Հակակոռուպցիոն դատարանում գրեթե մեկամսյա դադարից հետո այսօր շարունակվեց Քիմիկների զորամասի գործի քննությունը։ Դատակոչվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ Կապանի ռազմական ոստիկանության պետի՝ օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Արմեն Հովհաննիսյանը եւ «Սյունիք–Սովխոզ» խմբավորման անդամ Աշոտ Ղուկասյանը։ Վերջինիս հարցաքննությանը հերթ չհասավ, դատավարության մասնակիցները ժամեր շարունակ հարցեր հղեցին Արմեն Հովհաննիսյանին։ Նա, սակայն, դեպքի մանրամասներից շատ բան չէր հիշում կամ դժվարանում էր պատասխանել։
Քիմիկների զորքը, հիշեցնենք, 2020թ․ հոկտեմբերի 21-ին մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կիրի հանք տեղանք՝ «սանրում» գործողության։ Ստացվել է այնպես, սակայն, որ նշված վայրում՝ իջնելու փոխարեն զորախումբը խորացել է մինչեւ Զանգելան քաղաք, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը դեռ օրեր առաջ էր տեղադրել իր դրոշը եւ տեսանյութը հրապարակել համացանցում։ Արդյունքում, զինծառայողները ընկել են շրջափակման մեջ․ նրանցից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։
Կատարվածի համար մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Տուժողները կասկածում են՝ գուցե վկայի վրա ազդեցությո՞ւն է եղել
Պատերազմի ժամանակ Կապանի ռազմական ոստիկանության պետի՝ օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Արմեն Հովհաննիսյանի հարցաքննությունը սկսվել էր դեռ նախորդ նիստին։ Այդ ժամանակ նա պատմել էր, որ Քիմիկների հետ կատարվածից հետո ժամանել է ինքնապաշտպանական ջոկատի գնդապետ Արարատ Մանուչարյանը եւ ասել՝ իր տղաներից որեւէ մեկին տա, որպեսզի երեքով՝ իր վարորդի հետ միասին, գնան քիմիկների մոտ։ Հովհաննիսյանը որոշել է անձամբ գնալ։ Նպատակը, ըստ նրա, այն էր, որ Մանուչարյանը միանար զորքին, իսկ ինքը վարորդի հետ վերադառնար ոստիկանական հենակետ՝ թույլ չտալու, որ այլ անձինք գան, ինչը եւ եղել է։ Թե Մանուչարյանը միայնակ ինչու էր միանում կրակի տակ ընկած զորքին կամ ինչպես պետք է օգներ նրանց, դատավարության մասնակիցների համար անհասկանալի էր։
Այսօրվա ընթացքում քննարկվեցին քիմիկների զորքի՝ շրջափակման մեջ ընկնելուն հաջորդած այդ դեպքերը։
– Ո՞նց է ստացվել, որ հետ գալիս դուք չընկաք շրջափակման մեջ,– հարցրին տուժողների իրավահաջորդները։
– Ես հակառակորդ չեմ տեսել էն ճանապարհին, որով գնացել ենք,– պատասխանեց վկան։
– Բա հակառակորդը տղաների ավտոբուսները ո՞նց տեսավ․ ճանապարհը մեկն է,– վրդովվեց ծնողներից մեկը։
Այս հարցը, սակայն, մնաց անպատասխան։
Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ հետագայում ինքը խոսել է ինքնապաշտպանական ջոկատի գնդապետ Արարատ Մանուչարյանի հետ, սակայն նա էական ոչինչ չի հայտնել, ասել է, որ իրեն միացել է Վարդան Ալեքսանյանը (Կապանի ինքնապաշտպանական խորհրդի նախագահի 1-ին տեղակալն էր, նրա հարցաքննությունը՝ այստեղ), ապա միասին հետ են եկել, գնացել խմբավորման շտաբ՝ Մակարյանի մոտ։ Թե Ալեքսանյանին ինչպես է հաջողվել անվնաս անցնել այդ ճանապարհով կամ նա ինչ նպատակով էր միացել Մանուչարյանին, դարձյալ պարզ չէ։
Ծնողների հարցին՝ շրջափակման մեջ մնացած զորքին հետագայում օգնելու մեկնե՞լ են, վկան դրական պատասխանեց՝ նշելով, որ մանրամասներին տեղյակ չէ։
– Սերյոժա Գեւորգյանը օգնության գնացե՞լ է։
– Չգիտեմ։ Ստորաբաժանում օգնության գնացել է, բայց ինչ է եղել, երբ է եղել՝ ես չգիտեմ, չեմ հիշում։
– Օգնեցի՞ն․ երբ հետ եկան, ձեր մոտով են անցել։
Այս հարցի պատասխանը, սակայն, եւս վկան չուներ։ Նա չհիշեց նաեւ, թե առաջին խորհրդակցությանը, որի մասին նախորդ ցուցմունքում նշել էր, ինչ խնդիրներ են դրվել, նշեց միայն՝ ներկայացվել են հրամանատարները, նշվել հաստիքները։
– Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ եք ասում․ պատերազմ է, բոլորին հավաքում են, պաշտոնները թվարկում, ասում՝ վե՞րջ, գնացե՞ք,– վրդովվեց պաշտպաններից Ամրամ Մակինյանը։
Վկայի անորոշ պատասխանները զայրացրին դահլիճում գտնվողներին, որոնք կասկած հայտնեցին՝ գուցե վկայի վրա ազդեցությո՞ւն է եղել։ Դատավորը հարցն ուղղեց վկային․
– Ինչ–որ ազդեցություն եղե՞լ է Ձեզ վրա։
– Ոչ, չի եղել, ես ոչ մեկին չեմ հանդիպել, ոչ մեկը ինձ նման բան չի ասել,– պնդեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պարզապես ժամանակ է անցել, հիմա շատ բան չի հիշում։
– Դուք հաճա՞խ եք պատերազմի մասնակցում,– հարցրեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը՝ ակնարկելով, թե ինչպես կարող է նման դեպքը մոռանալ։ Ի պատասխան՝ վկան հայտնեց, որ մասնակցել է Արցախյան առաջին, Քառօրյա եւ 44-օրյա պատերազմներին։
Տուժող կողմը, փորձելով հասկանալ, թե վկան վարորդի եւ Մանուչարյանի հետ Զանգելանի ուղղությամբ գնալիս կոնկրետ ուր է հասել, հետաքրքրվեց՝ գերեզմանները տեսե՞լ են։ Վկան, սակայն, դժվարացավ հիշել։
– Եթե հասել են էդտեղ, ո՞նց կարող էին գերեզմանները չտեսնել, էդ դեպքը էդտեղ է եղել,– պնդեց տուժողներից մեկը՝ դիմելով Արսեն Աբգարյանին,– Չէ՞, Արսեն։
Մեղադրյալ Արսեն Աբգարյանը գլխով հաստատական նշան արեց։
Հարցեր հղեց նաեւ պաշտպանական կողմը
Վկա Արմեն Հովհաննիսյանին հարցեր հղեց նաեւ մեղադրյալ Արսեն Աբգարյանը՝ հետաքրքրվելով՝ եթե իրենց հրահանգել էին, որ զորքը իջնի, ոտքով գնա, ինչո՞ւ են իրենք ավտոբուսներին թույլ տվել անցնել․
– Ձեր պարտականությունը չէ՞ր կանգնեցնել, ճշտել՝ ինչո՞ւ են ավտոբուսներով գնում,– հարցրեց նա։
– Մտածել եմ՝ մարտական խնդրի փոփոխություն է եղել,– պատասխանեց վկան։
– Սակայն ի՞նչ տարբերություն, պարտավոր չէի՞ք կանգնեցրել, ճշտել։ Ինչո՞ւ չեք իրականացրել այդ խնդիրը (զորքի ժամանման պահին վկա Արմեն Հովհաննիսյանի հերթապահությունը ավարտված է եղել, հերթապահել է Զախար Մինասյանի խումբը,–հեղ․)։
– Վարդան Ալեքսանյանն ասել էր՝ զորքը գալու է, կանգնի, ոտքով գնա, բայց չի ասել՝ չթողնեք ավտոբուսներով գնա։ Իսկ երբ եկել են, արդեն Զախար Մինասյանի հերթափոխն էր,– կրկնեց վկան։
Պաշտպանական կողմի հարցին ի պատասխան՝ վկան ասաց նաեւ, որ Զախար Մինասյանին փոխանցել է Վարդան Ալեքսանյանի այդ հրահանգը, ասել, որ զորքը գալու է, իջնի, երթը ոտքով շարունակի դեպի Կիրի հանք։ Նախորդ նիստին, սակայն, հանրային մեղադրողի հարցին ի պատասխան ասել էր, թե ոտքով գնալու մասին չի նշել։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանը փորձեց ճշգրտել՝ ի վերջո ի՞նչ է ասել Մինասյանին․
– Որ զորքը գալու է մեքենաներով, պիտի իջնեն ու ոտքով գնան Կիրի հանք։
– Էդ դեպքում նախկին նիստին ինչո՞ւ էիք այլ բան ասում։
– Չէի հիշում,– պատասխանեց վկան։
Վկայի ցուցմունքներում առկա էին հակասություններ
Մեղադրող Նավասարդյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, երբ նա առերես հարցաքննվել է հիշյալ Զախար Մինասյանի հետ։ Նշենք՝ առերես հարցաքննությունը միաժամանակյա հարցաքննությունն է երկու այն անձանց, որոնց ցուցմունքներում առկա են էական հակասություններ։ Դատարանը միջնորդությունը բավարարեց։
Ցուցմունքի հրապարակումից պարզ դարձավ, որ քննիչի հարցին ի պատասխան՝ Զախար Մինասյանը հայտնել է, որ ինքը չի լսել, որ Վարդան Ալեքսանյանն ասել է՝ զորքը պիտի իջնի, ոտքով գնա Կիրի հանք․ «Եթե լսած լինեի, միջոցներ կձեռնարկեի, իսկ եթե ինչ–որ բան փոխված լիներ, մենք իրենց հետ կապ չենք ունեցել, մեզ չեն նախազգուշացրել»,– ընթերցեց մեղադրողը։
Նույն հարցաքննության ժամանակ վկա Արմեն Հովհաննիսյանն էլ ասել է․ «Նորից եմ կրկնում՝ ես Զախարին չեմ ասել, թե Վարդան Ալեքսանյանը ինչ է ասել, քանի որ մտածել եմ, թե Զախարը լսել է այդ մասին»։
Քննիչը հետաքրքրվել է՝ եթե Վարդան Ալեքսանյանը մինչ Զախար Մինասյանի իրենց մոտենալն է դա ասել, ապա ի՞նչ հիմքով է վկան ենթադրել, որ Զախարը լսել է․ «Այդ խոսակցության ընթացքում է Զախարը մեզ մոտեցել, դրա համար եմ ենթադրել։ Եթե իմանայի, որ չի լսել, կասեի։ Ավելացնեմ նաեւ, որ մեզ չի պարտադրվել մեքենաներին չթողնել անցնել․․․»,– ասել է Հովհաննիսյանը։
Ընթերցելով ցուցմունքը՝ Դավիթ Նավասարդյանը խնդրեց պարզաբանել այս հակասությունը․
– Նախաքննության ժամանակ ասածս եղել է ճիշտ, ավելի հստակ հիշելիս եմ եղել, հիմա հնարավոր է սխալվեմ, որովհետեւ շատ հանգամանքներ արդեն չեմ հիշում,– պնդեց վկա Արմեն Հովհաննիսյանը։
Ստացվում է՝ զուտ իր ենթադրության վրա հիմնվելով՝ վկա Արմեն Հովհաննիսյանը Զախար Մինասյանին հստակ չի փոխանցել ստացված հրամանը, ինչի արդյունքում էլ զորքի ժամանելու պահին Մինասյանը ըստ այդ հրամանի չի գործել։
Արմեն Հովհաննիսյանը ընդունում է, որ բացթողումներ են եղել
Մեղադրյալ Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հետաքրքրվեց՝ վկան կապի միջոց ունեցե՞լ է։ Հովհաննիսյանը հաստատապես նշեց բջջայինի մասին։ Պաշտպանի հարցին՝ արդյոք ավելի հեշտ չէ՞ր զանգել, Մանուչարյանին ասել՝ ճանապարհը փակ պահեն, ոչ թե վարորդի հետ ետ գնալ, վկան պատասխանեց, թե այդ պահին այդ մասին չի մտածել, ոչ մեկին չի զանգել։
Մակինյանը փորձեց նաեւ հասկանալ՝ ինչո՞ւ պետք է ինքը ուղեկցեր վարորդին․ եթե վարորդը մի ճանապարհով գնում է, չէ՞ր կարող նույն ճանապարհով հետ գալ։
– Մանուչարյանը խնդրեց, որ մարդ տամ, որ վարորդին հետ ուղեկցի, ես գնացի։ Թե ինչում էր դրա անհրաժեշտությունը, չեմ կարող ասել։
Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանն էլ բազմաթիվ հարցերից հետո հետաքրքրվեց՝ ի վերջո, այս ամենի արդյունքում կամ հետեւանքով թերացե՞լ եք Ձեր պարտականությունների մեջ։ Րոպեական լռությունից հետո վկան պատասխանեց․
– Բացթողումներ եղել են։
Այս պատասխանից հետո Դավիդյանը հայտարարությամբ հանդես եկավ․
– Ինչպես նախորդիվ հարցաքննված վկաները, նաեւ սույն նիստով հարցաքննվող վկան, միաձայն նշել են եւ ընդունել են, որ իրենք համարվել են զինվորական ծառայողներ, իրենց վրա դրված էին զինվորական կարգավիճակից բխող գործառույթներ, եւ նշել են, որ թերացել են իրենց ծառայության մեջ։ Հայտարարությունս հետեւյալն է․ հարգելի՛ ծնողներ, տվյալ անձինք ոչ թե պետք է հարցաքննվեին որպես վկա, այլ նախաքննության ընթացքում պետք է լինեին դատավարության մասնակից, որովհետեւ դատաքննության ընթացքում վկաներին առերես հարցաքննելու հնարավորություն չկա, եւ այստեղ արդարադատության իրականացման խնդիր է ծագում, որովհետեւ բոլոր վկաները տալիս են իրարամերժ ցուցմունքներ։
Պաշտպանի հայտարարությանը արձագանքեց հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը․
– Արսեն Աբգարյանին մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ մանրամասն նշված է, թե պաշտոնից բխող ինչ պարտականություններ նա ուներ, որտեղ է թերացել, ինչ է արել եւ նմանատիպ այլ հանգամանքներ։ Ինչ վերաբերում է մնացած անձանց թերացումներին, դրանց հետ կապված որեւիցե հիմնավոր հայտարարություն ես չլսեցի, ընդամենը հայտարարություն էր՝ կարծես թե միտված դատավարությանը ներկա մասնակիցներին Արսեն Աբգարյանի մեղադրանքից շեղելու։ Իսկ որ նշեց՝ բոլորը հանդիսացել են զինվորական ծառայողներ, այդ հանգամանքները հավաստվում են կոնկրետ ապացույցներով, կոնկրետ փաստաթղթերով, որոնք, եթե պաշտպանական կողմը ներկայացնի, կքննարկենք, մեր դիրքորոշումը կհայտնենք։
Նախագահող դատավոր Սարգիս Դադոյանն էլ ընդգծեց, որ գործը դատարանում քննվում է ըստ մեղադրանքի, եւ դրա սահմաններից դուրս այլ անձանց գործողություններին անդրադառնալու իրավասություն դատարանը չունի․ դա քննչական մարմինների իրավասության դաշտում է։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 16-ին՝ ժ․ 15։00-ին։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)