատարի` մարտական գծով տեղակալը՝ փոխգնդապետ Ավալյանը, եկավ, ասաց՝ առանձին խնդիր եք կատարելու, չեք կարող ցրվել, [ասացի՝] պարոն փոխգնդապետ, բա տենց չի լինի, սա ուսումնական ա, ո՞նց, բա՝ հա, տենց հրաման ունենք վերեւից։ Վերեւից, դե, զորամասի հրամանատարը (Արթուր Քարամյանն է–հեղ․) պիտի տար, նրան էլ՝ դիվիզիայի հրամանատարը (Կարեն Առստամյանն է,–հեղ․), հասկանում ենք, դրա համար գնացել, նստել ենք պաշտպանություն։ Բայց թե խի չցրեցին էդ անձնակազմը, իմ համար էլ է մինչեւ հիմա անհասկանալի, որովհետեւ մի ամսով արձակուրդ ենք եղել, չէր կարող այդ ընթացքում բան փոխվել, որ միանգամից դառնային «բայեվոյ», որոշակի նախապատրաստական վիճակ պիտի գնար»,– նշեց նա։
Գումարտակի նախկին հրամանատարը, ըստ Վահանյանի, սխալ հրամաններ է տվել
Իշխան Վահանյանը խոսեց ոչ միայն Խուռհատ սարին վերաբերելի, այլեւ դրան նախորդած դեպքերից՝ բացատրելով, որ անձնակազմի պառակտումն ու բարոյահոգաբանական վիճակի անկումը ավելի վաղ են սկսվել գումարտակի նախկին հրամանատարի պաշտոնակատար Գարիկ Վարդերեսյանից։ Պատճառը, ըստ նրա, Վարդերեսյանի տված սխալ հրամաններն էին․
«Վարդերեսյանն ասել էր՝ փոքր խմբերով մեծ խնդիր կատարենք, բայց դա հատուկ պատրաստված ստորաբաժանում չէր։ Ինքը գնում էր գրքային բառերով։ Փոքր խմբերով մեծ խնդիր նորակոչիկը չէր կարող կատարել․ էդտեղ աշխատում էին հրետանի, վարձկաններ․․․ Մենք պիտի դեպի ձախ գնայինք, Ֆիզուլիով հետ գայինք, էդ էր ճիշտը, որովհետեւ մեր հետեւում մոտոհրաձգային ստորաբաժանումներ կային, որոնք ուզում էին անցնել հակագրոհի, մենք արդեն այդ հակագրոհին խոչընդոտ ենք հանդիսացել․․․ Ես եմ զեկուցել զորամասի շտաբի պետին, որ սենց խնդիր կա, ինքը շատ արագ եկել է մեր մոտ, ասել՝ չի կարող սենց բան լինել, նորից գնում ենք մեր դիրքերը, մենք պիտի ձախ գնայինք․․․ Ու սկսել ենք անձնակազմին հավաքել․ կեսը՝ ծառի տակ, կեսը արդեն զորամաս էին հասել․․․»– ասաց ամբաստանյալը՝ պնդելով՝ եթե մարտակարգի կոպիտ խախտում ես թույլ տալիս, անձնակազմին համակարգելն այլեւս դժվար է լինում։
Ըստ Վահանյանի՝ ինչքան տեղ եղել է, այդքան վիրավորի հանել է
Վահանյանն անդրադարձավ նաեւ հոկտեմբերի 2-ին Նյուզգար կոչվող տեղամասում վիրավորների դրվագին։ Մի շարք վկաներ դատարանում հայտարարել են, որ երբ Վահանյանը շտապօգնության մեքենայով եկել է, անգամ չի բարեհաճել մեքենայից իջնել, մի քանի վիրավորի է վերցրել եւ մյուսներին թողնելով՝ հեռացել։ Վահանյանը, սակայն, հակադարձեց՝ ասելով՝ այդքանն է ստացվել այդ իրավիճակում․ «Տեղանքում ես եմ եղել, ես գիտեմ՝ կրակների տակ մեքենաները ոնց են մտել․․․ Ինչքան տեղ եղել է, այդքան մարդ նստել է․ ըստ վիրավորման աստիճանի՝ 9 հոգի․․․ Եվ ես իջել եմ մեքենայից, պարտադիր չէ՝ ամեն նստողի հետ իջնես, կարող է մեկի հետ չես իջել, դա էլ ֆիքսել են»,– ասաց նա։
Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ ինչպե՞ս կբացատրի, որ 7-8 հոգի ստում են, իսկ ինքը ճիշտ է ասում, ամբաստանյալը դժվարացավ հստակ պատասխանել, ասաց՝ դրսից խոչընդոտում են, նրանք էլ գալիս, սուտ են ասում։
Գումարտակին խնդիր է տրվել սարում ոչ թե մարտի մեջ մտնելու, այլ բնագիծ զբաղեցնելու
Հոկտեմբերի 8-ի մոտակայքում, երբ սպայակազմի փոփոխություն է տեղի ունեցել, Գարիկ Վարդերեսյանն ազատվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պաշտոնից, Վահանյանը՝ նշանակվել նրա փոխարեն․ «Որ ես նշանակվել եմ, հարցը սենց է եղել․ էդ անձնակազմը չի կարող մտնել մարտի մեջ, դրա համար են ինձ նշանակել, թե չէ էդտեղ ոչ մեկն էլ չէր գա, երկու օրվա համար ոչ մի հրամանատար․․․ Իրականում սպայական անձնակազմ էլ չկար, էդ անձնակազմի հետ չէինք կարող մարտի մտնել, որովհետեւ ունեցել ենք բազմաթիվ զոհեր, վիրավորներ․․․ Ընդհանուր խնդիրը եղել է բնագծի զբաղեցում, դիրք չի եղել էդտեղ, չէր էլ կարող լինել, որովհետեւ էդտեղ Բալուջայի ռազվետկայի վարժանքների տեղն էր»,– նշեց նա։
Վահանյանը հատուկ ընդգծեց՝ իր ենթակայության տակ ոչ թե 300 անձ է եղել, ինչպես ողջ ընթացքում է նշվել, այլ 90․ «Ես ամբողջ դատավարությունը ուշադիր լսել եւ հետեւել եմ, ասվում է 300-350 հոգի։ Նախ էդքան թիվ չկա, Խուռհատ սար բարձրացել է 90 հոգի․ 4 մեքենա՝ 2 «Ուրալ», 2 «Կամազ»։ «Կամազ»-ների մեջ՝ 25-25, «Ուրալ»–ների մեջ՝ 20-20 հոգի։ Ես մեքենաների ավագներին էլ կարող եմ նշել․․․ Ու ավելացնել, որ վարորդները մեր ստորաբաժանման զինվորները չեն եղել, որովհետեւ մենք ունեինք տեխնիկայի խնդիր՝ շարքից դուրս եկած, Կիրովականի տեխնիկաներից կային՝«Կամազ», «Ուրալ», տարբեր ստորաբաժանումներից կցել էին, որ բարձրացնեին»։
Նրա խոսքով՝ սարում իրենք դիրքավորվել են ձախից, իրենց կողքին եղել է 3-րդ գումարտակը, հետո՝ մեկումեջ հետախուզությունը, ապա՝ Վանաձորի գունդը, ապա՝ Ստեփանակերտի ոստիկանները։ Ըստ նրա՝ այդ բոլորը միասին կարող էին 350, անգամ 400-ի հասնել, բայց այդ բոլորը իր ենթակայության տակ չեն եղել։
Բուն մարտի եւ այդ ընթացքում տված հրամանների մասին ամբաստանյալը մանրամասն ոչինչ չասաց, նշեց միայն՝ այնպիսի հրետակոծության են ենթարկվել, որ ստորաբաժանումը խառնվել է իրար, անկառավարելի է եղել։ Այդ ժամանակ էլ հենց, իր խոսքով, վիրավորվել է․ «7 հոգու հետ ենք իջել, ինձ օգնել են, նստեցրել են «Կամազ», զինվոր է թեւիցս քաշ տվել, հարցաքննությունների ժամանակ ես շատ բան չասացի, դե, հիմա ես եմ մեղադրյալ, ես եմ փակված, իմ հերթն էլ էր գալու, բայց դե, տենց չի էլի, սուտ ասելով բան չի լինում»,– վրդովված ասաց նա։
Ամբաստանյալը պնդեց՝ նախքան հեռանալը ռադիոկապը փոխանցել է վաշտի հրամանատարներից Հայկազ Գրիգորյանին, վերադասությանն էլ տեղեկացրել է իր վիրավորման մասին։ Խոսելով զենք–զինամթերքի մասին՝ Վահանյանն ասաց՝ հրաձգային ստորաբաժանմանը ինչ հասանելի եղել է, ունեցել են․
«Զորամասի հրամանատարի հետ վերջին կապը եղել է, որ V82 (ռադիոկապի տեսակն է,–հեղ․) տրվել է Հայկազի ձեռքը, ուղղությունն էլ նշվել է։ Որ տենց չլիներ, Հայկազն էնտեղից չէր կարող դուրս գալ։ Ուղղությունը նշվել է, Հայկազը դուրս է եկել։ Հադրութի գլխին՝ գազի զապրավկայի վերեւը, անիվներ են վառվել, որ Հայկազի հետ քայլող անձնակազմը էդ ուղղությամբ դուրս գա, ու տենց էլ դուրս է եկել, V82-ով կապի մեջ է եղել զորամասի հրամանատարի հետ, էդ է եղել ռեալ իրավիճակը»,– պատմեց ամբաստանյալը։
Նա նկարագրեց նաեւ, թե իր տեղեկություններով՝ ինչպես է նահանջելիս զորքը կիսվել։ Այդ տեղեկությունները, նրա խոսքով, իրեն հայտնել են զորամասի հրամանատար Արթուր Քարամյանն ու վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը․
«Որ ինձ հասցնում են հոսպիտալ, Հայկազի հետ կապի եմ դուրս գալիս, ասում է՝ զորամասի հրամանատարի հետ կապի ենք դուրս եկել, ասել է՝ մի խումբ կա, որ ասում է՝ Հադրութով քյասար գնում ենք, մեկ էլ իմացանք, որ էդ խումբն է, գնում, մոլորվում է․․․ էդտեղ տարաձայնություն է եղել, զորամասի հրամանատարն ասում է՝ սենց գնում եք, ուղղությունը մինչեւ մեր դուրս գալն էլ է նշվել, որ գալու են, ծխի մոտով գան, դուրս գան․․․ Հովհաննեսը, պայմանագրային քեռին եւ 3-րդ վաշտի սերժանտը՝ Հարութը․․․ Ասում եմ՝ բա ո՞նց գնացին, ասացին՝ Հարութը պապայի հետ է խոսել, քյասար ճամփով գնում են․․․ Ու ես բառացի ասում եմ՝ Հարութը հոր հետ է խոսում, հերը՝ բա սենց իջնում ես, տեղանքի տղա ես, Հադրութով գալիս, իջնում եք, ձեր հրամանատարների հետեւից չընկնեք, էդտեղ է լինում խնդիրը»,– ասաց Վահանյանը՝ հերքելով դատարանում հնչած այն ցուցմունքները, թե արկ է ընկել, եւ զորքը բաժանվել է երկու մասի կամ մի մասը սպասել է, որպեսզի մյուսները գնան 3-րդ գումարտակին տեսնելու․ «Ես զորամասի հրամանատարին զանգում եմ հոսպիտալից, ասում եմ՝ գիտե՞ս, որ սենց խնդիր կա, ասում է՝ հերն ու Վարդերեսյանը սխալ ուղղություն են տվել, իրենք էլ գնալու են, հանեն»,– նշեց Վահանյանը։
Վերջինիս խոսքով՝ եթե ինքը վատը լիներ՝ չէին նշանակի, վատը լիներ՝ 19 տարվա ծառայության մեջ մի բան եղած կլիներ․ «Սաղ էլ գիտեին, որ էդ ստորաբաժանումը չի կարող մտնել մարտի մեջ, խի՞ էին հանում․․․ Որ հրաման չկատարեիր, ավտոները չհելնեին, էլի գալու էի, դատարանի առաջ կանգնեի․․․ Հիմա խնդիրը կատարած է, էլի դատարանի առաջ եմ կանգնած․․․ է որ լավ լինեի, կմնայի, արահետով դուրս կգայի, էլ փախչելու իմաստը ո՞րն է, փախչելու լինեի՝ հոսպիտալ չէի գնա, փախած մարդը հոսպիտալ չի գնում, ոչ էլ գնում է նախարարություն ներկայանում կամ բարձր պաշտոնյաների հետ նստում, քարտեզի վրա է աշխատում»։
Ամբաստանյալի կարծիքով՝ փորձագետի եզրակացության մեջ սխալ կա
Հարցաքննության ընթացքում քննարկման առարկա դարձավ նաեւ Վահանյանի վիրավորման հանգամանքը։ Վահանյանը հայտնեց, որ ինքն առաջին անգամ վիրավորվել է սեպտեմբերի 29-ին, սակայն այն վիճակում չի եղել, որ հոսպիտալ գնա, երկրորդ վիրավորումն արդեն հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում է ստացել, դա էլ պատճառ է հանդիսացել, որ սարից վիրավորների հետ մեկնի հոսպիտալ․ «Ես հո 18 տարեկան չեմ, որ հելնեմ, սուտ բան խոսեմ»,– ասաց նա։
–Սուտ ես ասում, դու ամսի 10-ին չես վիրավորվել,–լսվեց դահլիճից։
Վահանյանը շարունակեց․ «Ամսի 10-ին ես արդեն շարժվել չէի կարողանում, թուլացած էի, ու դա իմացել է ե՛ւ զորամասի հրամանատարը, եւ դիվիզիայի, դա չես կարող թաքուն պահել, չի լինում տենց բան ո՛չ խաղաղ պայմաններում, ոչ էլ, ձեռ է տալիս՝ ասեն՝ թողեց, գնաց»։
Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մեջբերումներ արեց փորձագետի եզրակացությունից․ «Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Ձեր մարմնի հետազոտությամբ հայտնաբերվել է սպի 1․5*1 սմ չափերի սպի, որը տեղակայված է եղել աջ ազդրի վերին երրորդական դրսային մակերեսին, սա, Ձեր նշած, հոկտեմբերի 10-ի վիրավորումն է, ինչպես նաեւ նույնանման 2․7*1 սմ չափերով սպի, որը տեղակայված է աջ գոտկային հատվածում, սա՝ սեպտեմբերի 29-ի․․․ Սպիների չափերի վերլուծությունից պարզ է դառնում, որ սեպտեմբերի 29–ին, երբ մնացել եք դիրքերում եւ շարունակել եք, ստացել եք նույնանման, սակայն ավելի մեծ չափերի վնասվածք, քան Խուռհատ սարում տեղակայված մարտերի ժամանակ»։
Իշխան Վահանյանը, սակայն, չընդունեց սա, նախ ասաց՝ եզրակացության մեջ սխալ է գրված, ապա փորձեց բացատրել՝ առաջին վերքը չափերով երկար էր, բայց Խուռհատ սարի վերքը կլոր եւ խորն է եղել։ Մեղադրողն ընդգծեց՝ ամեն դեպքում, նույնանման են, երկուսն էլ՝ թեթեւ։
Մեղադրողը հիշեցրեց նաեւ, որ Գարիկ Վարդերեսյանը պնդում էր, որ Վահանյանն աջ ազդրի վնասվածքը միանշանակ ստացել է սեպտեմբերի 29-ին՝ հրամանատարական կետում տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ, այլ ոչ թե Խուռհատ սարում․
–Ո՞նց կպարզաբանեք,–հարցրեց նա։
–Խի՞ պիտի չասի, մարտակարգի կոպիտ խախտում է թույլ տվել, իր գլխին էլ լիքը բան կա։
–Որ հարցաքննվում էր, ինչո՞ւ այդ ժամանակ չբարձրաձայնեցիք։
–էդ ժամանակն էլ կգա, ինքն էլ կգա, կնստի սենց, կասեմ։ Ես ասում եմ՝ սուտ ասելու ոչ մի բան չունեմ, փակվածը ես եմ։
–Ընդհանուր առմամբ, մեզ մոտ կամ անաչառ այլ դիտորդի մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ երբ վտանգ եք ստացել, փորձել եք Ձեր կյանքը հետ պահել։
–Սխալ տպավորություն է ստեղծվում, էդքանը որ ուզենայի անել, էնտեղ չէի հասնի, ոչ էլ արձակուրդից հետ կգայի․․․ Բան կա, որ դատարանում ասում են, բան կա՝ չեն ասում, բան կա՝ ասելու է, բան կա՝ ասելու չէ, մարդիկ պիտի ասեն, որ իրենց վրայից գցեն․․․Ես պարզ ասեմ՝ 2 տարուց ավելի նստած եմ, խոչընդոտող մարդը ամեն տեղից էլ կարող է խոչընդոտ հանդիսանալ, բայց փակված մարդուն հարյուր տոկոս դա ձեռք չի տալու։ Այսօր դրսից են ավելի խոչընդոտ հանդիսանում, որ մարդը փակի տակ մնա, որովհետեւ որ հելնեմ, գնալու եմ Քննչական՝ ասեմ՝ եկել եմ՝ մի բան էլ ես ասեմ, ու ես կարող եմ դա անել, բայց ոչ էլ այդ ցանկությունը ունեմ, ոչ էլ նպատակը․․․ Այս պատերազմը ոչ Իշխանով է սկսել, ոչ Իշխանով է ավարտվել, եթե դատվեն, պիտի ծայրից ծայր դատվեն, ծնողներին էլ թող պարզ լինի»,– ասաց նա։
Հարցաքննությունը կշարունակվի մայիսի 29-ին։
Լուսանկարները՝ Ինֆոքոմի
Միլենա Խաչիկյան
comment.count (0)