Վարչական դատարանի վճիռը, որով ոչ իրավաչափ էր ճանաչվել E-disability էլեկտրոնային համակարգով անձի ֆունկցիոնալությունը գնահատելիս միջավայրային գործոնները հաշվի չառնելը, բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։
Դատական տեղեկատվական համակարգից «Ինֆոքոմը» տեղեկանում է, որ դատավճռի դեմ բողոք են ներկայացրել թե՛ հայցվոր կողմը՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրակարգ» հասարակական կազմակերպությունը, թե՛ պատասխանող կողմը՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։
Հիշեցնենք՝ 2023 թ․–ին Հայաստանում սկսեց գործել ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը, որը եկավ փոխարինելու հաշմանդամության կարգի սահմանման արդեն նախկին համակարգին։ Դրանով հաշմանդամության կարգերը վերացվեցին, ստեղծվեցին ֆունկցիոնալության սահմանափակման թույլ, միջին, ծանր եւ խորը աստիճաններ։
Այդ աստիճանները որոշելու համար բազմամասնագիտական հանձնաժողովը իրականացնում է փորձաքննություն, գնահատում անձին ըստ չորս դասակարգիչների՝ օրգանիզմի ֆունկցիաների (b), մարմնի կառուցվածքի (s), գործունեության ու մասնակցության (d) եւ միջավայրային գործոնների (e)։ Հաջորդ փուլում համակարգն ինքնաշխատ եղանակով հաշվարկում է ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ ըստ նախապես սահմանված բանաձեւի։ Այդ բանաձեւի մեջ, սակայն, գնահատված միջավայրային գործոնները չեն ներառվում։
Իր հայցով հասարակական կազմակերպությունը պահանջում էր ոչ իրավաչափ ճանաչել այդ բանաձեւ ստեղծելու, այն էլեկտրոնային համակարգում տեղադրելու եւ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, այդ թվում՝ առանց միջավայրային գործոնները հաշվի առնելու կիրառման հնարավորությունը։
Հոկտեմբերի 28-ին Վարչական դատարանը, դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ, վճռել է հայցը բավարարել մասնակի։ Այլ խոսքով՝ դատարանը եզրահանգել է, որ Նախարարությունը կարող էր ստեղծել անձի ֆունկցիոնալությունը գնահատող բանաձեւ եւ այն տեղադրել էլեկտրոնային համակարգում, սակայն չէր կարող այդ բանաձեւի մեջ չներառել միջավայրային գործոնները, քանի որ դա օրենսդրության պահանջ է։
Վճռի հրապարակումից հետո՝ նոյեմբերի 11-ին, գրավոր հարցում ենք ուղարկել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ խնդրելով հայտնել՝
Նոյեմբերի 19-ին Նախարարությունը տեղեկացրել է, որ հարցման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի գրությանը կպատասխանենք 30-օրյա ժամկետում։
Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Նախարարությունն ուղարկել է պատասխան գրություն, որը, սակայն, չի պարունակում այդ ամբողջական տեղեկությունը։ Ըստ գրության՝ դատական ակտը ստացել են հոկտեմբերի 31-ին եւ դեռեւս քննարկումների փուլում են․ «Հաշվի առնելով օրեսդրությամբ նախատեսված եզրափակիչ դատական ակտը բողոքարկելու համար նախատեսված ժամկետը՝ Նախարարությունը կքննարկի սահմանված ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացնելու կամ չներկայացնելու նպատակահարմարության հարցը»,– ասված է պատասխանում։
Նախեւառաջ հարկ է նշել, որ գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման ժամկետը մեկ ամիս է, որը գրությունը մեզ ուղարկելու պահի դրությամբ արդեն իսկ լրացած է։ Բացի այդ, ինչպես վերը նշեցինք, դատական տեղեկատվական համակարգում նշված է, որ Նախարարությունը վճիռը արդեն իսկ բողոքարկել է։ Ուստի Նախարարությունից խնդրեցինք պարզաբանել մեզ ուղարկած պատասխանը։ Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին՝ հարցման պատասխանը իրավաբանական բաժինը իրենց փոխանցել է՝ վերջին թարմացված տեղեկությունը դրանում չներառելով։
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Նախարարությունը բողոքը ներկայացրել է դեռեւս դեկտեմբերի 4-ին, այսինքն՝ դրան նախորդած օրերին քննարկել եւ որոշել է բողոքարկել, որից հետո էլ սկսել է բողոքի պատրաստման աշխատանքները։ Հետեւաբար մեր հարցման պատասխանը կարող էր տրամադրվել շատ ավելի վաղ, սակայն Նախարարությունը, փաստորեն, ձգձգել է այն՝ սպասելով առավելագույն՝ մեկամսյա ժամկետի վերջին օրվան։
Կողմերի բողոքները Վերաքննիչ վարչական դատարանում քննվելու են կոլեգիալ, այսինքն՝ երեք դատավորի կազմով։ Նախագահող դատավորը Ալեքսանդրա Հարությունյանն է, կազմում են Միքայել Մելքումյանն ու Հայկ Խաչատրյանը։
Բողոքը վարութ ընդունելու, նիստ նշանակելու վերաբերյալ տեղեկություն դեռեւս առկա չէ։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)