1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2025 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ նաև ապապետականության և ապաինստիտուցիոնալության մեր հաջորդ դրսևորմանը «փող» հասկացության վերաբերյալ և դրա նկատմամբ մեր սոցիալ-վերաբերմունքին և սոցիալ-հոգեբանությանը:
«Փողի նկատմամբ մեր վերաբերմունքն էլ է ապապետական, որովհետև նրան երբեմն վերաբերվում ենք որպես արգահատանքի արժանի մի բան, երբեմն էլ՝ որպես պաշտամունքի առարկա»,- նշեց վարչապետը՝ հավելելով՝ մինչդեռ փողը, եթե դիտարկենք պետության տեսակետից, կառավարման գործիք է:
Վարչապետի խոսքով՝ որպեսզի իր ասածը չընկալվի որպես փողի պաշտամունք և շահարկումների առիթ չկա, մեջբերեց Ղուկասի Ավետարանի 16-րդ գլխի 9-րդ համարը «Դրամի խելացի օգտագործումը» վերնագրի ներքո. «Եվ ձեզ ասում եմ՝ անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք»:
«Սա շատ խոր միտք է, և մեր քննարկումների համատեքստում մի շատ կարևոր հանգամանք կա: Ասում է՝ փողից ձեզ բարեկամներ արեք: Տեսեք՝ մենք խոսում ենք Հայաստանի բարեկամների մասին, ով է մեր բարեկամը: Ես ձեզ կարող եմ ասել, որ մեր խնդիրը պետք է լինի փողից բարեկամ դարձնելը, ինչպես Ավետարանը մեզ բոլորիս հորդորում է:
Այս ամենն ասում եմ մի պարզ պատճառով՝ եթե մենք ասում ենք՝ ուզում ենք ուժեղ պետություն ունենալ, պիտի բոլորս միասին, որպես ժողովուրդ, որպես քաղաքացի, հնարավորինս շատ փող աշխատենք, հնարավորինս մեծ եկամուտներ գեներացնենք և հարստացնենք մեր համընդհանուր ընտանեկան բյուջեն, այսինքն՝ մեր պետական բյուջեն հարկերի միջոցով»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ խոսքն օրինական ճանապարհով վաստակած փողի մասին է:
Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ այդ առումով շատ համակարգային խնդիրներ ունենք, որից մեկն էլ մեր Հարկային օրենսգիրքն է:
«Այն Հարկային օրենսգիրքը, որ ունենք, ապապետական է: Իմ փաստարկն այն է, որ մեր Հարկային օրենսգիրքը չի խրախուսում զարգացումը, չի խրախուսում ավելի շատ փող աշխատելը»,- ընդգծեց նա։
Վարչապետի խոսքով՝ մենք պետք է ունենանք նոր Հարկային օրենսգիրք, որը համապատասխանում է ՀՀ պետական շահերին:
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)