ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան |tert.am|
13:52 - 15 նոյեմբերի, 2024

ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան |tert.am|

tert.am: Երեկ կամ նախորդ օրը Ազգային ժողովում խոսք գնաց, ինչն ինձ համար շատ զարմանալի էր, որ Կիրանցի հատվածից անասունները սահմանն անցնում են: Այս մասին կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ճիշտն ասած, ես լավ չհասկացա, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ, կամ դա կարող է տեղի ունենալ միայն սահմանի այն հատվածում, որը դեռ այդ սահմանային ենթակառուցվածքով կահավորված չէ: Պարո՛ն մարզպետ, սրա հետ կապված ի՞նչ ինֆորմացիա կարող եք ասել, այսինքն՝ այդտեղ ինչ-որ խնդիր կա՞, խնդիր է ծագե՞լ կամ ծագո՞ւմ է այնտեղ»,- ասաց նա։

 

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նշեց, որ սահմանազատումից հետո մինչև սահմանի վերջնական կահավորումը, այսինքն՝ փշալարի անցկացումը, մի քանի նմանատիպ դեպք ենք ունեցել, և բոլոր դեպքերում խոշոր եղջերավոր կենդանիները վերադարձվել են:

 

«Սա ժողովրդի կողմից ուշադրության կենտրոնում չի, որովհետև բոլոր դեպքերը դրական լուծում են ստացել»,- ասաց նա։

Փաշինյանը միջամտեց՝ ասելով, այսինքն՝ դեպքը տեղի է ունեցել, դրական լուծո՞ւմ է ստացել, դա լավ պատասխան չէ։

«Այսինքն՝ ո՞նց կարող է կենդանին փշալարի վրայով անցնել»,- հետարքրքվեց վարչապետը:

Մարզպետը նշեց, որ դեպքերը մինչև փշալար անցկացնելն են գրանցվել:

Փաշինյանն էլ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվեց՝ կահավորման աշխատանքներն ի՞նչ փուլում են, արդյոք դեռ ընթացքի մեջ են:

«Պարո՛ն վարչապետ, կահավորման աշխատանքներն ընթացքի մեջ են, վերջնական չենք ավարտել, իսկ այդ անասունների անցումը տեղի է ունեցել մինչև փշալարերի տեղադրելու պահը։ Դրանից հետո որևէ դեպք չենք ունեցել»,- ասաց Աբազյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել