Հովիկ Աղազարյանը հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից դուրս գալու մասին
10:41 - 04 դեկտեմբերի, 2024

Հովիկ Աղազարյանը հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից դուրս գալու մասին

Հովիկ Աղազարյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ դուրս է գալիս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:

«Չեմ ուզում ՔՊ խմբակցության իմ գործընկերներին լրացուցիչ անգամ դնել դժվար իրավիճակում, և ինքս հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս ՔՊ խմբակցությունից մեծ ցավով, վայր եմ դնում իմ լիազորությունները որպես հաշվիչ հանձնաժողովի անդամ: Տարբեր տեղերից տարբեր մակարդակնոերով իմ անձին վերաբերելիք հայտարարությունները, արձանագրումները, գնահատականները, բոլորը չէ, որ կստանան պատասխան, բայց այն դեպքերում, որ ես կպատասխանեմ դրանց, դրանք կլինեն մեկ մակարդակ ցածր, ոչ հայելային»,- ասաց նա:

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանը հեռացվել է կուսակցությունից «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»:

Աղազարյանը ԱԺ ամբիոնից ներողություն խնդրեց կուսակցական ընկերներից «որևէ ժամանակահատված իր վարքով, իր քայլով չնչին իսկ վնաս հասցնելու համար թիմի հեղինակությանը»:

Հայտարարությունից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ քարտուղարությանը խնդրեց Հովիկ Աղազարյանի տեղը փոխել խորհրդարանում:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլը Փաշինյանը ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյլանյանին եւ Հովիկ Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել։ Զեյլանյանը հետեւեց վարչապետի հորդորին, մինչդեռ Հոկիվ Աղազարյանը նախ հայտնեց՝ Մոսկվայից հեռախոսազանգ է ստացել իր մանկական, դպրոցական ու ուսանողական ընկերոջից, ասել է՝ շատ կնեղանա Աղազարյանից, եթե արձագանքի վարչապետի խնդրանքին առանց իրեն տեսնելու։ Իսկ ավելի ուշ «խոր ափսոսանքով նշեց, որ ստիպված է մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել