ՔՊ խմբակցությունում խնդիր չեն տեսնում ԲԴԽ նախագահի հրաժարականի մեջ
12:30 - 18 նոյեմբերի, 2024

ՔՊ խմբակցությունում խնդիր չեն տեսնում ԲԴԽ նախագահի հրաժարականի մեջ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում խնդիր չեն տեսնում ԲԴԽ նախագահի հրաժարականի մեջ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնեցին Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը:

Ճեպազրույցի ժամանակ Factor.am-ի լրագրողի հարցին, թե խնդրահարույց չէ՞, արդյոք չի՞ նշանակում, որ օրենսդիրից ճնշում կա անկախ մարմնի վրա, որ «վարչապետի հայտարարությունից հետո անկախ մարմին համարվող ԲԴԽ նախագահն է ստատուս գրում, որ սկանդալներից հեռու մնալու համար հրաժարական է տալիս», Վահագն Ալեքսանյանը պատասխանեց.

«Վարչապետի ելույթը հայեցակարգային էր իր բնույթով, և ես կարծում եմ՝ անկախ մարմինների ղեկավարները իրենք են հետևություններ արել այդ ելույթից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ելույթը առնվազն շատ ծանրակշիռ հիմքեր ուներ: Առնվազն նաև տեսանելի էր հանրության շատ լայն շերտերի համաձանությունը վարչապետի այդ ելույթի հետ, և շատ տրամաբանական էր, որ մի շարք պաշտոնյաների պիտի հենց իրենք հետևություն անեին այդ ելույթից»:

Կոնջորյանն էլ կարծիք հայտնեց, որ որևէ ճնշման մասին խոսք չկա: 

«Վարչապետը հստակ և խիստ գնահատականներ է տալիս իրավապահ, դատաիրավական համակարգի վերաբերյալ, և շատ նբորմալ է, որ վարչապետի գնահատականներին պիտի լինեն արձագանքներ: Եվ այս դեպքում արձագանքներ են եղել նաև հրաժարականների տեսքով: Կարծում եմ՝ սա ևս շատ կարևոր գնահատական է»,- հավելեց նա:

Հայկ Կոնջորյանի խոսքով ժողովրդավարական երկրներում հրապարակային քաղաքականության մեջ շատ նորմալ է, որ լինեն հայտարարություններ, դրանց լինեն արձագանքներ. «Եվ ես կարծում եմ՝ բոլորս արդեն համոզվել ենք, որ նման հարցերում ճնշումների կոմպոնենտ չկա: կա հակառակը երբեմն հավելյալ ոմանք ասում են չափից ավելի մեծ թափանցիկություն ու հաշվետվողականություն, բայց ես կարծում եմ, որ այն չափից շատ չի լինում:

Ամեն ինչ տեղի է ունեցել ձեր աչքի առջև, և որևէ խնդիր չեմ տեսնում»,- եզրափակեց ՔՊ խմբակցության պատգամավորը:

Նշենք, որ ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն  ազատման դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Հրաժարականների դիմումներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել