ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով
 |azatutyun.am|
20:50 - 11 դեկտեմբերի, 2024

ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկայի Միացյալ Նահանգները խորը մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումների պատճառով, հայտարարել է ԱՄՆ պետդեպը՝ հորդորելով անհապաղ ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք գործիչների և լրագրողների։

Նրանցից մեկին՝ Ռուֆատ Սաֆարովին, Պետդեպը ներկայացնում է որպես Ադրբեջանում մնացած քիչ թվով մարդու իրավունքների պաշտպաններից մեկը, որը թիրախավորվել է իր աշխատանքի համար։ Տարածած հաղորդագրությունում Պետքարտուղարությունն ընդգծում է՝ Սաֆարովը ձերբակալվել է դեկտեմբերի 3-ին, մի քանի օր անց նա պետք է Միացյալ Նահանգներ մեկներ՝ մարդու իրավունքների պաշտպանության համար մրցանակ ստանալու։

Պետդեպը շարունակում է՝ ձերբակալված մեկ այլ անձ՝ Abzas Media-ի գլխավոր խմբագիր Սևինչ Վագիֆգիզին, ճաղերի հետևում է 2023-ի նոյեմբերից, նրա ղեկավարած լրատվամիջոցը պետական միջոցների խոշոր չափերի յուրացման մեղադրանքներ է հետաքննել։ Նա էլ դեկտեմբերի 9-ին հեռավար կարգով հակակոռուպցիոն մրցանակի է արժանացել։

Պետդեպն Ադրբեջանի իշխանություններին հորդորում է հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները և կատարել ԵԱՀԿ -ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել