azatutyun.am: Իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին երեկ Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննել են Քննչական կոմիտեի նախկին ղեկավարի հետ միջադեպի գործով։ Նրան գրեթե հինգ ժամ հարցաքննել են, ապա հեռախոսը առգրավել։
«Մի ժամից մի քիչ ավելի տևեց հեռախոսի առգրավման պրոցեսը», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Շաբաթներ առաջ Արգիշտի Քյարամյանն Աղազարյանի հետ վիճաբանության ժամանակ Ազգային ժողովում հայտարարել էր, թե նա միջամտել է որդու առնչությամբ հարուցված քրեական գործին։ Այս հայտարարությունից հետո վարույթ հարուցվեց։ Հակակոռուպցիոն կոմիտեն փորձում է պարզել՝ պատգամավորը չարաշահե՞լ է պաշտոնեական դիրքը, թե՞ ՔԿ արդեն նախկին ղեկավարը ստում էր։
«Ես պնդում եմ, որ իմ որդու հարցով չեմ դիմել Քյարամյանին», - հայտարարեց իշխանական պատգամավորը։
Այդ դեպքում ինչի հիման վրա էր Քննչականի ղեկավարը խորհրդարանում հրապարակային այդպիսի մեղադրանք հնչեցնում, և ի՞նչ պարզվեց երեկ. Հովիկ Ազարյանը միայն նշեց՝ հարցաքննության մանրամասները ներկայացնելն անթույլատրելի է։
Նա շարունակում է պնդել, թե իր որդուն առնչվող գործի հարուցումից հետո ոչ մեկին չի դիմել։ Իսկ մամուլում լուրեր կան, որ նա Քյարամյանի տեղակալ Արսեն Այվազյանին է դիմել։ Իշխանական պատգամավորը Այվազյանի հետ զրուցելու փաստը չհերքեց, բայց չցանկացավ նախաքննության փուլում բովանդակությունը գաղտնազերծել։
Մինչև նախաքննության ավարտն արդեն լուրեր կան, որ վարչապետ Փաշինյանը հորդորել է Աղազարյանին վայր դնել մանդատը։ Նա հերքում է, որ վերևից նման հորդոր է իջել։ Վստահեցրեց՝ թիմակիցներն էլ նման պահանջ չեն դրել։
Հովիկ Աղազարյանը հավելեց՝ մանդատից հրաժարվելու մտադրություն չունի, ասաց՝ պայքարելու է մինչև վերջ, որ ապացուցի իր անմեղությունը, իսկ դիմումն ինքնակամ կգրի, եթե ապացուցեն, որ չարաշահել է պաշտոնական դիրքը։ Հարցին՝ հնարավո՞ր է դատախազը գա իր հետևից, զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից, Աղազարյանը պատասխանեց. - «Ես դա ո՞նց կարող եմ բացառել, երբ դա նույնպես իրավական գործընթաց է»։
Պատգամավորի շաբաթը սկսվել ու ավարտվում է հարցաքննությամբ։ Շաբաթվա սկզբին էլ հարազատ կուսակցությունում էին կանչել հարցաքննության, Քյարամյանի հետ միջադեպով մի վարույթ էլ այստեղ կա։ Վաղն էլ մանր եղջերավորների գործով է դարձյալ Հակակոռուպցիոն կոմիտե գնալու։ Այստեղ հարուցված գործով էլ կասկած կա, թե ոչխարների բիզնես է հովանավորել։ Այս գործն էլ, ըստ նրա, ավարտական փուլում է, ինքը վկայի կարգավիճակում է։
comment.count (0)