Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ևս հայտնում է աշխատանքից ազատման դիմում գրելու և նախարարի պաշտոնը թողնելու մասին: Այս մասին նա հայտնել է ֆեյբուքյան իր էջում։
«Հարգելի գործընկերներ, սիրելի բարեկամներ
Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել և թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։
Իմ պաշտոնավարման 3-ից ավել տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով։ Բացի բուն աշխատանքը՝ գրեթե ամենօրյա ռեժիմով բախվել ենք չնախատեսված, չպլանավորված և հրատապ լուծում պահանջող խնդիրների։
Նոր ճանապարհների կառուցում, ԼՂ-ից բռնի տեղահանում, ջրհեղեղ։ Եվ սա միայն ամենախոշոր մարտահրավերներն եմ թվարկում։
Չի եղել աշխատաքային շաբաթ, որ որևէ մարզում չլինեմ։
Անձամբ հետևել եմ համայնքային կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերին, նոր ենթակառուցվածքների կառուցման և բարեկարգման գործընթացներին՝ լինի դա ենթակայան, ջրագիծ, ճանապարհ, մանկապարտեզի շինարարություն և այլն։
Այս շարքը կարելի է շատ երկար թվարկել։
Կառավարության ջանքերով, համատեղ ու թիմային աշխատանքի արդյունքում պատվով հաղթահարել և լուծել ենք առաջ եկած խնդիրները։ Վստահաբար շատ խնդիրներ դեռ լուծում են պահանջում, դեռ շատ անելիքներ կան թեկուզ միայն վերը թվարկված մարտահրավերների ուղղությամբ։
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և հնարավորության համար, փոխվարչապետերին, գործընկեր նախարարներին, վարչապետի աշխատակազմին, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներին, ենթակա մարմիններին, մարզպետներին, ՏԻՄ ղեկավարներին, միջազգային ու տեղական գործընկերներին և իմ մեծ թիմին՝ ՏԿԵՆ աշխատակազմին, առանց որոնց անհնար էր այս մեծ ծավալի աշխատանքն իրականություն դարձնել։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների համակարգը շատ բարդ է, աշխատանքի ծավալը՝ ահռելի։
Այս 3 տարիների ընթացքում աշխատել եմ ուժերի գերլարումով՝ ի նպաստ մեր պետության և ժողովրդի։
Լիահույս եմ, որ նախարարության համակարգման ներքո գտնվող կարևորագույն ոլորտներն այսուհետ էլ կկառավարվեն նույնքան սրտացավորեն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։
Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ»,- գրել է նա իր ուղերձում:
Նշենք, որ ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն ազատման դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Հրաժարականների դիմումներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է վարչապետը։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պաշտոնանկությունները դիտարկում է նախընտրական տրամաբանությունների ներքո, իսկ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները նշում են, որ պաշտոնանկությունները ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ վարչապետի խոսքին և դժգոհություններին:
comment.count (0)