Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ է հարուցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նվիրատվություն կատարած մի քանի անձանց նկատմամբ, քանի որ վերջիններիս կատարած նվիրատվությունները չեն հիմնավորվել հայտարարագրած տվյալներով։
Ամիսներ առաջ «Ինֆոքոմը» ուսումնասիրել էր ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած հայտարարատու անձանց հայտարարագրերը և պարզել, որ որոշ պաշտոնյաների նվիրատվությունները գերազանցել են իրենց ունեցած միջոցները։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Սարգսյանը ՔՊ-ին 2.5 մլն դրամ է փոխանցել, սակայն նրա ստացած եկամուտները 2.7 մլն դրամով պակաս են 2023-ի ընթացքում կատարած ծախսերից ու դրամական միջոցների աճից։
Սիսիանի ավագանու անդամներից Արմենակ Միրզախանյանը 2023 թվականին դրամական միջոցներ ու եկամուտներ չի հայտարարագրել, սակայն մեկ միլիոն դրամ է փոխանցել ՔՊ կուսակցությանը։
Նույն համայնքի ավագանու մեկ այլ անդամ` Աշոտ Աղաջանյանը, ՔՊ կուսակցությանը 2 մլն նվիրատվություն է կատարել։ Նրա ստացած եկամուտները 1.9 մլն դրամով պակաս են 2023-ի ընթացքում կատարած ծախսերից ու դրամական միջոցների աճից։
ՊԵԿ Իրավաբանական վարչության սնանկության գործերի բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Հովհաննիսյանի ամուսինը՝ Գևորգ Բաղդասարյանը, 2.5 մլն դրամ է նվիրաբերել ՔՊ կուսակցությանը։ Նրա հայտարարագրի ուսումնասիրության արդյունքում պարզել էինք, որ նրա ծախսերից 1.4 մլն դրամի աղբյուրը ևս անհայտ է։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից «Ինֆոքոմին» հայտնել են, որ կուսակցության հաշվետվության ուսումնասիրության արդյունքում բոլոր այն դեպերում, երբ նվիրատվություն կատարելն առերևույթ չի հիմնավորվել հայտարարագրված տվյալներով, անձանց ուղարկվել են գրություններ՝ կատարված նվիրատվությունների՝ օրինական եկամուտներով հիմնավորված լինելը հավաստող տեղեկություններ և փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային հաշվի քաղվածքներ ներկայացնելու պահանջով։
Ի թիվս այլ հայտարարատու անձանց՝ Հանձնաժողովը համապատասխան գրություններ է ուղարկել Արմեն Սարգսյանին, Աշոտ Աղաջանյանին, Արմենակ Միրզախանյանին և Գևորգ Բաղդասարյանին և վերջիններիս կողմից ստացել գրավոր պարզաբանումներ։ Այնուհետև Հանձնաժողովն իրականացրել է պարզաբանումների գնահատում, ինչի արդյունքում վերջիններիս նկատմամբ հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ։
Նախաձեռնված վարչական իրավախախտման վարույթների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից վերջնական որոշում կկայացվի վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննություններից հետո, որի արդյունքում Հանձնաժողովը կարող է հայտարարատու անձանց ենթարկել վարչական պատասխանատվության՝ տուգանքի, նախազգուշացնել կամ կարճել վարույթը։
Լյուսի Մանվելյան
comment.count (0)