Հրապարակվել է Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը
10:51 - 04 դեկտեմբերի, 2024

Հրապարակվել է Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը

2024թ-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչական դատարանը՝ ի դեմս դատավոր Կարեն Զարիկյանի, կայացրեց թերևս աննախադեպ մի վճիռ, որով 9 տարի տևած դատական գործընթացից հետո մեծ մասամբ բավարարվեց Ամուլսարում ոսկու հանք շահագործելու ծրագրի վերաբերյալ ՀՀ քաղաքացիների բողոքը։ Այս մասին հայտնում են Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունից։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեռևս 2015 թվականին Գնդեվազ գյուղի 11 բնակիչներ և 2 հասարակական կազմակերպություններ դատարան էին դիմել՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Ամուլսարի ծրագրին կանաչ լույս տված մի շարք իրավական ակտեր։ Երկարատև դատական գործընթացի մանրամասների մեջ չխորանալով՝ այս պահին կարևոր ենք համարում արձանագրել դատարանի կայացրած այս, թերևս պատմական, որոշումը, որով արձանագրվում է բապահպանական փորձաքննական եզրակացության օրենքի խախտումով ձեռք բերած լինելու և այդ գործընթացի ձևական բնույթ կրելու փաստերը։ Այս խնդիրը բազմիցս բարձրացրել են բնապահպանական հանրությունն ու հանքերին ընդդիմացող համայքները, ոչ միայն Ամուլսարի, այլ բազմաթիվ այլ ծրագրերի դեպքում։

Վճիռն ամբողջությամբ կարելի է գտնել այստեղ։

Նախաձեռնությունը մի քանի մեջբերում է կատարել դատական ակտի վճռից և Դատարանի վերլուծություն բաժնից, որը ներկայացնում ենք ստորև․

Դատարանը Վ Ճ Ռ Ե Ց.

1) ․․․հայցն ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բավարարել մասնակի.

2) անվավեր ճանաչել Ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի փոփոխության մասին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 24.11.2014 թվականի թիվ 286-Ա հրամանը, 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված լեռնահատկացման ԼՎ-245 ակտի 25.11.2014 թվականի փոփոխությունը և Օգտակար հանծոների արդյունահանման 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված թիվ ՇԱԹՎ-29/245 թույլտվության 29.11.2014 թվականի փոփոխությունը.․․

***

Լիազորված մարմնի փորձաքննական եզրակացությունը հիմնականում նկարագրողական բնույթ ունի: Այն գերազանցապես վերարտադրում է դիմողի կողմից իրականացված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները՝ հղում տալով դրանց վերաբերյալ տարբեր կազմակերպությունների ներկայացրած կարծիքներին: Սակայն վերը նշված հարցերի վերաբերյալ սեփական վերլուծություն տվյալ փաստաթուղթը չի պարունակում: Եվ դա պատահական չէ, քանի որ լիազորված մարմնի փորձաքննական եզրակացությունը ստորագրած երեք անձանցից երկուսը (Ա. Մինասյան, Զ. Զուռնաչյան) վկայի կարգավիճակով հարցաքննվել են 12.02.2024թ. դատական նիստում և հայտնել են, որ չունեն բավարար մասնագիտական գիտելիքներ տվյալ գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցությունը գնահատելու համար: Ըստ վկաների ցուցմունքների՝ նրանք միայն հավաքագրել են նախագծի վերաբերյալ տարբեր գերատեսչությունների կարծիքները և կազմակերպել են շահագրգիռ քննարկումներ, սակայն եզրակացությունում նշված հանգամանքների վերաբերյալ սեփական դատողություններ անելու փորձաքննական պատրաստվածություն, ըստ էության, չունեն: Իսկ լիազորված մարմնի փորձաքննական եզրակացությունը ստորագրած մյուս անձը (Հ. Գրիգորյան), ըստ վկա Մինասյանի, եղել է Բնապահպանական Փորձաքննություն պետական ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրենը և բովանդակային առումով չի մասնակցել փորձաքննությանը:

Դատարանը գտնում է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը չի ենթադրում վկաների նկարագրած կազմակերպչական աշխատանքները: ՀՕ-21 օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի գ կետով լիազորված մարմինը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն շրջանակում իրավասու է հրավիրել փորձագետների, որոնց մասնագիտական գիտելիքները հնարավորություն կտան լիարժեքորեն լուծել ՀՕ-21 օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության խնդիրները, նպատակ ունենալով պաշտպանել ՀՕ-21 օրենքի 2-րդ հոդվածով սահմանված շահերը, այդ թվում՝ ապահովել նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքը, հիմնվելով նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված սկզբունքների, այդ թվում՝ գիտական հիմնավորվածության և օրինականության, վրա: Եթե շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ներգրավված անձինք չեն ունեցել համապատասխան մասնագիտական գիտելիքներ, օրենքի վերը նշված պահանջները սկզբունքորեն հնարավոր չէ համարել կատարված:

***

Դատարանը գործի քննության ընթացքում ձեռք է բերել նաև Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կողմից հարուցված թիվ 69104218 քրեական գործով Էլարդ ընկերության փորձագետների կողմից իրականացված փորձաքննության եզրակացությունը (22.07.2019թ.), որտեղ ևս փորձագետները մի շարք բնապահպանական ռիսկեր են արձանագրել: Դրանք ներառում են, ի թիվս այլնի, հետևյալ խնդիրները՝ ստորգետնյա ջրերի վրա ներգործությունը, թթվային ապարների դրենաժի թթվային միջավայրի ազդեցությունը, մակերևութային ջրերի որակի ոչ բավարար լինելը, սիմուլացիայի մեջ հաշվարկված ջրերի հոսքի ցածր հզորությունը և տեղաշարժը, բացահանքերից առաջացող ստորգետնյա ջրերի պոտենցիալ աղտոտում, դատարկ ապարների լցակույտի համար նախագծված պասիվ մաքրման համակարգի տարբեր թերություններ, կույտային տարրալվացման գործընթացների լուծույթների հետ կապված խնդիրները, ծրագրի տարածքի համար սեյսմիկ վտանգի բարձր ռիսկը, հետփակման ծախսերի մեծ մասի անհիմն լինելը, շրջակա միջավայրի մոնիթորինգային ծրագրի անբավարարությունը, գեոլոկացիոն տվյալների և դրանց սինթեզի բացակայությունը որպես կենսաբազմազանության գնահատման հիմնական թույլ կողմ և օդի որակի որոշակի խնդիրներ:

***

Նման պայմաններում, երբ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը, ի խախտումն ՀՕ-21 օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, հիմնված չէ մասնագիտական իրավասության հավաստագրեր ստացած լիազորված անձանց մասնագիտական եզրակացության վրա, ինչպես նաև դրանով չեն լուծվել նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված խնդիրները և չեն գնահատվել նույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված հարցերը, օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման հետևանքով առաջացող բնապահպանական ռիսկերը, ՀՕ-21 օրենքով սահմանված կարգով իրականացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իմաստով, կառավարելի չեն կարող որակվել: Ընդ որում, խոսքը բացառապես վիճարկվող ակտերով թույլատրված ընդլայնման մասին է, և դատարանի եզրահանգումը չի վերաբերում մինչ այդ երրորդ անձին տրամադրված իրավունքի իրավաչափությանը, որի վերաբերյալ վարչական ակտերը չեն վիճարկվում այս գործով:

***

Դատարանն ընդգծում է նաև, որ վերը նշված իրավական դիրքորոշման պայմաններում նշանակություն չունի Լիդիան Արմենիա բաց բաժնետիրական ընկերության ներկայացրած այն տվյալները, որոնք, ըստ վերջինիս, հերքում են նախագծով նախատեսված գործունեության բնապահպանական ռիսկերը: Նշված ռիսկերը պետք է գնահատվեին ՀՕ-21 օրենքով սահմանված կարգով և չափանիշներով իրականացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության շրջանակում, որը տվյալ դեպքում տեղի չի ունեցել: Դատարանը չի կարող օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման հետևանքով առաջացող բնապահպանական ռիսկերը համարել կառավարելի, քանի դեռ դրանք օրենքով սահմանված կարգով վերլուծության չեն ենթարկվել լիազորված մարմնի կողմից:

***

Դատարանը այս հարցում ուշագրավ է համարում նաև լիազորված մարմնի (Բնապահպանության նախարարություն, վերանվանված՝ Շրջակա միջավայրի նախարարության)՝ որպես գործով երրորդ անձի, դատավարական պասիվությունը: Երրորդ անձն, ըստ էության, որևէ փաստարկով չի փորձել պաշտպանել իր կողմից կազմված փորձաքննական եզրակացությունն այն պայմաններում, երբ հայցվորները հիմնականում վիճարկում են այդ փաստաթղթի համապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին: Ընդ որում, դատարանը այս խնդիրը բարձրաձայնել է Բնապահպանության նախարարին ուղղված 18.04.2019թ. գրությամբ, որից հետո ևս նախարարությունից չի ստացվել փորձաքննական եզրակացությունը պաշտպանող փաստարկներ:

***

Ամբողջ վերը շարադրվածի հիման վրա դատարանը եզրակացնում է, որ տվյալ գործով օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը տեղի է ունեցել ՀՕ-21 օրենքի վերը նշված դրույթների խախտմամբ, որի հետևանքով չի ապահովվել նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված՝ առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու հայցվորների իրավունքը: Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման հետևանքով առաջացող բնապահպանական ռիսկերը օրենքով սահմանված կարգով և չափանիշներով գնահատված չլինելու պայմաններում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն է տրվել՝ առանց պարզելու, թե արդյոք տվյալ գործունեության հետևանքով չեն առաջանա հայցվորների առողջ և բարեկեցիկ ապրելու համար անհամատեղելի պայմաններ։

***

Դատարանն ընդգծում է, որ բոլոր հայցվորները Գնդևազ համայնքի բնակիչներ են, որը ՀՕ-110-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 17-րդ կետերի իմաստով ներառում է շրջակա միջավայրի վրա հիմնադրույթային փաստաթղթի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հնարավոր ազդեցության ենթակա բնակավայր: Հաշվի առնելով նախատեսվող գործունեության փոքր հեռավորությունը հայցվորների բակավայրից, ըստ այդմ՝ այն ազդակիր համայնք ճանաչելու հանգամանքը, առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու հայցվորների իրավունքը էլ ավելի վտանգված է վիճարկվող ակտերով թույլատրված՝ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման հետևանքով: Քանի դեռ նախատեսվող գործունեությունը չի գնահատվել շրջակա միջավայրի վրա ազդեցության՝ օրենքով սահմանված կարգով և չափանիշներով, հնարավոր չէ բացառել հայցվորների առողջ և բարեկեցիկ ապրելու համար անհամատեղելի պայմաններ ստեղծվելու իրական ռիսկը:

***

Նման պայմաններում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ վարչական ակտերն ընդունվել են օրենքի խախտմամբ ձեռք բերված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության հիման վրա, որի հետևանքով խախտվել է ՀՕ-21 օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված՝ առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու հայցվորների իրավունքը: Ուստի նշված վարչական ակտերը, ըստ Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ա կետի, անվավեր են:

***

Այսպիսով, հայցը՝ Ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի փոփոխության մասին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 24.11.2014 թվականի թիվ 286-Ա հրամանը, 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված լեռնահատկացման ԼՎ-245 ակտի 25.11.2014 թվականի փոփոխությունը և Օգտակար հանծոների արդյունահանման 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված թիվ ՇԱԹՎ-29/245 թույլտվության 29.11.2014 թվականի փոփոխությունը վերացնելու պահանջի մասով, հիմնավոր է և ենթակա է բավարարման, իսկ Կոորդինատային համակարգի փոփոխության մասին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 11.11.2014 թվականի թիվ 188-Ա հրամանը, Օգտակար հանածոների արդյունահանման 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված թիվ ՇԱԹՎ-29/245 թույլտվության 12.11.2014 թվականի փոփոխությունը և 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված լեռնահատկացման ԼՎ-245 ակտի 12.11.2014 թվականի փոփոխությունը վերացնելու պահանջի մասով՝ առարկայազուրկ և մերժման ենթակա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել