«Քիմիկների զորամաս»–ի քրեական գործ

«Քիմիկների զորամաս»–ի անվանումը ստացած քրեական գործը 2020 թ․ 44-օրյա պատերազմին առնչվող գործերից մեկն է, որի շրջանակում քննության առարկա են դարձել Արցախի Հանրապետության Կովսական քաղաքում ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի զինծառայողների 62 հոգանոց խմբի շրջափակման մեջ ընկնելու հանգամանքները:

Ըստ գործի նյութերի՝ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի՝ այդ ժամանակվա տեղակալ Անդրանիկ Մակարյանի հրամանով 62–հոգանոց անձնակազմը մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կովսական քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք եւ «Սանրում» գործողության կատարման եղանակով հայտնաբերել եւ ոչնչացնել հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Սակայն Մակարյանը ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման հարցը, եւ դրա, ինչպես նաեւ զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով խումբը «Կիրի հանք» հասնելու նպատակով Արցախի Հանրապետության Կովսականի շրջանի Կերեն գյուղի վարչական տարածքում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի զինծառայողների հետ բռնվել անհավասար մարտի:

5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։

Այժմ գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում իշխանության անգործության, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը՝ իշխանության անգործության եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ։ Ամբաստանյալի աթոռին են նաեւ այդ ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը, որ մեղադրվում է իշխանության անգործությանն օժանդակելու, եւ զորամասի համալրման բաժանմունքի՝ այդ ժամանակվա պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը, որ մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

«Ուղեկցողն ասաց՝ գիտի, թե ուր ենք գնում»․ հակասական ցուցմունքներ Քիմիկների գործով

«Ուղեկցողն ասաց՝ գիտի, թե ուր ենք գնում»․ հակասական ցուցմունքներ Քիմիկների գործով

2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորամասի անձնակազմի հետ մարտական առաջադրանքի մեկնած փոխգնդապետ Ռաֆայել Փնջոյանի խոսքով՝ ուղեկցող Արման Նուրիջանյանին ճանապարհին առնվազն չորս անգամ հարցրել է՝ գիտի՞, թե իրենց ուր է ուղեկցում, ինչին վերջինս դրական է պատասխանել, մինչեւ անգամ վրդովվել, թե՝ գիտեմ էլի, իմ ամեն օրվա ճանապարհն է․ «Ու ամեն պահ սպասում էի, որ հեսա կերեւա ոստիկանական հենակետը, կկանգնի»,- դատարանում նշեց նա։ Արման Նուրիջանյանը, սակայն, ավելի վաղ հայտարարարել էր, թե իրեն ոչ ոք չի ասել՝ մինչեւ ուր պիտի ուղեկցի զորքին․ «Փնջոյանին հարցրի՝ ո՞ւր ենք գնում, ասաց՝ Զանգելան, ասացի՝ բա Զանգելանը գրավել են, ասաց՝ գիշերը մերոնք երկու կողմերից մտել են, մենք էլ մեջտեղով գնում ենք՝ սանրելով դուրս գանք․․․  Նույնիսկ հանքով անցնելիս ինձ հարց տվեց՝ սա հա՞նքն է, ասացի՝ այո, բայց էդտեղ էլ ոչ մի բան չխոսեց, ոչինչ չզեկուցեց»,– ասել է նա՝ հավելելով, որ ինքն էլ այլ հարցեր չի տվել՝ ակնկալելով, որ երբ հասնեն սահմանված վայրը, իրեն կասեն մեքենան կանգնեցնել։ Այսպես մեկը մյուսի հրահանգին սպասելով՝ անցել են սահմանված վայրը՝ Կիրի հանքի մոտակայքում տեղակայված ոստիկանական հենակետը՝ փոխարենը հասնելով դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական (Զանգելան) քաղաք եւ ընկել շրջափակման մեջ։  62-հոգանոց անձնակազմից 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Կատարվածի համար այժմ մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։  Փնջոյանի խոսքով՝ զորքը պատշաճ սպառազինված չի եղել  Ներկայանալով դատարանին՝ վկա Ռաֆայել Փնջոյանը պատմեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայել է Էջմիածնի քիմիկների զորամասում՝ որպես ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության բաժանմունքի պետ։ Հոկտեմբերի սկզբին տեղեկացել է, որ զորամասի անձնակազմը պատրաստվում է մեկնել Մեղրի, եւ ցանկություն է հայտնել միանալ նրանց․ «Գտնում էի, որ նախարարությունում ոչ մի բանով չեմ կարողանում օգնել, դրա համար առիթ է եղել զորամասի հետ ներգրավվելու ինչ-որ խնդիրների կատարման մեջ, ոչ մի ղեկավար պաշտոն չեմ զբաղեցրել, զուտ գնացել եմ իմ ծառայակից ընկերոջը (նկատի ունի մեղադրյալ Աբգարյանին,-հեղ․) ինչ-որ մի ձեւ օգնելու եւ մասնակցություն ունենալու մարտական գործողություններին»։  Օրեր անց՝ հոկտեմբերի 20-ին, երբ արդեն Կապանի զորամասում են եղել, տեղեկացել է, որ հաջորդ օրը մարտական առաջադրանք է սպասվում՝ իրականացնել հակառակորդի ներթափանցած տարածքի սանրման աշխատանքներ Կովսականում։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին՝ ինքը երբեւէ մասնակցե՞լ էր սանրման աշխատանքների, վկան բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ուսումնառությունից գիտի, թե դա ինչ է․ «Պատվարժան դատարան, որպես այդպիսին, սանրման աշխատանքներ իրականացնում են որոշակի գործողություններից հետո ողջ մնացած կամ վիրավոր կամ թաքնված հակառակորդին հայտնաբերելու, գերեվարելու կամ ոչնչացնելու համար»։  Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը Այդ օրը Անդրանիկ Մակարյանն անցկացրել է խորհրդակցություն, որին վկան չի մասնակցել․ «Խորհրդակցությունից հետո փոխգնդապետ Աբգարյանը վերադարձել է մեր աշխատասենյակ, եւ մինչեւ ուշ երեկո քննարկել ենք առաջիկա գործողությունների բնույթը եւ կատարվելիք աշխատանքները։ Նա պարզաբանել է, որ պետք է գնանք որոշակի բնագիծ, այնտեղ կանգնենք, սպասենք գեներալ Մակարյանի հետագա ցուցումներին․ եթե անհրաժեշտություն լինի առաջ շարժվելու, այդ պահին առաջ շարժվենք, եթե չէ, անցնենք պաշտպանության»։ Հարցին՝ քարտեզներ եղե՞լ են, որոնց վրա պատկերավոր տեսել են տեղանքը, վկան բացասական պատասխանեց՝ հավելելով, որ քննարկումը եղել է միայն բանավոր։ Պատասխանելով զորքի սպառազինության վերաբերյալ հարցին՝ վկան հայտնեց, որ ունեցել են ինքնաձիգներ, սաղավարտ, զրահաբաճկոն կեսից քիչն է ունեցել, իսկ նռնակ, գնդացիր ընդհանրապես չի եղել։ Ըստ վկայի՝ ճանապարհին ոստիկանական հենակետ հիշեցնող ոչինչ չի եղել Առավոտյան, երբ հավաքվել են մշտական տեղակայման վայրում, ուղեկցողը ուշանալիս է եղել։ Որոշվել է սպասել, մինչեւ գա․ «Ուղեկցողը եկել է, մեզ անծանոթ մարդ է եղել՝ քաղաքացիական հագուստով, քաղաքացիական մեքենայով․․․ Միասին քննարկել ենք եւ որոշել, որ ես նստեմ ուղեկցողի մեքենան, որ հեռախոսով կապի մեջ լինենք, որ այդքան մարդու պատասխանատվություն չմնա իր վրա, ու վստահելի լինի էլի»։ Ըստ վկայի՝ ռադիոկապ եւս չեն ունեցել։ Այդ ժամանակ ուղեկցողը եղել է գյուղապետի վարորդ Համբարձում Փարամազյանը․ «Ճանապարհին հարցրել եմ՝ գիտի՞՝ ուր ենք գնում, ասել է՝ հա, գիտեմ, բայց ես ձեզ մինչեւ այս ինչ կետն եմ ուղեկցելու, դրանից հետո այլ մարդ է ուղեկցելու»։ Այլ մարդն էլ հենց հիշյալ Արման Նուրիջանյանն է, որը, ըստ վկայի, նույնպես եղել է քաղաքացիական հագուստով եւ մեքենայով եւ նույնպես նշել, որ գիտի, թե ուր է ուղեկցում․ «Ճանապարհին կամ ես էի հարցնում՝ այս ինչ է, այն ինչ է, կամ ինքն էր ասում՝ սա սա է, սա սա է եւ այլն։ Այդպես թվարկելով՝ հասել ենք հանքի մոտ, հարցրել եմ՝ ավազի՞ հանք է, ասել է՝ ոչ, կիրի»։  - Իսկ եթե դուք գիտեիք, որ ձեր տեղանքը Կիրի հանքի մոտակայքում է, եւ դա էր հանքը, զորամասի հրամատարին ինչո՞ւ չտեղեկացրիք, որ հասել եք հանք,- հարցրեց մեղադրողը։  - Նա ասել էր, որ դրա մոտակայքում ռազմական ոստիկանության հենակետ է լինելու, ոնց որ վերջին պոստն էր, այդտեղ են կանգնելու, ու ամեն պահ սպասում եմ, որ հեսա կլինի այդ հենակետը, կկանգնենք․․․ Այդտեղ ուղեկցողին կրկնակի հարցրել եմ՝ գիտես, չէ՞, ուր ենք գնում։ Ասել է՝ հա, գիտեմ,- պատասխանեց վկան։ Վկայի խոսքով՝ ճանապարհին նույնիսկ կանգնել են, մի ոստիկանի վերցրել՝ նրա ուզած վայրում իջեցնելու համար․ «Ասաց՝ տանենք, մի քիչ այն կողմ իջեցնենք, դա է եղել, ուրիշ ոչ մի խոսակցություն։ Ես, համենայն դեպս, չեմ ճանաչել նրան, ոչ էլ այդ հարցի մեջ խորացել եմ, թե ով է, ինչ է, ինչի է նստում, ինչի է գնում, քանի որ մեզ պատկանող տարածքում է եղել, ու ոստիկանական հագուստով, ոչ մի կասկած չի հարուցել»։ Մի քանի մետր գնալուց հետո կանգնել են, որ ոստիկանն իջնի։ Այս դրվագի վերաբերյալ դատախազը նշեց․ - Դատաքննության ընթացքում հարցաքննել ենք այդ հենակետում ծառայություն իրականացնող ոստիկանին՝ Զախար Մինասյանին։ Վերջինս ցուցմունք է տվել, որ հենակետում պիտի մեքենաների անցումն ապահովեր, նստել է մեքենան, որ խնդիր չլինի (ըստ ամենայնի, նա է եղել մեքենան նստած ոստիկանը,-հեղ․)։ - Պատվարժան դատարան, այդ տեղանքով, որ գնացել ենք, հենակետ հիշեցնող ոչ մի բան չի եղել՝ ոչ արգելափակոց, ոչ ինչ-որ կրակակետ։ Ինքը նստել է հետեւը, չեմ կարող ասել՝ ինչով է իր հետեւը նստելը ապահովել անցումը հենակետով։ Ոչ մի խոչընդոտ չի եղել, որ ինքը միջամտեր, հաղթահարվեր, այսինքն՝ ոչ ոք ճանապարհը չի փակել, որ ինքը ասեր՝ ես եմ մեքենայի մեջ, բացեք, անցնենք,- ասաց վկան։  Նրա խոսքով՝ ոստիկանի իջնելուց մոտ հինգ րոպե հետո հասել են բնակավայրի նմանվող մի տեղ, հարցրել է՝ այս ի՞նչ է, ուղեկցող Նուրիջանյանն ասել է՝ Զանգելանի քաղմասն է, կողքը դպրոցն է․ «Ասել եմ՝ կանգնի, շատ ենք եկել, այսքան չպիտի գայինք, ասել է՝ դե, պիտի ռազմական ոստիկանության պոստ լիներ, այդ պոստը չկար, հա էդ պոստին սպասելով, որ հեսա-հեսա կլինի՝ եկել հասել ենք այստեղ»։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանը մեջբերեց Արման Նուրիջանյանի խոսքերը, թե՝ եթե իմանար, որ պիտի հենակետում կանգնեին, բնականաբար, այդտեղ կկանգներ, ինչո՞ւ պիտի մինչեւ Զանգելան քշեր։ Նա խնդրեց պարզաբանել այս հակասությունը։ - Պատվարժա՛ն դատարան, ճանապարհին ոչ մի շփոթվելու տեղ չկա, մի ճանապարհ է, գնում է գետի կողքով։ Եթե ոստիկանական պոստը լիներ, ես էլ կասեի՝ այդտեղ կանգնի․․․ Բայց ինքն էլ գիտեր՝ ուր պիտի գնանք, ոչ թե ճանապարհը պիտի ցույց տար, այլ գիտեր՝ ուր պիտի գնանք։ Վկա Փնջոյանը պատմեց, որ արագ իջել է մեքենայից, ձեռքով նշան արել, որ մյուսներն էլ կանգնեն, եւ մոտենալով Արսեն Աբգարյանին՝ ցույց է տվել, թե ուր են հասել, ինչքան շատ են եկել։ Անձնակազմն էլ, մտածելով, որ հասել են սահմանված վայր, սկսել է իջնել ավտոբուսներից, եւ քանի որ կողքի սարից արդեն գոռոցներ, շան հաչոցներ են լսվել, Աբգարյանը հրահանգել է դիրքավորվել ճանապարհի ձախ մասում, որտեղ անտառային հատված էր եւ կիսաքանդ շինություններ, մինչեւ հասկանան՝ լսվող ձայները յուրայի՞ն զորքերից են, թե՞ հակառակորդի․  «Անձնակազմը դիրքավորվելու ընթացքում է եղել, երբ սարի վրայից սկսել է հրաձգություն։ Ու մեր կողմից սկսվել է պատասխան կրակ։ Այդ ինտենսիվ փոխհրաձգությունը տեւել է մոտ 15 րոպե կամ մի քիչ ավելի-մի քիչ պակաս։ Ու խումբը ոնց որ կիսվել է երկու մասի․ մի մասը Աբգարյանի հետ եղել է անտառի հատվածում, մյուս մասը իմ հետ՝ կիսաքանդ շինությունների մոտ։ Հետո արդեն սկսել է Կովսական բնակավայրի կողմից զրահատեխնիկայի եւ հետեւակի առաջխաղացում։ Դրանից հետո ավելի մանրամասն դրվագ առ դրվագ չեմ կարող ասել՝ ով ինչ արեց, ով ինչ չարեց, որովհետեւ իրավիճակը անկառավարելի էր դարձել»։ Հակառակորդի թիվը, վկայի տպավորությամբ, հասնում էր 100-150-ի։ Տուժողների իրավահաջորդները - Դիրքավորվելու հրաման եղե՞լ է,- հարցրեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը։ - Աբգարյանն է տվել, ասել է՝ դիրքավորվեք ճանապարհի ձախ մասում, մինչեւ ավտոբուսները կշրջվեն, որ տեղանքից դուրս բերենք, բայց ում մոտ որտեղ բնական թաքստոց է եղել, ամեն մեկը, ժամանակ չկորցնելու համար, այդ տեղանքում է դիրքավորվել, այդ թվում ես՝ քանդված շինությունների մոտ - Աբգարյանը ասել է՝ դիրքավորվե՞ք թե՞ ոնց ուզում եք, փախեք։ - Ասել է՝ դիրքավորվեք, մինչեւ ավտոբուսները շրջվեն։ Պատսպարված վիճակում վկան երկու այլ զինծառայողի է հանդիպել, հրահանգել, որ գնան, զորամասին տեղեկացնեն՝ օգնություն է պետք․ «Այդտեղ ինձ ոնց որ հանդիպել են երկու հոգի, մեկը՝ մեր զորամասից, մեկը՝ Մասիսի 12-հոգանոց խմբից, ում չէի ճանաչում։ Իրենց հրահանգ եմ տվել, որ վազեն Կապանի ուղղությամբ, իմաց տան մոտակա հենակետերին, որ այսպիսի բան է տեղի ունեցել, եւ նորից շարժվել եմ դեպի նպաստավոր դիրք, որպեսզի շարունակեմ մարտը»։ Վկայի խոսքով՝ ամեն րոպե սպասել են օգնության, բայց այն այդպես էլ չի հասել։ Մնացել են թաքստոցներում, որովհետեւ փամփուշտներն արդեն վերջացել էին։ Իր դիմացի թաքստոցում եղել են Ադոյանի որդին եւ սպա Բադեյանը։ Վկայի խոսքով՝ սկզբում նրանց ձայները լսել է, բայց ինչ-որ պահից այլեւս չի լսել, եւ քանի որ ուժեղ պայթյուն չի եղել, ենթադրել է՝ նրանց հաջողվել է դուրս գալ։ Նրանք, սակայն, մինչ օրս անհետ կորած են։ Լույսը բացվելուն պես՝ Աբգարյանի հետ խորհրդակցել են եւ որոշել շարժվել գետին հակառակ ուղղությամբ։ Սողեսող գնացել են, հասել եղեգների դաշտ․ «Տեղ-տեղ մառախուղը բարձունքը փակում էր, օգտվելով այդ հանգամանքից՝ արագ շարժվում էինք։ Երբ բացվում էր, թաքստոց էինք մտնում։ Այդպես շարունակել ենք ճանապարհը, դուրս եկել այդ բարձունքի տեսանելիության դաշտից եւ արդեն ազատ շարժվել գետի կողքով»։ Ճանապարհին հանդիպել են յուրային այլ ստորաբաժանման, որի հետ էլ հաջողվել է հասնել Կապան։ Անահիտ Ադոյանը նաեւ հետաքրքրվեց՝ թաքստոցում եղած ժամանակ կողմնակի որեւէ մեկին հանդիպե՞լ է կամ ձայներ լսե՞լ է, որ ինչ-որ մեկը եկել, իրենց է փնտրել։ Վկան բացասական պատասխանեց․ - Իսկ որ ասեմ՝ գնդապետ Մանուչարյանը եկել է․․․,- ասաց Անահիտ Ադոյանը։ - Մեր մոտ մարդ չի եկել, խոսակցություն չեմ ունեցել իր հետ, չեմ էլ իմացել, որ էդտեղ եղել է, ի՞նչ օգնություն ցուցաբերելու է եկել, չեմ իմացել,- պատասխանեց վկան։ Նշենք, որ նախորդ դատական նիստին հարցաքննված գնդապետ Արարատ Մանուչարյանը, որը Եղվարդի զինվորական կոմիսարիատի բաժնի պետն էր, պատմել էր, որ իմանալով, որ զորքի հետ կապը կորել է, գնացել է նրանց հետեւից․ «Գնացել էի, որ հանդիպեմ զորքին, բայց ռացիա չունեի, բջջային կապն էլ գնում–գալիս էր, հասցրել եմ զանգել, ասել՝ մարդ ուղարկեն, որ դիրքավորվեն»,– նշել էր վկան։ Դատավարության մասնակիցների համար այդպես էլ անհասկանալի էր մնացել, թե նա միայնակ 5-6 ժամ ինչ պետք է աներ այդտեղ, այն էլ՝ առանց համապատասխան տեխնիկայի։ Մանուչարյանի հարցաքննությունը պետք է շարունակվեր երեկ, սակայն դատարանը հայտնեց, որ նա ներկայացրել է տեղեկանք, ըստ որի՝ բուժման նպատակով մեկնել է արտերկիր։ Վարչության պետի որդու՝ ծառայության վայրից մեկնելու ժամկետների մասին վկան տեղյակ չէր Այս քրեական գործի շրջանակում մեղադրվում են նաեւ 2020 թ․ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։ Նրանց մեղադրանքը առնչվում է ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ  Վարդան Նշանյանի որդու՝ Գեւորգ Նշանյանի՝ ծառայությունից խուսափելու հանգամանքը կոծկելուն։ Ձախից՝ ամբաստանյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը, ամբաստանյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Ամրամ Մակինյանը Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը վկա Ռաֆայել Փնջոյանից հետաքրքրվեց՝ վարչության պետ, գնդապետ Վարդան Նշանյանը Արսեն Աբգարյանի հետ ի՞նչ հարաբերություններ ուներ։ Ի պատասխան՝ վկան ասաց․ «Պատվարժան դատարան, իմ ծառայության ընթացքում վարչությունում բազմիցս  եղել է, երբ ծառայողական հարցերի շուրջ գնացել եմ վարչություն, զեկուցել եմ վարչության պետին այս կամ այն իրավիճակի վերաբերյալ, վարչության պետը Աբգարյանին դիտողություններ է արել։ Չեմ կարող ավելին ասել, թե ինչ հարաբերություն է ունեցել, բայց ըստ իս՝ ծառայողական»։ Փնջոյանը հայտնեց, որ Մեղրիում գտնվելու ժամանակ Գեւորգ Նշանյանին տեսել է, սակայն Կապանում՝ այլեւս ոչ։ Չի ճշտել, թե որտեղ է, իրեն հետաքրքիր էլ չի եղել, միայն լսել է, որ ինչ-որ ազգականի փնտրելու թե հուղարկավորելու հարցով թույլատրվել է գնալ։ Մեղադրողի հարցին՝ արդյո՞ք այդ թույլտվությունը անժամկետ էր, վկան պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ, բայց որպես կանոն, անժամկետ չի լինում։ Նշանյանի մեկնումը փաստաթղթավորվել է, թե ոչ՝ վկան չգիտեր, ասաց՝այդ գործընթացը վերահսկելու պարտավորություն չի ունեցել։   Գլխավոր լուսանկարում՝ վկա Ռաֆայել Փնջոյանը Միլենա Խաչիկյան
13:53 - 19 փետրվարի, 2025
Ինչո՞ւ է գնդապետ Արարատ Մանուչարյանը հրաժարվել ուղեկցել քիմիկներին․ վկայի հարցաքննությունը՝ դատարանում

Ինչո՞ւ է գնդապետ Արարատ Մանուչարյանը հրաժարվել ուղեկցել քիմիկներին․ վկայի հարցաքննությունը՝ դատարանում

2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորամասի անձնակազմին տրված մարտական առաջադրանքի շուրջ դատարանում երեկ հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Եղվարդի զինվորական կոմիսարիատի բաժնի պետ Արարատ Մանուչարյանը։ Նա այն գնդապետն է, որն ի սկզբանե հրաժարվել է քիմիկներին Կիրի հանք ուղեկցելու՝ իր ձեւակերպմամբ առաջարկից։ Հենց Կիրի հանքում, ըստ մարտական կարգադրության, քիմիկները պետք է Սանրում գործողության միջոցով հայտնաբերեին եւ ոչնչացնեին հակառակորդի ներթափանցած խմբերին։ Բայց քանի որ նրանք Էջմիածին քաղաքից էին, անհրաժեշտ էր, որ տեղանքին ծանոթ մեկը նրանց ուղեկցեր նշված հատված։ Մանուչարյանի հրաժարվելուց հետո ուղեկցման գործառույթը բաշխվել է կամավորականներ Արման Նուրիջանյանի եւ Համբարձում Փարամազյանի միջեւ։ Արդյունքում, սակայն, ստացվել է այնպես, որ Կերեն գյուղում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն անձնակազմը հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաք (Զանգելան), որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ։ 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Կատարվածի համար այժմ մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։ Նրանք մեղադրանքները չեն ընդունում։ Գնդապետի խոսքով՝ ինքը հրաժարվել է ուղեկցումից այլ առաջադրանք ունենալու պատճառով Վկա Արարատ Մանուչարյանը դատարանին հայտնեց, որ ՀՀ զինված ուժերում ծառայել է 1992-2018 թթ-ին, ծառայության բերումով ճանաչում է Անդրանիկ Մակարյանին, իսկ Արսեն Աբգարյանին առաջին անգամ Կապանում է տեսել։ Եղվարդից Կապան Մանուչարյանը մեկնել է հոկտեմբերի 19-ին, իր խոսքով՝ կամավոր․ «Նոր բրիգադ պիտի ստեղծվեր, ասացին՝ օգնության կարգով պահեստզորի նախկին ծառայողներն այնտեղ են, սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, ես էլ համաձայնվեցի, գնացի, որ ընդգրկվեմ ինքնապաշտպանական բրիգադում»,– պատմեց նա։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, խորհրդակցություն է հրավիրվել, որը ղեկավարել էր ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ներկա են եղել մի շարք զինվորականներ, այդ թվում՝ ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, գնդապետ Վարդան Ալեքսանյանը։ Հենց նրան է հանձնարարվել կազմակերպել ուղեկցման գործընթացը։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանը Մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին, թե ինչի վերաբերյալ էր խորհրդակցությունը, վկան պատասխանեց՝ Զանգելանի․ «Որոշվեց, որ երկու ուղղությամբ գնան, ուսումնասիրեն տեղանքը, թույլ չտան, որ հակառակորդը խորանա»,- ասաց նա։ Նավասարդյանի հարցին՝ կասկածներ կայի՞ն հակառակորդի գտնվելու վայրի հետ կապված, վկան պատասխանեց․ «Զանգելանի տարածքում, կոնկրետ որտեղ՝ չեմ կարող ասել, քաղաքը՝ իր արվարձաններով։ [Վարդան Ալեքսանյանը] ինձ առաջարկեց, որ ես քիմիկների հետ գնամ, որ ցույց տամ ճանապարհը, ես էլ ասացի, որ ագարակցիների հետ պայմանավորված եմ, Ագարակ պիտի գնամ, դրա համար հրաժարվեցի։ Դրանից հետո ինչ խնդիր է դրվել՝ չեմ կարող ասել, ես դուրս եմ եկել, գաղտնիություն պիտի պահվեր»,– նշեց վկան։ – Մինչ առաջարկ հնչեցնելը ի՞նչ է ասվել, ո՞ւր էր պետք գնալ, ո՞ւր ուղեկցել,– հարցրեց մեղադրողը։ – Պիտի գնային, Կիրի հանք չհասած՝ իջնեին, ուսումնասիրեին․․․ Զանգելանից մոտ 4 կմ հետ,– պատասխանեց վկան։ – Դա ո՞վ է ասել։ – Երեւի թե Մակարյանը։ – Ինչո՞վ է պայմանավորված Ձեր կասկածը։ – Խորհրդակցությունը նա էր վարում, նա պիտի ասած լինի։ – Քարտեզներ եղե՞լ են։ – Չեմ կարող ասել, գուցե իմ գնալուց հետո են տվել։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանը ընդգծեց՝ ըստ համապատասխան կարգադրության՝ ուղեկցումը պետք է կազմակերպվեր տեղական ինքնապաշտպանական ուժերով, ապա դիմելով վկային՝ հարցրեց՝ արդյո՞ք ինքը հանդիսանում էր այդպիսին։ Վկան դժվարացավ հստակ պատասխանել, ասաց՝ ինքը տեղի բնակիչ չէր, իր խնդիրը նոր բրիգադն էր։ Դատավարության մասնակիցները հետաքրքրվեցին, թե վկան ինչ նպատակով եւ ում հրամանով պիտի գնար Ագարակ, ինչին ի պատասխան՝ նա ասաց․ «Հրաման չէր, ես ու Վարդան Ալեքսանյանն էինք որոշել Կապանի համայնքապետի հետ միասին․․․ Գյուղի դիրքերը առաջ տալու համար»։ Այս դեպքում անհասկանալի է՝ եթե Վարդան Ալեքսանյանը արդեն իսկ տեղյակ էր վկայի այդ որոշման մասին, ինչու էր նրան նոր՝ ուղեկցման առաջարկ անում։ Քիմիկների հրամանատար Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանը հարց հղեց՝ եթե վկան այլ առաջադրանք է ունեցել, ինչո՞ւ է մասնակցել այդ խորհրդակցությանը, չէ՞ որ այդտեղ, ինչպես ինքը նշեց իր ցուցմունքում, գաղտնիության ռեժիմ էր գործում։ Վկան պարզաբանեց՝ խորհրդակցությանը քննարկվելու էին այլ հարցեր եւս, այդ թվում՝ զենք–զինամթերքի հետ կապված։ Պաշտպանը, սակայն, չընդունեց այս պատասխանը։ Ձախից՝ մեղադրյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը – Ըստ մարտական կարգադրության՝ խորհրդակցությունը վերաբերում էր միայն «Մակարյան» օպերացիայի իրականացմանը։ Սա ոչ ինձ է թվում, ոչ Ձեզ, սա հաստատված փաստական հանգամանք է,– արձագանքեց Դավիդյանը՝ դարձյալ հարցնելով՝ վկան որպես ի՞նչ է ներկա եղել։ – Որպես Ալեքսանյանի տեղակալ,– պատասխանեց Մանուչարյանը։ –Տեղյա՞կ եք, որ դեպի Կիրի հանք ուղեկցող նշանակելու պարտականությունը դրված էր Ալեքսանյանի վրա։ –Ոչ․․․ Էնքանով էր դրված, որ երբ ինձ առաջարկվեց, ես հրաժարվեցի, ասաց՝ այդ հարցը մենք կլուծենք։ – Մենք խոսում ենք զինվորական ծառայության մասին, որտեղ առաջարկ տերմին չկա։ Կա կարգադրություն, կա հրաման եւ հրամանի կատարում։ Իմանալով, որ տեղանքին ծանոթ եք, Ձեզ է հրամայել, ճի՞շտ է։ – Ինձ առաջարկել են, չեն հրամայել,–պնդեց վկան։ – Դուք հրաժարվում եք, համայնքապետ Արթուր Մանուչարյանն ասում է՝ բենզին չունեմ, վարորդը ճանապարհի կեսն է ուղեկցում։ Ըստ Ձեզ՝ տարակուսելի չէ՞, ինչո՞վ է պայմանավորված այս խուսափումը, ի՞նչ է տեղի ունեցել, որ դուք գիտեիք,– հարցրեց Դավիդյանը։ – Ես տեղյակ չեմ,– պատասխանեց վկան։ Վկայի խոսքով՝ զորքը չի իջել այնտեղ, որտեղ պիտի իջներ Վկա Արարատ Մանուչարյանը պատմեց, որ հոկտեմբերի 20-ին, ինչպես եւ որոշած էր, պատրաստվում էր մեկնել Ագարակ, երբ Վարդան Ալեքսանյանը զանգահարել է իրեն եւ ասել, որ քիմիկների անձնակազմի հետ կապը կորել է։ Արդյունքում, վկան թողել է Ագարակի իր անելիքը եւ ուղեւորվել քիմիկների հետեւից։ Հասնելով ոստիկանական հենակետ, որտեղ, ըստ կարգադրության, զորքը պիտի իջներ, իմացել, որ զորքը եկել, անցել է․ – Համապատասխանո՞ւմ էր օպերացիային այդ գալ–անցնելը,- հարցրեց մեղադրողը։ – Ես չեմ կարող ասել՝ խնդիրը ոնց էր դրվել։ – Այնքան, որքան ներկա եք եղել խորհրդակցությանը, ասացիք՝ հանք չհասած պիտի իջնեին՝ ոստիկանակետից 2–3 կմ հետո։ – Հա, հանքի ու ոստիկանակետի արանքում։ – Իսկ իջե՞լ են այդտեղ։ – Չէ, մի վարորդը որ հետո հետ է եկել, ասել է՝ Զանգելան են հասել, Զանգելանի արվարձաններում հանդիպել են հակառակորդի։ Մենք էլ պիտի գնայինք, հասնեինք նրանց հետեւներից,– պատասխանեց Մանուչարյանը։ Նա պատմեց, որ այդ ոստիկանի եւ վարորդի հետ ուղեւորվել է դեպի Զանգելան, բայց այդպես էլ չկարողացավ հստակեցնել, թե շրջափակման մեջ ընկած զորքին 3-ով ինչպես պիտի օգնություն ցույց տային, այն էլ՝ առանց զենք-զինամթերքի․ – Տվյալներ ունեի՞ք, որ շրջափակման մեջ են։ – Չէ։ – Գիտեի՞ք, որ հնարավոր է փոխհրաձգություն է վայրում։ – Ոստիկան ասաց՝ կրակոցներ եղել են։ Փոխգնդապետ Արմեն Հովհաննիսյանի եւ վարորդի հետ ուղեւորվել են մինչեւ Զանգելանի արվարձաններ․ «Հասել ենք քանդված տների մոտ՝ չբնակվող տարածքներ, որտեղ հակառակորդը անկանոն կրակում էր մեր ուղղությամբ, մոտ 15 հոգի կլինեին՝ 400-500 մ հեռավորության վրա»։ Վկայի խոսքով՝ այդտեղից փոքր-ինչ հետ են եկել, որից հետո ինքը վարորդին ու ոստիկանին հետ է ուղարկել, ասել՝ ոչ մեկին չթողնի առաջանալ, իսկ ինքը բարձրացել է բլրի վրա եւ շարունակել դիտարկել հակառակորդին, իր խոսքով՝ մոտ 5-6 ժամ․ «Գնացել էի, որ հանդիպեմ զորքին, բայց ռացիա չունեի, բջջային կապն էլ գնում–գալիս էր, հասցրել եմ զանգել, ասել՝ մարդ ուղարկեն, որ դիրքավորվեն»,– նշեց վկան։ Դատավարության մասնակիցների համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե նա միայնակ այդքան երկար ինչ պետք է աներ այդտեղ։ Նրա անորոշ պատասխանները զայրացրին տուժողների իրավահաջորդներին։ Վերջիններս քանիցս հայտարարեցին, որ վկան սուտ ցուցմունք է տալիս․ Տուժողների իրավահաջորդները – Մի՞շտ եք փուռը տալիս տղերքին, լավ ծախեցի՞ք, համբա՛լ: Դատավոր Սարգիս Դադոյանը նկատողություն արեց անհետ կորած զինծառայողի մորը՝ հիշեցնելով, որ նա դատարանում է գտնվում։ – Բա իմ տղան որտե՞ղ է գտնվում,– վրդովվեց մայրը՝ հավելելով․ «Ավինյանի հորը կարելի՞ է ասել համբալ, ինձ չէ՞․․․ Տղերքը գան, կաշիդ են քերթելու»։ Տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը հիշեցրեց փրկված զինվորներից մեկի՝ դատարանում հնչեցրած այն խոսքերը, թե հարձակումից հետո, երբ ինքը պատսպարված է եղել, լսել է, որ ինչ–որ մեկը եկել, ասել է՝ «Կամո–Կամո, ոնց պայմանավորվել էինք, ապրանքը տեղ հասավ»։ Նա կասկած հայտնեց, որ իր խոսքով այդ «շպիոնը» հենց Արարատ Մանուչարյանն է եղել։ Վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին։   Միլենա Խաչիկյան
11:11 - 12 փետրվարի, 2025
Ըստ փոխգնդապետի՝ իրենք տեղյակ չեն եղել ԳՇ պետի՝ քիմիկներին օգնության հասնելու հրամանի մասին

Ըստ փոխգնդապետի՝ իրենք տեղյակ չեն եղել ԳՇ պետի՝ քիմիկներին օգնության հասնելու հրամանի մասին

2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորամասի անձնակազմին մարտական առաջադրանքի ուղարկելուց առաջ ի՞նչ էր հայտնի հակառակորդի՝ Զանգելանում գտնվելու վերաբերյալ։ Ինչո՞ւ այդ անձնակազմը Կիրի հանքում կանգնելու փոխարեն հասավ Զանգելան՝ ընկնելով շրջափակման մեջ։ Ի վերջո, Զանգելանին մեկ այլ կողմով մոտեցող հայկական խմբավորումը ինչո՞ւ օգնության չհասավ նրանց, եւ ընդհանրապես, կարո՞ղ էր հասնել թե՞ ոչ։  Այս եւ մի շարք այլ հարցեր երեկ հնչեցին Քիմիկների զորամասի վերաբերյալ գործով հերթական դատական նիստին։ Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացել 44-օրյա պատերազմի ժամանակ Երեւանի զորամասերից մեկի գլխավոր շտաբի պետ, փոխգնդապետ Աշոտ Ժամհարյանը։  Վերջինս մեկն է այն սպաներից, որոնց Գլխավոր շտաբի պետի՝ այդ ժամանակվա տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը հանձնարարել է ձեւավորել խումբ՝ հիշյալ օրը «սանրում» գործողության միջոցով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը  հայտնաբերելու եւ ոչնչացնելու համար։ Նույն հանձնարարականը ստացած մյուս սպան Քիմիկների զորամասի՝ այդ ժամանակվա ղեկավար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանն է։ Աշոտ Ժամհարյանի խումբը Անդրանիկ Մակարյանի գլխավորությամբ մեկնելու էր Սյունիքի մարզի Ներքին Հանդ, իսկ Արսեն Աբգարյանինը՝ Կիրի հանք։ Ստացվել է այնպես, սակայն, որ Աբգարյանի խումբը Կիրի հանքում կանգ առնելու փոխարեն խորացել է մինչեւ Զանգելան քաղաքի սկզբնամաս եւ ընկել շրջափակման մեջ։ Աբգարյանն այժմ մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, իսկ Անդրանիկ Մակարյանը՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ Մակարյանը տվել է «Նահանջ» հրաման՝ այդ մասին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին չզեկուցելով եւ  հրաժարվելով օգնության հասնել իրենցից շուրջ 2 կմ այն կողմ շրջափակման մեջ մնացածներին։ Աբգարյանն ու Մակարյանը մեղադրանքները չեն ընդունում։ Վկայի խոսքով՝ իր անձնակազմից ոչ ոք մարտական գործողությունների փորձ չուներ Ներկայանալով դատարանին՝ վկա Աշոտ Ժամհարյանն ասաց, որ ճանաչում է Արսեն Աբգարյանին եւ Անդրանիկ Մակարյանին․ վերջինիս հետ, իր խոսքով, «պատիվ է ունեցել ծառայելու»։ Աշոտ Ժամհարյանը պատմեց, որ հոկտեմբերի 4-ին իրենց զորամասի անձնակազմով, այդ թվում՝ 100 հոգի պայմանագրային զինծառայող եւ 67 հոգի մոբ, մեկնել են Մեղրի, այնտեղից՝ Կապան։ Մինչեւ դեպքի օրը հակառակորդի հետ անմիջական ընդհարում չեն ունեցել, այցելել են մարտական հենակետեր, անցկացրել տեսական եւ գործնական պարապմունքներ։ Ժամհարյանի խոսքով՝ քանի որ իրենք կապավորներ են եղել, մարտական գործողությունների մասնակցության փորձ չեն ունեցել։  Հոկտեմբերի 20-ին Կապանի զորամասի հրամանատարի աշխատասենյակում խորհրդակցություն է հրավիրվել, եղել է նաեւ քարտեզ՝ նախանշված տեղանքներով, առաջադրվել են հաջորդ օրվա խնդիրները՝ հակառակորդին դուրս հանել Զանգելանի հատվածից։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը – Կոնկրետ որտեղի՞ց,– հարցրեց հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը։ – Չեմ կարող ասել․․․ Կապանից դեպի Զանգելան մտնող հատվածում․․․ Դրանից հետո սպաներից մեկը ասաց, որ Ֆեյսբուքով տեսել է, որ էդ հատվածում հակառակորդը դրոշ է դրել․․․ – Զանգելան քաղաքը ներառո՞ւմ էր դա։ – Չէինք բացառում․․․ Ըստ Աշոտ Ժամհարյանի՝ ծրագրվել է հետեւյալը․ իրենց խումբը (իր անձնակազմից 50 հոգի եւ այլ տեղից 11 հետախույզներ) պիտի հասներ մինչեւ Զանգելանի վերեւի հատված, որից հետո պիտի գնահատեր հակառակորդին, եւ եթե վերջինս այն քանակի էր, որ իրենց ուժերը կբավականացնեին [դիմադրել], Աբգարյանի խմբին ազդանշան պիտի տային, եւ իրենք մի կողմից մոտենային հակառակորդին, Աբգարյանենք՝ մյուս։  – Հակառակորդի ի՞նչ քանակի մասին էր խոսքը։ – Եթե չեմ սխալվում՝ մեծ քանակի չպիտի լիներ․ եթե գեներալ–լեյտենանտը որոշում է կայացրել, որ մենք էս քանակով լինենք, նշանակում է՝ մեր քանակը չպիտի գերազանցեին,– ենթադրեց վկան։ – Իսկ եթե ներկայացվում էր մարտական խնդիր, չպե՞տք է ներկայացվեր հակառակորդի քանակ կամ հնարավոր քանակ,– ճշգրտեց մեղադրող Նավասարդյանը։ – Չեմ կարող ասել, գուցե քննարկվել է, ես չեմ հիշում։ – Գուցե հիշողության խնդի՞ր ունեք,– վրդովվեցին տուժողի իրավահաջորդները։ – Այո,– արձագանքեց վկան։ Նշենք, որ հակառակորդի քանակության մասին դատարանում պաշտոնական հստակ թիվ չի նշվել, դատավարության մասնակիցների նշած թվերն էլ տարբեր են եղել՝ 100-ից մինչեւ 500-ի միջակայքում (ավելին տես՝ 1,2,3)։ Փոխգնդապետը հասակական ցուցմունք տվեց Կիրի հանքի՝ անզեն աչքով երեւալ-չերեւալու մասին Մեղադրողը խնդրեց վկային պարզաբանել, թե ինչ է «սանրման» աշխատանքը։ Վկան ասաց, որ կանոնադրական նորմերով չի տիրապետում, քանի որ կապավոր է, բայց գիտի, որ դա ենթադրում է տվյալ տարածքը հակառակորդից մաքրել։ Վկա Աշոտ Ժամհարյանը – Քարտեզի վրա ցո՞ւյց է տրվել հանքը,– հարցրեց մեղադրողը։ – Ճիշտ այդպես, սպիտակ գույնով նշված էր։ – Արսեն Աբգարյանը տեղյա՞կ էր, որ հանքի մոտ պիտի սպասի։ – Եթե երկուսս էլ նստած էինք, խնդիրը առաջադրվել է, պիտի տեղյակ լիներ,– պատասխանեց վկան՝ հավելելով, որ հաջորդ օրը իր խումբն էլ է գնացել Կիրի հանք։ – Ինչի՞ց գիտեիք, որ դա հանքն է։ – Երեւում էր աջ թեւի վրա,– պատասխանեց վկան։ Չնայած այս պատասխանին՝ ավելի ուշ Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանի հարցին՝ տեղանքին անծանոթ մարդը առանց ուղեկցողի կարո՞ղ էր հայտնաբերել այն, սկսեց կասկածել․ մեկ ասաց՝ ինքը չի տեսել, գուցե ճանապարհը սարի տակով է անցնում, հանքը սարի գլխին է, մեկ ասաց՝ ինձ թվում է՝ կարելի էր նկատել։ Այս իրարամերժ պատասխանները վկան չկարողացավ պարզաբանել։ Պաշտպանն էլ ընդգծեց՝ վկան իր խոսքում «գրավված» բառն է օգտագործում, բայց գրավված տարածքը ազատագրում են, ոչ թե սանրում։ Աշոտ Ժամհարյանին հայտնի չէր՝ ինչու են նախապես որոշված ուղեկցողները փոխվել Քանի որ ոչ Աշոտ Ժամհարյանը, ոչ Արսեն Աբգարյանը տեղանքին ծանոթ չէին, որոշվել է, որ նրանց ճանապարհին կուղեկցեն․ պահեստազորի գնդապետ Վարդան Ալեքսանյանը պետք է կազմակերպեր Աբգարյանի խմբի, համայնքի ղեկավար Արթուր Մանուչարյանը՝ Ժամհարյանի խմբի ուղեկցումը։  – Արարատ Մանուչարյանը ձեզ հե՞տ էր,– հետաքրքրվեց մեղադրող դատախազը։ – Իմ մեքենայում չէր։ – Իսկ ձեր շարասյան մե՞ջ էր։ – Չեմ տեսել։ – Ձեր ուղեկցողը ո՞վ էր։ – Պարոն գեներալը (նկատի ունի Անդրանիկ Մակարյանին,–հեղ․), նրա հետ նշանակված զինծառայողներ կային, չեմ կարող ասել՝ ուղեկցող թե պահպանող․․․ – Վարդան Ալեքսանյանը ձեզ հե՞տ էր։ – Նրան Ներքին Հանդում եմ հանդիպել։ – Իսկ նա չպիտի՞ Արսեն Աբգարյանի խմբին ուղեկցեր։ – Էդ արդեն ինձ չի հետաքրքրել, միգուցե որոշում է փոխվել։  – Բա մնացած տղերքը հետաքրքիր չէի՞ն, գնայիք օգնության նույն վայրկյանին,– բղավեցին տուժողների իրավահաջորդները․․․ – Երբ հասանք Ներքին Հանդ, ավտոբուսի վարորդը եկավ, բարձր խոսելով [ասաց]՝ քիմիկները ընկել են զասադ, խառնված վիճակ էր․․․ Մակարյանն այդ պահին թիկունքում էր, մի քանի րոպեից եկավ։ Մինչ այդ տեղյակ էր դրա մասին թե ոչ՝ չգիտեմ։ Անձամբ ես կրակոցներ չեմ լսել։ – Սուտ է ասում, հիշողության խնդիր ուներ, հիմա էլ լսողության,– լսվեց իրավահաջորդներից մեկի ձայնը, որը տեղի բնակիչ էր եւ կարծում էր, որ այդ հատվածից կրակոցների ձայնը պիտի լսված լիներ։ Տուժողների իրավահաջորդները Նշենք, որ ուղեկցողների փոփոխության հարցը բազմիցս քննարկվել է դատարանում․ ըստ տարբեր ցուցմունքների՝ Արթուր Մանուչարյանի մեքենան վառելիքի խնդիր է ունեցել, ուստի նա խնդրել է, որ Արման Նուրիջանյանը իրականացնի ուղեկցումը։ Վերջինս էլ հայտարարել է, թե լսել է, որ Վարդան Ալեքսանյանը հրաժարվել է ուղեկցումից։ Ալեքսանյանը, սակայն, հերքել է սա, նշել՝ ինքը առաջարկել է Աբգարյանի խմբին անձամբ ուղեկցել, բայց Մակարյանը թույլ չի տվել։ Պաշտպան Դավիթ Դավիդյանի հարցին ի պատասխան՝ Աշոտ Ժամհարյանը նշեց, որ եթե ուղեկցումը պատշաճ իրականացվեր, այս ողբերգությունը տեղի չէր ունենա։ Փոխգնդապետի պնդմամբ՝ քիմիկներին օգնության հասնելու խնդիր իրենք չեն ստացել Փոխգնդապետի խոսքով՝ երբ նշվել է Արսեն Աբգարյանի խմբի շրջափակման մեջ ընկնելու մասին, Անդրանիկ Մակարյանը հրամայել է, ամեն դեպքում, շարունակել իրենց տրված խնդիրը․ «Մեր 50-հոգանոց խումբը բաժանվել է երկու մասի՝ 25-25, որ անհաջողության դեպքում հետեւի 25 հոգին ապահովեր նահանջը, իսկ գեներալը մեր հետեւից քայլել է, նույնիսկ ես ասել եմ՝ մեզ համար պատիվ չի լինի, եթե Աստված չանի, հանդիպենք հակառակորդին, թշնամին նրան խփի, բայց գեներալ–լեյտենանտը որոշում է կայացրել մեզ հետ քայլել մինչեւ վերջ»։ – Եթե մյուս խմբավորումը ընկել է շրջափակման մեջ, եւ ձեր առաջադրանքը համատեղ է, ձեր խմբավորման խնդիրը չէ՞ր փոխվելու,– հետաքրքրվեց Դավիթ Նավասարդյանը։ – Մյուս խմբի հետ կապված խնդիր չի առաջադրվել,– պատասխանեց վկան։ – Եթե Աբգարյանը շրջափակման մեջ էր ընկել Զանգելանում, չի՞ ստացվում, որ ձեր խնդիրը նրանց օգնության գնալն է արդեն։ – Իհարկե ոչ։ – Ձեր խնդրի իրականացման համար կարեւոր չէ՞ր՝ ինչ իրավիճակում է Աբգարյանի խումբը։ – Կարեւորությունը չեմ կարող ասել, կարեւոր էր՝ մեր անձնակազմը ինչ իրավիճակում է։ – Խնդիրը պիտի երկու խմբավորումով իրականացվեր․ մի խմբավորումը գտնվում է, ձեր բառերով ասած, «զասադի» մեջ, դա կարեւոր չէ՞ ընդհանուր խնդրի համար։ – Կարեւոր է այն հանգամանքով, որ արդեն սաղս էլ գիտակցում ենք, որ հակառակորդը դրանով չի սահմանափակվելու։ – Օգնության գնալու խնդիր, հարց քննարկվե՞լ է։ –Չեմ կարող հիշել, ինձ հետ էդ հարցով քննարկում չի եղել, իհարկե, եթե հասնեիք, հասկանայիք, ես վստահ եմ, որ․․․ – Ձեր ենթադրության մասին չէ խոսքը։ – Չէ, տենց խնդիր չի առաջադրվել, եթե հասնեինք մեր տրված խնդրի կատարման շրջան, ու տղաներին հանդիպեինք, հնարավորության դեպքում․․․ – Դատարանում հարցաքննվել է ԳՇ այդ ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանը, որն իր ցուցմունքում նշել է, որ շրջափակման մեջ ընկնելու զեկույց ստանալուց հետո նոր խնդիր է եղել՝ օգնության գնալ շրջափակման մեջ գտնվող անձնակազմին։ Նշված ուղղությամբ հաջորդ բարձրաստիճան սպան Դուք էիք։ Ո՞նց է ստացվում, որ տեղյակ չեք խնդրի փոփոխության մասին,- հարցրեց հանրային մեղադրողը։ – Չեմ կարող ասել․․․ –Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Մակարյանը չի ասել այդ մասին։ – Չեմ կարող պատասխանել։ Ձախից՝ ամբաստանյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը, ամբաստանյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Ամրամ Մակինյանը Վկայի խոսքով՝ իրենք հասել են սարի գագաթ, տեղացիներից իմացել են, որ պիտի սարն իջնեն, անցնեն բացատը, էլի սար բարձրանան, որից հետո նոր Զանգելանն է։ Բայց քանի որ մառախլապատ եղանակ է եղել, տեսադաշտ չի եղել, մութն էլ ընկնելիս է եղել, դա հնարավոր չի եղել։ – Հնարավոր չէ՞ր թե՞ վտանգավոր էր,– հարցրեց մեղադրողը։ –Հնարավոր չէր՝ եղանակային պայմաններից ելնելով, եւ վտանգավոր էր, որովհետեւ դրանից հետո ամեն վայրկյան հակառակորդը կարող էր․․․ – Ակնկալիք ունեիք անվտանգ գործողությա՞ն։ – Չէ, եթե գնացել ենք, գիտակցում էինք․․․ Բայց եթե գործողություն ես իրականացնում, պիտի այնպես անես, որ իրականացնես, ոչ թե քեզ խփեն։ Դատախազը առերեւույթ կաշկանդվածություն տեսավ վկայի ցուցմունքում Վկայի խոսքով՝ սարի վրա Մակարյանը փորձել է վերադաս հրամանատարությանը ներկայացնել իրավիճակը, բայց քանի որ կապը չէր բռնում, որոշվել է զինամթերքը, սնունդը բազավորել տվյալ տեղում, հետ իջնել, առավոտյան վերադառնալ։ – Ո՞վ է որոշել,– հարցրեց մեղադրողը։ – Ընդհանուր քննարկում է եղել։ – Կոլեկտիվ որոշում է կայացվե՞լ։ – Ընդհանուր ղեկավարը։ – Ո՞վ։ – Գեներալ Մակարյանը։ Վկայի այս ձգձգվող պատասխանները դարձյալ զայրացրին տուժողների իրավահաջորդներին․ – Բա ասա՛, հինգ անգամ հարց են տալիս, պիտի վեց անգամ տա՞ն, որ պատասխանեք,– բղավեցին նրանք։ – Հարգելի՛ վկա, ինչ–որ բանով կաշկանդվա՞ծ եք, կա՞ հանգամանք, որ կարող է ազդեցություն ունենալ Ձեր ցուցմունքի վրա,– հարցրեց մեղադրող դատախազը։ – Չէ տենց,– պատասխանեց վկան։ – Իսկ ո՞չ տենց։ – Չէ, չկա։ – Եթե [իրավահաջորդները] գոռում են, վիրավորում են, դա կարող է ազդեցություն ունենալ,– միջամտեց Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ – Քանի որ վկան ի սկզբանե նշեց՝ պատիվ եմ ունեցել ծառայելու Մակարյանի հետ, առանց որեւէ վատ միտումի [եմ ասում]՝ գուցե ինչ–որ ներքին համոզմունք ունի, որ երեք անգամ նույն հարցը կրկնեցի, պատասխան ունենալով՝ չպատասխանեց,– արձագանքեց դատախազը։ – Դա Ձեր տպավորությունն է, վկան ասաց, որ չունի կաշկանդվածություն,– նշեց դատավոր Սարգիս Դադոյանը։ Դատավոր Սարգիս Դադոյանը Ժամհարյանի խոսքով՝ իրենք վերադարձել են Կապանի զորամաս, իրենց կարգի բերել, ապա գնացել խորհրդակցության։ Դրան ներկա է եղել նաեւ ՀՀ պաշտպանության այդ ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանը։ Վերջինս, վկայի ենթադրությամբ, շրջափակման մասին տեղյակ եղել է, այդ հարցով քննարկում, որպես այդպիսին, չեն ունեցել, խոսել են հետագա անելիքների մասին։ Տոնոյանը խնդրել է ԳՇ պետի հետ կապ հաստատել, ինքը դա արել է եւ դուրս եկել սենյակից։ Հետագա առաջադրանքն էլ եղել է հաջորդ օրը հանքի տարածք գնալը․ իր անձնակազմից 42 հոգի տեղակայվել է այնտեղ, անցել պաշտպանության՝ հակառակորդի հնարավոր առաջխաղացումը կանխելու։ Այդ ժամանակ արդեն Աբգարյանի անձնակազմից որոշ զինծառայողներ վերադարձել էին, որոշները դեռ ճանապարհին էին։ Նրանց օգնության գնալու խնդիր դարձյալ չի առաջադրվել, հնարավոր էր թե չէ՝ վկան դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ իրավիճակին չի տիրապետել, բայց կարծում է՝ ճիշտ կլիներ փորձ արվեր այլընտրանքային ճանապարհով մոտենալու։ Իր անձնակազմին հանքի տարածքում տեղակայելուց հետո ինքը վերադարձել է զորամաս, ընդգրկվել այլ առաջադրանքներում։ Հետագայում Արսեն Աբգարյանը իրեն պատմել է, որ ահավոր վիճակ էր, հակառակորդը կրակում էր ահավոր զինատեսակներով, հողը ոտքի տակ դղրդում էր, իսկ իրենք ունեցել են միայն ինքնաձիգ, սաղավարտ, որոշները նույնիսկ զրահաբաճկոն չեն ունեցել։ Հարցին՝ կատարվածի համար Աբգարյանը որեւէ մեկին մեղադրել է թե ոչ, վկան պատասխանեց, որ ինքն անձամբ մեղադրանք չի լսել։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 30-ին։   Միլենա Խաչիկյան
11:00 - 15 հունվարի, 2025
Քիմիկների գործով վկան հրամանը չի փոխանցել մյուս հերթափոխին՝ հիմնվելով իր ենթադրության վրա

Քիմիկների գործով վկան հրամանը չի փոխանցել մյուս հերթափոխին՝ հիմնվելով իր ենթադրության վրա

Հակակոռուպցիոն դատարանում գրեթե մեկամսյա դադարից հետո այսօր շարունակվեց Քիմիկների զորամասի գործի քննությունը։ Դատակոչվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ Կապանի ռազմական ոստիկանության պետի՝ օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Արմեն Հովհաննիսյանը եւ «Սյունիք–Սովխոզ» խմբավորման անդամ Աշոտ Ղուկասյանը։ Վերջինիս հարցաքննությանը հերթ չհասավ, դատավարության մասնակիցները ժամեր շարունակ հարցեր հղեցին Արմեն Հովհաննիսյանին։ Նա, սակայն, դեպքի մանրամասներից շատ բան չէր հիշում կամ դժվարանում էր պատասխանել։ Քիմիկների զորքը, հիշեցնենք, 2020թ․ հոկտեմբերի 21-ին մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կիրի հանք տեղանք՝ «սանրում» գործողության։ Ստացվել է այնպես, սակայն, որ նշված վայրում՝ իջնելու փոխարեն զորախումբը խորացել է մինչեւ Զանգելան քաղաք, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը դեռ օրեր առաջ էր տեղադրել  իր դրոշը եւ տեսանյութը հրապարակել համացանցում։ Արդյունքում, զինծառայողները ընկել են շրջափակման մեջ․ նրանցից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։  Կատարվածի համար մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Տուժողները կասկածում են՝ գուցե վկայի վրա ազդեցությո՞ւն է եղել Պատերազմի ժամանակ Կապանի ռազմական ոստիկանության պետի՝ օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Արմեն Հովհաննիսյանի հարցաքննությունը սկսվել էր դեռ նախորդ նիստին։ Այդ ժամանակ նա պատմել էր, որ Քիմիկների հետ կատարվածից հետո ժամանել է ինքնապաշտպանական ջոկատի գնդապետ Արարատ Մանուչարյանը եւ ասել՝ իր տղաներից որեւէ մեկին տա, որպեսզի երեքով՝ իր վարորդի հետ միասին, գնան քիմիկների մոտ։ Հովհաննիսյանը որոշել է անձամբ գնալ։ Նպատակը, ըստ նրա, այն էր, որ Մանուչարյանը միանար զորքին, իսկ ինքը վարորդի հետ վերադառնար ոստիկանական հենակետ՝ թույլ չտալու, որ այլ անձինք գան, ինչը եւ եղել է։ Թե Մանուչարյանը միայնակ ինչու էր միանում կրակի տակ ընկած զորքին կամ ինչպես պետք է օգներ նրանց, դատավարության մասնակիցների համար անհասկանալի էր։ Այսօրվա ընթացքում քննարկվեցին քիմիկների զորքի՝ շրջափակման մեջ ընկնելուն հաջորդած այդ դեպքերը։ – Ո՞նց է ստացվել, որ հետ գալիս դուք չընկաք շրջափակման մեջ,– հարցրին տուժողների իրավահաջորդները։ – Ես հակառակորդ չեմ տեսել էն ճանապարհին, որով գնացել ենք,– պատասխանեց վկան։ – Բա հակառակորդը տղաների ավտոբուսները ո՞նց տեսավ․ ճանապարհը մեկն է,– վրդովվեց ծնողներից մեկը։  Այս հարցը, սակայն, մնաց անպատասխան։ Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ հետագայում ինքը խոսել է ինքնապաշտպանական ջոկատի գնդապետ Արարատ Մանուչարյանի հետ, սակայն նա էական ոչինչ չի հայտնել, ասել է, որ իրեն միացել է Վարդան Ալեքսանյանը (Կապանի ինքնապաշտպանական խորհրդի նախագահի 1-ին տեղակալն էր, նրա հարցաքննությունը՝ այստեղ), ապա միասին հետ են եկել, գնացել խմբավորման շտաբ՝ Մակարյանի մոտ։ Թե Ալեքսանյանին ինչպես է հաջողվել անվնաս անցնել այդ ճանապարհով կամ նա ինչ նպատակով էր միացել Մանուչարյանին, դարձյալ պարզ չէ։ Ծնողների հարցին՝ շրջափակման մեջ մնացած զորքին հետագայում օգնելու  մեկնե՞լ են, վկան դրական պատասխանեց՝ նշելով, որ մանրամասներին տեղյակ չէ։ – Սերյոժա Գեւորգյանը օգնության գնացե՞լ է։ – Չգիտեմ։ Ստորաբաժանում օգնության գնացել է, բայց ինչ է եղել, երբ է եղել՝ ես չգիտեմ, չեմ հիշում։ – Օգնեցի՞ն․ երբ հետ եկան, ձեր մոտով են անցել։ Այս հարցի պատասխանը, սակայն, եւս վկան չուներ։ Նա չհիշեց նաեւ, թե առաջին խորհրդակցությանը, որի մասին նախորդ ցուցմունքում նշել էր, ինչ խնդիրներ են դրվել, նշեց միայն՝ ներկայացվել են հրամանատարները, նշվել հաստիքները։ – Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ եք ասում․ պատերազմ է, բոլորին հավաքում են, պաշտոնները թվարկում, ասում՝ վե՞րջ, գնացե՞ք,– վրդովվեց պաշտպաններից Ամրամ Մակինյանը։ Վկայի անորոշ պատասխանները զայրացրին դահլիճում գտնվողներին, որոնք կասկած հայտնեցին՝ գուցե վկայի վրա ազդեցությո՞ւն է եղել։ Դատավորը հարցն ուղղեց վկային․  – Ինչ–որ ազդեցություն եղե՞լ է Ձեզ վրա։ – Ոչ, չի եղել, ես ոչ մեկին չեմ հանդիպել, ոչ մեկը ինձ նման բան չի ասել,– պնդեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պարզապես ժամանակ է անցել, հիմա շատ բան չի հիշում։ – Դուք հաճա՞խ եք պատերազմի մասնակցում,– հարցրեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը՝ ակնարկելով, թե ինչպես կարող է նման դեպքը մոռանալ։ Ի պատասխան՝ վկան հայտնեց, որ մասնակցել է Արցախյան առաջին, Քառօրյա եւ 44-օրյա պատերազմներին։ Տուժող կողմը, փորձելով հասկանալ, թե վկան վարորդի եւ Մանուչարյանի հետ Զանգելանի ուղղությամբ գնալիս կոնկրետ ուր է հասել, հետաքրքրվեց՝ գերեզմանները տեսե՞լ են։ Վկան, սակայն, դժվարացավ հիշել։  – Եթե հասել են էդտեղ, ո՞նց կարող էին գերեզմանները չտեսնել, էդ դեպքը էդտեղ է եղել,– պնդեց տուժողներից մեկը՝ դիմելով Արսեն Աբգարյանին,– Չէ՞, Արսեն։ Մեղադրյալ Արսեն Աբգարյանը գլխով հաստատական նշան արեց։ Հարցեր հղեց նաեւ պաշտպանական կողմը Վկա Արմեն Հովհաննիսյանին հարցեր հղեց նաեւ մեղադրյալ Արսեն Աբգարյանը՝ հետաքրքրվելով՝ եթե իրենց հրահանգել էին, որ զորքը իջնի, ոտքով գնա, ինչո՞ւ են իրենք ավտոբուսներին թույլ տվել անցնել․ – Ձեր պարտականությունը չէ՞ր կանգնեցնել, ճշտել՝ ինչո՞ւ են ավտոբուսներով գնում,– հարցրեց նա։ – Մտածել եմ՝ մարտական խնդրի փոփոխություն է եղել,– պատասխանեց վկան։ – Սակայն ի՞նչ տարբերություն, պարտավոր չէի՞ք կանգնեցրել, ճշտել։ Ինչո՞ւ չեք իրականացրել այդ խնդիրը (զորքի ժամանման պահին վկա Արմեն Հովհաննիսյանի հերթապահությունը ավարտված է եղել, հերթապահել է Զախար Մինասյանի խումբը,–հեղ․)։ – Վարդան Ալեքսանյանն ասել էր՝ զորքը գալու է, կանգնի, ոտքով գնա, բայց չի ասել՝ չթողնեք ավտոբուսներով գնա։ Իսկ երբ եկել են, արդեն Զախար Մինասյանի հերթափոխն էր,– կրկնեց վկան։ Պաշտպանական կողմի հարցին ի պատասխան՝ վկան ասաց նաեւ, որ Զախար Մինասյանին փոխանցել է Վարդան Ալեքսանյանի այդ հրահանգը, ասել, որ զորքը գալու է, իջնի, երթը ոտքով շարունակի դեպի Կիրի հանք։ Նախորդ նիստին, սակայն, հանրային մեղադրողի հարցին ի պատասխան ասել էր, թե ոտքով գնալու մասին չի նշել։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանը փորձեց ճշգրտել՝ ի վերջո ի՞նչ է ասել Մինասյանին․ – Որ զորքը գալու է մեքենաներով, պիտի իջնեն ու ոտքով գնան Կիրի հանք։ – Էդ դեպքում նախկին նիստին ինչո՞ւ էիք այլ բան ասում։ – Չէի հիշում,– պատասխանեց վկան։ Վկայի ցուցմունքներում առկա էին հակասություններ Մեղադրող Նավասարդյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, երբ նա առերես հարցաքննվել է հիշյալ Զախար Մինասյանի հետ։ Նշենք՝ առերես հարցաքննությունը միաժամանակյա հարցաքննությունն է երկու այն անձանց, որոնց ցուցմունքներում առկա են էական հակասություններ։ Դատարանը միջնորդությունը բավարարեց։ Ցուցմունքի հրապարակումից պարզ դարձավ, որ քննիչի հարցին ի պատասխան՝ Զախար Մինասյանը հայտնել է, որ ինքը չի լսել, որ Վարդան Ալեքսանյանն ասել է՝ զորքը պիտի իջնի, ոտքով գնա Կիրի հանք․ «Եթե լսած լինեի, միջոցներ կձեռնարկեի, իսկ եթե ինչ–որ բան փոխված լիներ, մենք իրենց հետ կապ չենք ունեցել, մեզ չեն նախազգուշացրել»,– ընթերցեց մեղադրողը։ Նույն հարցաքննության ժամանակ վկա Արմեն Հովհաննիսյանն էլ ասել է․ «Նորից եմ կրկնում՝ ես Զախարին չեմ ասել, թե Վարդան Ալեքսանյանը ինչ է ասել, քանի որ մտածել եմ, թե Զախարը լսել է այդ մասին»։ Քննիչը հետաքրքրվել է՝ եթե Վարդան Ալեքսանյանը մինչ Զախար Մինասյանի իրենց մոտենալն է դա ասել, ապա ի՞նչ հիմքով է վկան ենթադրել, որ Զախարը լսել է․ «Այդ խոսակցության ընթացքում է Զախարը մեզ մոտեցել, դրա համար եմ ենթադրել։ Եթե իմանայի, որ չի լսել, կասեի։ Ավելացնեմ նաեւ, որ մեզ չի պարտադրվել մեքենաներին չթողնել անցնել․․․»,– ասել է Հովհաննիսյանը։ Ընթերցելով ցուցմունքը՝ Դավիթ Նավասարդյանը խնդրեց պարզաբանել այս հակասությունը․ – Նախաքննության ժամանակ ասածս եղել է ճիշտ, ավելի հստակ հիշելիս եմ եղել, հիմա հնարավոր է սխալվեմ, որովհետեւ շատ հանգամանքներ արդեն չեմ հիշում,– պնդեց վկա Արմեն Հովհաննիսյանը։ Ստացվում է՝ զուտ իր ենթադրության վրա հիմնվելով՝ վկա Արմեն Հովհաննիսյանը Զախար Մինասյանին հստակ չի փոխանցել ստացված հրամանը, ինչի արդյունքում էլ զորքի ժամանելու պահին Մինասյանը ըստ այդ հրամանի չի գործել։ Արմեն Հովհաննիսյանը ընդունում է, որ բացթողումներ են եղել Մեղադրյալ Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հետաքրքրվեց՝ վկան կապի միջոց ունեցե՞լ է։ Հովհաննիսյանը հաստատապես նշեց բջջայինի մասին։ Պաշտպանի հարցին՝ արդյոք ավելի հեշտ չէ՞ր զանգել, Մանուչարյանին ասել՝ ճանապարհը փակ պահեն, ոչ թե վարորդի հետ ետ գնալ, վկան պատասխանեց, թե այդ պահին այդ մասին չի մտածել, ոչ մեկին չի զանգել։ Մակինյանը փորձեց նաեւ հասկանալ՝ ինչո՞ւ պետք է ինքը ուղեկցեր վարորդին․ եթե վարորդը մի ճանապարհով գնում է, չէ՞ր կարող նույն ճանապարհով հետ գալ։ – Մանուչարյանը խնդրեց, որ մարդ տամ, որ վարորդին հետ ուղեկցի, ես գնացի։ Թե ինչում էր դրա անհրաժեշտությունը, չեմ կարող ասել։ Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանն էլ բազմաթիվ հարցերից հետո հետաքրքրվեց՝ ի վերջո, այս ամենի արդյունքում կամ հետեւանքով թերացե՞լ եք Ձեր պարտականությունների մեջ։ Րոպեական լռությունից հետո վկան պատասխանեց․ – Բացթողումներ եղել են։ Այս պատասխանից հետո Դավիդյանը հայտարարությամբ հանդես եկավ․ – Ինչպես նախորդիվ հարցաքննված վկաները, նաեւ սույն նիստով հարցաքննվող վկան, միաձայն նշել են եւ ընդունել են, որ իրենք համարվել են զինվորական ծառայողներ, իրենց վրա դրված էին զինվորական կարգավիճակից բխող գործառույթներ, եւ նշել են, որ թերացել են իրենց ծառայության մեջ։ Հայտարարությունս հետեւյալն է․ հարգելի՛ ծնողներ, տվյալ անձինք ոչ թե պետք է հարցաքննվեին որպես վկա, այլ նախաքննության ընթացքում պետք է լինեին դատավարության մասնակից, որովհետեւ դատաքննության ընթացքում վկաներին առերես հարցաքննելու հնարավորություն չկա, եւ այստեղ արդարադատության իրականացման խնդիր է ծագում, որովհետեւ բոլոր վկաները տալիս են իրարամերժ ցուցմունքներ։ Պաշտպանի հայտարարությանը արձագանքեց հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը․ – Արսեն Աբգարյանին մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ մանրամասն նշված է, թե պաշտոնից բխող ինչ պարտականություններ նա ուներ, որտեղ է թերացել, ինչ է արել եւ նմանատիպ այլ հանգամանքներ։ Ինչ վերաբերում է մնացած անձանց թերացումներին, դրանց հետ կապված որեւիցե հիմնավոր հայտարարություն ես չլսեցի, ընդամենը հայտարարություն էր՝ կարծես թե միտված դատավարությանը ներկա մասնակիցներին Արսեն Աբգարյանի մեղադրանքից շեղելու։ Իսկ որ նշեց՝ բոլորը հանդիսացել են զինվորական ծառայողներ, այդ հանգամանքները հավաստվում են կոնկրետ ապացույցներով, կոնկրետ փաստաթղթերով, որոնք, եթե պաշտպանական կողմը ներկայացնի, կքննարկենք, մեր դիրքորոշումը կհայտնենք։ Նախագահող դատավոր Սարգիս Դադոյանն էլ ընդգծեց, որ գործը դատարանում քննվում է ըստ մեղադրանքի, եւ դրա սահմաններից դուրս այլ անձանց գործողություններին անդրադառնալու իրավասություն դատարանը չունի․ դա քննչական մարմինների իրավասության դաշտում է։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 16-ին՝ ժ․ 15։00-ին։   Միլենա Խաչիկյան
23:03 - 26 նոյեմբերի, 2024
Կիրի հանքի փոխարեն՝ գրավված Զանգելան, ոտքով գնալու փոխարեն՝ ավտոբուսներով երթ․ Քիմիկների գործով դատաքննությունը շարունակվում է

Կիրի հանքի փոխարեն՝ գրավված Զանգելան, ոտքով գնալու փոխարեն՝ ավտոբուսներով երթ․ Քիմիկների գործով դատաքննությունը շարունակվում է

2020 թ․ հոկտեմբերի 21-ին Կապան–Կովսական ավտոճանապարհին ծառայություն իրականացնող բոլոր ոստիկանները տեղյա՞կ էին, որ Քիմիկների զորամասի՝ այդ ճանապարհով մարտական օպերացիայի մեկնող անձնակազմը պետք է իրենց անցակետում կայաներ եւ ոտքով շարունակեր դեպի Կիրի հանք, այլ ոչ թե ավտոբուսներով խորանար մինչեւ Կովսական։ Այս հարցը այսօր երկար քննարկվեց Քիմիկների զորամասի վերաբերյալ՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում։ Ըստ գործի նյութերի՝ Կովսական (Զանգելան) հասնելու հետեւանքով անձնակազմը ընկել է շրջափակման մեջ, 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։  Այս հանգամանքների, դրանց նախորդած եւ հաջորդած իրադարձությունների մասին դատարանում ժամեր շարունակ հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Կապանի ռազմական ոստիկանության պետի՝ օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Արմեն Հովհաննիսյանը։ Վերջինս նշեց, որ դատավարության մասնակիցներից ճանաչում է միայն գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանն այժմ մեղադրվում է ռազմական դրության պայմաններում իշխանության անգործության, իսկ Քիմիկների զորամասի նախկին հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը՝ իշխանության անգործության եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Ըստ վկայի՝ Անդրանիկ Մակարյանը տեղյակ էր, որ հակառակորդն արդեն Կովսականում է Արմեն Հովհաննիսյանը դատարանում պատմեց, որ հոկտեմբերի սկզբին արագ արձագանքման խումբ է ստեղծվել, որի կազմում ներգրավված է եղել նաեւ ինքը։ Գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի կողմից խնդիր է ստացել իր անձնակազմի եւ սակրավորների հետ միասին գնալ Կովսականի շրջանի Միջնավան քաղաք՝ կամուրջն ականապատելու։ Թե երբ է խնդիրը ստացել, վկան չէր հիշում, ասաց՝ դեպքից մոտ 4 օր, մինչեւ 1 շաբաթ առաջ։ Ճանապարհին, սակայն, դիտարկումից վերադարձող հրետանավորներից տեղակացել են, որ հակառակորդը արդեն Զանգելանում է, կուտակված է դպրոցի եւ քաղաքապետարանի արանքում, ուստի իրենք մնացել են Կերեն գյուղում՝ հանքից մոտ 3 կմ հեռավորության վրա։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին՝ վերադաս հրամանատարությանը հակառակորդի՝ Զանգելանում գտնվելու մասին տեղեկացրե՞լ են, վկան դրական պատասխան տվեց՝ նշելով, որ հրետանավոր Սերյոժա Գեւորգյանն է գնացել՝ զեկուցելու։ Ձախից՝ դատախազներ Դավիթ Նավասարդյանը, Արշակ Մարտիրոսյանը – Անձամբ Անդրանիկ Մակարյանը տեղյակ եղե՞լ է, որ հակառակորդը Զանգելանում է,– ճշգրտեց մեղադրողը։ –Կարծում եմ՝ այո, որովհետեւ իրեն զեկուցվել է Սերյոժայի կողմից։ –Ձեր ներկայությա՞մբ։ –Այո, – պատասխանեց վկան։ Դրանից հետո Հովհաննիսյանի անձնակազմին խնդիր է տրվել տեղակայվել ճանապարհի ամենանեղ հատվածում, որպեսզի ապահովեն ականներ տեղադրող սակրավորների անվտանգությունը։ Դա, ըստ նրա, ենթադրում էր թույլ չտալ, որ առանց հրամանի որեւէ մեկը՝ մեքենայով կամ առանց, իրենց անցակետով առանց հրամանի անցնի։ Բացի այդ, դա ենթադրում էր կասեցնել հակառակորդի առաջխաղացումը եւ այդպիսի փորձի դեպքում փակել ճանապարհը պայթեցման միջոցով։ Անցակետում եղել է 3 հերթափոխ՝ մեկը՝ բաղկացած Կապանի ռազմական ոստիկանության ծառայողներից, մյուս երկուսը՝ ոստիկանության ծառայողներից, որոնք իրար փոխարինել են 2 ժամը մեկ։ ՌՈ խմբի ղեկավարը եղել է ինքը, ոստիկաններինը՝ Զախար Մինասյանը։ Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք տեղակայվել են աղբյուրի մոտ՝ ճանապարհի երկու կողմում՝ քողարկված վիճակում, իսկ հերթափոխն ավարտած խումբը հանգստացել է բաց տարածության մեջ կայանած իրենց մեքենաներում՝ ծառերի տակ։ Զորքի՝ ճանապարհը ոտքով շարունակելու հրահանգի մասին վկան մյուսներին չի հայտնել Դեպքի նախորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, ոստիկանական հենակետ է եկել Կապանի ինքնապաշտպանական խորհրդի նախագահի 1-ին տեղակալ, պահեստազորի գնդապետ Վարդան Ալեքսանյանը (նրա հարցաքննությունը՝ այստեղ)․ «Մեքենայով է եկել, ում հետ՝ չեմ կարող ասել, ասաց՝ վաղը լուսադեմին զորքը գալու է՝ խնդիր կատարելու, տեղյակ եղեք, որ չխոչընդոտեք անցնել։ Թե կոնկրետ ինչ զորք է եղել, քանի հոգի է գալու, ուր է գնալու, ինչ խնդիր է կատարելու, ես տեղյակ չեմ, նույնիսկ եթե ասել է, չեմ հիշում, ասել է՝ գալու են, աղբյուրի մոտ իջնեն, ոտքով գնան»,– պատմեց վկան։ Հարցին, թե ինչպե՞ս պիտի հասկանային՝ կոնկրետ որ ավտոբուսներին, ում պիտի թողնեին անցնել, վկան հստակ պատասխան չտվեց, նշեց՝ գիտեին, որ ուրիշ անձնակազմ չէր գալու խնդիր կատարելու։ Ի պատասխան մեղադրողի մյուս հարցին, թե այդ խոսակցությանը ով է ներկա եղել, վկան հիշատակեց միայն Զախար Մինասյանին՝ նշելով, որ նա ընթացքում է միացել խոսակցությանը։ Արձագանքելով այն դիտարկմանը, որ Զախար Մինասյանը դատարանում ցուցմունք է տվել, որ տեղյակ չի եղել, որ ավտոբուսները պիտի կանգնեին՝ վկան ասաց, որ խոսակցության այդ հատվածում նա դեռ եկած չի եղել։ Սկզբում նշեց՝ չի հիշում՝ ինքն այդ մասին Մինասյանին հայտնել է թե ոչ, ապա ասաց՝ ոոչ։ Տեւական ժամանակ մեղադրողը փորձում էր հասկանալ, թե ինչու ոչ։ Վկայի պարզաբանումն այն էր, որ Վարդան Ալեքսանյանի հրամանը, ըստ էության, զորքի անցումը չխոչընդոտելն էր, բայց ավտոբուսների, տեխնիկայի անցումը արգելելու ուղիղ հրաման չի եղել։ Ձախից՝ ամբաստանյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը, ամբաստանյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Ամրամ Մակինյանը – Խնդրի քննարկում չի՞ եղել՝ որտեղ են ավտոբուսները կանգնելու․․․ – Ոչ, խնդրի կատարման մանրամասները պարտադիր չէ՝ անցակետի ծառայողը իմանա։ – Էական չէ՞ ավտոբուսներով պիտի թողնեիք թե առանց։ – Էականն այն է, որ գալու է, անցնի, բայց մեքենայով թե ոտքով՝ էական չէ, որովհետեւ իմ իմանալով, Ալեքսանյանի ասելով՝ հանք պիտի գնային, [ոչ թե Զանգելան]։ – Ինչո՞վ պիտի գնային, խնդիրը դրանում է։ – Դե, ինձ ասաց՝ մենք թողնենք, գնան, բայց գուցե խնդիր է փոխվել, մենք տեղյակ չենք եղել։ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ զրույցից հետո իր հետ հերթապահող 4 ոստիկաններին փոխանցել է հրամանի մասին, ասել՝ զորք է գալու, անցնի՝ դարձյալ չկոնկրետացնելով, որ գալու է, կանգնի, ոտքով անցնի։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը փորձեց հասկանալ՝ Վարդան Ալեքսանյանի այդ հրահանգը Անդրանիկ Մակարյանի կամ վերադաս այլ հրամանատարի հետ վկան քննարկե՞լ է։ Վերջինս բացասական պատասխանեց․ – Շատ է եղել, որ Ալեքսանյանի կամ այլ անձի միջոցով է հրահանգ տրվել։ – Վարդան Ալեքսանյանը Ձեզ վերադա՞ս էր։ – Իմ հասկանալով՝ այո, կոնկրետ չեմ հիշում՝ ինչ պաշտոն էր զբաղեցնում, բայց ինձնից կոչումով բարձր էր, բացի այդ, արագ արձագանքման շտաբի հրամանատարական կազմի մեջ էր մտնում։ Մեղադրողի հարցը, թե որտեղի՞ց իրեն այդ տեղեկությունը, մնաց անպատասխան։ Վկան չէր հիշում՝  խորհրդակցության ժամանակ Ալեքսանյանին կցվելու, ենթակա լինելու հրահանգավորում եղել է թե ոչ։ – Ալեքսանյանը ինքնապաշտպանական խորհրդի նախագահի տեղակալն էր, տեղյա՞կ եք՝ ինքնապաշտպանական ջոկատ ինչ է նշանակում։ – Զինված ուժերում նման ջոկատ չի լինում։ – Եթե գիտեք, որ չի լինում, որտեղի՞ց այն տվյալը, որ Ձեզ վերադաս է եղել։ Կարո՞ղ էր զինվորական չհանդիսացող անձը ղեկավարել զինվորական ստորաբաժանմանը, նման կոնցեպտով դեպք Ձեր առնվազն 20-ամյա պրակտիկայում հանդիպե՞լ եք։ – Երբ պատերազմի ժամանակ մոբը հավաքվում է, բոլորը դառնում են զինվորական,– կարծիք հայտնեց վկան։ Զորքը անցակետ է հասել վկայի հանգստի ժամին Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Արմեն Հովհաննիսյանի խումբը հերթապահել է 2-4 ընկած ժամանակահատվածում։ Ժամը 4-ից հերթափոխը ընդունել է ոստիկանության անձնակազմը, իսկ իրենք գնացել են՝ հանգստանալու (ճանապարհից 5 մ հեռավորության վրա)։ Ժամեր անց, երբ Քիմիկների զորախումբը հասել է անցակետ, Հովհաննիսյանը քնած է եղել։ – Երբ զորախումբը եկել է, որտե՞ղ եք եղել։ – Մեքենայի մեջ քնած եմ եղել, հոգնածության պատճառով չեմ զգացել, արթնացել եմ կրակոցների ձայնից,– պատասխանեց վկան՝ հավելելով, որ հրաձգային զենքեր էին, պայթյունների ձայներ, որոնք ինտենսիվ տեւել են մոտ մեկ ժամ։  – Իսկ ինչո՞ւ Ձեզ չեն արթնացրել, հրահանգավորե՞լ էիք, որ արթնացնեին։ – Ոչ։ Վկա Արմեն Հովհաննիսյանը Այդ ժամանակ վկան նկատել է, որ ավտոբուսներից մեկն է հետ եկել, արագ, խառնված անցել, չի էլ կանգնել։ Հարցին՝ իրենք ինչո՞ւ չեն կանգնեցրել, գուցե հակառակորդի անձնակազմն էր ներսում, վկան պատասխանեց՝ նախ մարդ չկար, միայն վարորդն էր, հետո էլ ինքը հասկացել է, որ նույն ավտոբուսն է, որով տղաներին տարել էին։ – Որ ավտոբուսը եկավ, անցավ, ի՞նչ արեցիք։ – էնքան խառն էր, որ ոչ մի բան, լարված մյուս կողմի վրա էինք․․․ – Դիտարկո՞ւմ էիք անում։ – Ճանապարհի վրա, որ թշնամին չգար։ Դրանից հետո, ըստ վկայի, ժամանել է ինքնապաշտպանական ջոկատից ոմն գնդապետ Արարատ Մանուչարյան եւ ասել՝ իր տղաներից որեւէ մեկին տա, որպեսզի միասին գնան քիմիկների մոտ։ – Նպատակը ո՞րն էր։ – Ասաց՝ մտնեմ էնտեղ, որ տեսնեմ զորքը ոնց է, սկսեմ օգնել, խնդիր կատարել, ես իմ տղաներին չուղարկեցի, անձամբ գնացի, մտանք, հասանք առաջին տների մոտ, մեր վրա սկսեցին կրակել նռնականետով, դիրքավորվեցինք, որ հասկանանք՝ ինչ է կատարվում, բայց թշնամին չէր երեւում։ Էդտեղ Մանուչարյանն ասեց՝ հետ ես գնում, չես թողնում՝ զորք գա, որ անտեղի չընկնի ծուղակի մեջ, ես օպերատիվ վիճակը հասկանամ։ Դրանից հետո վկան վարորդի հետ վերադարձել է, շարունակել ծառայությունը իր անցակետում։ Մոտ 3 ժամ անց եկել է նաեւ Վարդան Ալեքսանյանը, հետաքրքրվել, թե ուր է Մանուչարյանը։ Իմանալով, որ գնացել է զորքի ուղղությամբ, գնացել է նրա հետեւից։ Դրանից 2 ժամ հետո երկուսով միասին վերադարձել են։ – Զանգելանից ո՞վ է առաջինը դուրս եկել (նկատի ունի՝ վերադարձող քիմիկներին,–հեղ․)։ – Սկզբից խմբով եկան, հետո սկսեցին անհատական գալ, խառնված էին, թրջված, գետով էին եկել, պատմում էին, որ ընկել են ծուղակի մեջ, մի կերպ դուրս եկել։ – Սպա կա՞ր,– հարցրեց մեղադրողը՝ ըստ ամենայնի, ակնարկելով զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին։ – Չեմ հիշում, էնքան խառն էր, էդ օրն էլ, հաջորդ օրն էլ դեռ դուրս են եկել։ – Հարցրի՞ք՝ ինչ եղավ, ինչի եղավ այսպես։ – Իրենք էնքան խառնված էին, ոչ կարողանում էին խոսել․․․ – Հարցրի՞ք՝ վիրավոր կամ թաքնված զինծառայողներ դեռ կա՞ն։ – Եկողները ասում էին՝ մենք էլ չգիտենք։ Վկայի անորոշ պատասխանները զայրացրին տուժողների իրավահաջորդներին Դատական նիստի ավարտին վկային հարցեր հղեցին նաեւ տուժողների իրավահաջորդները, պաշտպանական կողմի հարցերին հերթը այդպես էլ չհասավ։ – Զորքը որ գնացել է, մեջը՝ բավականին էրեխեք, տղա էրեխեք, հրամանատարորեն–ոչ հրամանատարորեն չե՞ք հետաքրքրվել՝ ինչ է լինելու էնտեղ, եթե գիտեիք, որ Զանգելանը գրավված է։ Զուտ մարդկային առումով Ձեր քներակը իրար չի՞ եկել, թե ինչ կարող էր էդտեղ լինել։ Ինչ–որ գործողություն, մեկին հարցնել, Արսենին տեսնել․․․ Որ ասում եք՝ զորքը հետ է եկել, ես՝ անգրագետ, Դուք՝ խելացի զինվորական, զորք ասելով՝ ես հասկանում եմ 8-ից ավելի, ասացիք՝ երեկոյան են դուրս եկել, ո՞նց է երեկոյան դուրս եկել Արսենը, եթե իր հետի տղերքը ցերեկն են դուրս եկել, նրանք, ովքեր չեն մասնակցել մարտական գործողությանը, մի հատ էլ հասցրել են նկարվել են,– հարցրեց անհետ կորած զինծառայողներից մեկի կինը։ Դատավոր Սարգիս Դադոյանը Դատավորը վերաձեւակերպեց հարցը՝ ասելով, որ տվյալներ կան, որոնց համաձայն՝ մեծամասնությունը ցերեկային ժամերին է դուրս եկել։ – Ես Արսենին չեմ տեսել, իսկ տղաները տարբեր ճանապարհներով են եկել, ես մեր մոտով եկածներին եմ տեսել, բայց չեմ կարող անուններով նշել։ Հիմնականը մթնշաղով են եկել։ –Լավ, հաջորդ հարցը։ Իմացաք, որ մարտական գործողություններ են, Դուք ներկա եք եղել, քար չեք, որ կորեիք, բանական մարդ եք, Ձեր աչքերն էլ տեսնում են։ Տեսե՞լ եք՝ Մակարյանի գլխավորությամբ, ինչ–որ ուրիշ զինվորականի գլխավորությամբ ինչ–որ գործողություններ եղե՞լ են, որ գնան էդ էրեքխի հետեւից, տեսնեն՝ ինչ եղավ, ինչ արեցին։ Հստակ, զինվորական, մարտական պատրաստված գործողություն եղե՞լ է, ոչ թե Ձեր [ասածի] նման՝ «գնամ, տեսնեմ՝ ինչ է եղել»։ Հստա՛կ պատասխան [տվեք], որեւէ զինվորականի անունով, ամեն ինչով` հաջորդ օրը, նույն օրը, մի ժամ հետո։ Ձեր մոտով ինչ–որ մեկը գնացե՞լ է։ Մինչ վկան կպատասխաներ, կինը ավելի զայրացավ․ –Ձեր չհիշելու հետ կապված հիմա որ ասեմ, կասեք՝ վիրավորանք․ բանական մարդը կենդանուց ինչո՞վ է տարբերվում, հստակ հարց եմ տալիս։ Հստակ մի հատ բառ, ասեմ՝ հիշողությունով, բանականությամբ։ Մի՛ ասեք՝ չեմ հիշում, դուք անասուն չեք, որ չեք հիշում, երկրորդն էլ, պարտավոր եք հիշելու։ Ձեր անփութության պատճառով ես էսօր լիքը–լիքը խնդիր ունեմ աշխարհի հետ, իմ էրեխու հետ, իմ ամուսնու հետ, ամեն ինչի հետ։ Դատավորը փորձեց հանդարտեցնել դահլիճում գտնվողներին, ապա դիմելով վկային՝ հարցրեց՝ պա՞րզ էր հարցը։ – Պարո՛ն դատավոր, գործողություններ եղել են, բայց ես էսօր անտեղի մարդկանց անուններ հո չե՞մ կարող տալ, եթե չեմ հիշում։ – Օգնության մասին ի՞նչ տեղեկություններ գիտեք։ – Էդ անցակետով մինչեւ Մանուչարյանի, Ալեքսանյանի հետ գալը այլ անձ, այլ խումբ չի գնացել օգնության, իրենցից հետո գնացել են, բայց ով էր, կոնկրետ չեմ կարող հիշել։ Նույն օրը չի եղել։ Կարողա ուրիշ տեղով եղել է։ Վկայի հարցաքննությունը կշարունակվի նոյեմբերի 26-ին։   Միլենա Խաչիկյան
22:27 - 30 հոկտեմբերի, 2024
Վկայի ենթադրությամբ՝ պետք էր, որ Քիմիկների զորախումբը մարտական կորուստ դառնար

Վկայի ենթադրությամբ՝ պետք էր, որ Քիմիկների զորախումբը մարտական կորուստ դառնար

2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորախմբին մարտական օպերացիայի ուղեկցող անձնակազմը տեղյա՞կ էր, թե մինչեւ ուր է պետք ուղեկցել․ այս հարցն այսօր երկար քննարկվեց Հակակոռուպցիոն դատարանում։ Ցուցմունք էր տալիս Սյունիք համայնքի նախկին ղեկավար Արթուր Մանուչարյանը։ Նա այն անձն է, որի միջոցով Կապանի ինքնապաշտպանական խորհրդի նախագահ, գնդապետ Վարդան Ալեքսանյանը իրականացրել է Գլխավոր շտաբի հրամանի կատարումը՝ կազմակերպել զորախմբի ուղեկցումը օպերացիայի տեղանք։ Ըստ կարգադրության՝ տեղանքը Կիրի հանքն էր, որտեղ իջնելու փոխարեն, սակայն, զորախումբը խորացել է մինչեւ հակառակորդի վերահսկողության տակ գտնվող Զանգելան եւ ընկել շրջափակման մեջ։ Կատարվածի համար այժմ մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Որոշվել է, որ այդ ճանապարհի մի մասը կուղեկցի Ալեքսանյանի վարորդ Համբարձում Փարամազյանը, մյուս մասը՝ համայնքապետի օգնությամբ գտնված կամավոր Արման Նուրիջանյանը։ Թե՛ Վարդան Ալեքսանյանը, թե՛ նրա վարորդ Համբարձում Փարամազյանը հանքն անցնելն ու Զանգելան հասնելը պայմանավորել են երկրորդ ուղեկցողի՝ Արման Նուրիջանյանի անփութությամբ։ Վերջինս, սակայն, դատարանում հայտարարել է՝ որեւէ մեկը երբեւէ իրեն չի ասել, թե զորքին մինչեւ ուր պետք է ուղեկցեր։ Նուրիջանյանի այս խոսքերն այսօր հաստատեց նաեւ համայնքապետ Արթուր Մանուչարյանը․ «Վարդան Ալեքսանյանը եկավ, ասաց՝ ավտոբուսներ, զինվորներ են գալու, Զանգելանի ճանապարհը պետք է ցույց տաք։ Տեղանքի անուն, որտեղ պետք էր կանգնել, չի ասվել, Կիրի հանքը ոչ մի զրույցի ժամանակ չի եղել»,– պնդեց Մանուչարյանը։ Ըստ վկայի՝ Վարդան Ալեքսանյանը երկու տարբեր հրամաններ է տվել Հարցաքննության սկզբում հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը վկային խնդրեց պարզաբանել, թե ինքն ինչ կարգով է ներգրավվել զինվորական ծառայության մեջ․ «Որպես վարչական ղեկավար՝ սկզբում մասնակցել եմ թիկունքային աշխատանքների, ունեցել եմ փախստականներ, որոնց տեղավորել եմ․․․ Երբ ընդհանուր բնագծի պաշտպանության անցնելու հրաման եկավ, սահմանամերձ բոլոր գյուղերի վարչական ղեկավարներն այդ պատասխանատվությունը վերցրին իրենց վրա»,– հայտնեց վկան։ Մեղադրողի ճշտող հարցին՝ զորահավաքային կարգով զորակոչվել, հաշվառվե՞լ է՝ վկան պատասխանեց․ «Հաշվառվելը ո՞րն է, զենքը ես եմ ստացել, իմ պատասխանատվության տակ էին։ Որպես զինվորական՝ ամենաքիչը հաշվետու էի համայնքապետին՝ Գեւորգ Փարսյանին»։ Վկա Արթուր Մանուչարյանը պատմեց, որ դեպքի նախորդ գիշերը ինքը՝ իր 10-հոգանոց ջոկատով, գտնվել է իրենց պաշտպանության տեղամասում, երբ Վարդան Ալեքսանյանը եկել, ինչ–որ անհասկանալի առաջադրանքից է խոսել․ «Գիշերը 1-2-ի կողմերը ինձ արթնացնում են, ասում են՝ Վարդանն է եկել․․․ Վարորդի հետ էր․․․ Ասում եմ՝ ի՞նչ կա, ասում է՝ մարդ է պետք, պիտի գնանք Զավալ (տեղանք է՝ չհասած Կիրի հանք,–հեղ․)․․․ Այնտեղ ականապատում են թե ականապատել են՝ լավ չհասկացա։ Ասացի՝ ես սակրավոր չեմ, տղաներն էլ չեն»,– հայտնեց վկան։ Դատավոր Սարգիս Դադոյանը – Վարդան Ալեքսանյանի ասելով՝ այդ պահի՞ն էր պետք թե՞ առհասարակ,– հետաքրքրվեց մեղադրողը։ – Չասաց, ես չեմ հասկացել։ – Նա սթա՞փ էր։ – Երեւի հա, բայց․․․  Ես հասկացա, որ ճիշտ չի բացատրում, միտքը հստակ չէր։ Հարցին, թե ինչ պիտի անեինք, տարբեր կերպ պատասխանեց, եւ իմ մոտ առաջացավ կասկած։ Ասացի՝ տղաներից ոչ ոք չի շարժվում, ես կգամ, բայց վառելիք չունեմ, տուր, կգամ։ Գնաց–եկավ, գնաց–եկավ, թողեց, գնաց։ Ըստ վկայի՝ այդ խոսակցությունից մոտ կես ժամ անց Ալեքսանյանը նորից եկել է՝ արդեն նոր առաջադրանքով․ «Ժամը 3-ի կողմերը եկավ, բա ավտոբուսներ են գալու, զինվորներ են գալու, Զանգելանի ճանապարհը պիտի ցույց տաք»,– մեջբերեց Ալեքսանյանի խոսքերը։ Դատավարության մասնակիցները խնդրեցին պարզաբանել՝ ինչ է նշանակում ճանապարհը ցույց տալ․  «Ինձ թվաց՝ տղաները, ովքեր գալիս էին, իրենց հանձնարականը պիտի իմանային, սպա գոյություն ունի ի վերջո․․․ Ես պիտի քշեմ, տանեմ, ճանապարհը ցույց տամ․․․ Բայց դա էլ մեկ գիծ էր, տարբեր տեղ դուրս գալու տարբերակ չունես»։ Ի պատասխան դիտարկմանը, որ ուղեկցելը ունենում է սկզբնակետ եւ վերջնակետ, վկան ասաց․ «Իրենք տեղը գիտեին, իրենք ունեին հրաման, թե ինչ միջոցառում պիտի անեին։ Եթե ես լինեի ուղեկցողը, եթե չունենայինք տեխնիկական այդ խնդիրը, գուցե ճանապարհին շատ բան հասկանայի, փոխեի, գուցե եւ չիմանայի, գուցե եւ իմ ծնողն էլ էստեղ նստած լիներ»։ – Իրենք՝ ովքե՞ր,– հարցրեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը։ – Չենք քննարկել՝ 62 հոգի՞ն թե՞ հրամանատարները, բայց պիտի հրամանատարները [լինեին]։ – Այսինքն՝ հաստատ զինվորները չէին ասելու՝ էստեղ կանգնի կամ էնտեղ կանգնի,– արձանագրեց Ադոյանը։ Համայնքապետի մեքենայի վառելիքի հարցը այդպես էլ չի լուծվել Քանի որ Մանուչարյանի վառելիքի հարցը չի լուծվել, եւ զինվորները դրանից առաջ՝ լուսադեմին, արդեն ժամանել են, որոշվել է, որ ոչ թե ինքը կուղեկցի, այլ տեղացի Արմանը, որը ճանապարհին ծանոթ էր, եւ որի մեքենան համեմատաբար ավելի սարքին էր։ Ընդ որում, զինվորները եկել են դեղին՝ քաղաքացիական ավտոբուսներով, ինչը, ըստ վկայի, եւս հուշել է, որ վտանգ չկա, հերթափոխի պես մի բան է լինելու։ Ձախից՝ մեղադրյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը – Դուք իրավունք ունեի՞ք ԳՇ պետի տեղակալի այդ կարգադրությունը վերահասցեագրելու [Արմանին],– հարցրեց Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանը։ – Բոլորն ունեին ստորադաս, եթե ԳՇ պետը ինձ հրամայում է, ես էլ իմ ստորադասին կարող էի հրամայել, պարո՛ն իրավաբան։ Բայց դա հրաման չէր (նկատի ունի՝ իր դիմելը Արմանին,–հեղ․), մենք կանգնած էինք ընկերներով, բոլորս մեկ մարդու նման կատարում էինք աշխատանքներ շատ մարդկանց, այդ թվում՝ գեներալների համար, դա ավելի շատ խնդրանք էր։ Դուք, որպես իրավաբան, իրավական նորմերի մեջ ավելի գրագետ եք, բայց ես մի քիչ ավելի մարդկային առումով եմ այդ ամենը կատարել,– պատասխանեց վկան։ – Պատերազմը բարոյական նորմերով չի վարվում, հարգելի՛ վկա։ – Հրամայել եմ, ասել եմ՝ տանում եք՝ Զանգելանի ճանապարհը ցույց տալու, իրենք տեղը գիտեն,– իր խոսքը վերաձեւակերպեց վկան։ – Եթե վերջնակետի տվյալը չունեք, ուղեկցելը ո՞նց էր ավարտվելու։ – Ուղեկցողի մոտ սպա է նստել, ես տրամաբանել եմ, որ նա․․․ – Եթե սպան տեղանքին ծանոթ չէր, ո՞նց պետք է ուղեկցողին հասկացներ՝ որտեղ կանգ առնել։ – Սպան քարտեզ կարդալ գիտի, չէ՞, հրամանը ստանալու դեպքում քարտեզով տալիս են՝ էս կետում պիտի կանգնես։  Էդ սպան, որ եկել, նստել է ուղեկցողի մոտ, բայց չգիտի իր առաջադրանքը, բա ե՞ս ինչ իմանամ։ Ի պատասխան Արսեն Աբգարյանի հարցին՝ քարտեզի վրա հանքը, որի մոտ պիտի կայանեին, տեսանելի՞ էր, վկան բացասական պատասխան տվեց։ Նա նաեւ նշեց, որ երբ հրամանները տալիս, իրենց հետ մանրամասն չէին քննարկում, եւ քանի որ արտահոսքի խնդիր էլ կար, ինքն էլ հավելյալ հարցեր չի տվել։ Ենթադրեց՝ եթե անձամբ իրականացներ ուղեկցումը, ինքն էլ նույն տեղը կհասներ։ – Երբ ստացել եք խնդիր՝ ուղեկցել Զանգելան, Ձեզ ասե՞լ են՝ ինչ հերթականությամբ,– հարցրեց Անդրանիկ Մակարյանը։ – Ոչ։ – Ստացե՞լ եք խնդիր, որ խումբը պետք է իջնի Կերեն բնակավայրում, որտեղ ոստիկանական հենակետն էր, սպասի հրամանի, դրանից հետո ուղեկցողը գիտի՝ դեպի որ ուղղությամբ տանի։ – Ոչ, չի եղել տենց բան, ես առաջին անգամ  Ձեզնից եմ լսում։ Մանուչարյանի ենթադրությամբ՝ պետք էր, որ իրենք մարտական կորուստ դառնային Մանուչարյանի վկայությամբ՝ իրենցից հետո տեղակայված էին Զանգելանի ոստիկանները, ԱԻՆ աշխատակիցները, բնակիչները, եւ իր համար տարակուսելի էր, որ տեղանքին ծանոթ այդքան անձինք կային, բայց իրենք պիտի ուղեկցումը կազմակերպեին․ «Այսինքն՝ նույն Վարդանը չէր կարողանո՞ւմ ավելի հարմար տարբերակ գտներ, որ եկավ, կանգնեց մեզ վրա․․․ էդ ո՞նց եղավ, որ Զանգելանի տղաները էդ ճանապարհը չէին կարող ցույց տալ, իմ տղաները պիտի ցույց տային»,– հարց հնչեցրեց վկան։ Ձախից՝ հանրային մեղադրողներ Դավիթ Նավասարդյանը, Արշակ Մարտիրոսյանը Ի պատասխան մեղադրողի հարցին, թե ինքը ոնց է դա բացատրում, վկան ասաց․ «Բանակում ասած՝ որպես նորմալ կորուստ պիտի գնայինք, ամենաքիչը իմ ծնողը պիտի էստեղ նստած լիներ, ես այդ եզրահանգմանն եմ գալիս»։ – Այսինքն՝ իրեն պետք էր, որ Դուք մարտական կորուստ լինեի՞ք։ – Ես տենց մտածում եմ, այո։ – Անձնական հարաբերությունները ո՞նց էին Ալեքսանյանի հետ։ – Ես իրեն չեմ էլ ճանաչել։ – Իսկ եթե հարաբերություն չեք ունեցել, ինչո՞ւ պիտի այդպես պետք լիներ։ – Դե, գուցե պատճառն էլ հենց էդ է, որ հարաբերություն չենք ունեցել, գուցե մյուսների հետ ունեցել է անձնական հարաբերություններ։ Օրինակ, ենթադրությունն է էլի։ – Վարդան Ալեքսանյանը ներկայացրել է Ձեզ հետ խոսակցություն, ըստ որի՝ Ձեզ ասել է, որ ուղեկցումը պետք է մինչեւ Կիրի հանք լինի։ – Սուտ է խոսում։ – Եվ ասել է, որ  Զանգելան բառը Ձեզ չի ասվել։ – Սուտ է խոսում․․․ Ես գիտեմ հանքի տեղը, Արմանը գիտի, կբացատրե՞ք՝ տրամաբանությունը ո՞րն է, որ եթե ինձ ասած լինեն Կիրի հանք, ես ասեմ՝ չէ, քշի, գնա Զանգելան։ Ամենաքիչը Արմանի համար պատասխանատու էի, ինչո՞ւ պիտի այդպես ասեի։ – Իսկ ըստ Ձեզ՝ ստելու պատճառը կամ տրամաբանությունը ո՞րն էր։ – Չեմ կարող ասել։ Ես 4 տասնյակից ավելի վարդանալեքսանյաններ եմ հանդիպել, գիտեմ, որ կեսից շատը մեծ–մեծ խոսող, «գալչկա» դնող հրամանատարներ էին, մնացածը իրենց հարցրեք։ –Հետագայում երբեւէ չե՞ք զրուցել նրա հետ։ – Ոչ, ոչ էլ ցանկություն ունեմ, միայն առերեսվել եմ, ինձ համար հաճելի չէ։ – Դուք մեղադրո՞ւմ եք Վարդան Ալեքսանյանին։ – Ես չեմ կարող ասել, թող դատավորը մեղադրի․․․ Ամեն կտոր հիշողություն ինձ համար ծանր է, ես չեմ ուզում այս հարցով․․․ Նենց էլ չէ՝ օլիգարխ եմ, Կապանից 700 կմ գալիս–գնում եմ, բայց սա պետք է, սա իմ պարտքն է, դրա համար երրորդ նիստն է՝ այստեղ եմ,– պատասխանեց վկան։ Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 27-ին։   Գլխավոր լուսանկարում՝ վկա Արթուր Մանուչարյանը Միլենա Խաչիկյան    
23:00 - 10 սեպտեմբերի, 2024
«Ստում են»․ Քիմիկների գործով վկան՝ մյուս վկաների ցուցմունքների մասին

«Ստում են»․ Քիմիկների գործով վկան՝ մյուս վկաների ցուցմունքների մասին

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Քիմիկների զորամասի գործով առանցքային վկա Արման Նուրիջանյանի հարցաքննությունը։ Նուրիջանյանն այն անձն է, ում վստահված է եղել Քիմիկների զորախմբի ուղեկցումը դեպի օպերացիայի տեղանք։ Ստացվել է այնպես, սակայն, որ սահմանված վայրում՝ Կիրի հանքում իջնելու փոխարեն զորախումբը խորացել է մինչեւ Զանգելան քաղաք, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը դեռ օրեր առաջ էր տեղադրել  իր դրոշը եւ տեսանյութը հրապարակել համացանցում։ Արդյունքում, զինծառայողները ընկել են շրջափակման մեջ․ նրանցից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։  Կատարվածի համար մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։ Ըստ վկայի՝ իրեն ասել են, թե զորախումբը տեղյակ է՝ որտեղ պիտի տեղակայվեր Նախորդ նիստին Արման Նուրիջանյանը հայտնել էր, որ իր անմիջական հրամանատար Արման Մանուչարյանն է իրեն կարգադրել Քիմիկների զորախմբին ուղեկցել՝ ասելով, որ նրանք տեղակայման վայրը գիտեն, պետք է միայն ճանապարհը ցույց տալ։ Այս դրվագի վերաբերյալ մեղադրյալ Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանն այսօր հարցեր հղեց վկային․ Ձախից՝ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը – Եթե տեղակայման վայրը գիտեին, ապա որպես ուղեկցող Ձեզ նշանակելու իմաստն ու տրամաբանությունը ո՞րն էր։ – Դեպի Զանգելան ճանապարհ ցույց տալը։ – Ի՞նչ է նշանակում ճանապարհ ցույց տալ։ – Աջ ու ձախ չգնալ, չշեղվել։ – Այդտեղ կա՞ր ուրիշ ճանապարհ։ – Այո։ – Եթե Ձեզ նշանակում են ուղեկցող, ուրեմն՝ տեղյակ չեն ե՛ւ ճանապաարհին, ե՛ւ տեղակայման վայրին։ – Ես չգիտեի՝ իրենք տեղյակ են թե չէ, ինձ ասել են՝ նրանք տեղյակ են, թե որտեղ պետք է տեղակայվեն։ Ես ընդամենը պետք է ճանապարհ ցույց տայի։ Նախագահող դատավոր Սարգիս Դադոյանի ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ լավ հասկացած չլինի կարգադրությունը, վկան բացասական պատասխան տվեց։ Թե կոնկրետ ովքեր էին տեղյակ, ըստ վկայի, չի ասվել։ – Ու Դուք չեք էլ հարցնո՞ւմ՝ ով գիտի եւ որտեղ պետք է կանգ առնեք։ – Դե, լոգիկայով՝ իմ կողքին նստած սպան պիտի իմանար (խոսքը Փնջոյանի մասին է, որը դեռ չի հարցաքննվել,–հեղ․)։ – Իսկ Դուք պարտավոր չէի՞ք ճշտելու Ձեզ վերապահված կարգադրության ամբողջ բովանդակությունը, այդ իմացողներն ո՞վքեր էին,– հարցրեց Դավիդյանը։ –  Ոչ, պարտավոր չէի, որովհետեւ իմ հրամանատարին վստահում էի,– պատասխանեց վկան։ Դատավորն էլ հետաքրքրվեց՝ իր կողքին նստած հրամանատարը ի՞նչ տպավորություն է թողել իր վրա․ – Ռեմբոյի,– պատասխանեց վկան,– այնպես էր խոսում, ոնց որ 20 րոպեից Զանգելանը վերցնում ենք․․․ Զանգելանի երկու կողմից հայկական գյուղեր են, ասում էր՝ գիշերը մերոնք իջել են, մենք էլ մեջտեղով գնում ենք, սանրելով դուրս գանք։ Նուրիջանյանը հերքում է մյուս վկաների խոսքերը Արման Նուրիջանյանի խոսքով՝ կոնկրետ Կիրի հանքում իջնելու մասին իրեն ոչ ոք ոչինչ չի ասել։ Պաշտպան Դավիդյանը խնդրեց պարզաբանել՝ այդ պարագայում ինչպե՞ս է, որ դատարանում հարցաքննված երկու վկաներ՝ շտաբի պետ Վարդան Ալեքսանյանն ու առաջին ուղեկցող Համբարձում Փարամազյանը ասել են, թե Նուրիջանյանին մի քանի անգամ հստակ նշվել է այդ մասին․ Դատավոր Սարգիս Դադոյանը – Ստում են,– հայտարարեց վկան,– ինձ ոչ ոք նման բան չի ասել, մանավանդ՝ Ալեքսանյանը, ես նրան կատեգորիկ չեմ տեսել, դեպքից հետո եմ տեսել միայն։ – Բոլորը ստում են, Դուք ճի՞շտ եք ասում,– ճշտեց դատավորը։ – Ինձ հրաման տվողն ասել է՝ ես ինչ պիտի անեմ, ես արել եմ,– ասաց վկան։ Ըստ Նուրիջանյանի՝ օգնության մեկնած զորքը եւս շրջափակման մեջ է ընկել Ամբաստանյալ Արսեն Աբգարյանը խնդրեց հիշել՝ մեկնելուց առաջ, երբ հանդիպել են իրար, ինքն ի՞նչ է ասել․ –  Հարցրել եք՝ տեղյա՞կ ես ճանապարհից, ասել եմ՝ հա։ – Հարցրել եմ՝ դու գիտես՝ ուր պիտի տանես, չէ՞։ – Չէ, «գիտես՝ ուր պիտի տանես»–ը ուրիշ բան է, «ճանապարհն իմանալ»–ը՝ լրիվ ուրիշ բան։ – Կհիշե՞ս խոսակցություն, որ երբ հակառակորդին տեսանք, ասացին՝ հրամանատար, մի կրակիր, կարողա մերոնք են։ – «Հրամանատար»–ը չեմ հիշում, բայց երկու տարբերակն էլ ասվել է՝ եւ որ մերոնք են, եւ որ կարողա զասադ է։ Այդ զասադ բառի վրա սկսել են կրակել։ – Այսինքն՝ եղել է նման խոսակցություն։ Արման Նուրիջանյանի խոսքով՝ դեպքից ժամեր անց Քաջարանի ջոկատը մեկնել է՝ շրջափակման մեջ մնացածներին օգնության, սակայն տեղ չհասնելով՝ հետ է դարձել․  «Էլի նույն ձեւ գնաց, ընկավ զասադի մեջ, զոհեր,մահեր․․․» Պաշտպան Ամրամ Մակինյանի հարցին, թե ինքը որտեղի՞ց գիտի այդ մասին, վկան պատասխանեց՝ ներկա է եղել, երբ մեկնել են։ Նուրիջանյանը հայտնեց նաեւ, որ ինքը սկսել է կրակել, երբ հակառակորդի հարվածից սպա է զոհվել։ Սպայի զոհվելու մասին նրա հայտարարությունը զարմացրեց տուժողների իրավահաջորդներին, ըստ որոնց՝ այդ մասին առաջին անգամ են լսում։ Հայկ Եղիազարյանը Տուժող կողմից Հայկ Եղիազարյանը խնդրեց հիշել՝ հայկական կողմից ի՞նչ արձագանք է եղել ադրբեջանական ալիքներում հրապարակված այն տեսանյութին, որում երեւում է, թե ինչպես են Զանգելանի դպրոցի բակում իրենց դրոշը կանգնեցնում։ Վկան ասաց՝ լսել է, որ ասել են, թե դա կեղծ տեսանյութ է։ – Ի վերջո, գնացիք, ընկաք այդ իրավիճակի մեջ, ըստ Ձեզ՝ կե՞ղծ էր թե՞ ոչ։ – Ոչ։ – Մեղավորն ո՞վ է։ –  Հրամանատարական կազմը․․․ Հենց տենց վերադասության կարգով իջնելով։ – Անդրանիկ Մակարյանն ու Արսեն Աբգարյանը մեղավո՞ր են։ – Ես իրենց չեմ իմացել․․․ Եթե իրենք են եղել հրամանատար, մեղավոր են,– պատասխանեց վկան։   Միլենա Խաչիկյան
22:59 - 03 սեպտեմբերի, 2024
Քիմիկների գործով վկան պնդում է՝ իրեն ոչ ոք չի ասել, թե զորքին մինչեւ ուր պիտի ուղեկցի

Քիմիկների գործով վկան պնդում է՝ իրեն ոչ ոք չի ասել, թե զորքին մինչեւ ուր պիտի ուղեկցի

44-օրյա պատերազմի ժամանակ կամավորական Արման Նուրիջանյանի կարծիքով՝ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորախմբի օպերացիայի ձախողման պատճառը եղել է վերադաս հրամանատարության անկազմակերպվածությունը։ Այդ մասին նա երեկ հայտարարեց Հակակոռուպցիոն դատարանում։ Քիմիկների գործով Նուրիջանյանը առանցքային անձ է․ հենց նրան է վստահված եղել զորախմբի ուղեկցումը դեպի օպերացիայի տեղանք։ Ստացվել է այնպես, սակայն, որ սահմանված վայրում՝ Կիրի հանքում իջնելու փոխարեն զորախումբը խորացել է մինչեւ Զանգելան քաղաք, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը դեռ օրեր առաջ էր տեղադրել  իր դրոշը եւ տեսանյութը հրապարակել համացանցում։ Արդյունքում, զինծառայողները ընկել են շրջափակման մեջ․ նրանցից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Կատարվածի համար մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։ Արման Նուրիջանյանն ունի վկայի կարգավիճակ։ Դատարանն արգելեց նիստի տեսանկարահանումը՝ չպատճառաբանելով իր որոշումը Նախքան վկայի հարցաքննությանն անցնելը հերթական անգամ թույլտվություն խնդրեցինք նիստի տեսա եւ լուսանկարահանման համար։ Մեղադրող կողմը առարկություն չուներ, պաշտպանական կողմը՝ եւս։ Միայն մեղադրյալ Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանը հայտարարություն արեց՝ ասելով, թե նախորդ նիստին իր վերաբերյալ սխալ տեղեկություն է հրապարակվել, խնդրեց դա շտկել եւ այլեւս չկրկնել․ «Եթե այդ պայմանով, ապա համաձայն ենք», - ասաց նա։ Մեր հարցը, թե ո՞ւմ կողմից է սխալ տեղեկություն հրապարակվել, մնաց անպատասխան։ Նիստից հետո պաշտպանի հետ առանձնազրույցում պարզ դարձավ, որ խոսքը մեկ այլ լրատվամիջոցի հրապարակած տեսանյութի մասին էր։ Այդ հարցին, սակայն, դատարանը չանդրադարձավ եւ որոշեց արգելել տեսանկարահանումը։ Նշենք, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ դռնբաց նիստի տեսաձայնագրումը թույլատրում է դատարանը` մեղադրյալների համաձայնությամբ: Անգամ համաձայնության դեպքում դատարանը կարող է արգելել տեսաձայնագրումը, եթե դա է պահանջում արդարադատության շահը։ Դատավոր Սարգիս Դադոյանը, սակայն, որեւէ կերպ չպատճառաբանեց իր այդ որոշումը․ «Լսեցիք պաշտպանի հայտարարությունը, դատարանը Ձեզ թույլատրում է առհասարակ այս նիստը լուսաբանել նկարահանման եւ ձայնագրառման միջոցով, տեսանկարահանել չի թույլատրվում եւ հարցաքննության ամբողջ ընթացքը եւս չի թույլատրվում ձայնագրել, որոշ հատվածներ կձայնագրեք»,- ասաց նա։ Նշենք, սակայն, որ ըստ Քր․դատ․օր․-ի՝ դռնբաց նիստին ներկա անձինք իրավունք ունեն կատարել ձայնագրում, հետեւաբար եթե նիստը դռնբաց է, ձայնագրման իրավունքը չի կարող սահմանափակվել։ Մեր ճշգրտող հարցին ի պատասխան՝ դատավորն ասաց․ «Ամբողջ նիստը կարող եք ձայնագրել, չեք կարող տեսանկարահանել»։ Այս գործով նիստերը նախկինում բազմիցս տեսանկարահանվել, անգամ ուղիղ հեռարձակվել են։ Ըստ վկայի՝ դեպքից 3 օր առաջ իմացել են, որ Զանգելանը գրավված է 40-ամյա Արման Նուրիջանյանը պատմեց, որ պատերազմի ժամանակ զինկոմիսարիատում չի հաշվառվել, ինքնակամ ներկայացել է գյուղապետարան, քանի որ գյուղական տարածքներում ինքնապաշտպանական ջոկատներ էին ստեղծվում․ – Զինվորական որեւէ կառույցից Ձեր նկատմամբ վերահսկողություն կա՞ր, սպաներ կայի՞ն,– հարցրեց հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը։ – Գյուղապետը միայն՝ Արթուր Մանուչարյանը, նա էր իմ անմիջական հրամանատարը,– պատասխանեց վկան։ – Նա զինվորական ի՞նչ պաշտոն էր զբաղեցնում։ –Չգիտեմ։ – Ինչի՞ց եք կարծել, որ նա է Ձեր հրամանատարը։ – Նրանից եմ զենք ստացել, նրա մոտ եմ կցված եղել, այդ ջոկատի բոլոր հարցերը նա էր լուծում։ Ձախցի՝ հանրային մեղադրողներ Դավիթ Նավասարդյանը, Արսեն Մարտիրոսյանը Նուրիջանյանը պատմեց, որ նախքան դեպքի օրը ինքը Կապան–Զանգելան ավտոճանապարհին տեղակայված մարտական հենակետում է ծառայություն իրականացրել, նրա խոսքով՝ «պոստ պահել»։ Մեղադրողի հարցին՝ ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել ճանապարհը վերահսկելու, ի՞նչ վտանգ կար, վկան պատասխանեց․ «Ինքնապաշտպանության համար, որ Զանգելանի կողմից չգար թշնամին»։ – Այսինքն՝ երբ Դուք հերթապահել եք, արդեն իսկ տեղեկություններ կային, որ հակառակորդը Զանգելանո՞ւմ է,– ճշգրտեց մեղադրող Արշակ Մարտիրոսյանը։ – Ես մինչեւ գնալս իմացել եմ, որ Զանգելանը գրավված է (նկատի ունի դեպքից 3 օր առաջ,–հեղ․),– պատասխանեց վկան։ – Ո՞վ է հայտնել։ – Յութուբով եմ տեսել։ – Իսկ հրամանատարության հետ քննարկե՞լ եք դա։ – Բոլորս էլ գիտեինք։ – Կիրի հանքը Զանգելանից տարբե՞ր է։ – Այո։ Կապանից Կիրի հանք մոտ կես ժամվա ճանապարհ է, հանքից Զանգելան՝ 20 րոպեի։ – Այսինքն՝ Կիրի հանքով անցնելիս ակնհայտ կլինե՞ր, որ դա է հանքի տեղանքը։ – Իհարկե, նույնիսկ փոքր երեխայի համար։ Մինչեւ հանք հասնելը՝ մի 700 մետրի վրա, շիբինը թափած էր գետնին,– պատասխանեց վկան։ Նուրիջանյանի խոսքով՝ իրեն չի ասվել, թե մինչեւ ուր պիտի զորքին տանի Արման Նուրիջանյանի խոսքով՝ իրենց ջոկատում եղել է 20-ից ավելի անձ։ Դեպքին նախորդող երեկոյան գյուղապետը՝ Արթուր Մանուչարյանը, եկել, հարցրել է, թե ով գիտի դեպի Զանգելան տանող ճանապարհը, ինքն ասել է, որ գիտի (մինչ այդ բազմիցս երթեւեկել է, քանի որ առաքիչ է աշխատել), եւ այդպես որոշվել է, որ ինքը պիտի զորքին ուղեկցի։ –Կասե՞ք՝ բառացի ինչ է ասել գյուղապետը,– հարցրեց մեղադրողը։ – Ասել է՝ զորք է գալու, իրենք գիտեն՝ ուր պիտի գնան, որտեղ պիտի կանգնեն, ընդամենը պետք է ուղեկցող, ճանապարհը ցույց տվող։ – Ո՞ր ճանապարհը։ – Դեպի Զանգելան․․․ Ասել է՝ իրենց կթողնես, դու կգաս։ Ջոկատի մյուս անդամները գիտեին այդ ճանապարհը թե չէ՝ Նուրիջանյանը տեղյակ չէր, ենթադրում էր, որ ինքն է հարմար թեկնածու եղել, քանի որ անձնական մեքենա է ունեցել (գյուղապետի մեքենան սարքին չի եղել)։ Պատասխանելով ուղեկցումից հրաժարվողների վերաբերյալ հարցին՝ վկան ասաց, որ գյուղապետից լսել է, որ Վարդան Ալեքսանյանն է հրաժարվել։ Հիշեցնենք՝  վերջինս այն գնդապետն է, որին ԳՇ պետի՝ այդ ժամանակվա տեղակալ Անդրանիկ Մակարյանը հանձնարարել էր կազմակերպել Քիմիկների զորախմբի ուղեկցումը։ Նախորդ դատական նիստին նա էլ իր հերթին էր հայտարարել, թե ուղեկցողի խնդիր կար, մարդիկ հրաժարվում էին։  Նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը – Վարդան Ալեքսանյանը եւ Համբարձում Փարամազյանը (մյուս ուղեկցողն է,–հեղ․) դատարանում ասել են, որ Դուք ներկա եք եղել, երբ երեկոյան տեղանքի շուրջ խոսակցություն է եղել։ Նրանք հիշում են Ձեզ,– ընդգծեց մեղադրող Նավասարդյանը։ – Ես իրենց չեմ տեսել,– պնդեց վկա Նուրիջանյանը։ – Ինչպե՞ս կբացատրեք, ինչո՞ւ են նման ցուցմունք տվել։ – Արդարանում են երեւի։ – Ինչի՞ց։ – Մեղադրանքից պրծնելու համար․․․ Չգիտեմ․․․ Ես չկամ տենց բաների մեջ․․․ Ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել, իրենց չեմ հիշում։  Ըստ Նուրիջանյանի՝ լուսադեմին արթնացել է, գյուղապետի մեքենայից լիցքավորել իր «Միցուբիշի» մակնիշի մեքենան եւ ճանապարհ ընկել։ Առջեւից գնացել է ինքը, ապա՝ զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը վիլիսով, որից հետո՝ զինծառայողների 3 ավտոբուսները։ Իր կողքին նստել է Փնջոյան ազգանունով մի սպա, որն էլ, ըստ վկայի, ասել է, թե Զանգելան են գնում, ոչ թե Կիրի հանք․ «Փնջոյանին հարցրի՝ ո՞ւր ենք գնում, ասաց՝ Զանգելան, ասացի՝ բա Զանգելանը գրավել են, ասաց՝ գիշերը մերոնք երկու կողմերից մտել են, մենք էլ մեջտեղով գնում ենք, սանրելով դուրս գանք․․․  Նույնիսկ հանքով անցնելիս ինձ հարց տվեց՝ սա հա՞նքն է, ասացի՝ այո, բայց էդտեղ էլ ոչ մի բան չխոսեց, ոչինչ չզեկուցեց»,– նշեց վկան՝ հավելելով, որ ինքն էլ այլ հարցեր չի տվել՝ ակնկալելով, որ երբ հասնեն սահմանված վայրը, իրեն կասեն մեքենան կանգնեցնել։ Դա, սակայն, այդպես էլ տեղի չի ունեցել։  – Փնջոյանը քեզ խաբե՞լ է,– հարցրեց տուժողի իրավահաջորդ Ռուդիկ Ալեքսանյանը (նրա հարցաքննությունը՝ այստեղ)։ – Դե, փաստորեն,– ասաց վկան՝ հետագայում հավելելով, որ վերջում իր մոտ տպավորություն է եղել, թե նա էլ չի իմացել։ – Վարդան Ալեքսանյանը ասում էր՝ քեզ ասել է, որ մինչեւ հանք պիտի գնաս։ – Սուտ է ասում, ինձ նման բան չի ասել,–պնդեց վկան։ Ըստ նրա՝ նույնիսկ ոստիկանական հենակետում են կանգել, ճանապարհից իրենց մեքենան նստած ոստիկանին այնտեղ իջեցրել, սակայն դարձյալ ոչ ոք չի հուշել, որ դա է հենց այն վայրը, որտեղ պիտի կայանեին։ Ուշագրավ է, որ նախորդ նիստին վկա Վարդան Ալեքսանյանը ասել էր, թե դեպքի նախորդ օրը այցելել է ոստիկանական այդ հենակետ՝ ոստիկաններին տեղյակ պահելու, որ հաջորդ օրը զորք է գալու այդտեղ՝ օպերացիայի։ Արման Նուրիջանյանի պնդմամբ՝ կրակելու հրաման այդպես էլ չի տրվել Վկա Արման Նուրիջանյանը պատմեց, որ երբ Զանգելանին 200 մետր էր մնացել, եւ դպրոցի տանիքը (որտեղ էլ, ըստ յութուբում հրապարակված տեսանյութի, տեղադրվել էր ադրբեջանական դրոշը) արդեն տեսանելի էր, ինքնակամ կանգնեցրել է մեքենան․ «Հարցրել եմ՝ կոնկրետ որտե՞ղ ենք գնում, կոնկրետ տեղ ասեք, տանեմ, ուզում էի հասկանալ՝ կարճ ճանապարհով գնամ թե երկարով, Փնջոյանն ասել է՝ մի րոպե սպասիր»։ Տուժողի իրավահաջորդ Հայկ Եղիազարյանը հարցրեց՝ երբ վկան նկատել է տանիքը, Փնջոյանը չի՞ ասել՝ կանգնի–կանգնի։ Վկան բացասական պատասխան տվեց, ինչը վրդովեցրեց Եղիազարյանին․ Հայկ Եղիազարյանը - Ասում եմ այն, ինչ դու ասել ես 2020 թ․ դեկտեմբերին։ Որ ձայնագրությունը տամ, լսես, ի՞նչ ես անելու,- բղավեց նա։  - Եթե նման բան եմ ասել, ներողություն կխնդրեմ։ Ավելի ուշ վկան պատմեց, որ Փնջոյանը իջել է, մոտեցել Աբգարյանի վիլիսին, հարցրել՝ ո՞ւր ենք գնում, արդեն տանիքն երեւում է, Աբգարյանն էլ ասել է՝ գի՞ժ եք, էս ո՞ւր եք եկել․ «Աբգարյանն ասաց՝ շատ եք եկել, պտտվեք, հետ ենք գնում, ես պտտվեցի, էլի կանգնեցի․․․ Այդ ընթացքում, երբ կանգնած էինք, զորքի մի մասը ավտոբուսներից իջավ, 2 զինվոր նկատեց, որ դիմացի թմբի վրա 2 հոգի երեւում են, տղերքից մեկն ասաց՝ կարողա՞ զասադ է, ու այդ ժամանակ սկսեցին գնդացիրի լուսային փամփուշտներվ մեզ վրա կրակել, Աբգարյանն ասաց՝ եկեք թմբի տակ․․․ Ես դեռ չէի հասկացել՝ ինչ է կատարվում, թիկունքը պետը իմ աչքի առաջ զոհվեց․․․ Հրաձիգով սկսեցի կրակել գնդացիրի վրա, նա լռեց, հետո սկսեցին սնարյադով կրակել․․․ Բոլորը խուճապահար փախչում էին, Աբգարյանը ասաց՝ բոլորդ եկեք թմբի տակ, ինքն էլ մտավ թմբի տակ, բայց արդեն սաղ ցրվել էին, որովհետեւ ավտոբուսների վրա ԷԼ էին կրակում»։ – Զինծառայողները պատասխանո՞ւմ էին այդ կրակոցներին։ – Ոչ ոք չի կրակել ինձնից բացի։ –  Ինչո՞ւ։ – Չգիտեմ, չեմ կարող ասել։ – Գուցե Դուք նշա՞ն եք տվել հակառակորդին, որ զորքին հասցրել եք այդտեղ, ու փախել եք,– վրդովվեց տուժողի իրավահաջորդներից Սեդա Հովհաննիսյանը։ – Իրենք ինձնից շուտ զորքին տեսել էին։ – Բա ինչի՞ չէին խփում։ – Չգիտեմ, բայց մենք այնքան բաց տարածքով ենք անցել, կարող էին նույնիսկ չթողնել, որ հասնենք այդտեղ, ուղղակի երեւի չեն պատկերացրել, որ ավտոբուսներից կիջեն։ – Բա ո՞վ հրաման տվեց, որ իջնեն։ – Ի՞նձ եք հարցնում, ես ընդամենը ուղեկցող եմ։ – Ե՞րբ սկսեցիք կրակել։ – Երբ դիմացս մարդ զոհվեց, այդ ժամանակ հասկացա, որ թուրքն է։ – Իսկ կրակոց տալու հրաման չեղա՞վ։ – Չգիտեմ, չեմ լսել տենց հրաման, ես ինքնակամ եմ կրակել․․․ Հետո վարորդներից մեկը ուսից բեկորային վիրավորում ստացավ, ինձ խնդրեց մեքենան հանեմ, որ դուրս գա, ասաց՝ չեմ կարողանում, չեմ դիմանում, ես էլ քշել եմ, դուրս եկել։ – Առաջինը Դո՞ւք եք դուրս եկել։ – Այո, ես ու երկու ավտոբուսի վարորդները։ – Բա ինչո՞ւ զինծառայող չվերցրիք Ձեզ հետ։ – Ես չէի պատկերացնում, որ պիտի քշեի, գնայի․․․ Մտածեցի՝ զորքը կլցվի ավտոբուսները։ – Որեւէ մեկը բարձրաձայնե՞ց՝ մոտեցեք ավտոբուսներին։ – Ոչ, ես չեմ լսել նման բան։ – Դրանից առաջ Աբգարյանը ասել էր՝ հետ ենք գնում, չէ՞։ Այսինքն՝ Դուք պետք է անձնակազմին հետ տեղափոխեինք։ Ինչո՞ւ եք նրանց թողել եւ դուրս եկել,- հարցրեց մեղադրող դատախազ Դավիթ Նավասարդյանը։ – Որտե՞ղ եմ թողել․․․Մարտ են վարում, կրակում են, փամփուշտներս վերջացել էին, պետք է մնայի այնտեղ, ի՞նչ անեի, զոհվեի՞,- պատասխանեց վկան։ Վկայի տեղեկություններով՝ օգնության մեկնած զորքը, տեղ չհասնելով, հետ է եկել Արման Նուրիջանյանը պատմեց, որ վերադարձել է զորամաս, իր հրամանատար Մանուչարյանին պատմել կատարվածի մասին․ «Ասել եմ՝ էս ո՞ւր եք ինձ ուղարկել, ինքն էլ ասել է՝ ես էլ տեղյակ չեմ եղել։ Զարմացած էր, որ ընկել ենք շրջափակման մեջ, որ մեր գնացած տեղում թուրք է եղել»։ Վկայի տեղեկություններով՝ իր գալուց հետո ավտոբուսներ են մեկնել՝ շրջափակման մեջ մնացած զորքին օգնության, սակայն մինչեւ վերջ չգնալով՝ հետ են եկել։ Վկա Արման Նուրիջանյանը – Երբ փրկվեցիք, որեւէ մեկին հարցեր ուղղեցի՞ք։ Ի վերջո, Դուք պետք է ուղեկցում իրականացնեիք, Ձեր կողքին նստել էր շարասյան զինվորական, Ձեր ցուցմունքում նշել եք, որ ճանապարհի ընթացքում շարժը ոչ մեկը չի համակարգել, եւ ամենասարսափելին՝ որեւէ մեկը չի իմացել ուր գնալ, որտեղ կանգնել,- ասաց մեղադրող Արշակ Մարտիրոսյանը։ – Իմ հրամանատարին եմ հարցրել։ – Լա՞վ եք հիշում, Կապանի զորամասում որեւէ մեկին հանդիպե՞լ եք։ – Հիշեցի՝ ինչ նկատի ունեք,- կարճատեւ լռությունից հետո ասաց վկան։ – Կհիշես–կհիշես, շատ բան կհիշես,– լսվեց Հայկ Եղիազարյանի ձայնը։ Նիստերի դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց։ Ավելի ուշ վկան պատմեց, որ դեպքից 2-3 օր անց կատարվածի համար զորամասում իրեն են մեղադրել, դավաճան անվանել․ «Մի տարեց մարդ էր, ասաց՝ դու էն դավաճանը չե՞ս, որ մեզ տարավ Զանգելան, բա ասում էին՝  ԱԱԾ–ն քեզ խփել է, գնացինք հրամանատարի մոտ, ասացի՝ ի՞նչ դավաճան, էդ ի՞նձ եք ասում, ասաց՝ մի քիչ կամաց խոսիր, պատուհանները փակեք․․․ Ես նույնիսկ տունս ցույց տվի, հասցեն ասացի, ասացի՝ թե հարց լինի, ես այ էն տանն են, տեղ չունեմ փախչելու․․․ Էդտեղ հասկացան, որ ես կապ չունեմ․․․  Բախտս բերել է, սաղ եմ մնացել, նույն հաջողությամբ կարող էի ես էլ զոհվել։ Էդ ժամանակ իրենց ձեռք կտար երեւի»,– նեղսրտած ասաց Արման Նուրիջանյանը։ Վկայի հարցաքննությունը կշարունակվի սեպտեմբերի 3-ին։   Միլենա Խաչիկյան
13:42 - 27 օգոստոսի, 2024
 «Խնդիրն այն է եղել, որ ուղեկցողը փոխվել է»․ գնդապետը՝ Քիմիկների զորամասի օպերացիայի ձախողման մասին

«Խնդիրն այն է եղել, որ ուղեկցողը փոխվել է»․ գնդապետը՝ Քիմիկների զորամասի օպերացիայի ձախողման մասին

- Կատարվածի մեջ Ձեր մեղավորությունը տեսնո՞ւմ եք։ - Տեսնում եմ։ Դատարանում երեկ այսպես ավարտվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Կապանի ինքնապաշտպանական խորհրդի նախագահի 1-ին տեղակալ-շտաբի պետի պաշտոնը փաստացի զբաղեցրած, պահեստազորի գնդապետ Վարդան Ալեքսանյանի հարցաքննությունը։ Քիմիկների զորամասի անվանումը ստացած քրեական գործով Ալեքսանյանը առանցքային անձ է․ նրան է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ այդ ժամանակվա տեղակալ, գեներալ Անդրանիկ Մակարյանը հանձնարարել 2020 թ․ հոկտեմբերի 21–ին կազմակերպել փոխգնդապետ Արսեն Աբգարյանի ղեկավարած 62–հոգանոց անձնակազմի՝  «Կիրի հանք» տեղանք ուղեկցումը։ Արսեն Աբգարյանը Էջմիածնում գտնվող Քիմիկների զորամասի հրամանատարն էր, ուստի թե՛ նա, թե՛ անձնակազմը այդ տեղանքին լավ ծանոթ չէին։ Ուղեկցման սխալ կազմակերպման հետեւանքով Կերեն գյուղում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն անձնակազմը հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաք (Զանգելան), որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ։ 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Անդրանիկ Մակարյանն այժմ մեղադրվում է անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու, իսկ Արսեն Աբգարյանը՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ։ Վարդան Ալեքսանյանն ունի վկայի կարգավիճակ։ Ըստ Վարդան Ալեքսանյանի՝ իրենք իմացել են, որ հակառակորդը Կովսականում է Հոկտեմբերի 20-ին ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը խորհրդակցություն է հրավիրել, տեղեկացրել, որ Կովսականում հակառակորդի դիվերսիոն խումբ է ներթափանցել, որոնց հայտնաբերելու եւ ոչնչացնելու նպատակով հաջորդ օրը երկու ստորաբաժանում պետք է մեկնի․ առաջինը՝ իր հետ միասին Ներքին հանդ, երկրորդը՝ Արսեն Աբգարյանի հետ Սյունիք սովխոզ ուղղություններով։ Վարդան Ալեքսանյանը պատմեց՝ այդ խորհրդակցության ժամանակ երկրորդ անձնակազմի ուղեկցումը կազմակերպելու հանձնարարություն է ստացել, սակայն ուղեկցողների խնդիր է ծագել․ մարդիկ հրաժարվում էին ուղեկցել, վախենում էին։ – Գուցե վախենում էին, որովհետեւ գիտեի՞ն, որ Զանգելանն արդեն գրավված է,– հարցրեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը,– Դուք գիտեի՞ք։ – Այո։ – Ու իմանալով տարա՞ք։ – Նրանք Զանգելան չպիտի մտնեին։ – Ումի՞ց էիք իմացել, որ գրավված է։ – Անդրանիկ Մակարյանից։ Վկայի այս պատասխանը զայրացրեց ծնողներին․ վերջիններս սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել Մակարյանի հասցեին։ Նիստն ընդմիջվեց։ Ավելի ուշ Անդրանիկ Մակարյանի պաշտպան Գոռ Սաղոյանը վկային հարցրեց՝ Մակարյանը բառացի ասել է, որ գրավվա՞ծ է, թե՞ ասել է, որ դիվերսիոն խումբ է ներթափանցել։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ երկրորդը՝ ակնարկելով, որ եթե հակառակորդն այնտեղ է, բա էլ ի՞նչ է նշանակում, եթե ոչ գրավում։ Ամբաստանյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Գոռ Սաղոյանը – Այսինքն՝ Դուք այդպես եք ընկալել,– ասաց պաշտպանը։ – Ինքը չի ընկալել է, բոլորը իմացել են, որ նախորդ օրը Զանգելանը գրավել են, դրոշն է տեսել, դիվերսիոն խումբը պիտի գար՝ դպրոցի գլխին դրոշ դնելո՞ւ,– վրդովվեց Անահիտ Ադոյանը։ Ի վերջո, որոշվել է, որ ուղեկցումը կիրականացնեն երկու հոգի․ սկզբում՝ Ալեքսանյանի վարորդը՝ Համբարձում Փարամազյանը, իսկ ճանապարհի մնացած հատվածը՝  կամավոր Արման Նուրիջանյանը։ Երկրորդ ուղեկցողի հարցը, ըստ վկայի, Անդրանիկ Մակարյանն է լուծել։ Անձամբ նաեւ վերահսկել է թե ոչ՝ տեղյակ չէր։ Այս առնչությամբ Մակարյանը հակադարձեց՝ ինչպես կարո՞ղ էր ԳՇ պետի՝ Երեւանից ժամանած տեղակալը այդքան պարզունակ հարցով զբաղվել։ Վկայի համոզմամբ՝ խնդիրն այն է եղել, որ անձնակազմին ուղեկցողը փոխվել է  Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանն ընթերցեց ուղեկցող ընտրելու՝ Մարտական կանոնադրությամբ սահմանված կարգը, ըստ որի՝ ոչ միայն պետք է, որ ուղեկցողը տեղանքին ծանոթ լինի, այլ նրան նշանակողը պետք է անձամբ այդպիսի համոզմունք ունենա։ Առաջին ուղեկցողին Ալեքսանյանն անձամբ ճանաչել է, երկրորդին՝ ոչ․ ասաց՝ գյուղապետին է ճանաչել, նրան է հարցրել։ Ամբաստանյւալ Արսեն Աբգարյանը, նրա պաշտպան Դավիթ Դավիդյան – Իրավունք ունեի՞ք տվյալ հրամանը վերահասցեագրելու,- հարցրեց Դավիդյանը։ – Չեմ վերահասցեագրել, ասել եմ, որ հրամանը չեմ կարող կատարել, որովհետեւ հրաժարվում են,– ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, որ առաջարկել է նաեւ անձամբ ուղեկցել, սակայն Մակարյանը թույլ չի տվել։ Թե ինչու, վկան չգիտեր։ Անձնակազմին երկրորդ ուղեկցողի մոտ հասցնելուց հետո նա միացել է Մակարյանի՝ Ներքին հանդ մեկնած խմբին։ Վարդան Ալեքսանյանի կարծիքով՝ խնդիրը հենց այն է եղել, որ ուղեկցողը փոխվել է․ եթե ուղեկցումը շարունակեր իր վարորդը, այս հետեւանքները, ըստ նրա, չէին լինի։ – Ո՞վ է եղել հրաժարվողը,- հարցրեց պաշտպանը։ – Ջոկատի զինվոր՝ Աշոտ անունով։ – Իրավունք ունե՞ր հրաման չկատարելու։ – Ոչ։ – Որպես վերադաս՝ ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել։ – Ոչ մի բան էլ չեմ արել,– պատասխանեց վկան։ Հարցին՝ երկրորդ ուղեկցողի՝ Արման Նուրիջանյանի հետ ո՞նց է կապը պահել, գնդապետը պատասխանեց՝  բջջայինով կապի մեջ է եղել առաջին ուղեկցողի՝ Համբարձումի հետ, ստացել հավաստիացում, որ վերջինս Արմանին եւս մեկ անգամ տեղեկացրել է, թե անձնակազմին մինչեւ ուր պիտի ուղեկցի։ Ի պատասխան հարցին, թե ինչու ինքն անձամբ Արմանի հետ չի խոսել, վկան ասաց՝ նրա բջջայինը չի ունեցել։  – Դուք եք ղեկավարը, ինչո՞ւ է Ձեր վարորդը այդ հարցով զբաղվել։ Չէ՞ որ մեծ խումբ էր, ցանկացած շեղում կարող էր ճակատագրական լինել,– հարցրեց հանրային մեղադրող Արսեն Մարտիրոսյանը։ – Տենց է ստացվել,– պատասխանեց վկան։ Դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց։ Ալեքսանյանի խոսքով՝ ինքը ոստիկաններին տեղեկացրել է սպասվող օպերացիայի մասին Վարդան Ալեքսանյանը պատմեց, որ դեպքի նախորդ գիշերն իր վարորդի հետ մեկնել է Կերեն գյուղի տարածքում տեղակայված ոստիկանական հենակետ եւ ոստիկաններին տեղեկացրել, որ հաջորդ օրը օպերացիայի մեկնող անձնակազմ է գալու, որը պետք է իրենց հենակետում իջնի, ապա ոտքով շարունակի ճանապարհը։ Ոստիկաններին պարզապես տեղեկացրե՞լ է, թե՞ նաեւ խնդիր տվել անձնակազմի ավտոբուսները կանգնեցնելու՝ վկան այդպես էլ չկարողացավ հստակ ասել։ Նշեց՝ ավտոբուսի վարորդները ինքնագլուխ չէին քշի անցնի, եթե հրահանգավորված լինեին, այդտեղ կկանգնեին։ Հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը, Դավիթ Նավասարդյանը – Հրամանը չեն կատարել, ճի՞շտ է,- հարցրեց մեղադրող Արսեն Մարտիրոսյանը։ – Այո։ – Բա ո՞վ հրաման տվեց, որ [հենակետում] չկանգնեն։ – Ես չեմ կարող ասել, ես [ավտոբուսի] վարորդի հետ գործ չունեմ։ Հետագայում նրան հարցրել եմ, ասել է՝ ոչ մեկը չի կանգնել, մենք էլ չենք կանգնել։ – Իսկ ոստիկաններին ինչո՞ւ էիք տեղեկացնում։ – Լրացուցիչ երաշխիք էր։ – Բա ինչո՞ւ ձախողվեց։ – Պատճառը անփութությունն է, անտեղյակությունն է, չեմ կարող ասել։ – Չե՞ք պարզել՝ ում անփութությունն էր, ո՞վ իր տեղում չէր։ – Որ երկրորդ ուղեկցողը չի կատարել հրամանը․ եթե կատարեր, պիտի ոստիկանական հետակետում կանգնեին, իսկ ինքը պատճառաբանել է, որ իրեն Կարեն անունով մեկն ասել է՝ պետք է ուղեկցել մինչեւ Փոքր Զանգելան։ Նշենք, որ Փոքր Զանգելանը գտնվում է նախապես որոշված ոստիկանական հենակետից հետո՝ ավելի խորքում։ Վկայի ցուցմունքներում էական հակասություններ կային Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը հայտարարեց, որ վկայի ցուցմունքում էական հակասություններ կան եւ միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքից մի դրվագ։ 2021 թ․ հարցաքննվելիս վկան ասել էր, թե ուղեկցման վայրը նշելիս երկրորդ ուղեկցող Արմանն ասել է, որ մեքենայի վրա գործ անելիս է եղել եւ չի լսել, լավ չի հասկացել խնդիրը։ Վկան պարզաբանեց, որ երկու հանդիպում է եղել․ առաջինը՝ հենց այդ օրը, երբ Արմանն ասել է, որ ճիշտ չի հասկացել, իսկ երկրորդ հանդիպման ժամանակ արդեն տվել է Կարենի անունը։ Վկայի կարծիքով՝ արժանահավատ է առաջին պատասխանը։ Ի պատասխան հարցին, թե ինչու նախաքննության ժամանակ քննիչին այդ մասին չի հայտնել, վկան միայն լռեց։ Դատախազները հետաքրքրվեցին՝ կա՞ ինչ–որ բան, որ իրեն կաշկանդում է խոսել, սակայն նա բացասական պատասխանեց։ Մեկ այլ հակասություն էլ մատնանշեց Անդրանիկ Մակարյանի պաշտպան Գոռ Սաղոյանը, ընդգծեց՝ դատարանում ցուցմունք տալիս վկան ասաց, որ երբ ինքը Մակարյանին հայտնել է, որ հրաժարվում են ուղեկցել, Մակարյանն ասել է, որ ինքը կլուծի այդ հարցը, մինչդեռ նախաքննության ժամանակ՝ Մակարյանի հետ առերեսվելիս, բացատրել է, որ Մակարյանը դա հարցի տեսքով է ասել՝ իբր այդ հա՞րցն էլ ինքը պիտի լուծի։ Ալեքսանյանը պնդեց իր առաջին ցուցմունքը, փորձելով պարզաբանել հակասությունը՝ ասաց՝ առերեսման ժամանակ բառերին ուշադրություն չի դարձրել։ Դատավորի հարցին՝ ո՞վ է հավանություն տվել, որ Աղաջանյանն ուղեկցման կազմակերպմամբ զբաղվի, վկան պատասխանեց՝ համայնքապետ Գեւորգ Փարսյանը։ Ի վերջո, Ալեքսանյանը ընդունեց, որ ինքը հետեւողական չի եղել։ Առաջին ուղեկցողի ցուցմունքը հակասում էր ե՛ւ իր նախաքննական, ե՛ւ Ալեքսանյանի ցուցմունքին Դատարանում հարցաքննվեց նաեւ առաջին ուղեկցողը՝ վարորդ Համբարձում Փարամազյանը։ Վերջինս հոկտեմբերի 10-ի մոտակայքում է զորակոչվել որպես կամավոր։ Վկա Համբարձում Փարամազյանը, նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը Փարամազյանը պատմեց, որ դեպքի նախորդ օրը հանդիպում է եղել, որին ներկա են եղել ինքը, Վարդան Ալեքսանյանը, գյուղապետը, Արման Նուրիջանյանը եւ եւս մի անձ․ «Ալեքսանյանը հետաքրքրվեց, թե տեղանքը ով գիտի, մի հոպար ասաց՝ ես գիտեմ, հետո հրաժարվեց, վախեցավ թե ինչ՝ չգիտեմ, գյուղապետը ասաց՝ Արմանը, որոշեցին, որ Արմանը պիտի տանի, նա էլ ասաց՝ կտանեմ»։ Ըստ Փարամազյանի՝ անձամբ ինքը ոչ մի բանից չի հրաժարվել․ եթե ասեին, որ ամբողջ ճանապարհը ինքը պետք է ուղեկցի, կաներ, թեեւ տեղանքին լավ ծանոթ չէր։ Տուժողները հարցրին՝ բա ինչպե՞ս էր Ալեքսանյանը քիչ առաջ ասում, թե ինքը երկրորդ ուղեկցողին չի ճանաչել, չի տեսել։  – Ո՞նց չի ճանաչում, ես տեսել եմ հրահանգավորելը, – պնդեց Փարամազյանը։ Դրանից հետո, ըստ վկայի, ինքն ու Ալեքսանյանը գնացել են հիշյալ հենակետ՝ ոստիկաններին տեղեկացնելու, որ ավտոբուսները հենակետը չպիտի անցնեն։ Ըստ վկայի՝ ոստիկանները մոտ վեց հոգի կլինեին, մինչդեռ Ալեքսանյանը ասաց՝ ընդամենը երեքն էին։ Առավոտյան արդեն, երբ Համբարձում Փարամազյանը եկել է զորամաս, Վարդան Ալեքսանյանն ասել է, որ ինքն ուղեկցելու է մինչեւ Սյունիք սովխոզ՝ աղբյուրի մոտ, որտեղ նրան սպասելու է երկրորդ ուղեկցողը՝ Արման Նուրիջանյանը։ Հանրային մեղադրողը դարձյալ նշեց, որ այս վկայի ցուցմունքներում էլ էական հակասություններ կան։ Նախաքննության ժամանակ վկան ասել էր, թե չգիտի՝ ով է երկրորդ ուղեկցողը, որ պետք է իրեն սպասեր։ Փորձելով պարզաբանել՝ վկան ասաց՝ անունը չգիտեր, բայց դեմքով ճանաչում էր։ Վկայի խոսքով՝ Կապանից դուրս գալուց հետո մոտ 30 րոպե գնացել են՝ ճանապարհի կեսից ավելին թողնելով երկրորդ ուղեկցողին։ Երբ հասել են աղբյուրի մոտ, եղել է ինքը, գյուղապետը, երկու փոխգնդապետ եւ Արմանը։ Ըստ վկայի՝ Արմանը մեքենայի յուղով էր զբաղված, բայց երբ ինքը լրացուցիչ անգամ ասել է, որ ոստիկանական հենակետը չպիտի անցնեն, նա հաստատել է, ասել է՝ լավ։ Դրանից հետո ինքը մեկնել է Ներքին հանդ, ավելի ուշ իմացել, որ զորքը շրջափակման մեջ է ընկել։ Նախատեսված հենակետի մոտ ոչ ուղեկցողը, ոչ էլ ոստիկանները զորքի ավտոբուսները չեն կանգնեցրել։ – Ի՞նչն է պատճառը, որ հենակետն անցել են։ – Ես ի՞նչ իմանամ։ – Արմանի հետ չե՞ք խոսել այդ մասին։ – Չէ, Արմանն ինձ առերեսման ժամանակ տեսավ, ասաց՝ քեզ չեմ ճանաչում,– պատասխանեց վկան։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 5-ին։   Գլխավոր լուսանկարում՝ գնդապետ Վարդան Ալեքսանյանը Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան  
11:11 - 30 հուլիսի, 2024
Քիմիկների զորամասի գործով դատարանում հարցաքննվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը

Քիմիկների զորամասի գործով դատարանում հարցաքննվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ այսօր շարունակվում է Քիմիկների զորամասի գործի քննությունը։ Այս պահին դատարանում հարցաքննվում է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը (պաշտոնից ազատվել է 2021 թ․ մարտին)։ Վերջինս այս գործով ունի վկայի կարգավիճակ։ Չնայած դատական իշխանության պաշտոնական կայքում նշված տեղեկությանը, որ նիստը դռնբաց է, դատական կարգադրիչները մեզ թույլ չտվեցին ներկա գտնվել` պատճառաբանելով, որ դատարանը որոշում է կայացրել այն դռնփակ անցկացնելու վերաբերյալ։ Ավելի ուշ դատավորի աշխատակազմից Infocom–ը տեղեկացավ, որ դռնփակ դատական նիստի միջնորդությամբ հանդես է եկել հենց Օնիկ Գասպարյանը։ Պատճառն այն է, որ հարցաքննությունը հնարավոր է առնչվի պետական, ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունների։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դա դատական նիստը դռնփակ անցկացնելու հիմքերից մեկն է։ Այս քրեական գործը, հիշեցնենք, առնչվում է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Կովսական քաղաքում (Զանգելան) Քիմիկների զորամասի անձնակազմի հետ տեղի ունեցած դեպքին։ Այդ օրը Օնիկ Գասպարյանի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի հրամանով Քիմիկների զորամասի 62–հոգանոց անձնակազմը մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կովսական քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք եւ «Սանրում» գործողության կատարման եղանակով հայտնաբերել եւ ոչնչացնել  հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Մակարյանը, սակայն, ըստ քրեական գործի, ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման հարցը, եւ դրա, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով անձնակազմը «Կիրի հանք»–ի մոտ տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի:  5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Ըստ մեղադրանքի՝ Անդրանիկ Մակարյանը Օնիկ Գասպարյանին չի զեկուցել անձնակազմին «Նահանջ» հրաման արձակելու մասին եւ մինչեւ ժամը 15։30-ի սահմանները վերջինիս վստահեցրել է, որ իր ղեկավարած խմբի կազմով շարժվում է գործողությունների ծավալման շրջան՝ Արսեն Աբգարյանի խմբին օգնություն ցուցաբերելու։ Դրանից հետո միայն Գասպարյանին զեկուցել է, որ առաջ շարժվելն այլեւս նպատակահարմար չէ, եւ առաջարկել է բնագիծ զբաղեցնել եւ անցնել պաշտպանության՝ հաջորդ օրն առավոտյան խնդրի կատարումը շարունակելու պայմանով, ինչին Գասպարյանը համաձայնել է։ Մինչդեռ բնագիծ զբաղեցնելու եւ խմբի կազմով պաշտպանության անցնելու հրամանը կատարելու փոխարեն նա իր ղեկավարած ողջ խմբի կազմով նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, վերադարձել է Կապան քաղաք՝ ամբողջությամբ ձախողելով իր առջեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կողմից դրված մարտական խնդրի կատարումը։ Այժմ գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը (պաշտոնից ազատվել է 2022 թ փետրվարին) մեղադրվում է ռազմական դրության պայմաններում իշխանության անգործության մեջ։  Մեղադրյալի աթոռին են նաեւ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, այդ ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։  Արսեն Աբգարյանը մեղադրվում է իշխանության անգործության եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, Սարգիս Կուլակչյանը՝ իշխանության անգործությանն օժանդակելու, իսկ Էլլադա Հարությունյանը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ 4 մեղադրյալները առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։   Միլենա Խաչիկյան  
11:23 - 22 ապրիլի, 2024
«Ուղեկցողը փոխանակ աջ գնա, գնացել է ձախ»․ Քիմիկների զորամասի գործով հարցաքննություն

«Ուղեկցողը փոխանակ աջ գնա, գնացել է ձախ»․ Քիմիկների զորամասի գործով հարցաքննություն

2020 թ․ հոկտեմբերի 21-ին պայմանագրային զինծառայող Ռուդիկ Ալեքսանյանը վերջին անգամ է կապ հաստատել ընտանիքի հետ․ «Մա՛մ, լավ մնացեք, գերի եմ ընկել, պախկված եմ, տարբերակ չունեմ հետ գալու․ կա՛մ կմնամ սենց, կա՛մ կխփեն»,– գրել է նա։ Ռուդիկը ՀՀ զինված ուժերի՝ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի (այսուհետ՝ Քիմիկների զորամաս) այն զինծառայողներից է, որոնք նույն այդ օրը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ այդ ժամանակվա տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի հրամանով մեկնել են Կովսական (Զանգելան) քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք՝ մարտական առաջադրանքի, սակայն անձնակազմի ուղեկցման ոչ ճիշտ կազմակերպման հետեւանքով հասել են մինչեւ քաղաքի սկզբնամաս եւ ընկել շրջափակման մեջ։ Ռուդիկ Ալեքսանյանի հայրը՝ Հրաչյա Ալեքսանյանը, այսօր ներկայացել էր դատարան՝ պատմելու որդու հետ կատարվածի իրեն հայտնի մանրամասները։  Դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, հիշեցնենք, իշխանության անգործություն ցուցաբերելու համար այս դրվագով այժմ մեղադրվում են ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանն ու Քիմիկների զորամասի նախկին հրամանատար Արսեն Աբգարյանը։  Հարցաքննության սկզբում Ալեքսանյանը նշեց, որ ճանաչում է ամբաստանյալներին, նրանց հետ որեւէ տեսակի հարաբերություն չունի։ Ըստ վկայի՝ շրջափակման մեջ մնացածներին օգնելու համար ոչ մի քայլ չի ձեռնարկվել Հրաչյա Ալեքսանյանի խոսքով՝ իր որդին ժամկետային ծառայությունն անցել է Վարդենիսի զորամասում, 44-օրյա պատերազմից երկու ամիս առաջ պայմանագրային ծառայության է ընդգրկվել Քիմիկների զորամասում։ Եղել է վարորդ, կոչումով՝ կրտսեր սերժանտ։ Պատերազմի ընթացքում հայրը որդու հետ կապի մեջ է եղել, բայց նրա մարտական ուղու մանրամասներին տեղյակ չի եղել։ Հետագայում է իմացել, որ անձնակազմը 3 ավտոբուսով շարժվել է՝ «Կիրի հանք» տեղանքում կայանելու նպատակով, սակայն սխալմամբ մտել է Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ արդեն հակառակորդն է եղել․  «Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 4-ի մոտակայքում, տղաս հաղորդագրություն է գրել, որ մարտի են բռնվել, գրած է՝ գերի, նկատի է ունեցել շրջափակում, շրջափակման մեջ եմ, էս տեղում եմ․․․ Ասում էր միայն, որ թիկունքի պետ հրամանատար Բադեյանն էլ է իրենց հետ եղել (նրա կնոջ հարցաքննությունը՝ այստեղ)․․․ Մորը գրել է, որ չի կարող դուրս գալ, դուրս գա՝ կգլխատեն․․․ Ես էլ ժամը 6-ի կողմերը հետը խոսեցի, էրեխեն մանրամասն ասեց, որ գտնվում է ղամիշների մեջ, ասել եմ՝ զգույշ եղի, հեռախոսով մի զանգի, զարյադկա պահի, ինքը ասեց, որ մենակ է, ասեց՝ մարտի ենք բռնկվել, լրիվ փախան, ինքն էլ փախել է էդ կողմ»,– պատմեց Հրաչյա Ալեքսանյանը։ Նույն օրը նա մեկնել է Կապան, փորձել գտնել պատասխանատուներին եւ կազմակերպել որդու դուրսբերումը։ Վկայի խոսքով՝ թե՛ Աբգարյանը, թե՛ Մակարյանը իրեն սին հույսեր են տվել, խոստացել, որ այսօր–վաղը մի քայլ կձեռնարկեն, սակայն ստել եւ ոչինչ այդպես էլ չեն արել․ «Լույսը որ բացվեց, Արսենին եմ տեսել, ասել էրեխուս գտնվելու վայրը, ինքն էլ ասաց, որ դեպք է եղել՝ 2 ամիս թաքնված մնացել են, նոր դուրս եկել, ասացի՝ հիմա 2 ամիս պիտի սպասե՞նք, բա տեսնենք, ինչ է հնարավոր, մի բան կանենք․․․ Ես ամիսուկեսից ավելի գտնվել եմ Կապանում, զորամասի բակում էի քնում, չեն արել ոչ մի գործողություն, տեսնենք ինչ ա–տեսնենք ինչ ա․․․ Տեսնենք ինչ ա–ն ո՞րն ա պատերազմական գործողության ժամանակ»,– վրդովվեց հայրը։ Ամբաստանյալ Արսեն Աբգարյանը Արձագանքելով վկայի այս խոսքին՝ Արսեն Աբգարյանը հարցրեց․ – Ի՞նչ եք կարծում՝ ես ինքնուրույն գործողություն կարո՞ղ էի էդտեղ պլանավորել եւ իրականացնել։ – Էդ դու մտածի, քո ղեկավարն ո՞վ է․․․ Իմ համար դու էիր ղեկավար, ես ոչ գեներալ էի լսել, ոչ ինչ–որ մեկը, ես ճշտեցի, որ էրեխեքը գտնվել են քո ենթակայության տակ, ես քեզ եմ գտել,– պատասխանեց վկան։ Նա պատմեց նաեւ, որ երբ Աբգարյանին հարցրել է, թե նա ոնց է դուրս եկել, վերջինս նախ պատասխանել  է, որ «փախուստ» հրաման է տվել, ապա ուղղել՝ ասելով՝ «նահանջ» հրաման․ «Ասում եմ՝ լավ, թող զինվորական տերմինով «նահանջ» լինի, ինչքա՞ն կարող ես նահանջ տալ՝ 1 կմ, 2 կմ, դու 20-25 կմ նահա՞նջ ես տվել, մինչեւ Կապա՞ն»։ Ալեքսանյանը կասկած հայտնեց, որ հրամանատարը զորքից շուտ է փախել, սպասել, թե ով դուրս կգա։ Արսեն Աբգարյանը խնդրեց կոնկրետ նշել, թե ով է իրեն նման բան ասել, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ ընդհանուր խոսակցություններից, իրավիճակից է այդպես եզրակացրել։ ԳՇ պետի նախկին տեղակալի մոտ վկան Աննա Հակոբյանին է հանդիպել Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանի հարցերին ի պատասխան՝ Հրաչյա Ալեքսանյանը հայտնեց, որ որդու հաղորդագրությունները նաեւ Անդրանիկ Մակարյանին է ցույց տվել։ Վերջինս, ըստ նրա, անձամբ կարդացել է, դարձյալ ասել՝ այս երկու օրը մի բան կձեռնարկենք, բայց այդպես էլ ոչինչ չի արվել․ «Նույնիսկ հարց տվեցի՝ ո՞նց է եղել, որ սկզբից դու պիտի գնայիր․․․ Ասաց՝ գնայի, գերի ընկնեի, պագոններս պոկեին, ասեին՝ հայ գեներա՞լ է գերի ընկել»։ Վկայի խոսքով՝ Մակարյանը չի հերքել այն տեղեկությունը, թե ի սկզբանե իր ղեկավարած խումբը պետք է այդ ուղղությամբ մեկներ (նրա խումբը այլ ուղղությամբ է մեկնել,–հեղ․), ծնողի հարցին ի պատասխան հետաքրքրվել է, թե նա որտեղից այդ մասին գիտի․ «Ես լսել եմ նաեւ, որ ասել են՝ թուրքը գրավել է էդ տարածքը, ո՞ւր եք մտնում, Արսենն ասել է՝ հրաման ենք ստացել»։ Հրաման տվողը, ըստ նրա, նույն Մակարյանն է եղել։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը Վկայի խոսքով՝ Անդրանիկ Մակարյանի մոտ ինքը նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին է հանդիպել․ – Ես հա դիմում էի Մակարյանին, որ ինձ ընդունի, նույնիսկ թվում էր՝ չի ընդունի, հետո Աննա Հակոբյանն եկավ, խնդրեցի իրեն, ասեցի՝ էս ձեւ վիճակ է եղել իմ էրեխու հետ կապված, ինքը կանչեց Մակարյանին, Մակարյանը դիմավորեց, հանեց վերեւ, մի 20 րոպե հետո ինձ էլ կանչեց,– պատմեց վկան։ – Աննա Հակոբյանը տեղյա՞կ էր Զանգելանի դեպքերից,– հետաքրքրվեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը։ – Դե, խոսել ենք, ես ներկայացրի հաղորդագրությունը, իրավիճակն էլ բացատրի Աննա Հակոբյանին էլ, Մակարյանին էլ։ – Եվ ի՞նչ ասաց վարչապետի տիկինը։ – Մակարյանը ասեց՝ էս երկու օրը ինչ–որ գործողություն պիտի կատարենք, ու մինչ օրս կատարում են։ Ալեքսանյանի խոսքով՝ Մակարյանի հետ մեկ անգամ էլ Նախարարությունում է հանդիպել, որտեղ նա ծնողներին հայտնել է, թե վրիպակ է եղել․ – Ի՞նչ վրիպակ,– հարցրեց մեղադրող դատախազը։ – Գործողության վրիպակ, բայց ի՞նչ վրիպակ, եթե դու պատերազմ ես գնում, զորք ես տանում․․․ – Չպարզաբանե՞ց։ – Ասաց՝ ուղեկցողը փոխանակ աջ գնա, ձախ է գնացել,– հայտնեց դահլիճում գտնվող ծնողներից մեկը։ Տուժողի իրավահաջորդներից Հայկ Եղիազարյանն էլ ակնարկեց, որ հանդիպման ժամանակ Մակարյանը հենց ուղեկցողին է մեղադրել կատարվածի համար, սակայն մինչ օրս որեւէ քայլ այդ ուղղությամբ չի արվել։ Ինքը՝ վկան, մեղավոր համարեց թե՛ Աբգարյանին, թե՛ Մակարյանին․ «Երկուսն էլ ստեցին, ամիսներով պահեցին, ես չտեսա որեւէ գործողություն»,–ասաց նա։ Հրապարակվեց մահացած վկայի նախաքննական ցուցմունքը Այսօրվա դատական նիստին հրապարակեց նաեւ ժամկետային զինծառայող Սամվել Փիրոյանի հոր՝ Անդրանիկ Փիրոյանի նախաքննական ցուցմունքը։ Վերջինս ամիսներ առաջ մահացել է։ Նախաքննական ցուցմունքում Փիրոյանը պատմել է՝ իր որդին, որ ծառայում էր Քիմիկների զորամասում, 2020 թ․ հոկտեմբերի 8-ին տեղափոխվել է իր մշտական տեղակայման վայրից, հոր հետ կապի մեջ եղել մինչ հոկտեմբերի 20-ը։ Վերջին անգամ հեռախոսազրույցի ընթացքում որդին հայտնել է, որ Կապանում են, ամեն ինչ նորմալ է, եւ որեւէ խնդիր չկա։ Դրանից հետո, երբ որդին անհասանելի է դարձել, հայրը սկսել է հետաքրքրվել, լուր ստացել, որ որդին եւ նրա խումբը Կապանից մեկնել են Կովսականի ուղղությամբ՝ մարտական առաջադրանքի, սակայն 62-հոգանոց խմբից 40-ը չեն վերադարձել։ Ձախից՝ Արսեն Աբգարյանը, պաշտպան Գոռ Սլոյանը, Անդրանիկ Մակարյանը Սամվել Փիրոյանը ավագ որդու հետ մեկնել է Կապան, որտեղ հանդիպել է Քիմիկների զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին․ «Արսեն Աբգարյանը մեր հարցերին պատասխանեց, որ ընկել են ծուղակ, իրենք, բոյ տալով, մի կերպ փախել են մի քանի հոգով, իսկ մնացածից տեղեկություն չունեն»,– ցուցմունքն ընթերցեց մեղադրող դատախազը։ Փիրոյանը պատմել է նաեւ, որ հետագայում թշնամին վիդեոնյութեր է հրապարակել, որոնցից պարզորոշ երեւացել են հայկական զինված ուժերի՝ տասնյակից ավելի ծնկած զինծառայողներ։ Նրանց մեջ հայրը ճանաչել է որդուն եւ հասկացել, որ նա այլ զինծառայողների հետ գերի է ընկել։ Դրանից հետո, սակայն, որեւէ այլ տեղեկություն չեն կարողացել ստանալ, ԴՆԹ համընկնում եւս չի եղել։ «Տեղեկացնեմ նաեւ, որ երբ գտվում էինք Կապանում, զորամասի հրամանատարի հետ եկավ մի անծանոթ տղա՝ զինվորական համազգեստով, ասաց, որ ինքը Ռազմական ոստիկանության աշխատակից է, ասաց, որ իրենց հոկտեմբերի 19-ին  գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը  հանձնարարել է գնալ  Զանգելանի ուղղությամբ՝ ինչ–որ մոստ պայթեցնելու, որից հետո ինքը մոտ 10 հոգով նույն օրը մեկնել է՝ խնդիրը կատարելու, եւ երբ հասել է Զանգելան, ձայներ է լսել ու բարձունքի վրա նկատել է, որ թշնամին արդեն Զանգելանի ներսում է՝ լիքը տեխնիկայով ու զինվորներով, որը նկարահանել է ու զանգելով Անդրանիկ Մակարյանին՝ հայտնել, որ նշված պատճառով հրաժարվում է առաջադրանքը կատարել, նույնիսկ ասել, որ այդ վիդեոն ցույց է տվել Անդրանիկ Մակարյանին, որպեսզի վերջինս հասկանա, թե ինչու է հրաժարվում այդ հրամանը կատարելուց, այսինքն՝ սա ասում եմ նրա համար, որ Անդրանիկ Մակարյանը երկու օր առաջ գիտեր, որ Զանգելանում թշնամին մեծ ուժեր է կուտակել եւ իմանալով այդ մասին՝ չկազմակերպեց այնպես, որ հնարարվոր լիներ այդ ամենից խուսափել»,– 2021 թ․ հունիսի 8-ի հարցաքննության ժամանակ պատմել է Սամվել Փիրոյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 26-ին։   Գլխավոր լուսանկարում՝ վկա Հրաչյա Ալեքսանյանը, նախագահող դատավոր Սարգիս ԴադոյանըՄիլենա Խաչիկյան
21:44 - 22 հունվարի, 2024
ԳՇ պետի նախկին տեղակալն ասել է՝ պատերազմ էր, վրիպում է եղել․ Քիմիկների զորամասի գործով վկայի ցուցմունքը

ԳՇ պետի նախկին տեղակալն ասել է՝ պատերազմ էր, վրիպում է եղել․ Քիմիկների զորամասի գործով վկայի ցուցմունքը

2020 թ․ հոկտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Կովսական քաղաքում (Զանգելան) Քիմիկների զորամասի անձնակազմի հետ տեղի ունեցած դեպքը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ այդ ժամանակվա տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը բնութագրել է որպես «վրիպում»։ Խոսքն այն դեպքի մասին է, երբ զորամասի 62-հոգանոց անձնակազմը մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կովսական քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք՝ հայտնաբերելու եւ ոչնչացնելու հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը, սակայն անձնակազմի ուղեկցման ոչ ճիշտ կազմակերպման հետեւանքով հասել է քաղաքի սկզբնամաս եւ ընկել շրջափակման մեջ։ Այժմ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Լուսանկարում՝ ձախից՝ Արսեն Աբգարյանը, պաշտպան Գոռ Սաղոյանը, մեղադրյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Ամրամ Մակինյանը Դեպքից հետո Մակարյանի հետ հանդիպման եւ այլ մանրամասների մասին երեկ Հակակոռուպցիոն դատարանում պատմեց Քիմիկների զորամասի գործով վկա, այդ ժամանակ նույն զորամասի շտաբի ԷՀՄ տեխնիկ–օպերատոր Հասմիկ Ղուկասյանը․ «Երբ պարոն գեներալին հարցեր են հղվել, պարոն գեներալը պատասխանել է, որ դե, պատերազմ էր, վրիպում կարող էր տեղի ունենալ, տեղի է ունեցել վրիպում, ես մեղավոր չեմ։ Ես հստակ չեմ կարող ասել՝ վրիպում ասելով՝ ինչ նկատի ուներ, ուղղակի երբ ծնողները սկսեցին հարցեր տալ դեպքի հետ կապված, դեպքը ընդհանուր մեկնաբանվեց որպես վրիպում, երբ ծնողները հարցրին՝ բա Դուք ոնց եք [փրկվել], [ասաց՝] բա ես որ չվերադառնայի, ո՞վ էր ձեր հարցերին պատասխանելու, ես 12 տարեկան տղա ունեմ»,– պատմեց Հասմիկը։ Հասմիկի ամուսինը՝ Արմեն Բադեյանը, որ ծառայել է նույն զորամասում՝ որպես զորամասի հրամանատարի տեղակալ–կոմունալ շահագործման ծառայության գծով թիկունքի պետ, նույնպես մասնակցել է այդ մարտական առաջադրանքին։ Նա անհետ կորած է մինչ օրս։ Վկայի խոսքով՝ զորամասի հրամանատարն ասել է՝ գնում եք շատ վտանգավոր գործողության Հասմիկ Ղուկասյանը մեղադրյալներից անձամբ չէր ճանաչում միայն Անդրանիկ Մակարյանին, մյուս երեքի՝ Արսեն Աբգարյանի, Սարգիս Կուլակչյանի եւ Էլլադա Հարությունյանի հետ ծառայել է նույն զորամասում։ Փոխգնդապետ Արսեն Աբգարյանը այդ ժամանակ Քիմիկների զորամասի հրամանատարն էր, այժմ մեղադրվում է իշխանության անգործության եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ։ Հենց նա է ղեկավարել այն անձնակազմը, որ մեկնել է մարտական հիշյալ առաջադրանքին։ Փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը, որ զորամասի շտաբի պետն էր, մեղադրվում է իշխանության անգործությանն օժանդակելու, իսկ զորամասի համալրման բաժանմունքի՝ այդ ժամանակվա պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Վերջիններս դեպքի ժամանակ գտնվել են իրենց զորամասում։ Լուսանկարում՝ Հասմիկ Ղուկասյանը Դատարանում ցուցմունք տալով՝ Ղուկասյանը պատմեց, որ Քիմիկների զորամասի անձնակազմը իր մշտական տեղակայման վայրից դուրս է եկել 2020 թ․ հոկտեմբերի 8-ին։ Մինչ հոկտեմբերի 20-ը ինքն ամուսնու հետ ամեն օր 1-2 րոպե հեռախոսազրույց է ունեցել, սակայն նրա գտնվելու վայրի, մարտական առաջադրանքների մասին ոչինչ չի իմացել։ Հոկտեմբերի 21-ից արդեն ամուսնու բջջայինն անհասանելի է դարձել։ 2 օր անց նա Պաշտպանության նախարարությունում աշխատող իր ծանոթից է տեղեկացել անձնակազմի շրջափակման մեջ ընկնելու մասին, ինչից հետո սեփական հետաքննությունն է սկսել, հանդիպել ամուսնու զինծառայակից ընկերների հետ, փորձել պարզել նրա ճակատագիրը․ «Մեկը ասում էր՝ տեսել եմ, որ դուրս է եկել, մեկը ասում էր՝ չեմ տեսել, պարոն Աբգարյանին էլ եմ զանգել, հարցրել եմ՝ Արմենից ի՞նչ լուր ունեք, որտե՞ղ է, ինչո՞ւ կապի դուրս չի գալիս, պատասխանել է՝ կգամ, կնստենք, կխոսենք»,– ասաց վկան։ Նրա խոսքով, սակայն, Աբգարյանը հետագայում հստակ տեղեկություն չի ունեցել, ասել է, որ մեքենայից իջնելուց հետո իր ամուսնուն չի տեսել, ենթադրել է՝ հնարավոր է անգամ նա ինքն իրեն կրակած լինի, որպեսզի գերի չընկնի, իրեն ուժեղ լինելու հորդորներ է տվել։ Բուն մարտական գործողության մասին եւս, ըստ վկայի, Աբգարյանը զորամասում չի խոսել, չի ներկայացրել՝ ինչ տեղի ունեցավ եւ ինչու, բայց ծնողների հետ զորամասի տարածքում առանձին զրույցներ ունեցել է։ Ընդհանուր հարցուփորձից բացի Հասմիկը նաեւ ադրբեջանական տեսանյութերն է նայել։ Զանգելանի դպրոցի վրա, ուր անձնակազմը սխալմամբ հասել է հոկտեմբերի 21-ին, ադրբեջանական դրոշը ծածանվելիս է եղել դեռ հոկտեմբերի 19-ից․  «Ես բոլորի հետ խոսում էի, հարցնում էի՝ Արմենի մազերը կտրվա՞ծ էին թե՞ ոչ, որպեսզի հասկանամ՝ տեսանյութերում երեւացող մարդը, որ նման է իրեն, ինքն է թե չէ, հարցնում էի՝ ի՞նչ է հագել․․․ Ես ավելի շատ նման բաներ էի հարցնում, ամեն մեկը ինչ–որ ինֆորմացիա էր տալիս, որով ես փորձում էի էդ փազլը հավաքել, հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, ողջ է թե ողջ չէ․․․ Արդյունքում իմացա, որ «սանրման» աշխատանք է իրականացվել։ Երբ պարոն Աբգարյանը գործողության մասին տեղեկացրել է, ասել է, որ գնում եք շատ վտանգավոր գործողության, որ կլինեն նաեւ զոհեր, որովհետեւ գործողությունը շատ լուրջ է, հորդորել է, որ էն մարդիկ, որոնք ընտանիքներ ունեն․․․ Եղել է կամավորության սկզբունքով, ովքեր ցանկություն ունեն, մասնակցեն, ստիպողաբար չի եղել»,– պատմեց վկան։ Անձնակազմը չի ունեցել զրահաբաճկոններ, նռնակներ, կապի միջոցներ Հասմիկ Ղուկասյանի տեղեկություններով՝ երեք ավտոբուսով եւ մեկ վիլիսով անձնակազմը պիտի հասներ մինչեւ «Կիրի հանք» կոչվող տեղանք, այնտեղից ոտքով շարունակեր, մինչդեռ շարունակել է ավտոբուսներով եւ հասել մինչեւ Զանգելանի դպրոց․ «Երբ հասել են, իջել են ավտոբուսներից, ու մեկն ասում է՝ միանգամից են կրակոցները սկսել, մեկը ասում է՝ մի քանի րոպեից մարտի մեջ են մտել, էդ խառնաշփոթից ոչ մեկը որեւէ հստակ բան չի պատմում»,- ասաց վկան՝ նշելով, որ հակառակորդի թվակազմն էլ, ըստ իր լսածի, հստակ չէ, եղել է 300-ից մինչեւ 500։ Վկայի տեղեկություններով՝ անձնակազմը չի ունեցել զրահաբաճկոններ, նռնակներ, կապի միջոցներ։ Ըստ նրա՝ պարզից էլ պարզ է, որ իրենց զորամասը լրիվ այլ գործողություն էր կատարում, իրենք մարտական գործողության չպիտի մասնակցեին։ Լուսանկարում՝ Արսեն Աբգարյանը –Դուք զրահաբաճկոն ունեցե՞լ եք,– վկային հարցրեց մեղադրյալ Արսեն Աբգարյանը։ – Չէ։ –Ինչո՞ւ։ –Չի հատկացվել։ –Այսինքն՝ պահեստում չի եղել։ –Ոչ մի կերպ։ –․․․Ի սկզբանե ասվել է, չէ՞, որ ես, Արմենը, Փնջոյանը եւ վարորդս եղել ենք վիլիսի մեջ, հետո Փնջոյանը գնացել է, նստել Պիկապը։ Ինչի՞ համար է գնացել։ –Ես տեղեկություն չունեմ, ուղեկցող է եղել հավանաբար [պիկապում]։ –Այսինքն՝ ինչ–որ մեկը ուղեկցել է մեզ։ Բայց ոչ ոք չի՞ ասել՝ ինչի համար է Փնջոյանը իջել,– հարցրեց Աբգարյանը, ինչին վկան բացասական պատասխան տվեց։ Աբգարյանը եւս չպարզաբանեց իր այդ հարցը։ Նա նաեւ հետաքրքրվեց՝ վկան տեղեկություն ունի՞, որ ինքը թույլ չի տվել իր ամուսնուն մեկնել մարտական առաջադրանքի, սակայն ամուսինը հակառակվել է․  – Այո, միայն չի հորդորել, նաեւ ստիպել է, բայց իմ ամուսինը չի լսել, գնացել է։ – Ինչի՞ համար է հորդորել,– հարցրեց նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը։ – Ուղղակի իրենց ընկերական․․․ Հստակ չեմ կարող ասել․․․,– ասաց վկան։ Արսեն Աբգարյանը պարզաբանեց․ – Քանի որ անձնակազմից մի խումբ էր մեկնել, մեծամասնությունը մնացել էր Կապանի զորամասում, եւ որպես վերադաս զորամասում եղել է միայն ինքը, այդ իսկ պատճառով մատակարարման խնդիրն էլ առաջադրված է եղել իրեն, ինքը անձնակազմին սնունդ պիտի մատակարեր, էդ հարցերի շուրջ կազմակերպեր բոլոր գործողությունները, քանի որ ինքը հանդիսացել է զորամասի թիկունքի պետը։ Վկայի խոսքով՝ Արսեն Աբգարյանի եւ Անդրանիկ Մակարյանի հետ հանդիպումների արդյունքում ինքը, ամեն դեպքում, իր հարցերի պատասխանները չի ստացել։ Թե ումից է վկան իր ունեցած տեղեկությունները հավաքել, դժվարացավ կոնկրետ հիշել, ասաց՝ ընդհանոր բոլորի հետ խոսել է, բայց անուններ տալ այժմ չի կարող, կարող է ասել միայն, որ մանրամասն տեղեկություններ ունեցել են զինծառայողներ Գեորգի Հախնազարովը եւ Սահակ Կիրակոսյանը։ Զորամասի հրամանատարի գործողությունների մասին, ըստ նրա, զինծառայողները իրեն ոչինչ չեն պատմել։ Մեղադրողը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցերին, թե ինչու անձնակազմը ավտոբուսներից չի իջել եւ ինչու է նախատեսված վայրից ավելի հեռուն գնացել, վկան պատասխաններ չուներ, ասաց՝ իրեն հայտնի է միայն, որ երկու խումբ է եղել․ «Ըստ իմ տեղեկությունների՝ ի սկզբանե երկու խումբ է եղել․ մեկը ղեկավարել է Անդրանիկ Մակարյանը, մյուսը՝ Արսեն Աբգարյանը։ Քանի որ տեղեկություն ունեին դիվերսիոն խմբի մասին, պիտի գնային, շրջափակեին իրենց, բայց քանի որ Աբգարյանի խումբը սխալմամբ թե չգիտեմ՝ ինչի հետեւանքով հայտնվել է շրջափակման մեջ, տեղի է ունեցել այս դեպքը։ Պարոն Մակարյանի խումբը՝ էլի 62-հոգանոց, եղել է ինչ–որ սարի հետեւում, հիմնականում կապի գնդի ստորաբաժանում է եղել, ու երբ մերոնք հայտնվել են շրջափակման մեջ, մերոնց մեջ 12 հոգի հետախուզող է եղել, մեր 12–ը եւ պարոն Մակարյանի խմբի 12-ը իրար ճանաչելիս են եղել հետախուզության զորքերից, շրջափակման մեջ գտնվողները զանգել են, խնդրել են իրենց օգնություն ցուցաբերեն, բայց էնտեղից, հստակ չեմ կարող ասել ինչ պատճառներով, ամեն դեպքում, օգնություն չի հասել»,– պատմեց Հասմիկը։ Լուսանկարում՝ Դավիթ Նավասարդյանը Ավելի ուշ հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ հաշվի առնելով, որ նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում կան էական հակասություններ։ Մասնավորապես, նախաքննության ժամանակ  վկան ավելի մանրամասն էր պատմել այս դրվագի մասին, նշել, որ հետախույզներից Լյուդվիգը զանգահարել է Գեւորգին (հայտնի է Գիվի անվամբ),  կցկտուր մի քանի բառ ասել, եւ Գեւորգը, հասկանալով, որ մյուս խումբը ընկել է շրջափակման մեջ, Անդրանիկ Մակարյանին առաջարկել է կրակել հակառակորդի ուղղությամբ, նրանց ուշադրությունը շեղել, սակայն Մակարյանը, հեռախոսով խոսելով ինչ–որ մեկի հետ, իրենց նահանջի հրաման է տվել։ Ցուցմունքի հրապարակումից հետո վկան ասաց, որ նախաքննության ժամանակ իր հիշողությունն ավելի թարմ է եղել, հիմա այդ մասին չի հիշել, այդ իսկ պատճառով չի նշել։ Նախաքննության ժամանակ վկան ասել էր նաեւ, որ հարցին, թե ինչու չէին ունեցել պայթուցիկներ, Արսեն Աբգարյանը պատասխանել է՝ եթե տային, ավտոբուսների մեջ խաղալու էին դրանց հետ, եւ կարող է՝ իրենք իրենց վնասեին։ Ասել է նաեւ, որ կրակոցները սկսվելուց հետո Աբգարյանը, հավանաբար հասկանալով, որ շրջափակման մեջ են ընկնելու, տվել է նահանջի հրաման։ Այս մասին եւս դատարանում վկան չէր նշել։ Ի վերջո, տեղի ունեցածը վրիպում էր թե միտում հարցին Հասմիկ Ղուկասյանը չկարողացավ հստակ գնահատական տալ։ Վկայի տեղեկություններով՝ Գեւորգ Նշանյանը զորամաս է վերադարձել առանց գրավոր թույլտվության Տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը Հասմիկ Ղուկասյանին խնդրեց պատմել՝ ինչ է իրեն հայտնի Գեւորգ Նշանյանի՝ զորամաս վերադարձի մասին։ Նա ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ  Վարդան Նշանյանի որդին է, որի՝ մարտական գործողություններից առերեւույթ խուսափելու հանգամանքը կոծկելու մեջ այժմ մեղադրվում են  Սարգիս Կուլակչյանն ու Էլլադա Հարությունյանը։ Վկան պատմեց, որ Գեւորգ Նշանյանը զորամասի կազմով մեկնել է մարտական գործողության հոկտեմբերի 8-ին, սակայն օրեր անց՝ հոկտեմբերի 11-ին, 12-ին կամ 13-ին, առանց որեւէ փաստաթղթի վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ պատճառաբանելով, որ անհետ կորած բարեկամ ունի, որի որոնողական աշխատանքներով պետք է զբաղվի։ Հարցին, թե ինչու նրա վերադարձը գրանցամատյանում չի արձանագրվել, վկան պատասխանեց՝ իբրեւ պիտի հետ դառնար։ Սակայն նա այդպես էլ չի վերադարձել մարտական գործողության վայր, հետագայում մարտական գործողության մասնակցության պարգեւատրում է ստացել։ Լուսանկարում՝ ձախից՝ պաշտպաններ Ամրամ Մակինյանը, Մարտիկ Մարտիրոսյանը Սարգիս Կուլակչյանի պաշտպան Մարտիկ Մարտիրոսյանը հետաքրքրվեց․ – Թույլտվությա՞մբ է վերադարձել։ – Ես հստակ չգիտեմ, իմ ունեցած տվյալներով՝ գրավոր թույլտվություն չի եղել։ – Առանց զորամասի հրամանատարին տեղեկացնելու հնարավորություն ունե՞ր գալու։ – Չէ,- պատասխանեց վկան։ –Այսինքն՝ առնվազն զորամասի հրամանատարի հրաման կամ թույլտվություն եղել է,– եզրահանգեց պաշտպանը։  Հասմիկ Ղուկասյանը նշեց՝ տվյալ դեպքում անձը պիտի հրամանագրվեր երկու տեղում էլ․ թե՛ այնտեղ, որտեղից դուրս է եկել, թե՛ այնտեղ, որտեղ վերադարձել է, սակայն եթե մի տեղից նրա ելքը չի հրամանագրվել, շարային մասի պետը մյուս տեղում վերադարձը հրամանագրել չէր կարող։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 22-ին։ Գլխավոր լուսանկարում՝ վկա Հասմիկ Ղուկասյանը, դատավոր Սարգիս Դադոյանը Միլենա Խաչիկյան
13:59 - 10 հունվարի, 2024
«Տեխնիկան կրակելով գալիս էր, թռել ենք առվի մեջ»․ «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողի հարցաքննությունը

«Տեխնիկան կրակելով գալիս էր, թռել ենք առվի մեջ»․ «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողի հարցաքննությունը

Քիմիկների զորամասի անվանումը ստացած քրեական գործով երեկ դատարան էր ներկայացել 44-օրյա պատերազմի ժամանակ նույն զորամասի հատուկ մշակման վաշտի քիմիկ–գազազերծող Գաբրիել Արզումանյանը։ Նա զորամասի այն քիչ ծառայողներից է, որ 2020 թ․ հոկտեմբերի 21-ի՝ Կովսականում տեղի ունեցած հարձակումից հետո կարողացել է խուսափել հակառակորդի տեսադաշտից եւ փրկվել։ Այդ օրը, հիշեցնենք, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Անդրանիկ Մակարյանի հրամանով 62–հոգանոց անձնակազմը մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կովսական (Զանգելան) քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք եւ «Սանրում» գործողության կատարման եղանակով հայտնաբերել եւ ոչնչացնել  հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Մակարյանը, սակայն, ըստ քրեական գործի, ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման հարցը, եւ դրա, ինչպես նաեւ զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով անձնակազմը «Կիրի հանք»–ի մոտ տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի:  5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Դատարանում ցուցմունք տալով՝ Արզումանյանը հայտնեց, որ ամբաստանյալներին ճանաչում է ծառայությունից, նրանց հետ որեւէ տեսակի հարաբերություն չունի։ Գաբրիել Արզումանյանի խոսքով՝ անձնակազմին զրահաբաճկոններ չեն հատկացրել Տուժող Գաբրիել Արզումանյանը պատմեց, որ պատերազմի մեկնարկից օրեր անց՝ հոկտեմբերի 8-ի մոտակայքում, դուրս են եկել իրենց մշտական տեղակայման վայրից եւ ուղեւորվել Սյունիքի մարզ։ Մեղրիի, Լիճքի զորամասերում մի քանի օր անցկացնելուց հետո եկել են Կապանի զորամաս։ Հենց այդտեղ էլ տեղեկացել են մարտական առաջադրանքի մասին։ Արզումանյանի խոսքով՝ հոկտեմբերի 20-ի երեկոյան ավելի քան 150–հոգանոց անձնակազմը շարվել է, եւ զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը հայտնել է հաջորդ օրվա մարտական առաջադրանքի մասին, ասել՝ պետք է գնան մոտ 50 հոգով։ Մեծ մասը, նրա խոսքով, ինքնակամ է գնալու ցանկություն հայտնել։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին՝ գնացողները ընտրվել են միայն ըստ ցանկությա՞ն թե՞ նաեւ ըստ հաստիքի՞, տուժողը դժվարացավ պատասխանել։ Նշենք, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ որպես խոհարար զորակոչված Ալեքսանդր Բաբայանը հայտնել էր, որ իրեն այդ մարտական առաջադրանքին որպես հետախույզ են ուղարկել։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը «Հրամանատարն ասում էր՝ պատրաստվենք, որ առավոտյան խնդիր պիտի կատարենք, մեր ունեցվածքը պատրաստենք, զենքերը, հանդերձանքը․․․ Զինանոցից զենքերը ստացանք, փամփուշտները․․․ Հաստիքով ինչ ունեինք՝ կասկա, վեշ–մեշոկները, էդ էր մեր հանդերձանքը։ Զրահաբաճկոն չենք ունեցել, չեմ կարող պատասխանել, թե ինչու»,– պատմեց Արզումանյանը։ Նրա խոսքով՝ բուն առաջադրանքի, դրա տեղանքի, դիրքավորման մասին այդ օրը խոսակցություն չի եղել, հաջորդ օրը լուսադեմին՝ մեկնելուց առաջ են զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանն ու ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը հայտնել, որ պետք է գնան՝ սանրման աշխատանքների։ Մեղադրողը խնդրեց բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ սանրման աշխատանքը․ «Բառը ուղիղ իմաստով հասկանալով․․․ Ո՞նց բացատրեմ․․․ Հետո ասացին՝ քիչ անձնակազմ կա տվյալ տեղում, վիրավորներ․․․ Պիտի գնանք, էդ անձնակազմին․․․ Թե հնարավոր կլինի վերացնելու, գերեվարելու․․․»։ Մեղադրող Նավասարդյանի հարցին ի պատասխան՝ տուժողն ասաց, որ նախկինում երբեւէ չի մասնակցել այդպիսի աշխատանքի կամ դրա վերաբերյալ որեւէ դասընթացի։ – Հարցրի՞ք՝ մեզնից ի՞նչ սանրող,– հետաքրքրվեց դահլիճում գտնվող տուժողի իրավահաջորդ Հայկ Եղիազարյանը։ – Ոչ։ –Իսկ տենց հարց առաջացե՞լ է։ –Շատ հարցեր են առաջացել, երկրի իրավիճակից ելնելով՝ չենք ուղղել ոչ մի տեղ, հենց մեկը էն, որ չենք ունեցել բռոնիկ։ – Այսինքն՝ դուք քիմիկ եք, դուք պատրաստվածություն ունեցե՞լ եք, որ գնում եք։ – Հոգեպես պատրաստ ենք եղել։ – Եթե ֆիզիկապես պատրաստ չէիք, հոգեպեսով ի՞նչ էիք անելու։ –Դե ֆիզիկապես Էջմիածնից էլ չպիտի գնայինք,– նշեց տուժողը։ Ի պատասխան հարցին, թե որտեղ էր նախատեսվում այդ առաջադրանքը, նա տվեց Կովսական քաղաքի, այլ ոչ թե Կիրի հանքի անունը, ուր ի սկզբանե նախատեսված էր գնալ․  –Կովսականի մոտակայքում, էդ ուղղության վրա,– ասաց նա։ – Կովսականի ուղղության վրա՞ թե՞ շրջանում,– ճշգրտող հարց հղեց դատախազը։ – Էդ չեմ կարող ասել, տեղանքը, որպես այդպիսին, Զանգելանի կողմերն էր։ Առավոտյան ենք իմացել, որ ուղղությունը Զանգելան է լինելու։ – Ո՞վ ասաց Ձեզ այդ մասին։ – Եթե չեմ սխալվում, գեներալ Մակարյանը։ Տուժողի իրավահաջորդները Տուժողի իրավահաջորդները հետաքրքրվեցին՝ Արզումանյանը տեսե՞լ էր այն տեսանյութը, որտեղ ադրբեջանցիները իրենց դրոշն էին դնում Կովսականում, ինչն արդեն հուշում էր, որ թշնամին այնտեղ է։ Ի պատասխան՝ նա ասաց, որ տեսել է դեռ հոկտեմբերի 19-ին, բայց դրա վերաբերյալ էլ հարցեր չի տվել, որովհետեւ այդ լուրերը անընդհատ հերքվում էին։ – Բայց գնացիք ու տեսաք, որ իրականությանը համապատասխանում էր։ – Փաստորեն։ Տուժողը չհիշեց, որ «Կիրի հանք» տեղանքի մասին երեկոյան կամ առավոտյան հրամանատարներից լսած լինի, ասաց՝ դրա մասին միայն մարտից հետո է տեղեկացել։ Տուժողը չմտաբերեց ոչ մարտից առաջ, ոչ ընթացքում հնչած որեւէ հրաման Գաբրիել Արզումանյանը պատմեց, որ հոկտեմբերի 21-ին լույսը դեռ լրիվ չբացված ճանապարհ են ընկել։ Առջեւից գնացել է ուղեկցող մի մեքենա, որից հետո՝ հրամանատարի ՎԻԼԻՍ–ը, ապա՝ իրենց 3 ավտոբուսները։ Ոստիկանական անցակետը, որտեղ նախատեսված էր անձնակազմի կայանումը, Արզումանյանը նկատել է, բայց կանգառ, ըստ նրա, այդտեղ չի եղել։ Տուժողի խոսքով՝ վերջնական կանգառը եղել է ճամփաբաժան մի հատվածում, ինքը մտածել է, թե հենց դա է իրենց վերջնակետը։ Ավտոբուսներից իջնելուց տասը րոպե չանցած՝ հակառակորդը կրակ է բացել․ «Իջանք, տեղանքն էինք նայում՝ ուր ենք, խի․․․ Երբ բլուրի վրա սկսեցին շատանալ․․․ Նենց չէր, որ պարզ համազգեստը երեւում էր, բայց ոնց որ մերը չլիներ, մեր համազգեստը չէր, կանաչավուն, անծանոթ․․․ Արդեն կրակոցը սկսվեց մեր վրա աջից, ձախից, վերեւից․․․ Խուճապը երբ սկսեց, սկսեցին վազել էս կողմ–էն կողմ․․․ Էդ պահին նկատել եմ զորամասի հրամանատարին․․․ Մինչեւ խուճապը, երբ իջել ենք՝ ոչ»։ Մեղադրողի հարցին, թե այդ մի քանի րոպեների ընթացքում՝ մինչ հարձակումը, ինչ հանձնարարություն են ստացել, տուժողն ասաց, որ որեւէ սպայի կողմից որեւէ հանձնարարություն չի եղել։ Նա չմտաբերեց կոնկրետ հրաման նաեւ հարձակումից հետո։ Ասաց՝ ՀՀ ԶՈՒ–ից այլ գործողություն այդտեղ չի եղել, մինչդեռ Մակարյանն իրենց հայտնել էր, որ նախքան իրենց գնալը այնտեղ պիտի հրետանի աշխատի։ «Երբ սկսեցին կրակել, աջից–ձախից գոռում էին՝ դիրքավորվեք, թաքնվեք, տարբեր կողմից գալիս էր էդ ձայնը․․․ Նենց վիճակ է եղել, որ ով որտեղ հասցրել, թաքնվել է, որովհետեւ անկանոն կրակում էին մեր վրա»,– պատմեց նա։ Թե որքան էր հակառակորդի թիվը, տուժողը չկարողացավ հստակ հայտնել, 100-ից մինչեւ 500 թվեր մատնանշեց։ Ըստ տուժողի՝ հարձակման պահին ավտոբուսները թողել, հեռացել են Գաբրիել Արզումանյանը պատմեց, որ ինքը բլուրի տակ դիրքավորվել է ու սկսել կրակել։ Կրակի ղեկավարում որեւէ մեկի կողմից նույնպես չի եղել, կրակոցները վերեւից են եղել, ինքն էլ այդ ուղղությամբ է կրակել․ «Իմ հետ իմ կողքին եղել է ՄՈԲ–ի տղաներից Արթուրը, Արմանը, մեր պայմանագրայիններից Դավիթը Դանիելյան, ու Սերգեյը, Արտաշատի ՄՈԲ–ն էր, իրարից մոտ 10-15 մետր հեռավորության վրա պառկած ենք եղել, հետո իրար պահելով՝ իրար կողք ենք եկել»։ Արզումանյանը նշեց՝ այդ 4 հոգուց բացի իրենց անձնակազմից էլ ոչ ոքի չի տեսել։ Ուղեկցող մեքենան եւ ավտոբուսները պտտվել եւ առանց անձնակազմի հեռացել են, իր ենթադրությամբ՝ փրկվելու համար։ Դատավարության մասնակիցները Հրաձգությունը 30-40 րոպե է տեւել, դրանից հետո կրակը մի փոքր թուլացել է, եւ սկսել է երեւալ հակառակորդի տեխնիկան՝ БТР–ը, որ կրակելով շարժվել է իրենց ուղղությամբ։  Հիշյալ 5 հոգով ստիպված են եղել թռչել առվի մեջ․ «Մեր կանգնած տեղից 50 մետր շոշ էր, տակը՝ առու, թռել ենք էդ առվի մեջ, առու ասվածը գյուղի կանալիզացիան էր»։ Ջուրը նետվելիս Արզումանյանը վիրավորվել է, հետագա 700-800 մետրը ստիպված են եղել 7-8 ժամում անցնել։ Ամբողջ ընթացքում հակառակորդը վերեւից դուրս գալու, հանձնվելու կոչեր է հնչեցրել։ Հասել են գյուղի սկզբնամաս, մի տան մոտակայքում հանդիպել իրենց մի քանի համածառայակիցների, միասին սպասել՝ մութն ընկնի, որ ճանապարհը շարունակեն։ Ապա դուրս են եկել եղեգների դաշտ, որտեղ էլ հանդիպել են հրամանատար Արսեն Աբգարյանին։ Հարցին, թե ի՞նչ էր անում Աբգարյանը, տուժողը պատասխանեց՝ երեւի նույնը, ինչ մենք՝ պատսպարվում։ – Ի՞նչ եք զրուցել։ – Չենք զրուցել, գիշեր էր, սպասել ենք լույսը բացվել ա, նորմալ իրար դեմք առավոտյան ենք տեսել՝ ով ով ա, ոնց ա։ Ես ոչ թե ասեմ՝ ի վիճակի չեմ եղել, այլ հիմնականում պառկած եմ եղել․․․ Համ ահագին արյուն եմ կորցրած եղել, համ հանգստի կարիք ունեի։ – Իսկ զորամասի հրամանատարի կողմից հրաման, կարգադրություն ստացե՞լ եք։ – Ոչ, էն ա եղել, որ սպասել ենք լույսը բացվի, հելել ենք գետի ափին, շարունակել ենք ճանապարհը դեպի թիկունք։ Կիրի հանքի ուղղությամբ դուրս գալով՝ նրանք ի վերջո փրկվել են։  –Հրամանատարությունը մեղավորություն ունի՞, որ նշված տեղը չեք կանգնել,– հարցաքննության ավարտին հետաքրքրվեցին տուժողների իրավահաջորդները։ – Ես տեղեկություն չունեմ դրա վերաբերյալ, անձամբ չեմ տիրապետել։ – Անցել է 3 տարի, ոնց էլ չլինի՝ ամեն օր կմտածես, կհիշես․․․ Ո՞վ է էդ ամեն ինչի մեղավորը։ – Ով մեզ էնտեղ ուղարկել է,– պատասխանեց Գաբրիել Արզումանյանը։ Հրապարակվեց տուժող Արթուր Ստեփանյանի նախաքննական ցուցմունքը Հարցաքննված մյուս տուժողը Արթուր Ստեփանյանն էր, որի հարցաքննությունը սկսվել էր դեռ նախորդ դատական նիստին։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանն այսօր միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքից երկու դրվագ, քանի որ դրանցում եւ դատաքննական ցուցմունքում որոշակի հակասություններ էր տեսնում։ Նավասարդյանը ընթերցեց նրա նախաքննական ցուցմունքը, որ Ստեփանյանը տվել է 2021 թ․ հուլիսի 20-ին․ «Հոկտեմբերի 20-ի ուշ երեկոյան՝ 24։00-ի սահմաններում, մեր զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանն ասաց, որ առավոտյան շուտ պատրաստվում ենք խմբով մեկնել Զանգելան, որտեղ խնդիր է դրվելու հակառակորդի ներթափանցած դիվերսիոն խմբերին հայտնաբերել եւ ոչնչացնել եւ ավելացրել՝ ով է ցանկանում կամավոր մասնակցել այդ գործողությանը»,– ասաց մեղադրողը։ Տուժող Արթուր Ստեփանյանը, նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը Նախորդ նիստին Ստեփանյանը նշել էր ոչ թե դիվերսիոն խմբերին հայտնաբերելու եւ ոչնչացնելու, այլ ինչ–որ անձանց՝ հակառակորդին կամ վիրավորներին դուրսբերելու հրահանգի մասին։ Այսօր ասաց՝ հիմք ընդունեն իր նախաքննական ցուցմունքը։ Մյուս դրվագն էլ վերաբերում էր Անդրանիկ Մակարյանի գործողություններին, ինչի վերաբերյալ տուժողը նախաքննության ժամանակ ասել էր․ «Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 05։30-06։00-ի սահմաններում, շարվել ենք Կապանի հրետանային գնդի շարահրապարակում, եկավ Մակարյանը, դարձյալ բացատրեց խնդիրը եւ մեր կողմից ակնկալվող գործողությունները՝ ասելով, որ ընդհանուր գործողությունը ղեկավարելու է ինքը, այն պետք է կատարենք 2 խմբով, իսկ մյուս խումբը, որի կազմում լինելու է ինքը, Կովսականին մոտենալու է մեր գնացած ուղղությանը հակառակ կողմից,– ընթերցեց մեղադրողը։ Ստեփանյանն ասաց, որ ինքը հակասություն չի տեսնում, գնալու էին վիրավորներին հանելու, եւ հնարավոր է՝ թաքնված մարդիկ լինեին, դրանից պետք է զգույշ լինեին, ոչնչացնեին։ Ինչ վերաբերում է Մակարյանի՝ խմբի կազմով հակառակ կողմից մոտենալու հանգամանքին, նա ասաց, որ երեք տարի է անցել, դա չի հիշում, այդ պատճառով էլ նախորդ նիստին չի նշել։ Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 27-ին։   Միլենա Խաչիկյան Լուսանկարները՝ Ինֆոքոմի
15:44 - 09 դեկտեմբերի, 2023
Զորակոչել են որպես խոհարար, մարտական առաջադրանքի ուղարկել՝ որպես հետախույզ․ «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողի հարցաքննությունը

Զորակոչել են որպես խոհարար, մարտական առաջադրանքի ուղարկել՝ որպես հետախույզ․ «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողի հարցաքննությունը

44-օրյա պատերազմի ժամանակ պահեստազորայինների կազմով որպես խոհարար զորակոչված Ալեքսանդր Բաբայանին մարտական առաջադրանքի են ուղարկել որպես հետախույզ։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր հայտնեց ինքը՝ Բաբայանը։ Նա «Քիմիկների զորամաս»–ի անվանումը ստացած քրեական գործով տուժողներից է, սակայն՝ ոչ հենց Քիմիկների զորամասից (խոսքը ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի մասին է)․ 2020 թ․ սեպտեմբերի վերջից ծառայության է անցել Կապանի զորամասում, իսկ հոկտեմբերի 21-ին 11 այլ պահեստազորայինների հետ կցվել է Քիմիկների զորամասի՝ Մեղրիից Կապան ժամանած անձնակազմին եւ մեկնել առաջադրանքի։ Այդ օրը, հիշեցնենք, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի հրամանով 62–հոգանոց անձնակազմը մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կովսական քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք եւ «Սանրում» գործողության կատարման եղանակով հայտնաբերել եւ ոչնչացնել  հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Սակայն Մակարյանը, ըստ քրեական գործի, ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման հարցը, եւ դրա, ինչպես նաեւ զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով խումբը «Կիրի հանք» հասնելու նպատակով Արցախի Հանրապետության Կովսականի շրջանի Կերեն գյուղի վարչական տարածքում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի զինծառայողների հետ բռնվել անհավասար մարտի: 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Գործի շրջանակում մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ՊՆ ՌՔԿՊ զորքերի պատրաստության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, 2020 թ․ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Ըստ տուժողի՝ իրենք չեն տեղեկացվել, թե ով է իրենց անմիջական հրամանատարը Դատարանում ցուցմունք տալով՝ Ալեքսանդր Բաբայանը հայտնեց, որ ամբաստանյալներից ոչ մեկն իր հրամանատարը չի եղել, նրանց քրեական գործից առաջ չի էլ ճանաչել։ Իր հրամանատարը եղել է մայոր Արտակ Վարդանյանը, որն էլ հենց հայտնել է մարտական առաջադրանքի մասին՝ ասելով՝ Զանգելանը մերն է, չթողնեն՝ գրավեն։ Ըստ Բաբայանի՝ հրամանատարը ասել է, որ Կովսականում 8 հոգու շարժ են նկատել, պետք է որպես հետախույզ գնան՝ «սանրման» աշխատանքների։ Հանրային մեղադրողներ Դավիթ Նավասարդյանը, Արշակ Մարտիրոսյանը Դատավարության մասնակիցները այս դրվագի վերաբերյալ մի շարք հարցեր ուղղեցին տուժողին․ – Ե՞րբ դարձաք հետախույզ։ – Այդ օրը։ – Ինչի՞ց եք ենթադրել, որ հետախույզ եք։ – Եկան, էդպես ներկայացրին, ասացին՝ 12 հոգի որպես հետախույզ գնալու ենք, «չիստկա» անեք, շարժի մասին զեկույցներ անեք, իսկ որ բոյ եղավ, մնացածը քիմիկներն են անելու։ – Ի՞նչ է նշանակում «սանրման» աշխատանք։ – Ես չգիտեմ, ես չեմ էլ պատկերացնում, կյանքումս հետախույզ չեմ եղել, որ ինձ ներգրավել են,– ասաց Բաբայանը, որ ժամկետային զինծառայության ժամանակ հրաձիգ է եղել։ – Հարց ուղղեցի՞ք Ձեր վերադասին։ – Ոչ, մեր վերադասը դաժը քարտեզ․․․ Տարածքին չի ծանոթացրել, թե ուր ենք գնացել։ Ես կյանքիս մեջ Կապան չէի եղել, չեմ էլ պատկերացրել Կապանն ինչ է կամ Զանգելանը որտեղ է․․․ Ես նենց եմ հասկանում, որ էդ [«սանրման» աշխատանքը] «չիստկա» է, բարբառով ասած․․․ – Բա Ձեր մեջ հարց չառաջացա՞վ, որ Դուք, որպես հետախույզ, որեւէ դասընթաց էլ չեք անցել․․․ – Չէ, որովհետեւ էդ խառը վիճակը տեսնելով՝ ոչ մի բան կոնկրետ ինձ չէր հետարքրքում։ – Իսկ որ գնայիք, իջնեիք ավտոբուսներից, ի՞նչ պիտի անեիք։ – Կարողա մեկը հրահանգավորեր էդ ժամանակ, չեմ կարող ասել։ Հրամանատարը՝ Արտակ Վարդանյանը, զորքի հետ չի մեկնել։ Թե ինչու, տուժողին հայտնի չէր։ Միեւնույն ժամանակ նա պաշտոնատար այլ անձի անուն, ըստ տուժողի, չի տվել, չի հայտնել, թե ով է լինելու իրենց անմիջական հրամանատարը առաջադրանքի ժամանակ, ասել է միայն՝ այ սենց՝ ժպիտը դեմքներիդ, հետ գաք, տղե՛րք։ Ըստ տուժողի՝ իրենց տրամադրվել է զրահաբաճկոն, սաղավարտ, մեկական նռնակ եւ ԱԿԱ-74 տեսակի հրաձիգ՝ իր 4 փամփուշտատուփերով։ Կապի միջոցներ չեն եղել։ Լուսադեմին տագնապով շարվել են, ճանապարհ ընկել։  Թե ինչպես է ստացվել, որ իրենց զրահաբաճկոն տվել են, Քիմիկների զորամասի անձնակազմին՝ ոչ, տուժողը չգիտեր, ասաց՝ նրանց չեն ճանաչել, շատ չեն էլ շփվել։ Տուժողի խոսքով՝ առջեւից գնացել է վիլիսը (ըստ ամենայնի, ուղեկցողների մեքենան–հեղ․), որից հետո՝ 3 ավտոբուսները, յուրաքանչյուրում՝ մոտ 20-21 հոգի։ Ինքը եղել է առաջին ավտոբուսում, որտեղ նաեւ քիմիկների մի մայոր է եղել։ Թե ով, Բաբայանը չգիտեր։ Բաբայանի խոսքով՝ հակառակորդի հարձակումն անակնկալ է եղել, թվակազմը՝ զգալիորեն մեծ Ալեքսանդր Բաբայանը պատմեց, որ երբ հակառակորդը անակնկալ հարձակվել է, ավտոբուսը դեռ ընթացքի մեջ է եղել, մինչդեռ նախորդ նիստին հարցաքննված տուժողը՝ Արտակ Անդրեասյանը, ասել էր, որ ավտոբուսներից հանգիստ պայմաններում իջել են, մի քանի րոպե անց նոր՝ հարձակման ենթարկվել։ Այս հակասությունը Բաբայանը դժվարացավ պարզաբանել, ասաց՝ ինքն առաջին ավտոբուսում է եղել, մյուսներից տեղյակ չէ։ «Սարերի վրա շարժ նկատեցինք, սկսեցին կրակել, մի քանի հոգի տեսանք, ասեցինք՝ տղե՛րք, իրենք են, ու  զենքերը զարիժատ արեցինք, հենց սկսեցին ավտոբուսի վրա կրակել, կոպիտ ասած, շունը տիրոջը չէր ճանաչում, ով ոնց հասցրեց, իջավ»։ Մեղադրողի հարցին՝ մարտական առաջադրանքը, որ իրենք ստացել են, բովանդակային առումով ներառե՞լ է այն իրավիճակը, որին իրենք փաստացի ականատես են եղել, տուժողը բացասական պատասխան տվեց։ Մյուս հարցին՝ կռվի ժամանակ գործողությունների հրահանգավորում եղե՞լ է, նա դարձյալ բացասական պատասխանեց՝ նշելով, որ հիշյալ մայորն ասել է միայն՝ ինչքան կարողանում եք, շատ կրակեք, մեր վրա են գալիս։ Նրա խոսքով՝ 6-7 հոգով թաքնվել են ինչ–որ պատի հետեւում, իր կողքին եղել է իր համաքաղաքացի, մասիսցի Դավիթ Կատանյանը։ Մարտը տեւել է մոտ 1 ժամ․ «Բոյի ժամանակ, երբ էլ չէինք կարողանում դիմադրել, սկսեցինք նահանջել, մեքենա արդեն չենք նկատել․․․ Դեմից ավտոմատով էին կրակում, մենք 1 հատ նռնակ էինք շպրտում, իրենք 100 հատ էին շպրտում, զգալի շատ էին․․․ Նռնակը որ շպրտել են, ընկել եմ քարերի վրա, կոտրվածք եմ ստացել, դրանից հետո բան չեմ հիշում․․․ Հիշում եմ, որ տղերքը ինձ քարշ տվեցին, հանեցին, հետո մի հատ գետ էինք անցնում, էդտեղ էլի ընկա, գետից օգնեցին, հանեցին, էդ տղուն ասեցի՝  թող գնա, պետք չի՝ իմ պատճառով մարդ մեռնի, ստիպեցի, որ գնա, գնաց»,– ասաց տուժողը։ Դահլիճում գտնվող ծնողները հուշեցին՝ խոսքը Գեւորգ Եդիգարյանի մասին է։ «Քայլել ընդհանրապես չէի կարողանում, 10 օր սողեսող գետին հակառակ նահանջել եմ,  հոկտեմբերի 31–ին Որոտանի ափին ինձ գտել են ու գերեվարել»,– պատմեց տուժողը։ Նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը Կիրի հանք տեղանքը, որտեղ էլ հենց պիտի մեկներ անձնակազմը, նրան ծանոթ չէր, դրա մասին խոսակցություններ, կոնկրետ առաջադրանքներ չէր լսել։ Ճանապարհին ոստիկանական հենակետ նկատել էր, ասաց՝ վիլիսն էլ, իրենց ավտոբուսն էլ այնտեղ կանգնել են, բայց թե ինչ նպատակով, դարձյալ չգիտեր։ Դա հենց այն հենակետն էր, որտեղ, ըստ առաջադրանքի, անձնակազմը պիտի իջներ ավտոբուսներից։ Թե ինչու չեն իջել, ինչու են խորացել դեպի Կովսական, տուժողին հայտնի չէր, ասաց՝ հայրենադարձվելուց հետո՝ քննիչի մոտ է իմացել, որ իրենք այդտեղ պիտի իջնեին․ «Քննիչն ասել է՝ ձեզ առաջադրանք է տրվել, որ հանքը պահեք, ինչի՞ եք մտել Զանգելան, ասել եմ՝ գնա, հրամանատարներին այդ հարցը տուր, ես զինվոր եմ»։ Ալեքսանդր Բաբայանը խուսափեց հստակ որեւէ մեկին որպես մեղավոր նշել Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հետաքրքրվեց, թե ի վերջո, իր գնահատմամբ, կատարվածն ում մեղավորությունն է․ – Ես չեմ կարող որոշում կայացնել կամ ինչ–որ մեկին մեղադրել, եղածը եղած է, ինձ էլ ճիշտ հասկացեք, ես դնեմ ասեմ՝ Պողոսն է մեղավոր․․․–ասաց տուժողը։ – Դու պրծել ես, ուրեմն՝ եղածը եղա՞ծ է,– լսվեց ծնողներից մեկի ձայնը։ Մեղադրողը վերաձեւակերպեց հարցը․ – Ի՞նչ պատճառով այս ամենը տեղի ունեցավ․ մարտական խնդրի կազմակերպմա՞ն գործընթացքում կար որեւէ մեկի սխալը, իրագործմա՞ն ընթացքում կար, չպիտի՞ հայտնվեիք այդտեղ, պատճառները կարող են տարբեր լինել։ – Իրագործման ընթացքում, ավելի ճիշտ, քանի որ էստեղ ենք իմանում, որ Կիրի հանք պիտի պահեինք, բայց մեզ մտցրել են Զանգելան։ Էդ անփութության պատճառով է էդ ամենը եղել։ – Իսկ ո՞վ պիտի դա համակարգեր,– հարցրեց մեղադրողը։ – Ո՞ւմ էին հրամանատար նշանակել, ես չեմ պարզել, չեմ էլ ուզում, ես ունեի մի հրամանատար, հրամանը տվել էր, հասել էի էդտեղ,– ասաց տուժողը։ Տուժողների իրավահաջորդները Այս եւ նմանատիպ հարցերին ի պատասխան նա ամեն կերպ խուսափեց ամբաստանյալներից որեւէ մեկին որպես մեղավոր նշել՝ պատճառաբանելով, որ նրանց չի ճանաչել, այնտեղ չի տեսել։ Դահլիճում գտնվող տուժողների իրավահաջորդներից Հայկ Եղիազարյանը, դիմելով նրան, հարցրեց․ – Եթե կան նախորդող օրերի տեսանյութեր, որտեղ Ադրբեջանը ցուցադրում է, որ Զանգելանը գրավել է, եթե կա Ադրբեջանի նախագահի տեսանյութ, որ պաշտոնապես հայտնում է, որ Զանգելանը Ադրբեջան է, էն փաստը, որ Դուք խոհարար եք եղել, բայց Ձեզ տարել են հետախույզ, էն փաստը, որ դուք չունեք ձեր գլխին հրամանատար մարտի դաշտում, ճանապարհին, որ ձեզ հրահանգ, խորհուրդներ տա, էդ ամեն ինչը ձեզ մոտ կասկած չի՞ առաջացնում, քանի՞ հատ հանգամանք բերեցի, դրանից ավելի էլ ի՞նչ պիտի լինի։ – Դե, Դուք փաստեր ունեք, բայց ես էդ փաստերից տեղյակ չեմ եղել։ – Դուք պատկերացնում եք 8 հոգի, գնացել եք, 500 հոգի է եղել, այսինքն՝ ռազվետկեն ձեզ ոչ հավաստի տեղեկություն է տվել, չէ՞, ձեզ տարել են, որ փուռը տա՞ն, կոպիտ ասած։ – Բա տվել են, էլ ի՞նչ են արել,–պատասխանեց տուժողը։ Ամբաստանյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Վահան Հովհաննիսյանը Թե ով, նա դարձյալ չնշեց։ Արսեն Աբգարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանի հարցին ի պատասխան էլ՝ կարծիք հայտնեց, որ Աբգարյանն իր գերեվարության մեջ մեղավոր չէ, քանի որ ինքը նրան չի ճանաչում, այնտեղ չի տեսել։ Ի պատասխան դատախազի հարցին՝ նշեց՝ ամեն դեպքում, եթե կոնկրետ այդ կրակոցների վայր չհասնեին, իրավիճակը կարող էր այլ լինել։ – Մարտի դաշտում Աբգարյանն է եղել ձեր հրամանատարը, ծանոթացեք,– ասաց դահլիճում գտնվող իրավահաջորդներից մեկը։ Արձագանքելով սրան՝ Աբգարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե տուժողները մոլորության մեջ են․ «Դատական գործի նախապատրաստական մասում, եթե հիշում եք, դրա շուրջ որոշակի քննարկում տեղի ունեցավ, որ մենք հրապարակենք քրեական գործում առկա բոլոր փաստաթղթերը, որպեսզի հնարավորություն ունենանք տուժողներին հարցեր տալ, հիմա մենք չենք հրապարակել, եւ անում են արտահայտություն, որ ձեր հրամանատարը մարտի դաշտում եղել է Արսեն Աբգարյանը։ Եթե հրապարակեինք այդ նյութերը, պարզ կլիներ, որ Աբգարյանը չի եղել Արտակ Վարդանյանի հրամանատարը, եւ տուժողները մոլորության մեջ են, այ դրա համար էի ասում, հիմա ես ինչպե՞ս հարց ուղղեմ տուժողին,– դիմելով դատարանին՝ ասաց պաշտպանը։ Նշենք, որ դատակոչված անձանց կողմերը կարող են հարցեր տալ միայն դատարանում արդեն իսկ հետազոտված ապացույցների վերաբերյալ։ Պաշտպանի կողմից հիշատակված ապացույցները դեռ չեն հետազոտվել, դատարանը դրանց անդրադառնալու է տուժողների եւ վկաների հարցաքննությունների ավարտից հետո։ Դատարանի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ Բաբայանի հարցաքննությունն այսօր մնաց անավարտ։ Այն կշարունակվի հոկտեմբերի 6-ին։   Միլենա Խաչիկյան
22:50 - 02 հոկտեմբերի, 2023
Հակառակորդի հարձակումից հետո ինչ-որ մեկը հայերենով ասել է․ «Կամո՛, Կամո՛, դիմավորել ենք, ոնց պայմանավորվել ենք», ապա սկսել է խոսել ադրբեջաներեն․ տուժողը՝ դատարանում

Հակառակորդի հարձակումից հետո ինչ-որ մեկը հայերենով ասել է․ «Կամո՛, Կամո՛, դիմավորել ենք, ոնց պայմանավորվել ենք», ապա սկսել է խոսել ադրբեջաներեն․ տուժողը՝ դատարանում

2020 թ․ հոկտեմբերի 21-ին մարտական  առաջադրանքի մեկնելիս ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի (ՌՔԿՊ, հայտնի է որպես Քիմիկների զորամաս) 62-հոգանոց անձնակազմը զրահաբաճկոններ չի ունեցել, համալրված է եղել միայն АКМ տեսակի ինքնաձիգով, սաղավարտներով եւ քնապարկերով։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում երեկ հայտնեց պատերազմի ժամանակ պահեստազորային Արտակ Անդրեասյանը՝ նշելով, որ իրենց ասել են, թե զրահաբաճկոն այդ պահին չկա։ Անդրեասյանը ներկայացել էր դատարան՝ որպես տուժող հարցաքննվելու Քիմիկների զորամասի վերաբերյալ քրեական գործով, որի շրջանակում քննվում են զորամասի 40 զինծառայողների՝ Կովսականի (Զանգելանի) տարածքում շրջափակման մեջ ընկնելու հանգամանքները․ նրանցից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Գործի շրջանակում, հիշեցնենք, մեղադրյալի աթոռին են նախկին եւ ներկա 4 զինվորական՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ՊՆ ՌՔԿՊ զորքերի պատրաստության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, 2020 թ․ նույն զորամասի շտաբի պետ, ներկայում ՀՀ ԶՈՒ ԳՇ ՌՔԿՊ վարչության պատրաստության եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի կենսաբանական եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։ Տուժողների հարցաքննության մեկնարկից առաջ նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը դահլիճում գտնվող տուժողների իրավահաջորդներին հորդորեց պահպանել դատական նիստի բնականոն ընթացքը՝ տեղեկացնելով, որ հակառակ դեպքում դատարանը նրանց նկատմամբ կիրառելու է սանկցիաներ՝ նկատողություն, ապա՝ նիստերի դահլիճից հեռացում։ Նշենք, որ այս գործով նիստերը երբեմն անցնում են լարված մթնոլորտում, զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողները պարբերաբար նաեւ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ դատական նիստերի հաճախակի հետաձգման եւ գործի քննության ձգձգմամբ պատճառով։ Արտակ Անդրեասյանի խոսքով՝ իրենք հրահանգվել են մեկնել «սանրման» աշխատանքների, սակայն ընկել են մարտական գործողությունների մեջ Արտակ Անդրեասյանը 2006-2008 թթ ժամկետային ծառայություն է անցել Մատաղիսում, եղել է գնդացրորդ, 44-օրյա պատերազմին մասնակցել է պահեստազորի կազմով։ Նա պատմեց, որ հոկտեմբերի 1-ին մեկնել է Էջմիածնում գտնվող Քիմիկների զորամաս, այնտեղ մնացել մոտ 10 օր։ Դրանից հետո իրենց տարել են Ագարակ, մի քանի օրից՝ Մեղրի, այնուհետեւ՝ Կապան։ Հենց Կապանում են ստացել Կովսական մեկնելու մարտական առաջադրանքը․ «Գիշերը կամանդիրը (Արսեն Աբգարյանը,-հեղ․) մոտիկացավ, ասաց՝ մեր առաջ առաջադրանք են դրել, որ մոտիկանանք տվյալ տարածքները՝ Զանգելան, ու գյուղերի անուններ ասաց, որ սանրենք, ասաց՝ ով ցանկություն ունի, թող դուրս գա․․․ Լուսադեմ էր, որ զորքը պատրաստ էր, պետք է դուրս գայինք, Անդրանիկ Մակարյանը ժողովի կարգով ասաց՝ պետք է մտնեք, սանրման աշխատանքներ կատարեք, ռազվեդկան աշխատել է, դուք պիտի սանրեք, եթե տներում թաքնված մարդիկ լինեն, դուք ձեր գործողությունները անեք, ու եթե չեմ սխալվում, ասաց՝ մի քանի օրից կմոտիկանան ձեզ, դուք էդտեղից դուրս կգաք»։ Արտակ Անդրեասյանի խոսքով՝ առավոտյան հավաքվել են զորամասի բակում, նստել 3 ավտոբուսների մեջ եւ ճանապարհ ընկել։ Ավտոբուսների առջեւից գնացել է հրամանատար Արսեն Աբգարյանի մեքենան, եղել է նաեւ ուղեկցող մեքենա, որին ինքը «Կիրի հանք» կոչվող տարածքի մոտակայքում է տեսել։  Հանրային մեղադրողներ Դավիթ Նավասարդյանը, Արշակ Մարտիրոսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սամսոն Գալստյանը Երբ տուժողը մատնանշեց «Կիրի հանք» տեղանունը, հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հարցրեց՝ դրա հետ կապված մարտական կոնկրետ առաջադրանք, այդ տեղանքում կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարություն կամ քննարկում եղե՞լ է։ Տուժողը բացասական պատասխան տվեց։ Մեղադրողը մի քանի անգամ վերաձեւակերպեց իր հարցը, տուժողի պատասխանը, սակայն, չփոխվեց։ Նշենք, որ ըստ քրեական գործի՝ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը հանձնարարել է, որ հրամանատար Արսեն Աբգարյանը իր անձնակազմով բնագիծ զբաղեցնի Արցախի Կովսական քաղաքի մերձակայքում գտնվող «Կիրի հանք» կոչվող տարածքում։ Անձնակազմը, սակայն, «Կիրի հանք» հասնելու նպատակով Կովսականի շրջանի Կերեն գյուղի վարչական տարածքում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի զինծառայողների հետ բռնվել անհավասար մարտի: Հարցաքննության ընթացքում տուժողն ասաց, որ ճանապարհին՝ մինչեւ «Կիրի հանք» հասնելը, ոստիկաններ նկատել է, սակայն նրանք իրենց չեն կանգնեցրել, որեւէ գործողություն չեն արել։ Ճանապարհին տեղանքի հետ կապված ճշգրտողական գործողություններ էլ ինքը չի նկատել ո՛չ համածառայակիցներից, ո՛չ սպաներից։  Մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին, թե իրենց ավտոբուսները ինչու հենց քաղաքի սկզբնամասում կանգնեցին, տուժողը չկարողացավ հստակ պատասխանել, ասաց՝ ինքը երրորդ ավտոբուսում է եղել, եւ երբ իրենք հասել են, մյուս երկու ավտոբուսները արդեն այդտեղ կայանած են եղել, ինքն էլ ենթադրել է՝ եթե իջնում են, ուրեմն՝ հասել են։ Ըստ նրա՝ ավտոբուսներից իջնելիս իրավիճակը հանգիստ է եղել․ «Ավտոբուսներից իջնելու պահին, երբ շրջվել ենք դեպի Կապանի կողմ, արդեն տեսանք, որ բլուրի վրա դիրքավորված են, տղաները նկատեցին, որ շուն կա բլուրի վրա, որ շանը իջեցրին, խուճապը գնաց, որ մարդ կա վերեւը․․․ Ու էդ պահից սկսվել է իրենց շարժը․․․ Արսեն Աբգարյանն ասաց՝ թաքնվեք, ու էդ պահին ինքը շոշով վազում էր, դրանից հետո էլ ոչ մեկին չեմ տեսել․․․ էդտեղ թաքնվել ենք, որս որտեղ հասել է, դիրքավորվել է, կրակոցները սկսվել են»,- պատմեց Անդրեասյանը՝ հավելելով, որ իրենց ավտոբուսները դրանից հետո հեռացել են․ ուր՝ ինքը չգիտեր։ Թե մոտավորապես ինչ քանակությամբ է եղել հակառակորդը, տուժողը չկարողացավ ասել, նշեց միայն՝ մարտը տեւել է մոտ 30 րոպե։ Ըստ տուժողի՝ եթե «Կիրի հանք»-ի տեղանքում իջնեին ավտոբուսներից, հնարավոր էր ինչ-որ բան փոխել   Արսեն Աբգարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հարցեր ուղղեց տուժողին․ - Աբգարյանը թաքնվելուց բացի այլ հրաման տվե՞լ է։ - Չեմ տեսել, կարողա առանձին ինչ–որ տեղ․․․ Ասաց՝ դիրքավորվեք, թաքնվեք․․․ - Դիրքավորվելն ի՞նչ է նշանակում եւ ինչո՞վ է տարբերվում թաքնվելուց։ - Դե էդ պահին դիրքավորվել էլի, նույն բանն է, ի՞նչ տարբերություն, թաքնվում ես, որ քո գործողությունն անես։ - Իսկ ասե՞լ է անցեք պաշտպանության։ - Կարողա մի քիչ էն կողմ, կոնկրետ իմ հատվածի վրա ես չեմ լսել։ - Ձեր նախաքննական ցուցմունքը Ձեր ձեռքո՞վ եք գրել։ - Տպել են։ - Տպելուց հետո ընթերցե՞լ եք։ -Այո։ - Աբգարյանը հրաման տվե՞լ է փախչելու, նահանջելու, զենքերը վայր դնելու, դիրքը թողնելու,- հարցրեց պաշտպանը։ - Ինձ՝ չէ,- պատասխանեց տուժողը։ Լուսանկարում՝ ձախից՝ Արսեն Աբգարյանը, պաշտպան Վահան Հովհաննիսյանը Վահան Հովհաննիսյանը հարցրեց՝ տուժողը առհասարակ տեղյա՞կ է, թե ինչ քրեական գործով է եկել հարցաքննության։ Վերջինս բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ չի հետաքրքրվել։ Պաշտպանը ասաց՝ ոչ իրավաբանորեն կներկայացնի, որպեսզի եւս մեկ հարցադրում անի․  - Եկել եք էն գործով, որ օրինակ, Աբգարյանին մեղադրանք է ներկայացվել, որ իր անփույթ գործողությունների հետեւանքով Դուք գերի եք ընկել։ Հիմա հարցս․ ըստ Ձեզ՝ էդ իրավիճակում Արսեն Աբգարյանը կարո՞ղ էր ինչ–որ բան անել իրավիճակը փրկելու համար, որ չի արել,- հարցրեց Հովհաննիսյանը։ Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ իրենց երթուղին եւ վերջնակետի վայրը ուղեկցողների հետ քննարկելու եւ այդ տեղեկությունը նրանց հասու լինելու հանգամանքը պարզելու փոխարեն Արսեն Աբգարյանն անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ՝ հետամուտ չի եղել եւ ուղեկցողներից վերջնականապես չի պարզել անձնակազմին մատնանշված երթուղով վերջնակետ հասցնելու հանգամանքը, չի պահպանել մարտական կանոնադրության մի շարք պահանջներ, չի իրականացրել ավագ պետի առաջադրած խնդրի ճիշտ պարզաբանում, ընդունված որոշման հաստատակամ կենսագործման ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել, ինչի հետեւանքով ուղեկցողներ Համբարձում Փարամազյանը եւ Արման Նուրիջանյանը ճիշտ չեն ընկալել անձնակազմին նախանշված վայր հասցնելու հանգամանքը։  - Չեմ կարող ասել, այ, եթե «Կիրի հանք»-ում իջնեինք, կարողա ինչ–որ բան փոխվեր,- պատասխանեց տուժողը։ - Չէ, չեք իջել, էս իրավիճակում։ - Էս իրավիճակում՝ ինձ թվում է՝ չէ, որովհետեւ շրջափակված էինք․ համ գյուղի մեջ լիքը մարդ կար, համ գյուղի դեմից, համ վերեւից գալիս էին մեր կողմ,- պատասխանեց տուժողը։ Տուժողի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կան Պաշտպան Վահան Հովհաննիսյանն ու հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հայտարարեցին, որ տուժողի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում հակասություններ կան, ուստի միջնորդեցին հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքից համապատասխան հատվածները։ Լսելով կողմերին՝ դատարանը բավարարեց միջնորդությունը։ Լուսանկարում՝ նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը Նախաքննական ցուցմունքը տուժողը տվել է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին։ Դրանում նա, մասնավորապես, ասել է․ «Զորամասից մենք մեկնել ենք 3 դեղին ավտոբուսներով, մոտ 60 անձնակազմով, մեր խմբի ղեկավարը հանդիսացել է Քիմիկների զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը, ավտոբուսների դիմացով երթեւեկել է Միցուբիշի մակնիշի ավտոմեքենա, որն ուղեկցել է մեզ, եւ ցույց տվել ճանապարհը, այդ մեքենայի վարորդը Արման անունով տղա էր։ Ըստ իմ տեղեկությունների՝ մենք պետք է գնայինք «Կիրի հանք»-ի մոտ, սակայն չգիտեմ ինչպես է ստացվել, որ «Կիրի հանք»-ի մոտ չենք կանգնել ու անցել ենք այն՝ մտնելով գյուղի մոտ։ Հասնելով Զանգելանի շրջանի գյուղ, որի անունը չեմ հիշում՝ մեքենաներից իջել ենք՝ դիմացը նկատելով հակառակորդի զորքի մեծ քանակությամբ անձնակազմ, ովքեր, մեզ տեսնելով, սկսել են կրակ արձակել մեր ուղղությամբ․․․ Կրակոցների ընթացքում Աբգարյանը մեզ հրաման տվեց դիրքավորվել եւ անցնել պաշտպանության, միաժամանակ ասաց, որ թաքնվենք անտառում կամ թմբերի տակ»։ Ցուցմունքի հրապարակումից հետո մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հարցրեց՝ ճի՞շտ է հրապարակվածը, նախքան ստորագրելը ինքն այն ընթերցե՞լ էր, ինչին տուժողը դրական պատասխանեց՝ պնդելով նախաքննության ժամանակ իր հայտնած տեղեկությունները, հավելեց՝ հիշողության հետ կապված խնդիրներ է ունենում, ամեն ինչ ամեն պահի չի հիշում։ Նախագահող դատավորը հետաքրքրվեց՝ կատարված իրադարձություններից հետո ինքն ի վերջո ի՞նչ հետեւության է հանգել, ինչին ի պատասխան տուժողն ասաց, որ ինքը հետեւություն չունի։ Ըստ տուժողի՝ հարձակումից հետո ինչ-որ մեկը հայերենով ասել է․ «Կամո՛, Կամո՛, դիմավորել ենք, ոնց պայմանավորվել ենք», ապա սկսել է խոսել ադրբեջաներեն Շարունակելով իր ցուցմունքը՝ Արտակ Անդրեասյանը պատմեց, որ հարձակումից հետո, երբ տեսել են, որ BMP-ն է իրենց մոտենում, ինքն ու մեկ համածառայակից գնացել են գյուղի 2-րդ փողոցի կողմ․ «2-րդ փողոցից 2 հոգով մտել ենք մի հատ փոքր շինության մեջ, որովհետեւ դիմացից մարդ էր գալիս, եկել, հարձակվել են մեր վրա, 3 հատ գրանատ են գցել, էդտեղ ստացել ենք վիրավորում»։ Լուսանկարում՝ ձախից՝ պաշտպան Ամրամ Մակինյանը, մեղադրյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Գոռ Սաղոյանը - Դուք նռնակ երբեւէ տեսե՞լ եք,- հարցրեց Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ - Այո։ - Նետե՞լ եք։ - Չէ, զորամասում ուսումնական է եղել։ - Ձեր կարծիքով՝ ի՞նչ հեռավորությունից է հնարավոր գցել, որ հասնի նշանակակետին։ - Մոտիկ պատուհանից գցել են ներս։ - 3 նռնա՞կ։ - Այո, 3 տարբեր պահերի։ - Շինությունը ի՞նչ չափերի էր։ - Մոտ 1–ը 3–ի վրա։ - 1-ը 3-ի վրա տարածությունը Դուք պատկերացնո՞ւմ եք։ - Պատկերացնում եմ։ - Իսկ որ նռնակը գցեն 1-ը 3-ի վրա տարածքի մեջ, Ձեր կարծիքով ի՞նչ հետեւանք կարող էր լինել։ - Իսկ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Աստված կարող է մարդուն նենց պահել, որ․․․ Ամենաուժեղ զենքն էլ իրեն պահի․․․- պատասխանեց տուժողը։ Դրանից հետո, ըստ նրա, իր համածառայակիցը փորձել է դուրս գալ, պանելների արանքով հեռանալ, սակայն նկատվել է թշնամու կողմից եւ սպանվել։ Ինքը տեղափոխվել է, գնացել 2-րդ եւ 3-րդ փողոցների արանքը․ «Մոշերի մեջ դիրքավորված եմ եղել, վիրավոր եմ եղել, լսել եմ, որ վիլիս է մոտենում, դրա միջից ոնց որ մարդ իջավ, թե չիջավ, չտեսա, լսեցի, որ դուռը բացվեց, մարդ մոտիկացավ, հայերեն խոսում էր, բայց չէի հասկանում, հետո լսում  էի, որ ասում էր՝ Կամո՛, Կամո՛, դիմավորել ենք, ոնց պայմանավորվել ենք, դրանից հետո սկսում են Ադրբեջանի լեզվով խոսել, հետո վիլիսը շարժվում, գնում է»։ Դատավոր Սարգիս Դադոյանը հետաքրքրվեց՝ այդ ձայնը իր համածառայակիցներից կամ սպաներից որեւէ մեկի ձայնին ինքը նմանեցրե՞լ է, ինչին տուժողը բացասական պատասխանեց։  Անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրն էլ՝ Անահիտ Ադոյանը, ասաց․  - Այսինքն՝ դու քո թաքնված տեղից հասկացել ես, որ տղերքին փուռն են տվել, պատրաստակամ տարել հանձնել են։ - էդ ա դուրս գալիս,- պատասխանեց տուժողը։ - Դուրս չի գալիս, տենց ա,- ասաց Ադոյանը։ Տուժողը 20 օր միայնակ թաքնվել է, ապա՝ հայտնաբերվել եւ գերեվարվել Անդրեասյանը պատմեց, որ այդ դեպքից հետո եւս 3 օր ինքը միայնակ մնացել է փողոցին մոտ՝ մոշերի մեջ թաքնված, ապա 17 օր՝ գյուղի մեջ, որից հետո հայտնաբերվել է տներից մեկում ու գերեվարվել․  «Անընդհատ նայել եմ չորս բոլորս, եղել է պահ, որ ուզել եմ դուրս գալ, ու ինչ–որ բան չի թողել էդ ճանապարհը շարունակել, գիշերը էդտեղ սկսել են կրակոցներ․․․ Ու եղել է մի պահ, որ մեր տղաներից ահագին մարդու հանել, տարել են, մեքենա մոտեցավ, մի հոգի դուրս եկավ, հայերենով ասաց՝ տղե՛րք, դուրս եկեք՝ հանձնվենք, Կարմիր Խաչը մեզ հետ կտանի, մի քանի անգամ կրկնեց, ահագին մարդ դուրս եկավ, մի մեքենա մոտեցավ՝ «Կամազ» կամ «Ուրալ», մեծ մեքենա, ու իրենց շարժից ես հասկանում էի, որ իրենց մտցնում են էդ մեքենայի մեջ, ու էդ տղաներին տարել են»։ Անահիտ Ադոյանը հետաքրքրվեց՝ այդ խոսող մարդը հա՞յ էր թե՞ ադրբեջանցի, սակայն տուժողը չգիտեր, ասաց՝ ոչ մեկին չի նմանեցրել նրա ձայնը։ Անդրեասյանը, թեեւ ունեցել է ջոկի հրամանատար, սակայն նրա անունը չհիշեց, ասաց՝ ինքը միայն Արսեն Աբգարյանին է տեսել ու նրա հրամանները լսել։ Անահիտ Ադոյանը փորձեց նաեւ հասկանալ, թե տուժողն ինչպես է առանց իր ջոկի հրամանատարի գործել․ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները - Դու առանց ջոկի հրամանատար ո՞ւր էիր գնում, բա չասացի՞ր՝ իմ հրամանատարն ուր է։ - Դե ջոկի կեսը մեր հետ է եղել, կեսը՝ չէ։ - Բայց դու ասում ես՝ քո ջոկի հրամանատարը ձեզ հետ եկել է։ - Հա, ես իրեն չեմ տեսել էդ պահին, կամանդիրներից մենակ Արսենին եմ տեսել։ - Հիմա ո՞ւր է քո ջոկի հրամանատարը՝ փախած, հրաշքով փրկված դասալիքների մե՞ջ է, թե՞ անհետ կորած է թե՞ զոհված։ - Չեմ հետաքրքրվել։ - Բա դու ինչո՞վ ես հետաքրքրվել։ - Ինձ ընդհանրապես հետաքրքրիր չէ էդ ամենը։ - Բա դու գիտե՞ս, որ քո ապրելն էլ մեզ հետաքրքիր չէ,- բղավեց տուժողի իրավահաջորդը։  Դահլիճում իրավիճակը լարվեց, նիստն ընդմիջվեց։ Ավելի ուշ տուժողին հարցեր հղեց նաեւ Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ հետաքրքրվելով, թե նա ռադիոկապի մասին պատկերացում ունի՞, «Կամո՛, Կամո՛» ասողը ի՞նչ հեռավորության վրա կարող էր խոսել։ Տուժողը, սակայն, չկարողացավ պատասխանել, ասաց՝ ռադիոկապից երբեւէ չի օգտվել: Նա չկարողացավ նաեւ հստակեցնել, թե արձակելով մենահատ կրակոցներ եւ կրակահերթեր՝ իր ինքնաձիգի 4 պահեստատուփերը ինչ ժամանակում է սպառել։ Պաշտպանական կողմը կասկած հայտնեց տուժողի որոշ խոսքերի առնչությամբ, միաժամանակ նիստի վերջում հետաքրքրվեց՝ նա որեւէ մեկից բողոք, դժգոհություն կամ պահանջ ունի՞։ - Չէ, ես բոլորին էլ ասել եմ՝ Աստծո կողմից են դատաստան ստանալու, ով էդ պահին կարող էր մեզ օգնել, բայց չի օգնել, ով ուզում է՝ լինի,- պատասխանեց Արտակ Անդրեասյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 2-ին։   Գլխավոր լուսանկարում՝ դատավոր Սարգիս Դադոյանը, տուժող Արտակ Անդրեասյանը Միլենա Խաչիկյան
18:20 - 13 սեպտեմբերի, 2023
«Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ շենքում են. պահանջում են Պապիկյանի հետ հանդիպում

«Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ շենքում են. պահանջում են Պապիկյանի հետ հանդիպում

Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողներն այժմ Պաշտպանության նախարարության շենքի փոքր դահլիճում են եւ պահանջում են հանդիպում Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ծնողներից մեկը: «Հիմա շենքում իրարանցում է: Դուրս չենք գալու, մինչեւ պատասխան չլինի»,- ասաց ծնողներից մեկը: Ծնողներին զայրացրել է այն, որ նրանք հանդիպել են ոչ թե ՊՆ նախարարի, այլ՝ նրա տեղակալ Արման Սարգսյանի հետ: Նշենք, որ «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով վերադարձնել իրենց զավակներին: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «Քիմիկների» զորամասի զինծառայողներին հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի եւ սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ: Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։ Դեպքի առնչությամբ մեղադրյալի կարգավիճակ ունեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում է՝ գեներալ Անդրանիկ Մակարյանը:
19:38 - 30 օգոստոսի, 2023