Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. ՔՊ-ական պատգամավոր |tert.am|
12:47 - 18 նոյեմբերի, 2024

Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. ՔՊ-ական պատգամավոր |tert.am|

tert.am:  Դուք գիտեք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում հարուցված կարգապահական վարույթ կա այս հարցի վերաբերյալ, որը դեռ ծագել էր խորհրդարանական լսումներից հետո, և այդ վարույթը պիտի քննարկվի, և քննարկման արդյունքում արդեն հետևանքների և որոշումների մասին պատշաճ կերպով կծանուցենք նաև ձեզ:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր դնելու մասին լուրերին:

Ճշտող հարցին՝ այսինքն չի՞ բացառվում, որ Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը դնեն իրենց մանդատները, ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյանը պատասխանեց, որ կա հարուցված կարգապահական վարույթ, որը, բնականաբար, կունենա հետևանքներ:

«Կարգապահական վարույթի հարուցումն ինքնին նշանակում է, որ կա այդ վարույթը հարուցելու համար առնվազն բավարար հիմք, իսկ թե ինչ հետևանքներ կլինեն, դրա մասին արդեն լրացուցիչ կծանոթանաք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում էին լուրեր, որ Հովիկ Աղազարյանը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը։ Վերջինս, սակայն, հերքել էր։ Ըստ լուրերի՝ պատգամավորական մանդատը վայր կդնի նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որը դեռևս չի մեկնաբանել լուրը։ 

Նշենք, որ ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն  ազատման դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Հրաժարականների դիմումներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է վարչապետը։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանըպաշտոնանկությունները դիտարկում է նախընտրական տրամաբանությունների ներքո, իսկ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները նշում են, որ պաշտոնանկությունները ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ վարչապետի խոսքին և դժգոհություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել