armenpress.am: Ամերիկյան զորքերը կմնան Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո՝ որպես հակաահաբեկչական առաքելության մի մաս, որն ուղղված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին ոչնչացնելուն։
Այս մասին Reuters NEXT համաժողովի ընթացքում տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայները։
«Այդ զորքերը գտնվում են այնտեղ շատ կոնկրետ և կարևոր պատճառով, այլ ոչ թե որպես սակարկության առարկա», - ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։
Ֆայների խոսքով՝ ամերիկյան զորքերն «այնտեղ են եղել գրեթե մեկ տասնամյակ կամ ավելի՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար…. մենք հավատարիմ ենք մնում այդ առաքելությանը»:
Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ զինվորականները մնում են Սիրիայում, Ֆայները պատասխանել է. «Այո»։
2014 թվականին «Իսլամական պետությունը» գրավեց Սիրիայում և Իրաքում հսկայական տարածքներ և հռչակեց Իսլամական խալիֆայություն, նախքան ԱՄՆ գլխավորած կոալիցիան նրանց դուրս մղեց մինչև 2019 թվականը:
Reuters-ը նշում է, որ Վաշինգտոնն այժմ իր ռազմական ներկայությունը դիտարկում է որպես կայունության երաշխիք, թեև դեռևս պարզ չէ, թե Սիրիայի նոր ղեկավարներն ինչպես կվերաբերեն երկրում ԱՄՆ ներկայությանը:
Վաշինգտոնը դեռևս ահաբեկչական կազմակերպություն է համարում սուննի «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը, որը գլխավորում էր Ասադի ռեժիմը տապալած ապստամբ ուժերը։
«Այս խմբերի հետ կապված քաղաքականության պաշտոնական փոփոխություններ չեն եղել։ Այդ դասակարգումները չեն արվում՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչ են այդ խմբերն ասում կամ հայտարարում իրենց մտադրությունների մասին։ Ամեն ինչ հիմնված է նրանց գործողությունների վրա, ուստի մենք կհետևենք», - հավելել է Ֆայները:
Սպիտակ տան պաշտոնյան «բավականին կառուցողական» է որակել խմբավորումների ներկայացուցիչների կողմից վերջին շաբաթների ընթացքում արված որոշ հայտարարություններ, սակայն միևնույն ժամանակ նշել է, որ Վաշինգտոնը կսպասի, որ տեսնի՝ արդյոք այդ հայտարարություններին հաջորդում են գործողություններ՝ հաստատելու «վստահելի, ներառական կառավարում Սիրիայում»:
Ֆայները հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կապի մեջ է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ և տեղեկացնում է նրանց Սիրիայում տիրող իրավիճակի մասին։
comment.count (0)