Դուք Թուրքիային ու Ադրբեջանին մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան |tert.am|
11:24 - 14 նոյեմբերի, 2024

Դուք Թուրքիային ու Ադրբեջանին մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան |tert.am|

tert.am: Քանի օր է շատ է խոսվում իրական ու պատմական Հայաստանի մասին, եկեք խոսենք իրական Հայաստանի մասին: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«2025թ-ի պետական բյուջեով նախագահի աշխատակազմին տրամադրվում է  1մլրդ 658 մլն դրամ, վարչապետի աշխատակազմին՝ 24 մլրդ 365 մլն դրամ: Սիրելի քաղաքացիներ, սա նշանակում է, որ դուք ունեք ամենաթանկ վարձատրվող մշակույթ գործիչը՝ դաշնակահար, որը մեկ-մեկ շնորհավորական բացիկներ է գրում իր համար, դուք ամեն օր վճարում եք 11.000 դոլար:

Հետաքրքրական է, որ 2018թ-ին նախագահի ու վարչապետի աշխատակազմերի համատեղ  բյուջեն 8 միլիարդի կարգի է, այսինքն 4 անգամ ավելացվել է: Ու սա արել է մի քաղաքական ուժ, որը փակել է Սփյուռքի ու Գյուղատնտեսության նախարարությունները օպտիմալացման նպատակով: Այնպես են օպտիմալացրել, որ ծախսերը 8 անգամ աճել են»,- ասել է նա:

Խոսելով «Իրական Հայաստան»-ի կոնցեպտի մասին, Վարդանյանն ասաց. «Ենթադրենք Երևանի բնակիչն առավոտյան լսել է կառավարության նիստը, իմացել է, որ գույքահարկն ու տրանսպորտի ուղեվարձը թանկանում են, դուրս է գալիս փողոց քայլելու, տեսնում է սրճարանում 10 թիկնապահ իրեն են նայում, պարզվում է Ալեն Սիմոնյանը դուրս է եկել զբոսանքի, զզված գնում է համալիրի կողմերը, տեսնում է 10 մեքենա, 30 թիկանապահ, պարզվում է Աննա Հակոբյանը ընթրիքի է: Որոշում է գնալ մարզեր, Սևանի կողմ, մեքենան կանգնեցնում են մի կես ժամ, պարզվում է  Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է քշում, այսպիսի իրական Հայաստանի պատկեր ունենք:

Իրական Հայաստանի դեմքն այն է, որ 2018-2022թ-ին հանցագործությունների աճը կազմել է 66 տոկոս, ձեզանից առաջ 5 տարում դա ընդամենը 11 տոկոս է եղել, թմրանյութերի հետ կապված հանցագործություններն աճել են 140 տոկոսով, այդպիսի ցուցանիշ ես չգիտեմ որևէ այլ երկրում կա՞:

Էլ չեմ խոսում ծանր հանցագործությունների մասին, օրումեջ մեր երկրում զենքի գործադրմամբ հանցագործություն է տեղի ունենում, ու ձեր ոստիկանությունը թռուցիկ բաժանող երիտասարդներին է  բռնում, տանում»:

Վարդանայնը նշեց, որ իրական ու պամական Հայաստանի մասին բանավեճը կեղծ է:

«Նիկոլ Փաշինյան, դուք չեք կարող նշել մեկ ադեկվատ քաղաքական գործչի, որը երբևէ հակադրել է այս երկուսը, ասել է մենք պետք է գնանք Կարսի պաշտպանությամբ զբաղվենք, կամ Երևանը թողնենք ու այնպես անենք, որ Վանում հայեր ապրեն, չկա նման բանավեճ:

Սոցիալական հարցումներից պարզ է դառնում, որ մեր ժողովրդի մեծ մասը շարունակում է Թուրքիայից վտանգ զգալ, այստեղ միակ քննարկման առարկան հետևյալն է՝ արդյոք Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են սպառնալիք ներկայացնել Հայաստանի համար, թե ոչ, ու ինչ ենք անում մենք այդ սպառնալիքին դիմագրավելու համար: Դուք պարզապես Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեզ անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստան անիրատեսական տերմինի ներքո: Մենք ասում ենք՝ աշխարհում մի պետություն կա, որ մեր ազգին ցեղասպանել է, դա Թուրքիան է, և մի պետություն կա, որը հարձակվել է  Արցախի վրա, դա Ադրբեջանն է:

Միակ առաջարկը, որ դուք անում եք սրան հանդիման այն է, որ  մենք  այս երկու պետությունների պահաջներն իրականացնելուց բացի, այլընտրանք չունենք: Սա է ձեր իրական Հայաստանը, որը կներեք այլանդակ տեսք ունի»- ասաց Վարդանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել